Մենք սիրում ենք իրար մակերեսից ներքև,
Այգիներում, մթում ու փաբերի ծխում,
Մենք հպվում ենք իրար ուրվականի պես՝
Երևանի փոշոտ ստվերներում:
Դու ասում ես՝ չե՞ս մրսում բարակ հագնված՝
Միջահասակ կանանց հայացքների տակ,
Ես ասում եմ, որ՝ ոչ, ես վառվում եմ՝
Քո մատների ձգող շարժումներից հալված:
Դու պատմում ես, ինչպես ընկերներով տարված
Թափառել ես օտար փողոցներում,
Ես լռում եմ՝ մայթի սալիկներից հարբած՝
Երևանի փոշոտ ստվերներում:
Ես սիրելուց ուժեղ վախենում եմ՝
Ուրիշների ծանր կասկածների տակ,
Բայց սիրում եմ անկախ ստվերների դիրքից՝
Աբովյանի կեղտոտ անկյուններին հենված:
Դու ասում ես՝ չե՞ս մրսում վերնաշապիկով՝
Կասկածամիտ մարդկանց հայացքների տակ,
Ես ասում եմ, որ՝ ոչ, ես այրվում եմ՝
Երևանի փոշոտ փողոցներում: