Էլի պապան ուշանում է: Ու ես էլի մինչև գիշերվա հազարը նստած դաս եմ անում: Պապան բանվոր է աշխատում Դիլիջանի նոր կառուցվող դպրոցում: Դպրոցի շենքերն են սարքում, մինչև ուշ գիշեր պահում են, կիսով չափ վարձատրում: Բայց պապան չի դժգոհում, որովհետև մյուս տեղերում, ինչպես ինքն է ասում, ավելի շատ են քցում: Տանը մենակ ես ու պապան ենք ապրում:
Մենք մի հարևան ունենք՝ Անո տոտան, ում ոչ ոք բացի ինձնից իրեն չի տեսնում: Կամ տեսնում են, ուղղակի ոչ մի բանի տեղ չեն դնում: Համենայն դեպս, երբ որ Անո տոտան մեր տուն է գալիս, նրա հետ մենակ ես եմ խոսում: Պապայի հետ խոսալուց կարծես թե չեմ հիշում: Անո տոտան իմ համար մրգեր է բերում, քաղցրավենիք, թխվածք, որովհետև պապան այդպիսի բաների մասին մտածելու ժամանակ չունի: Պապան կարծես թե երբեք էլ ժամանակ չի ունեցել: Անո տոտան ինձ շատ է սիրում: Համով ուտելիքներից բացի, նա նաև իմ հետ խոսում է: Նրա ասելով ես մեծ մարդ եմ դառնալու: Բայց ես չեմ մտածում ինչ-որ բան դառնալու մասին: Իսկ պապան իմ հետ համարյա չի խոսում: Հազվադեպ մի քանի բառ ենք փոխանակում ու վերջ: Երբ որ մի քանի օր, իրար հետ ոչ մի առիթով չենք խոսում, ինձ թվում է, թե պապան էլ Անո տոտայի պես է. պապան էլ մենակ իր գործի տեղում գոյություն ունի: Եթե իհարկե այնտեղ ինքը խոսում է:
Միջանցքից ձայներ են լսվում: Միանգամից գիտեմ որ ինքն է: Դա նրանից չէ, որ մեր միջանցքով քիչ մարդիկ են քայլում: Ընդհակառակը, մեր շքամուտքը լավ մեծ է ու հաճախակի են մարդիկ գնում-գալիս: Ուղղակի երբ որ երկար ես մի տեղում ապրում ու մյուսներն էլ են քո հետ երկար ապրում նույն վայրում, դուք սովորում եք իրար ոտնաձայների արձագանքները տարբերել. հարևանի երեխան, հարսը, կատաղած տղան, Անո տոտան, պապան, տաքսիստ Ժորան, գազի մարդը…
Պապան դուռը բացում է: Տեսնում եմ, որ խմած է: Ես իրոք հասկանում եմ պապայի հաճախակի խմելը: Ու նրան չեմ մեղադրում նույնիսկ ամենանեղված օրերին: Ես գիտեմ, որ խմած ժամանակ կարող ես մի քիչ ջերմություն ու երջանկություն զգալ, որը ես իդեպ նույնպես զգում եմ այն հազվադեպ օրերին, երբ խմում եմ: Դուռը բացում է նայում է ինձ, մոտենում, նորից նայում: Հասկանում է, որ դաս եմ անում: Այդ ժամերին ես միշտ եմ դաս անում, բացի կիրակի օրերից, իհարկե: Զզվանք արտահայտող դեմք է ընդունում ու դանդաղ ասում.
Սովորելը քեզ ապագա չի, քեզ չեմ ասե, էս երկրում, որտեղ բոզությունն ու հիմարությունն ա ընդունվում, դու ոչ մի բան չես դառնալու քո էդ սովորելով, թարգի էդ, գնա թաղի տղեքի հետ շփվի մի քիչ, հետևիցս ասում են, թե Արմանի տղեն գիրք կրծող դոդիկ ա, քեզ վատ չե՞ս զգում:
Պապան երբ խմում է, միշտ նույն տեսակի բաներ է ասում: Ես առանձնապես չեմ մտածում, թե ես ինչ եմ դառնալու:
Արա, քո հետ եմ, պապան շարունակում է, կէղնի մի օր դու չսովորես, մի քիչ մարդ էղի, հասկացանք, որ խելացի ես, բայց դու խելքով ոչ մի բանի էլ չես հասնի:
Ես ոչ մի բան չեմ խոսում: Պապան էլ: Նա նորից զզվանքով նայում է իմ գրքերին, ճմրթված լեկցիայի տետրին, անկապ թափված քսերոքսներին ու գնում: Ես ուտում եմ Անո տոտայի բերած թխվածքը: Վաղը քննության եմ: Պետք է պարապել:
Քնելուց մտածում եմ պապայի վիճակի մասին: Մենակությունը, շինարարական փոշին, Դիլիջանի խոնավությունը, շեֆի քմահաճությունները իրեն քայքայում են: Մտածում եմ, որ լավ կլիներ, եթե պապայի շեֆը ավելի լավ մարդ լիներ, որ քիչ աշխատացներ ու փողերը ժամանակին տար:
Համալսարանից տուն գալուց Անո տոտային եմ տեսնում: Շնորհավորում է, որ քննությունս լավ եմ տվել, ասում է, որ լիքը դռներ են իմ դեմը բացվելու: Տուն մտնելուց մոտ մեկ ժամ հետո ինձ կոնֆետներ է բերում: Նստում ենք, նայում է ինձ ժպտում:
Սաղ լավ ա էղնելու, չմտածես, էս նեղություններն էլ անցնելու են: Դու մենակ սովորի:
Հետո թեման փոխում է.
Էսօր կէղնի՞ սերիալս ձեր տանը նայեմ, մեր տան տելեվիզրը փչացել ա: ՔԵզ չեմ խանգարի, դու դասերդ արա, ես ձենը կամաց կմիացնեմ կնայեմ:
Ես ուրախությամբ համաձայնում եմ: Մենակ մի քիչ նեղվում եմ, որ կարող է պապան խմած գա: Հետո հիշում եմ, որ ախր Անո տոտային մենակ ես եմ տեսնում: Անո տոտան նստում է, իրանց դաչայից բերած խնձորներն է սկսում կլպել-կտրտել ու հեռուստացույց նայել:
Միջանցքից պապայի ձայներն եմ էլի լսում: Քայլերը դանդաղ են, այսօր շատ է խմած: Դուռը բացում է, նայում ձախ, որտեղ ես եմ նստած դաս անում: Կատաղությամբ գալիս է, բռնում սոցիոլոգիայիս գիրքը ճղում թափում գետնին:
Արա, գոռում է, արա, քեզ էրեգ ի՞նչ ասեցի:
Տետրս էլ է ճղում:
Սրանից հետո, եթե էկա տուն ու դու գիրք կարդալուց էղնես,տալու եմ գլուխդ ջարդեմ: Դու ոնց չես ջոկում, որ էս գյոթերի մեջ դու չես դիմանալու: Սրանք մենակ բոզություն են կարում անեն, քցեն, փողերդ տանեն: Դու մենակ էդ քո սովորելով ոչ մի բան չես կարանալու անես: Տրորելու են վրովդ անցնեն:
Քսերոքսների մի մասն էլ է ճղում ու շարունակում է գոռալ:
Անո տոտան կլպած-կտրտած խնձորներով լիքը ափսեով հանգիստ սենյակ է գալիս: Ափսեն դնում է սեղանին: Պապան դեռ գոռգոռում է, ես էլ չեմ տարբերում թե ինչ: Պապան Անո տոտային չի տեսնում: Անո տոտայի մյուս ձեռքին խնձոր կտրտելու դանակն է: Մոտենում է ու ուժով մտցնում պապայի փորը, հետո հանում ու մի անգամ էլ… պապան լռում է, բռնում փորը ընկնում գետնին, տեսնում եմ, որ հատակը սկսում է կարմրել:
Տղա ջան, ասում է Անո տոտան, դու մի նեղվի: Էս երկրում նենց են անում, որ դու իրանց մի մասը դառնաս: Որ իրանք չկարանան մեռնեն: Որ նստեն մեր մեջ ու դառնան մեր մի կտորը: Բայց դու մի նեղվի: Քո առաջ լիքը դռներ են բացվելու: