Skip to content

շրջան

Ընկերներիցս մեկը ասում է, որ կենդանի էակը անընդհատ վերածնվում է. անցյալում մենք ունեցել ենք անվերջ կյանքեր և դեռ վերածնվելու ենք անվերջ անգամներ։ Բայց ես նրա հետ համաձայն չեմ․ սա իմ վերջին կյանքն է։ Ես ծնվել եմ, որ լինեմ երջանիկ։

Այն բազում կյանքերում, որոնք ես ապրել եմ, ես եղել եմ մենակ, ես տառապել եմ։ Ես մի ծեր կին եմ եղել սահմանամերձ գյուղերից մեկում։ Մենք ջուր չենք ունեցել։ Ես արևի տակ ու ձմեռվա անտանելի սառնությանը լվացք եմ արել գյուղի կողքի գետակում։ Իմ մաշկը սևացել է, իմ ձեռքերը կնճռոտվել են, չորացել ու թեփոտվել։ Շարունակել եմ լվացքը տրորել սառը ջրի մեջ ու հիշել՝ մեռած ամուսնուս ու երեխաներիս։ Աչքերս արցունքոտվել են։

Երկրի մյուս ծայրում ես եղել եմ հարբեցող տղամարդ, որը ցերեկները ժավելի սպիրտ է վաճառել, իսկ երեկոյան՝ աշխատած գումարով էժան օղի է առել ու խմել։ Հարևանները թեքել են իրենց դեմքերը ինձ հանդիպելիս, ինձ չեն նկատել։ Ես ապրել եմ այնպես, կարծես միայնակ եմ եղել ամբողջ քաղաքում։

Մեծ քաղաքներից մեկում ես եղել եմ երիտասարդ մի տղա, որը երկարացրել է մազերը ու երազել աղջիկ լինել։ Ես թաքուն նայել եմ ամսագրերին պատկերված կանանց ու երազել, որ ես էլ ունենամ նրանց դեմքը, ես էլ լինեմ կին։ Հայելուն նայելիս միշտ փակել եմ դեմքս, որ միայն մազերս երևան։ Իմ ծնողները ինձ ատել են, շրջապատում համարել են ինձ աննորմալ ու անիծել ինձ։

Ես եղել եմ երեսուներեք տարեկան մի տղա, որը չի իմացել, թե ինչ անի իր կյանքի հետ։ Ես փնտրել եմ իմ կյանքը երաժշտության մեջ, դաշնամուր նվագել, փորձել եմ գտնել մեկին, որ կլինի կողքս ու կիմաստավորի իմ կյանքը, բայց չեմ գտել։

Ես տառապել եմ իմ բազում կյանքերում ու եղել եմ դժբախտ։ Ես փորձել եմ լինել ավելի լավը, ես ձախողվել եմ։ Ես մեռել եմ դժբախտության ու մենակության մեջ։

Իսկ սա իմ վերջին կյանքն է։ Երբ ծնվել եմ վերջին անգամ, բժիշկները ասել են, որ մեռնելու եմ առաջին մի քանի օրերի ընթացքում։ Ես չեմ ճչացել արգանդից դուրս գալիս, ուղղակի ինձ պահել եմ այնպես, կարծես ես կյանքին պատրաստ եմ լույս աշխարհ եկել։ Իմ քիթը ամբողջությամբ ներս ընկած է եղել, քթիս միջնորմը ծալված, բայց ես պայքարել եմ ու չեմ կորցրել կյանքի հետ իմ կապը, որովհետև ես ծնվել էի երջանիկ լինելու համար։

Չորս տարեկանում՝ բակի խաղընկերները առաջին անգամ նկատելով, որ տարբերվող եմ, եկան ու կավիճով շրջան գծեցին շուրջս։ Ես կանգնել էի կավճե շրջանի կենտրոնում ու լաց էի լինում, չէի կարողանում դուրս գալ այնտեղից։ Կարծես մի անտեսանելի պատ բանտարկել էր ինձ ասֆալտին գծած շրջանի ուրվագծի մեջ։ Ես նայում էի շուրջբոլորը ու վախենում, որ գուցե մնացյալ կյանքում ես ապրելու եմ այս կավճե շրջանի մեջ, առանց երջանիկ լինելու որևէ հույսի։ Երբ արդեն սկսում էի հույսս կորցնել՝ սկսեց անձրև գալ։ Անձրև դանդաղ թացացնում էր ասֆալտը ու տեղ֊տեղ դիպչում կավճե շրջանին։ Անձրև մաքրում էր շրջանը։ Անձրևը մաքրում էր ինձ շրջապատող թափանցիկ բանտը։

Դպրոցում ծիծաղում էին իմ առանց ապակի ակնոցների վրա։ Ես կրում էի դրանք, որովհետև ակնոցները իմ համար կախարդական առարկաներ էին։ Երբ դնում էի ակնոցը, ինձ թվում էր, ես ստանում էի կախարդական մի ուժ, ես պաշտպանում էի ինձ ու աշխարհը՝ դարձնելով ավելի երջանիկ։ Բայց իմ ակնոցները վարդագույն ապակիներ չունեին։

Ես դեռ երկար տարբերվող մնացի մյուսների համար։ Ինձ դեռ երկար մատնացույց արեցին։ Ինձ թվում էր, թեև անձրևը մաքրել էր կավճե շրջանը, բայց այն դեռ իմ շուրջն էր․ ես մնում էի չհասկացված ու տարբերվող։ Բայց դեռ պահում էի իմ մեջ կյանքի անմար փարոսը ու հետևում նրան։ Ես կենդանի մնացի մեր ավտոմեքենայի դժբախտ պատահարից հետո, ես հաղթահարեցի համարյա մահացու մի հիվանդություն, ես սպանեցի իմ մեջ կավճե շրջաններ գծող մարդկանց հանդեպ ատելությունը։

Մի անգամ, երբ սիրահարվել էի, սիրածս տղայի համար թղթի վրա նամակ գրեցի ու այդ թղթից կռունկ սարքեցի, այնպես, որ նամակը կռունկի ներսում էր։ Կռունկը տվեցի սիրածս տղային ու չասեցի ներսում գտնվող նամակի մասին։ Նա թողեց թղթե կռունկը սեղանի վրա՝ թևերը պոկած և առանց ներսի նամակը կարդալու։ Ես այդ օրը երազում տեսա, որ իմ պատրաստած թղթե կռունկները սկսում են թռչել ու հավաքվում ինձ շրջապատող կավճե շրջանի շուրջբոլորը։

«Սիրելիս»,― ասացի երազիս մեջ,―«լուսավորիր սիրտս»։

Ես երկար ապրեցի ու ոչ ոք չլուսավորեց իմ սիրտը։ Կավճե շրջանի ներսը երբեք լույս չթափանցեց։

Թվում է, թե համարյա ժամանակ չպահանջվեց, որ գա այս պահը։ Երբ ես այստեղ կկանգնեմ ու կպատմեմ իմ պատմությունը, իսկ դուք աթոռներին նստած ուշադիր կլսեք ինձ։ Մենք բոլորս կավճե շրջանների մեջ ենք, այո։ Այդ շրջանները գծել են մեզ մեկուսացնելու ու սահմանափակելու համար։ Բայց մենք կարող ենք միավորել այդ շրջանները, մենք կարող ենք կանգնել կողք կողքի, այնպես, որ ձուլվեն կավճե շրջանների եզրերը, որ արդեն միավորված շրջանագծերի երկարությունը չկարողանա այլևս մեկուսացնել մեզ։

Այդ ժամանակ մենք երջանիկ կլինենք։

Նույն ընկերս անընդհատ կրկնում էր, որ անցյալի կյանքերը փոխել հնարավոր չէ, որ մեր նախկին անվերջ կյանքերում պատահածն անուղղելի է ու քարացած, որ մեր միակ հույսը ապագա կյանքերում ավելի լավը լինելն է։

Բայց ես նրան չեմ հավատում։ Ես գիտեմ, որ երբ ես ծեր լինեմ, իմ փոքրիկ գորշացած պատերով տանը թեյ խմելուց հետո, դողացող ձեռքերով կմիացնեմ իմ սիրած երաժշտությունը ու սենյակի կենտրոնում դանդաղ կշարժեմ իմ արդեն ծերացած ու մաշված մարմինը, հանուն իմ նախորդ կյանքերի, հանուն նրանց, ովքեր դժբախտ էին։

Այդ պահին, սահմանամերձ գյուղերում ապրող ծեր կինը գետի ջրի արտացոլանքում մի պահ կտեսնի իր դեմքի պատկերը ու կհասկանա, որ կնճիռների ու չորացած մաշկի ակոսներից յուրաքանչյուրը իր դժբախտ, բայց թանկարժեք կյանքի մի հիշողությունն է։ Հարբեցող տղամարդը բակում կհանդիպի խաղացող երեխաների, որոնք կնկատեն հարբեցողի կարմիր անխնամ մազերն ու ծովի պես կապույտ աչքերը։ «Ջահել տղերք, լավ ուրախանո՞ւմ եք», կհարցնի նա։ Քաղաքում ապրող երկար մազերով տղան կզրուցի մի երիտասարդ ու գեղեցիկ վարսավիրի հետ, որը տղային կառաջարկի նրա մազերը կտրել այնպես, որ երկարելուց որակը չփչանա։ Երեսուներեք տարեկան տղան դաշնամուրի իր կատարումից հուզված կարտասվի ու կմտածի, որ նույնիսկ մենակ՝ նա երջանիկ է։