Skip to content

ճանճեր

Վերջին անգամ նրան տեսա ճաղերին հենված ծխելուց: Նայեցի, հիշեցի այն ամենն ինչ ապրել ենք իրար հետ:

Տարիներ առաջ միասին ապակու վրայից ճանճեր էինք որսում ու գցում բանկաների մեջ: Հասմիկ տատը ամեն անգամ մեզ դրա պատճառով նախատում էր, ասում, որ բանկաները մուրաբաների համար են և ոչ թե ճանճերի: Բայց ես ու Տաթևը ուրախ էինք, որ բանկաներում ճանճեր են ապրում: Մի ամառ ճանճերն ընդհանրապես անհետացան, Տաթևը սկսեց միայն աղջիկների հետ խաղալ, իսկ ես մնացի մենակ: Ամառվա տաք գիշերներից մեկին, տատիս պատմելով, մտել եմ գյուղի տան խոնավ մառանն ու ջարդել բոլոր բանկաները: Ինձ գտել են ապակիների կտորների մեջ պառկած ու քնած: Տատս գոռացել է, շունը հաչել, հարևանները հավաքվել են ու տարել ինձ իմ անկողին․  քնել եմ երկու օր: Դրանից հետո տատս էլ կյանքում մուրաբա չի փակել, մառանը կողպեքով փակել է, բանալին պահել:


Ես Տաթևին չէի սիրում: Ես ուղղակի չգիտեի ինչ անեմ, քանի որ նա արդեն իմ հետ չէր խաղում: Ես ավելի շատ տխրում էի մեր անցյալի հարաբերությունների անհնարինության վրա, քան Տաթևին կորցնելու համար: Երազում հաճախ տեսնում էի ինձ բանկաների մեջ փակված, Տաթևի սառը հայացքը, միլիոնավոր ճանճերի ամպերը:


Հիմա ես նրան տեսնում եմ ճաղերին հենված ծխելուց: Տաս տարուց հետո երկուսս էլ ընդունվել ենք նույն բուհը Երևանում: Նայում եմ նրան, չեմ ճանաչում․ չգիտեմ ինչ անեմ այդ անհնարինության հետ: Ախր ինչպե՞ս կարող էր ճանճեր բռնող Տաթևը դառնար մեկը, ով Տաթևն է ու Տաթևը չէ: Նայում եմ նրան: Նայում է ինձ: Չի ճանաչում: Ախր ինչպե՞ս կարող է մեկը, ով Տաթևն էր, ինձ չճանաչի, ինչպե՞ս կարող է նա մոռանալ բանկաների մեջի ճանճերը, ինձ, տատիս նոր սարքած ճիլ պանիրը, մեր տան սենյակների փոշու ու խոնավության թույլ հոտը, ինչպե՞ս:


Ծխախոտը մնացորդը գցում է: Վերջին անգամ նայում է ինձ, վերջին անգամ ու չի ճանաչում: Տաթև գոռում եմ, նայում է ինձ, շրջվում ու գնում:

Շաբաթվա վերջին նորից գնում եմ գյուղ: Տատս անկողնում պառկած է, արդեն չի կարողանում քայլել: Մոտենում եմ, համբուրում, հազիվ լսվող ձայնով ջուր է ուզում: Բաժակը մոտեցնում եմ բերանին, ձեռքը կամաց մոտեցնում է ու բռնում այն, հետո սպիտակ աչքերով նայում բաժակին, ապա՝ ինձ, դողացող ձեռքով ցույց տալիս դիմացի պատի դարակը, որտեղ մառանի բանալին է պահել:
Պետք է մաքրես, շշնջում է:

Comments are closed, but trackbacks and pingbacks are open.