Skip to content

ստեղներ

Ձեռքերս դնում եմ ստեղնաշարին: Այսօր արդեն ուշ է: Փողոցի տղան գնացել է, փող հավաքողին այդպես էլ փող չտվեցի, կատուս անցյալ շաբաթ սատկեց: Անյան գրում է, որ այսօր գնալու են փաբ ուրախանան, իսկ ես հոգնել եմ:

Կատվիս առաջին անգամ տեսա երկու տարի առաջ, երբ դեռ մամայի հետ ապրում էի Շիրազի փողոցում: Փողոցի անկյունում սառած փոքրիկ փիսոյին տեսնելը կարծես իմ ճակատագիրն էր: Զգուշությամբ գիրկս առա, բերեցի տուն: Մաման սիրում էր կատուներ, գիշերները արդեն տանը հարմարված փիսոյին տանում էր դնում իր անկողնու վրա ու քնում: Այն գիշերներին, երբ կատուն տուն չէր գալիս, մաման խռացնում էր ու հաճախ զուգարան գնում: Բայց երբ փիսոն նրա մոտ էր, նրա քունը զարմանալիորեն հանգիստ էր ու խաղաղ: Սովորական մի օր կատուն մամայի վրա պառկել էր,  մաման աչքերը փակել էր ու հանգիստ մահացել: Փիսոն գնացել ու պառկել էր նրա սրտի վրա: Տեսնել էր պետք այդ ամենը: Մորս մահից հետո տեղափոխվեցի ավելի փոքր տուն ու կատվին բերեցի հետս: Նա գիշերները պառկում էր դատարկ մահճակալի վրա, բայց չէր կարողանում քնել, անընդհատ արթնանում էր, պտտվում էր սենյակով, մեկ-մեկ գալիս էր մոտս, բայց երկար չէր մնում:

Քսանմեկ տարի առաջ մաման սենյակ մտավ ու պապային մահացած գտավ: Պապան ցավից կծկվել էր բազկաթոռի վրա, բերանից արյունը թափել էր ու ամբողջ բազկաթոռը կարմիր էր դարձել: Մաման չէր կողմնորոշվում ինչպես հնարավոր է ապրել, գիշերները չէր կարողանում քնել, անընդհատ զուգարան էր գնում, մինչև ես մի օր փիսոյին չտեսա փողոցում կծկված:
Մաման քսանմեկ տարեկանում էր ամուսնացել: Տեսել էր պապայի երկնքի գույնի աչքերը, ոսկեգույն մազերը ու սիրահարվել: Իսկ պապան սիրում էր սև կոպիտ դիմագծերով աղջիկներին: Նրանք մեղրամսին մեկնել էին Շոտլանդիա, որտեղ քամի էր, անտառներ, մառախուղ ու երկուսով որոշել էին մառախուղի պես աղջիկ ունենան: Միայն մի անգամ եմ հիշում որ կռվեցին: Երբ հինգ տարեկան էի պապան տուն մտնելիս շեմքին սև կատու է տեսել ու ոտքով հարվածել է: Կատուն ճչացել է, ես էլ, իսկ մաման զգալով սև կատվի անսահման ցավը ապտակել է պապային: Պապան լռել է, քանի որ մամային շատ է սիրելիս եղել:


Ամուսնանալուց առաջ մաման իր քրոջ, տատիս ու պապիս հետ տեսել է երկրաշարժը: Երբ որ կատուները, մարդիկ, կենդանին ու անկենդանը մահացել են ու սարսափել: Մորաքրոջս համար երկարաշարժը վերջին կարևոր իրադարձությունն էր, քանի որ նա կորցրել էր իր ձեռքերն ու ոտքերը; Իսկ տատս, տեսնելով փլված շենքերը, մարդկանց շենքերի տակ, երդվել էր կյանքում բարձրահարկերում չապրել ու հարևաններ չունենալ: Պապիս հետ գնացել էին մի հեռու գյուղ ու այնտեղ, գյուղի ամենածայրում ապրել մինչև իրենց մահը: Պապս գիշերները փաթաթվում էր տատիս ու ասում, որ երկրաշարժն էլ կյանքում չի կրկնվի, որ նա կարող է հանգիստ քնել, բայց տատս ամեն անգամ կրկնում էր, որ երկրաշարժը դեռ չի ավարտվել: Դրանից վաթսուն տարի հետո էլ երկրաշարժը դեռ շարունակվելու է:


Այսօր էլ ամեն ինչ նույնն է, դեկտեմբերի յոթին նայում եմ պատուհանից ու ինձ թվում է, թե ես իմ տատն եմ, ով տեսնում է իր հարևանների մահը: Գնում էի տատիս տուն ու նստում կողքը ու  նա պատմում էր այս ամենը, պատմում էր իր մորաքրոջ մասին, ով վախից ուժեղ փակելով իր երեխայի բերանը խեղդել է նրան, որ թեև մորաքույրը փրկվել է սպանողներից, բայց դրանից հետո կորցրել է իրականության զգացումը: Պատմում էր իր մոր մասին, որ առանց տանիք տան մեջ, հողի վրա պահել է իր երեխաներին ու եփել ցորենի թեփով միակ ապուրը: Ի
ր երիտասարդ տարիների մասին, պատերազմների, նախագահների, սովետական միության ու անհասկանալի կյանքի մասին, որը էլ չկա: Քաղաքական մարդկանց խաբեության ու երկրաշարժի մասին, որը դեռ շարունակվում է:


Տատս պատմում էր նաև, որ առաջին տպագրական մեքենաների վրա գրելն այնքան էր սիրել, որ խորհրդային միության տարիներին գնացել էր ժողկոմում անվճար տեքստեր էր մեքենագրել: Ամեն անգամ ձեռքերը տպագրական մեքենայի ստեղների վրա դնելիս ու ամեն ստեղը սեղմելիս տարօրինակ հաճույք էր զգացել նա: Հիմա ես ձեռքերս դնում եմ ստեղնաշարի վրա: Ես զգում եմ տատիցս ժառանգված ստեղների հաճույքը, կատվի ցավը, երբ հայրս հարվածել է նրան ու մի սարսափելի հոգնածություն: