(մուտքի խոսք)
Ողջույն քեզ, մեծ աստված, Երկու ճշմարտությունների Տիրակալ։
Ես եկել եմ դիտելու գեղեցկությունը քո։
Ես ճանաչում եմ քեզ, ես գիտեմ անունները քառասուներկու
աստվածների, որոնք այստեղ են, Երկու ճշմարտությունների
Մեծ Պալատում, նրանք սպասում են չարագործներին և
նրանց արյունը խմում, երբ չարագործները ներկայանում են
Ուննեֆորի դատին։ Ահա, ես ճանաչում եմ ձեզ, արդարության
Տիրակալներ։ Ձեզ մոտ գալիս եմ արդարությամբ, ձեզ համար ես
մերժել եմ անարդարությունհ:
(առաջին պաշտպանական խոսքը)
Ես մարդկանց չարիք չեմ պատճառել։
Ես չեմ վնասել անասուններին։
Ես չեմ մեղսագործել Ճշմարտության վայրում։
Ես չեմ ․․․
Ես վատ բան չեմ արել։
․․․․
Իմ անունը չի քսվել սրբազան նավակի Տիրոջ ականջին։
Ես չեմ սրբապղծել։
Ես թույլի վրա ձեռք չեմ բարձրացրել։
Ես գարշանք չեմ գործել աստվածների առջև։
Ես չեմ ճնշել ստրուկներին իր տիրոջ մոտ։
Ես հիվանդության պատճառ չեմ դարձել։
Ես արցունքների պատճառ չեմ դարձել։
Ես չեմ սպանել։
Ես չեմ հրամայել սպանել։
Ես ոչ ոքի չեմ տանջել։
Ես չեմ պակասեցրել մթերքը տաճարներում։
Ես չեմ փչացրել հացն աստվածների։
Ես չեմ յուրացրել հացը մեռյալների։
Ես չեմ շնացել։
Ես չեմ զազրախոսել։
Ես չեմ ավելացրել կամ պակասեցրել կշռաքարերը։
Ես չեմ պակասեցրել արուրից։
Ես չեմ խաբել նաև կես-արուրի։
Ես չեմ սեղմել կշռաքարը։
Ես չեմ խաբել կշիռների մեջ։
Ես չեմ խլել կաթը երեխաների բերանից։
Ես չեմ քշել ոչխարներն ու այծերը արոտավայրերից։
Ես թակարդ չեմ դրել աստվածների թռչուններին։
Ես լճերում չեմ որսացել աստվածների ձուկը։
Ես չեմ կանգնացրել ջրերի հոսքն ուժգին։
Ես վազող ջրերի առաջը չեմ կտրել։
Ես չեմ հանգցրել զոհաբերության կրակը նրա վառման պահին։
Ես բաց չեմ թողել զոհաբերության օրերը։
Ես չեմ խրտնացրել նախիրը աստծու կալվածքներում։
Ես աստծու դուրս գալուն արգելքներ չեմ դրել։
Ես մաքուր եմ, ես մաքուր եմ, ես մաքուր եմ, ես մաքուր եմ։
Իմ մաքրությունը մաքրություն է Հերակլեոպոլի մեծ փյունիկի, քանի որ ես քիթն եմ Տիրոջ շնչառության, որ կյանք է տալիս բոլոր եգիպտացիներին Հելիոպոլում Հորի աչքի լիության այս օրը, ձմռան երկրորդ ամսին, վերջին օրը՝ ներկայությամբ այս երկրի Տիրակալի։
Այո, ես տեսել եմ Հորի աչքի լիությունը Հելիոպոլում։ Ինձ հետ վատ բան չի լինի այս աշխարհում, Երկու ճշմարտությունների Մեծ Պալատում, քանի որ ես գիտեմ անունները այնտեղ բնակվող քառասուներկու աստվածների, մեծ աստծո ուղեկիցների։
հատված հին եգիպտական «Մեռյալների գրքի» 125-րդ գլխից