Skip to content

վանդակներ

Արևը այս գիշեր չի քնելու: Նստելու է, կարդա իր օրագրի բոլոր գրածները, հիշի նրանց, ում մասին ոչ մեկին պատմել չի ուզում, հիշի նրանց, ում հիշել չի ուզում, վառի գազօջախը, օրագրերի թերթերը պահի գազի կապույտ բոցի վրա ու վառի: Նայի կապույտ բոցին ու լաց լինի վառածի համար:

Բացի գազի կապույտ բոցից, Արևը սիրում է նաև լուցկիներ վառել: Երբ տխուր է լինում, տուփով լուցկիները վառում է ու հանգցնում: Նա վառում է այնպես, որ մինչև վերջ ամբողջ հատիկը մոխիր է դառնում, հետո վառած լուցկիները շարում է սեղանին կամ հատակին, փշրում, մատները մրոտում է, մրոտ մատները քսում շորին, լվացվում ու նորից նստում: Բայց այս գիշեր նա էջերը գազի կապույտ բոցով է վառելու: Վառելու է ու լսի այն հին երգը, որը կարևոր հիշողություն ունի իր մեջ:

Արևը դեռ առավոտից շատ էր սենտիմենտալ: Արթնացավ, տանը մարդ չկար, համակարգիչը գրկեց ու միացրեց “I want you” երգը, ձայնը բարձրացրեց ու պառկեց: Աչքերը հառեց առաստաղին ու սպասեց, թե ինչքան կարող է առանց թարթիչները  թարթելու նայել առաստաղի սարդին, որը վազում էր թելի վրայով: Հետո զգաց, որ աչքերից արցունքներ են գալիս: Նա շատ է սիրում իր արցունքների համը:

Երգը մի քանի անգամ կրկնվում է, Արևը երգի հետ միասին շրթունքները շարժում է: Հավանաբար երգում է, քանի որ ձայն չի լսում: Մտածում է, որ հարևանները կբողոքեն իր հանած աղմուկի համար: Բացում է օրագիրը ու մաքուր էջի վրա վեց դատարկ վանդակ գծում:

Ալո, Արևիկ: Ո՞նց ես : Հաց կերե՞լ ես: Դուրս գալուց տաք կհագնես չմրսես: Երեկոյան ուշ չգաս տուն: Տուն հասնես անպայման կզանգես: Սպասելու եմ:

Նրա մայրը միշտ նույնն է ասում: Ամեն օր նույն խոսքերը: Արևը մտածում է, թե ինչո՞ւ պիտի իրեն սոված պահի ու սովամահ անի, կամ ինչո՞ւ պիտի բարակ հագնվի ու մրսի: Ինչո՞ւ իր մաման երբեք չի հարցնում, թե ինքը ուրա՞խ է , երջանի՞կ է , միայնա՞կ է: Մտածում է, որ, երբ ինքը երեխա ունենա, միշտ կհետաքրքրվի այդ հարցերով, դրանք շատ ավելի կարևոր են քան մնացածը:

Տնից ներքև իջնելուց սկսեց հաշվել աստիճանները: Աստիճանները այդպես մեկ էլ Ռասկոլնիկովն էր հաշվում, երբ գնում էր պառավին սպանելու: Ինքն գուցե ինչ որ մեկին ուզում է սպանե՞լ: Սկսեց  մտածել այդ մասին: Իսկ ո՞ւմ կուզեր սպանել ու ավելի հանգիստ ապրել: Դեռ կպարզի:

Պետք է գնար համալսարան, հետո Սիրահարների այգում Դինային էր հանդիպելու: Կեսօրից հետո, Իսահակյան փողոց թեքվելիս` սկսեց հաշվել մոտի եղած գումարը: Մետրոյի մուտքի աստիճաններից վերև Արևը նորից հանդիպեց երեք տարի առաջ հանդիպած փող հավաքող ծեր մարդուն: Երեք տարի առաջ Արևը ձևացրել էր, թե ոչինչ չի լսում, բայց այսօր նրա դիմացը գցեց մետրոյի տոմսի գումարը:

Ես երեք տարի սպասեցի, մինչև որ դու նորից գաս: Խզված ձայնով ասաց ծերուկը: Ձեռքդ տուր: Ես պետք է պատմեմ քո ճակատագիրը: Կնայեմ ձեռքիդ գծերին ու կասեմ, թե ինչու ես օրագրերիդ էջերին դատարկ վանդակներ գծում:

Արևը զարմացավ: Դատարկ վանդակների մասին միայն ինքը գիտեր: Ու երևի Դինան, ով միայն հետաքրքրվում է օրագրի սիրային պատմություններով:

Ձեռքդ տո՛ւր, ասում եմ: Կոպիտ ասեց ծերուկը, կանգնեց ու ուժեղ բռնեց Արևի ձեռքը: Արևը չդիմադրեց: Միայն նկատեց, որ ծերուկն իր պատկերացրածից ավելի կարճ է ու ծեր:

Քեզ թվում է, թե հասկացել ես սպիտակ խալաթավորների ասածը, բայց չես հասկանալու: Կարևոր լուրերը, քեզ մի տարի հանգիստ չեն տալու: Ինչ-որ կարևոր բան այրվելու է քո մեջ: Մի տարուց հետո կյանքդ դանդաղելու է: Սկսելու ես ավելի հստակ տեսնել ամեն ինչ: Հիշելու ես ինձ ու սպիտակ խալաթավորներին:

Արևն ուզում էր ինչ-որ բան ասել:

Մի խանգարիր: Թող մինչև վերջ ասեմ: Տեսնելու ես ինչ-որ ազգականի ուրվականը երեք տարուց: Հինգ օր չես կարողանալու լաց լինել: Արևելքի հետ կապդ խզելու ես շատ շուտ, փոխարենը օվկիանոսից այն կողմի երկրներում ես լինելու շատ: Տաս տարի հետո սկսելու ես ընդհանրապես չսովորել ու շատ աշխատել: Երեսուներկու տարի հետո թողնելու ես ռեժիմով աշխատանքդ ու սիրողական բաներով զբաղվել: Սիրելու ես, բայց չես վստահելու: Քեզ չեն սիրելու, բայց վստահելու են: Երեխաներ չես ունենալու: Ում սիրում ես քեզնից երկար է ապրելու: Մեռնելու ես խաղաղության մեջ, բայց ափսոսալու ես:

Արևը հրում է ծերուկին ու վազում: Արցունքները աչքերից թափվում են, ինչպես այսօր առավոտյան: Դինայի հետ հանդիպումը, երեկոյան զբոսանքը, ամեն ինչ գրողի ծոցն է ուղարկում, հեռախոսը անջատում ու վազում տուն: Պետք է մի անգամ էլ I want you-ն լսեմ, անընդհատ կրկնում է ու մոռանամ ամեն ինչ:

Պառկում է անկողնուն ու աչքերը հառում առաստաղին: Չի հավատում ծերուկի ասածներին: Ես չեմ կարող Արևելքը մոռանամ ու երեխաներ չունենամ, որոշում է: Ես իմ երեխաների հանդեպ պետք է ավելի հոգատար լինեմ:

Կիսաքնած վիճակից Արևն արթնանում է: Արդեն մթնել է: Մայրը երևի մի քսան անգամ զանգել է անջատած հեռախոսին: Զանգել է ու անհանգստացել: Բայց Արևի համար մեկ է, որովհետև մտածում է, որ մայրը միայն իր մրսելն է անհանգստացնում, որը չի եղել:

Տեսնում է դարակի վրա դրած այս տարվա օրագիրը: Մյուսներն էլ պետք է հանեմ, բոլորը պետք է հանեմ ու վառեմ գազի բաց կապույտ կրակի վրա: Այս գիշեր չեմ քնելու նստելու եմ կարդամ բոլոր օրերը, վերջին անգամ հիշեմ այն ինչ, չեմ ուզում հիշեմ, հետո վառեմ բոլորը:

I want you երգի տակ, գիշերը ժամը տասն անց տասնյոթ րոպեից Արևը հատ-հատ սկսում է կարդալ իր բոլոր ութ օրագրերը, հետո թերթերը պատռել ու գազի վրա այրել: Այրված թղթի հոտը լցնում է սենյակը: Հինգերորդ օրագրի մայիսի 22-ի տակ, երկու դատարկ վանդակներից հետո կարդում է՝

Արամին տեսա: Նրան շատ եմ սիրում, բայց կյանքում չեմ վստահի, չեմ վստահի ոչ մեկին: Այսօր ինձ այնպես նայեց, կարծես թե նրա համար նշանակություն չունեմ: Զզվում եմ սենց զգացումներից: Զզվում եմ սիրելուց: Ինձ թվում է, ես երեխաներիս էլ չեմ սիրելու, դրա համար էլ դժվար երեխա ունենամ: Անկապ ա դարձել օրագրում գրելը: Ինչքան կուզեի սաղ վառել: Արամին էլ, անկապ օրագրերն էլ:

Արևի չի հասկանում: Ծերուկը կարդացել է իմ օրագրերը, մտածում է: Ինչ լավ է, որ էլ ոչ մեկ չի կարդա:

I want you երգի տակ Արևը շարունակում է վառել օրագրի էջերը: Կեսգիշերին մոտ ավարտում է, լույսն անջատում, պատուհանները բացում, պառկում ու նայում մթության մեջ: Հեռախոսը վաղը կմիացնեմ, որոշում է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *