Skip to content

վերջին անգամ

Վերջին անգամ իրար տեսնում ենք:
Արի ավտոբուսի սկիզբ, այստեղից քաղաքն ավելի սիրուն է երևում, ասում է Մարգոն:
«Ի՜նչ լավ է վերջին անգամ իրար տեսնելը», մտածում եմ:
Ես այսօր գնալու եմ: Երեկ ուշ գիշերը եկան մեր տուն, փակեցին տան բոլոր դռները ու առջևս դրեցին փոքր ժամանակ անկողնուս տակ պահած ամսագրերը:
Տես, ասացին, մենք ամեն ինչ գիտենք: Քեզ մեկ օր ժամանակ ենք տալիս: Հրաժեշտ տուր բոլորին: Հավաքիր սեղանին թափված կիսակեղտոտ շորերդ, մաքրիր սափրվելուցդ հետո մնացող մանր մազերը լոգարանից: Սա քո վերջին օրն է այս տան մեջ:


Մարգոն վերջին մարդն է ում հրաժեշտ եմ տալիս: Երեկոն մոտ է: Ավտոբուսը դանդա՜ղ բարձրանում է Կոմիտասով:
Վաղը կգա՞ս համերգին հարցնում է Մարգոն:
Ես բռնում եմ նրա ձեռքը: Ձեռքս տաքանում է: Մարգոն ժպտում է: Մարգոն միշտ մտածել է, թե առանց խոսք հասկացել է ամեն մի հարցի պատասխանը: Բայց իրականում, երբ լուռ եմ, ես ուղղակի չգիտեմ պատասխանը:
Սպիտակ շորով փոքր աղջիկը նստած տեղից շրջվում է ու ցույց տալիս Օպերայի արձանը:
Մա՜մ, էլի նույն արձանը:
Մարգոյի ձեռքը պինդ սեղմում եմ:
Մա՜մ, նորից նույն արձանը:
Ավտոբուսը սկսում է պտտվել օպերայի հրապարակով: Օպերան կարագի պես դանդաղ սկսում է հալվել: Վարորդը հանկարծ նայում է ինձ ու ասում.
Ետ գնացեք, խանգարում եք:
Բայց ետ գնալու տեղ չկա: Մարդիկ լցված են ավտոբուսի մեջ, օդ չկա շնչելու: Հալված օպերան հոսելով լցվում է ավտոբուսի մեջ:
Մարգո, ասում եմ, ես այսօր գնալու եմ, ես վաղը չեմ կարող գալ էդ համերգին:
Մարգոն լուռ նայում է ինձ: Մարգոն չգիտի պատասխանը:
Ես մի անգամ էլ եմ տեսել օպերայի հալվելը, բայց երազում: Այդ ժամանակ Մարգոն չկար ու ձմեռն ավարտվում էր: Իսկ հիմա այս անտանելի երևանյան շոգին Օպերայի հալվելը սարսափելի է:
Գև, կներես, Մարգոն նայում է աչքերիս մեջ: Այդ ես եմ նրանց կանչել: Ես եմ ցույց տվել քո ամսագրերի տեղը: Որովհետև ես չեմ ուզում, որ տանջվեմ:


Ավտոբուսը կանգ է առնում: Պրոսպեկտն ու Բաղրամյանի պողոտան ազատել են ավտոմեքենաներից: Ազդանշանների տակ գալիս են նրանք, փակում ավտոբուսի ճանապարհը: Բացում են դռները, գալիս դեպի մեր ավտոբուսը, մտնում ներս ու նայում ինձ:
Մենք գիտենք ամեն ինչ, Մարգոն էլ գիտի ամեն ինչ: Գնացինք: Ոչինչ չխոսես: Երկար ենք գնալու:

Ու ես փակում եմ աչքերս: Մարգոն, ավտոբուսը, սպիտակ շորերով աղջիկը, մի պահ այդ ամեն ինչը իրար հետ խստորեն կապված ու կանոնակարգված մեխանիզմ են թվում:


Այս գիշեր հանգիստ ես քնելու: Սև մեքենայի վարորդը շրջվում է դեպի ինձ:
Շեֆը քեզ փոխանցում է, որ դու այս գիշեր հանգիստ ես քնելու: Իսկ նա քո մասին ամեն ինչ գիտի: Կրկնում է կողքս նստած թիկնապահը: