Skip to content

մեռած

1.

Նանեն սարսափած զարթնեց քնից: Երազում տեսել էր տիղմից դուրս եկող մի դիակ, ում ձեռքին արևածաղիկներ էին: Արդեն ուշ էր համալսարանի առաջին ժամը գնալու համար, գուցե երկրորդին հասցնի կամ էլ երրորդին, դա իրեն այդքան էլ չէր հետաքրքրում: Սիրտը խառնում էր, որովհետև քունն ընդհատվել էր: Վահանը կողքի սենյակում պառկած էր: Պետք է արթնացնի նրան, հարցնի թե հաց ուզում է, հաց սարքի, նայի պատուհանից դուրս ու համոզվի, որ անձրև չի գալու:

Ապեր, վեր կաց, քեզ էլ հաց սարքե՞մ,  դուռը առանց թակելու կիսաբաց անելով հարցնում է Նանեն:

Նա վաղուց սովորել է եղբոր սենյակի դուռը առանց թակելու բացելուն, եղբոր կիսամերկ մարմինը տեսնելուն, թափթփված սենյակին:

Նան, թող քնեմ, սոված չեմ, քնի մեջ ասում է Վահանը:

Այսօր լավ օր է, մտածում է Նանեն, եղբոր համար հաց չի սարքի, ինքն էլ կարող է ընդհանրապես հաց չուտել, կխաբի ծնողներին, կասի թե համալսարան է գնացել, բայց փոխարենը կգնա անգլիական այգի, կզանգի Կարենին, կնստեն խոտերի վրա ու կհամբուրվեն:

2.

Հեռվից տեսնում է Կարենին, ձեռքին ինչ-որ դեղին ծաղիկներ: Մոտենում է, արևածաղիկներ են: Ուրախանում է, Նանեին թվում է, թե նա կանխագուշակել է Կարենի նվերը, բայց չի հիշում ինչպես, չի հիշում երազը: Փաթաթվում է Կարենին, չի համբուրում, թող էլի ինքն առաջին քայլն անի, մտածում է:

Ես գիտեի, որ դու էսօր արևածաղիկներ ես բերելու:

Իրո՞ք, ես էլ ուզում էի անակնկալ անեմ, ասում է Կարենը, բայց ոչինչ չի հասկանում:

Ոչինչ, բան չկա, նստե՞նք խոտերին:

Չէ, Նան, էսօր ուրիշ տեղ եմ ուզում գնանք, կգաս չէ՞:

Նանեն սպասում էր, որ երկար կհամբուրվեն խոտերի վրա:

Ո՞ւր ես ուզում գնանք:

Անետի արվեստանոց:

Նանեն համաձայնում է: Կարենը Անետի հետ մոտ է, դրա համար անպայման պետք է Անետին տեսնել: Նանեն Անետին պետք է տեսներ, որ համոզվեր, որ իրենից լավը չէ, որ Կարենը միայն իրենն է, որ Անետն ու Կարենը չէին կարող իրար սիրել, որովհետև Կարենը իրեն է սիրում: Որովհետև Կարենն իրեն է սիրում ու համբուրվել է խոտերի վրա: Կարենը գլուխը դրել է Նանեի ազդրերին, Նանեն ազդրերի մաշկով զգացել է Կարենի մազերի շարժումը, ձեռքով խաղացել է մազերի հետ: Կարենն առաջինն է իր հետ փորձել մենթոլով ծխախոտները, պատմել իր նախկին սիրային կյանքի մասին, թե ոնց է քնել նախկին ընկերուհու հետ: Կարենը միայն իրեն է սիրում:


3.

Տեսնու՞մ ես կապույտ գույնով ներկված դուռը:

Աստիճանների ամենավերևու՞մ:

Ահա, հենց դա, Անետի արվեստանոցն է էդտեղ:

Ո՜ւխ, ինչ սիրուն դուռ է: Բայց նախ Անետին պետք է տեսնել, մտածում է:

Փայտե աստիճանները բարձրանալիս ճռռում են: Նանեն սկսում է ավելի ու ավելի դանդաղ բարձրանալ: Կարենը նկատում է:

Մի ամաչի, Անետը շատ լավն է: Կտեսնես:

Բռնում է Նանեի ձեռքը,  շարունակում բարձրանալ: Նանեին թվում է, թե ինքն ավելի դանդաղ է բարձրանում:

Ներսում կիսամութ է: Պատին եռանկյունիներ են նկարած:

Եռանկյունիները կապույտի երանգներով են: Կապույտն իր սիրած գույնն է, շշնջում է Կարենը: Ինչ տեսնես, համարյա ամեն ինչ կապույտի երանգների մեջ է, երբ լուսավոր է: Բայց Անետը կիսախավարն է սիրում:

Իսկ ինչի՞ հենց եռանկյունիներ:

Եսիմ, իրենից կհարցնես:

Անետը գորգի վրա ինչ-որ մեկին համբուրում է: Նանեն հանգստանում է ու առաջին անգամ մանրամասն նայում Անետի պատին կախված նկարներին: Բոլոր նկարներում մեռած մարդիկ են, բոլորում. խեղդված, կախված, խոտերին պառկած… Նանեին թվում է, թե դիակները բաց երկնագույն են: Նա ուզում է կիսախավարի մեջ տեսնել, թե ում հետ է համբուրվում Անետը: Բայց ինչ-որ սև զանգվածից ավել ոչինչ չի տեսնում:

Անետ՞, չենք խանգարում: Հարցնում է Կարենը, մի քիչ սպասելուց հետո:

Անետը շրջվում է, տեսնում երկուսին էլ, կանգնում: Կանգնում է նաև Անետի հետ համբուրվողը:

Նանեն լարվում է, ուզում է տեսնել Անետի հետ համբուրվողի դեմքը: Չի տեսնում:

Նանե՞, ասում է Կարենը, ծանոթացի Անետի հետ:

Նանեն նայում է Անետին, ժպտում:

Ուրախ եմ, Նանե: Բայց ամաչում է հարցնել թե ով է Անետի կողքի կանգնածը, ով կարծես թե դանդաղ հեռանում էր սենյակից:

Նանեն, ուզում էր իմանալ, թե ինչի՞ ես եռանկյունիներ նկարել պատին, հարցնում է Կարենը Անետի ու Նանեի հետ ինչ-որ ընդհանուր թեմայից խոսալու համար:

Անետը մի պահ մտածում է:

Էդպես անարդար չի լինի, ես պատմում եմ ինձնից, դուք էլ ձեզնից պետք է պատմեք: Անկեղծություն, անկեղծության դիմաց: Եկեք անկեղծություն խաղանք, առանց համարձակության, համ էլ ինչ-որ մի բանով կզբաղվենք: Նստենք գորգին ու երեքով խաղանք:

Նանեն չի ուզում խաղա, բայց Կարենը նստում է ու ինքն էլ է ստիպված միանում: Անետը շատ մոտ է նստում Կարենին, Նանեն լարվում է:

Թվերո՞վ ենք խաղում, հարցնում է Կարենը:

Չէ, շշով, ասում է Անետը, վերցնում կողքի գարեջրի դատարկ շիշը ու պառկեցրած դնում գորգի վրա: Կարեն, պտտիր, առաջինը դու ես: Ում վրա կանգնեց, նրան հարցնում ենք:

Կարենը պտտում է: Շիշը կանգնում է իր վրա: Անետը ժպտում է:

Քանի որ դու ու Նանեն շատ մոտ եք, անկեղծ հարցը ես եմ տալիս: Կար, քանի՞անգամ ես Նանեին դավաճանել ձեր ընկերության ընթացքում:

Նանեն նկատում է, որ Կարենի ձեռքը թեթև դողում է:

Միանգամից գոտկատեղից ներքև ես խփում, ծիծաղում է Կարենը:

Կարեն, մի ցրի, անկեղծությունը անկեղծություն է, պետք է ամեն հարցի պատրաստ լինել, առանց ժպտալու ասում է Անետը: Ուղղակի անկեղծ ասա, Նանեն կհասկանա:

Նանեն ուշադիր նայում է Կարենին: Չի կողմնորոշվում, ուզում է լսել պատասխանը, թե՝ ոչ:

Լավ, քանի որ անկեղծ, ուրեմն անկեղծ: Նան, կներես… Ան, մի անգամ ուրիշի հետ եմ քնել Նանեի հետ ընկերություն անելիս: Հետո թշնամանքով լցված հայացքը թեքում է  Նանեի վրա ու խղճալից ձայնով մի անգամ էլ ասում: Նան, կներես էլի…

Նանեն ուզում է ինչ-որ բան ասել, բայց Անետը բռնում է ձեռքը:

Հիմա պտտելու քո հերթն է Նանե, կանոնները կանոններ են, նեղանալ չկա, բոլորն էլ դավաճանում են:

Նանեն պտտում է շիշը: Անետի վրա է կանգնում:

Դեհ, ժպտում է Անետը, ուզում ես իմանաս ինչու՞ եմ եռանկյունիներ նկարել:

Չէ, ասում է Նանեն, ես ուրիշ հարց ունեմ, ասա թե ում հետ էիր համբուրվում, ո՞վ էր էնտեղ գնացողը: Ու ձեռքով ցույց է տալիս սենյակի մուտքը:

Անետը ծիծաղում է: Հարութի հե՞տ ես ուզում ծանոթանալ: Հարո՞ւթ, Հա՞ր… կգա՞ս, էստեղ քո հետ ուզում են ծանոթանալ: Անետը նայում է մյուս սենյակի կողմը:

Հարութը դանդաղ կարծես սողալով մտնում սենյակ ու դեմքը էլի Նանեն ոչ մի կերպ չի կարողանում տարբերել:

Ես Հարութն եմ, ասում է ու ձեռքը մեկնում: Բայց Նանեն միայն սև ինչ-որ զանգված է տեսնում, կանգնում է ու ետ-ետ գնում:

Ի՞նչ եղավ, Նան, ասում է Կարենը ու էլի կանգնում:

Կար, ես իրեն չեմ տեսնում, մատով ցույց է տալիս Հարութին, լույսը վառի խնդրում եմ, լույսը վառի, ես վախենում եմ:

Կարենը նայում է կողքերը, ուզում է հիշել անջատիչի տեղը, բայց Անետն այդ ընթացքում լույսը վառում է:

Հարութը չքվում է լույսի տակ: Այնտեղ, որտեղ կանգնած էր Հարութը, հիմա ոչինչ չի մնում:

Հարութը ստվեր է, ասում է Անետը, Հարութը քո սիրելիի ստվերն է, ով իմ հետ ամեն օր համբուրվում է գորգի վրա: Անկեղծություն, անկեղծության դիմաց:

Նանեն տեսնում է Անետի բաց կապույտ մարմինը, սենյակի պատերը կապույտ դիակների նկարները, սպիտակ աչքերը, համարյա սպիտակած մազերը, հիշում է իր երազը, արևածաղիկները, Կարենի դավաճանությունը:

Հետո սարսափած նայում է Կարենին: Չէ, Կարենը կապույտ չի:

Ձեռք տուր նրան: Չէ, պետք է գնամ էստեղից: Մտածում է ու արագ վազում ՝  վազելուց շոշափելով ինքն իրեն: Մատներով փորձում է զգալ դեմքն ու մարմինը: Վազում է դեպի դուռը: Եռանկյունիները աչքերի առաջ են: Ամեն ինչ կարծես եռանկյունի է: Դուռն էլ: Հատակը լողում է ոտքերի տակ: Ձեռքերը դողում են:

Չի զգում մարմինը: Կամ զգում է: Չգիտի: Դուռը բացում է ու ներքև վազում: Աստիճանները ճռռում են: Իջնում է աստիճաններով ներքև: Նրանք կարծես չեն վերջանում: Եռանկյունի են աստիճանները: Մտածում է, թե ինչո՞ւ էր Անետը եռանկյունի նկարել: Ի՞նչ էր նշանակում եռանկյունին: Կարենը, Կարենը մնաց վերևում, իսկ ինքը վազում է ներքև: Անվերջ իջնում է , բայց աստիճանները չեն վերջանում: Մեկ, երկուս, երեք, չորս, հինգ… Համարյա հասնում է: Պատկերացնում է Անետին, զգում իրենց մարմնի նմանությունները: Անետը իր բաց կապույտ մարմինն է, իսկ Հարութը Կարենի ստվերը: Աստիճաններից մեկը ջարդվում է, աստիճանները փլվում են ոտքերի տակ: Ներքևում հատակ չի զգում, ոտքերն էլ չի զգում, իրեն չի զգում: Մթության մեջ գլորվում է փլված աստիճաններից ներքև:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *