Skip to content

թափանցիկ

Վարդանը կուրսեցիս է, ով համարյա ոչինչ չի խոսում: Առաջին անգամ նրան տեսնելիս՝ գանգուր մազերը նկատեցի. ուրիշ ոչինչ: Վանող տեսքը, վախի հասնող մենակությունը նրա հետ շփվելու բոլոր հնարավորությունները սպառում էին: Չորս տարի սովորելու տարիներին հարյուր ինսունվեց հոգանոց կուրսում երկու անգամ եմ առիթ ունեցել նրա հետ խոսել:

Մի օր, ռուսերենի սեմինարին, Վարդանի գրպանից երեսունին մոտ ապակե մանր գնդիկներ թափվեցին հատակին: Բոլորը ծիծաղում էին ու օգնում հավաքել դրանք․ ռուսերենի դասախոսը նույնիսկ վերցրեց մեկն ու տվեց Վարդանին: Վարդանը շփոթվել էր, բայց աշխատում էր ցույց չտալ: Իմ նստարանի տակից ես վերցրեցի մուգ կարմիր գնդիկը ու պահեցի գրպանումս:

Կրոնների պատմության դասախոսը իմ ստուգարքը նշանակեց միայն այն բանի համար, որ ես կապիկների օրինակով նրան կարողացա բացատրել կրոնի ու հավատի միջև եղած տարբերությունն ու բացատրեցի, թե ոնց են դոգմաները առաջանում: Ամբողջ պատասխանի ընթաքում գրպանումս մատներով Վարդանի կորցրած կարմիր գնդիկի հետ էի խաղում: Երբ լսարանից դուրս եկա, նկատեցի, որ Վարդանը գալիս է իմ հետևից: Շրջվեցի, թեքվեց ու ուրիշ ուղությամբ գնաց: Հաջորդ օրը նույնպես, համալսարանից դուրս գալուց Վարդանը հետևում էր ինձ: Այս անգամ հասա բարդու ծառի մոտ թեքվեցի բայց նա էլի չկար: Այսպես համարյա մեկ շաբաթ: Հաջորդ շաբաթ հավաքելով ամբողջ համարձակությունս՝ Վարդանին հանկարծակի բերեցի․ դեռ համալսարանից դուրս չեկած կտրուկ կանգնեցի, շրջվեցի ու նայեցի ուղիղ աչքերի մեջ:

Ի՞նչ ես ուզում ինձանից, ինչո՞ւ ես ամեն օր հետևիցս գալիս, հարցրեցի:
Եվ Վարդանն առաջին անգամ խոսեց իմ հետ:
Տուր իմ գնդիկը:
Ի՞նչ գնդիկ
Որ հիմա գրպանումդ է, ամեն անգամ դաս պատասխանելիս մատներով խաղում ես հետը: Դա քոնը չի: Տուր ինձ իմ կարմիր գնդիկը:

Ինձ պետք էլ չէր դա: Փորձեցի պաշտպանվել ու մեկնեցի կարմիր գունդը, վերցրու:
Ինձ թվաց, նա կվերցնի ու կգնա, բայց կարմիր գունդը գրպանը դնելուց հետո, մյուսից հանեց մի ուրիշ գունդ ու մեկնեց ինձ:

Քոնը սա է : Թափանցիկը: Սա է քո իրական գունդը: Կարմիրը քոնը երբեք չի կարող լինել:
Ձեռքս մեկնում եմ, բռնում է, ափիս մեջ դնում ապակե թափանցիկ գունդն ու հեռանում:

Թափանցիկ գունդը միշտ գրպանումս էի պահում: Ամեն անգամ տնից դուրս գալիս ստուգում էի, թե արդյոք վերցրել եմ հետս, անհանգստանալիս գրպանումս պահում էի ափիս մեջ: Թափանցիկ գունդը դարձել էր իմ թալիսմանը, առանց նրա ես ինձ անհաջողակ էի զգում: Անընդհատ փորձում էի Վարդանի հետ հանդիպման առիթ ստեղծեմ ու խոսեմ հետը, բայց չէր ստացվում: Վարդանը համարյա դասերի չէր գալիս, իմ հանդեպ առաջվա պես ուշադիր չէր, դասերից հետո՝ դասամիջոցներին, կարծես անհետանում էր: Բայց ես մեռնում էի անհամբերությունից․ ես պետք է հարցնեի նրան, թե ինչու է ինձ տվել այս թափանցիկ գունդը:

Երկրորդ և վերջին անգամ խոսեցինք թատրոնի առջևում: Ես կես ժամ շուտ էի եկել ներկայացման նշանակված ժամից և թատրոնի դիմացը մենակ կանգնել էի: Հանկարծ տեսնեմ Վարդանը անցնում է թատրոնի դիմացով, ականջակալներով, ցրված հայացքով: Ինձ չի նկատում: Հետևից վազում եմ, բռնում ձեռքից: Վարդանը կանգնում է: Քաշում եմ ականջակալները ու միանգամից շնչակտուր հարցնում:

Վարդան, ասա ինձ խնդրում եմ, ինչի՞ տվեցիր ինձ թափանցիկ գունդը: Խնդրում եմ, ասա:
Ու Վարդանն ասաց, որ երբ առաջին անգամ ինձ տեսավ, ես թափանցիկ էի այդ գնդի պես: Ես մի թեթև ժպտացի, գիտակցեցի, որ «թափանցիկը» լավ բառ է ու սիրուն: Բայց բառի ու գունդը տալու իմաստը լավ չէի հասկանում․ Վարդանին խնդրեցի, համոզեցի, որ բացատրի, թե ի՞նչ նկատի ուներ թափանցիկ ասելով՝ չասաց: Ասաց, որ միշտ նման բաները բացատրել փորձելիս իրեն ճիշտ չեն հասկանում: Ես ամեն կերպ փորձեցի հասկանալ թափանցիկ գնդի ու իմ միջև գոյություն ունեցող կապը, բայց ապարդյուն: Վարդանն այլևս ոչինչ չասաց:

«Թափանցիկ» բառը երբեք չեմ մոռանա, Վարդան, ասեցի երբ Վարդանը հեռանում էր:
Գիշերը գնդիկը ափիս մեջ պառկեցի քնելու: Կիսաքնած զգացի որ այն ընկնում է գետնին, բայց քնի ցանկությունը չթողեց, որ վերցնեմ այն: Սարսափած արթնացա, երբ զգացի որ պառկած եմ մանր գնդերի վրա, համարյա առաստաղին մոտ: Թափանցիկ գնդերը լցրել էին ողջ սենյակը: Ուզում էի կանգնել բայց անհնար էր: Գնդերը կամաց-կամաց ավելանում էին ինձ սեղմելով դեպի առաստաղը: Սկսեցի գոռալ, բայց ոչ ոք չէր արձագանքում, գնդիկները իրար էին քսվում ու խլացնում իմ ձայնը: Մարմինս կպավ առաստաղին ու զգացի որ գնդիկները թափվում են վրաս: Ծածկեցին ոտքերս, որովայնս, հետո դեմքս: Շնչելը կամաց դառնում էր անհնար: Փորձեցի վերջին անգամ գոռալ: Գնդիկներից մեկը ընկավ բերանս ու սկսեց կիսվել բերանիս մեջ: Չէի հասցնում կուլ տալ կամ թքել գնդիկները, նրանք աներևակայելի արագ շատանում էին: Հետո գնդիկներից մեկը, երևի հենց այն, որ Վարդանն էր ինձ տվել ընկավ շնչափողս: Ես սկսեցի խեղդվել: Զգացի ինչպես է շնչափողս լցվում գնդիկներով:

Խեղդվելուց հասկացա խոսքերդ, Վարդան: Որովհետև ես իսկապես սկսեցի թափանցիկ դառնալ:

Comments are closed, but trackbacks and pingbacks are open.