Skip to content

սահմաններ

«Մենք ապրում էինք ավելի լավ ժամանակներում, իսկ հիմա ամեն ինչ ուրիշ է: Անհավատալի է, որ այսպիսի կյանք ունենք», ասում էր մայրս, երբ գիշերը հոգնած ու հազար դրամ վաստակած տուն էր գալիս: Մենք չէինք հասկանում: Մեզ համար ամեն ինչ սովորական էր: Մաշված շորերը: Սովը: Տան ցուրտ սենյակները: Ավերված քաղաքը: Մեզ ասում էին բռնկվող: Տանջված: Անորոշ: Մեզ ասում էին նոր սերունդ:

Ես ու Ստեփանը ընկերներ էինք: Մենք թափառում էինք բակի փոշու մեջ ու զրուցում պատշգամբից պատշգամբ: Ես իններորդ հարկում էի ապրում, Ստեփանը՝ վեցերորդ: Ինձ թվում էր, թե ես աշխարհի ամենաբարձր կետում եմ ապրում: Ամենաբարձր ու ամենացուրտ: Մենք հանդիպում էինք առավոտները՝ քանդված երկաթի տնակների մնացորդների մեջ ու խաղում ամբողջ օրը: Հետևում էինք ջրերի ընթացքին, քարեր էինք շպրտում գետի մեջ, այգիներից կիսահասած մրգեր էինք ուտում, պատմություններ էինք հորինում անիրական աշխարհների մասին: Մենք աշխարհն ավելի լավը չէինք պատկերացնում: Մենք թշվառ էինք: Մենք երջանիկ էինք:

Ստեփանն իմ ընկերն էր ու տեղ-տեղ ձեռքը գցում էր ուսիս։ Նա ասում էր, որ այս աշխարհի սահմանը գուցե քաղաքին շրջապատող լեռների գագաթներն են, որ գետի մակերևույթը ձմեռը սառույց է դառնում մարդկանց շնչից ու որ տաք գիշերներին լեռների հոտի տակ պատշգամբից պատշգամբ զրուցելն ամենասպասվող պահերից են։ Մենք փորձում էինք իմանալ ավելին։ Խոնավ գրադարանից վերցրած խորհրդային գրքեր էինք կարդում։ Երբ դռները փակ էին, մենք ավելի ուշ ժամի էինք գնում։ Մենք չէինք հանձնվում։

Մյուսների հետ մենք ուրվականներ էինք կանչում, մենք նրանց բոլորին էինք հիշում։ Մեզ թվում էր, թե մենք ուրվականներ ենք տեսնում, բայց կանչելու ամբողջ ընթացքում ես ու ընկերս նայում էինք իրար աչքերի մեջ։ Մենք ավելին չէինք ուզում։ Մեզ այդ ամեն ինչը բավական էր։ Մութ շքամուտքերի սառնությունը։ Զգացումը, որ ընկերդ քո կողքին է։

Մաման ասում էր, որ ես այս աշխարհում չպիտի ապրեի, որ ես ավելի լավ կյանքի եմ արժանի, որ մեծ երկիրն ավելի լավն էր, այնտեղ ամեն ինչ կար ու հայրս հարբեցող չէր։ Ես նայում էի  նրան ու չէի հասկանում։ Ավելի մեծ երկիր չի կարող լինել քան լեռների գագաթներն են։ Ուրիշ կյանք չի կարող լինել, որտեղ մենք պատշգամբից պատշգամբ չենք զրուցում, չի կարող լինել մի կյանք, որտեղ տառապանք չկա, որտեղ մենք թշվառ չենք։ Ես այդ պահերին լռում էի։ Հայրս հարբած տուն էր գալիս ու երկար խոսում հետս։ Ես նորից լռում էի։ Սպասում էի այն պահին, երբ առավոտյան մենք կիսահասած ընկույզ ենք հավաքելու հարևանի այգուց։

Օրերը անցնում էին: Լեռները ձյունով էին ծածկվում, ապա նորից կանաչում ու այդպես շարունակ: Մենք դեռ ծառեր էինք բարձրանում կիսահասած մրգերի հետևից: Մենք ճարպիկ էինք ու սոված: Բայց մենք նաև վրիպում էինք։ Վրիպումներից մեկի ժամանակ՝ ծառեր մագլցելիս ես սխալվեցի, ոտքս ճիշտ ճյուղին չհենեցի, ընկա և գլուխս հարվածեցի ներքևի քարերին:

«…………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………….գնդաձև տարածության մեջ ներառված աստղաձև եռաչափ պատկերները պտտվում են կենտրոնական առանցքի շուրջ: Ես տեսնում եմ մասշտաբի մեծացում, ինչպես է կամայական կետի շուրջ շարժվում եռաչափ փոփոխվող աստղաձև զանգվածը: Այն անընդհատ փոխում է իր ձևն ու գույնը, ամենահաճախ հանդիպող գույնը վարդագույնն է: Զանգվածը շարունակում է փոփոխվել, այն մոտենում և հեռանում է: Զանգվածը ինձ ինչ-որ բան է ուզում հուշել: Փոփոխվող աստղաձև պատկերների մեջ ես տեսնում եմ ամենակարևորը: Գնդաձև տարածությունը լայնանում է և ես ըմբռնում եմ: »

Վայր ընկնելուց հետո Ստեփանը փոխվել էր, նա խուսափում էր իմ հետ շփվելուց։ Ես օտարանում էի։ Ես չէի կարողանում հասկանալ, թե ինչպես մեկը, ում հետ նայել եմ հոսող ջրի առվակներին կարող է օտարանալ ու չշփվել իմ հետ։ Ես չէի հասկանում։ Ես ամեն կերպ փորձում էի նրա կողքին լինել, քայլում էի նրա հետ, փորձում էի հաճախ նայել մեր պատշգամբից ներքև։ Նրանց պատշգամբը միշտ դատարկ էր։ Այն պահերին, երբ նա դուրս էր գալիս, նա ինձ չէր նկատում։

Թվում է, թե բավական ժամանակ է անցել, երբ երկնքում առաջին անգամ հայտնվեցին ինքնաթիռները։ Ես կլանված նայում էի նրանց շարժմանը, թողած հետագծին ու անսահման սարսափում՝ պատկերացնելով, որ աշխարհն ավելի լայն է, քան լեռների գագաթները։

Աշխարհը փոխվում էր։ Արագորեն։ Ստեփանն ուրիշների հետ էր շփվում, իսկ ես մենակ էի։ Նա մեծանում էր արագորեն։ Ես ամեն կերպ փորձում էի ընդդիմանալ։ Ես չէի հանձնվում։ Մի օր, երբ էլի ցանկանում էի նրա կողքին լինել, նա արտաբերեց կախարդական բառերը, որ փոխեցին իմ մնացյալ կյանքի ընթացքը։ «Սիկտիր էղի ստեղից», ասաց նա։

Ես հասկացա, որ ես թշվառ եմ։ Ես հասկացա, որ ես անկախ եմ, գուցե, բայց ես անուժ եմ, ես թույլ եմ և անօգնական։ Որ լեռների գագաթները երբեք էլ բարձր չեն եղել, որ մարդիկ վաղուց արդեն հսկա երկնաքերեր են կառուցել, որոնք ավելին են քան իմ երևակայությունը։ Ես հասկացա, որ գնդաձև տարածության մեջ ես ի սկզբանե կորցրել եմ իմ տեղը, ես կորցրել եմ իմ բոլոր հնարավորությունները լինել համարձակ, լինել գեղեցիկ, լինել երջանիկ։

«Ես այս աշխարհում չպիտի ապրեի», ասեցի մամային, «աշխարհում բազմաթիվ այլ մեծ երկրներ կան, որոնք ավելի լավն են, քան մեր կործանված երկիրը։ Ես չեմ ուզում լինել թշվառ ու մենակ, մամ», շարունակեցի, «ես գիտեմ, որ լեռների գագաթներից շատ հեռու երջանկության հարթավայրերն են։ Գոյություն ունեն սարքեր, որոնցով մենք կարող ենք գնալ ավելի հեռուն, թողնել ավերված քաղաքն ու թշվառությունը։ Աշխարհում վայրեր կան, որոնք թշվառ չեն։ Աշխարհում մարդիկ կան, որոնք թշվառ չեն»։

Ես բռնեցի մորս ձեռքը։ Ես փորձեցի քայլել ավելի համարձակ։ Մորս ասեցի, որ մեջքը ուղիղ պահի։ Ես քաշեցի մեր ճամպրուկը։ Ես փորձեցի խեղդել իմ մեջ անորոշությունը։ Մենք թողնում էինք թշվառությունը։ Ես հիշեցի Ստեփանի խոսքերը։ «Ես սիկտիր չեմ լինում», կրկնեցի ինձ որպես պատասխան, «ես ուղևորվում եմ դեպի երջանկության հարթավայրեր։ Ուղևորությունը անվերջ շարունակվում է։»