Skip to content

ավարտ

― Արի որոշենք ու այլևս ոչինչ չգրենք,― ասաց Դավիթը ձեռքի կապիչները ձգձգելով,― որովհետև, զգացվում է՝ դու էլ չես ուզում։ Կգա՞ս։

Ես կուզեի ամեն ինչ սկզբից սկսել։ Բայց ես հոգնել եմ պատմվածքները սկզբից սկսելուց։ Որովհետև ի՞նչ իմաստ ունի սկիզբը, եթե մենք բոլորս ճահճի մեջ ենք։ Ի՞նչ իմաստ սկիզբը պատմելու մեջ, եթե բոլորիս ներկան նույնն է։ Մենք, գուցե, տարբեր աշխարհներով ենք քայլել, բայց այժմ նույն տեղում ենք։ Ուրեմն ի՞նչ տարբերություն` ես որտեղից սկսեմ։

― Հոգնել եմ, պետք է քնեմ, որովհետև վաղն աշխատանքի եմ։ Արի այսօր ոչ մի տեղ չգնանք ու ոչինչ չխոսենք։

Հա, արի այսօր ոչ մի տեղ չգնանք ու քնենք։ Քնենք, որովհետև վաղն աշխատանքի ենք ու մյուս օրն էլ։ Ու մյուս օրն էլ։ Ու մյուս օրն էլ։ Ու մյուս օրն էլ։ Եթե ես պատմության միջին հատվածը գրեմ ու բացատրեմ ամեն ինչ, այն ամենը ինչին հասել եմ ու հոգնել, այն ամենը, ինչ երազել եմ ու հոգնել, այն ամենը ինչ իմ սրտում է, բայց հոգնեցնում է, իմաստ կլինի՞։ Հը՞, Դավ, իմաստ կլինի՞։

― Հը՞, Դավ, իմաստ կլինի՞։

Այս ձմեռը, որը տաք էր ու անըմբռնելի, ավարտվեց։ Ոնց որ նոր օրեր են գալիս։ Ոնց որ նոր օրեր են գալու։ Մի պահի օրեր չեն գալու, բայց միտքն անիրական է։ Միշտ օրեր գալու են։ Բայց օրերը միանման են լինելու, մենք միանման ենք ապրելու ու ճահճի մեջից նայելու ենք աստղերին։ Կամ արևին, որ մեր աչքերը մթնեն։

― Ու դու ենթադրում ես, որ ինչ֊որ բան փոխել հնարավոր է,― քմծիծաղում է Դավիթը,― հահահահա։

Ես կարող էի պատմության ավարտից սկսել, սկսել ու միանգամից ավարտել, քանի որ ավարտը կարճ է լինում։ Կարճ, ինչպես անցյալ ձմեռը։ Կարճ, ինչպես այսօրը, որը վաղն է ու մյուս օրը։ Ու մյուս օրը։ Ու մյուս օրը։ Ու մյուս օրն էլ։

― Իմ բոլոր պատմվածքներում մարդիկ ինչ֊որ բան են հասկանում՝ կամ ուրիշները, կամ ես։ Ես պատմվածքն ավարտում եմ որ ինքս ինձ ինչ֊որ բան ապացուցեմ։ Ես ինքս ինձ ապացուցելու կարիք ունեմ, որ մենք դեռ ապրում ենք, որ ճահճի մեջից աստղերին նայելը իմաստ ունի, որ վաղը վաղն է գալու, ոչ թե մյուս ամիսը, որ ժամանակը գծային է, ոչ թե ալիքաձև կամ շրջանաձև։

― Հեհեհե,― ծիծաղում է Դավիթը,― ավարտիր պատմվածքը։ Արի այսօր ոչինչ չապացուցենք։ Արի այսօր ոչ մի տեղ չգնանք։

Ու ես ավարտում եմ պատմվածքը։