Skip to content

անիրական

Միզում եմ ու ուշադիր նայում, թե ինչպես է մեզը փրփրում ու դեղնացնում զուգարանի ջուրը։ Հետո քաշում եմ ջուրն ու տեսնում, թե ինչպես են փրփուրներն ու դեղնությունը հետզհետե անհետանում։ Ճակատս հպում եմ պատի սառը սալիկներին։ Սառնությունը մի թեթև թարմացնում է։ Պետք է ընդունել, որ խմած ես։ Որ լակել ես ավելին, քան սպասում էիր ու հարբել ես ավելին, քան նախատեսում էիր։ Հենց ընդունես, կարող ես այլևս չպաշտպանվել քո ցանկացածից։

Դուրս եմ գալիս զուգարանից, խորը զարկերով երաժշտությունը լցվում է գլխիս մեջ։ Բոլորը ուրախանում են, քրտնքի ու սեռական մոտեցման հպումն ամենուր է։ Զարկերը խփում են ռիթմով, մարդիկ պարում ու իրար հպվում են ռիթմի տակ։ Երաժշտությունը խլացնում է ամեն ինչ։ Երաժշտությունը խլացնում է ժամանակը։ Հարբած մարմնով ու մտքով փնտրում եմ նրա հայացքը։ Հայացքները շատ են, բայց նրանը այլ է, նրանը ես շատ հեշտ եմ որսում։ Նրան գտնելուց հետո մոտենում եմ, հրում եմ քրտնքում կորած երիտասարդներին, հրում եմ նրանց մոտեցումը, հրում եմ նրանց սեռական ցանկությունը։ Որովհետև ինձ սպասող հայացքը այնտեղ է՝ բեմի աջ մասում, կապտականաչ շորեր հագած, կապտականաչ հոգով։

Ձեռքով բռնում եմ կոնքը, մյուս ձեռքս տանում վզին։ Մտքերս դանդաղ կարգավորվում եմ, որ խոսեմ։ Ընտրում եմ անհրաժեշտ բառերը, ֆիլտրում եմ կողքից եկող անկապ մտքերը։ Հոլովում եմ «դու»֊ն, «կարոտել»֊ի համար փնտրում եմ ճիշտ ժամանակաձևը։

― Կարոտում․․․ կարոտել էի քեզ,―ասում եմ ու հարբած գլուխս հենում նրա ուսին։ Ուսերը սալիկներ չեն, ուսերը այրվում են իմ մարմնի պես։

Ստեփանը նայում է ինձ, հետո շոյում քրտնքոտ մազերս։ Ոչինչ չի խոսում։ Շարունակում է նրբորեն շոյել գլուխս։

― Կարոտել էի քեզ,― կրկնում եմ, բայց ավելի հուսահատ ձայնով, այնպես, կարծես թե, մինչ այս պահը, մինչ Ստեփանին կրկին տեսնելը, ես կյանք չեմ ունեցել, ես չեմ ապրել։

Ռիթմը հարվածում է, ռիթմը խլացնում է ժամանակը։

― Ի՞նչ կարևոր է անցյալը,― շշնջում է Ստեփանն ականջիս մոտ ու խորն արտաշնչում։― Կարևորն այն է, ինչ կա հիմա։

Ես լռում եմ։ Շարունակում եմ հենված մնալ Ստեփանի մարմնին։ Երգ երգի հետևից մարդիկ հեռանում են, ես էլի եմ խմում։ Թարթում եմ աչքերս ու ինձ գտնում պարահրապարակի կենտրոնում պառկած։ Նայում եմ առաստաղին, մարդիկ համարյա չկան։ Երաժշտության ռիթմերը ջնջում են ամեն ինչ, միայն առաստաղն է մնում ու ես՝ պարահրապարակի կենտրոնում պառկած։ Ստեփանը հետզհետե մոտենում է, ձեռքս գցում ուսին, ինձ քաշում, որ կանգնեմ։ Հետո, դանդաղ քայլելով, դուրս բերում ինձ ակումբից։ Քայլ առ քայլ։ Քայլ՝ քայլի հետևից։ Քայլ՝ քայլից առաջ։

Սառը օդը սառը սալիկներից ավելի ուժեղ է գործում։ Այն թափանցում է թոքերս, ամբողջ մարմինս լցվում է սառը օդով, ես թարմանում եմ։

― Բայց ես իրավունք ունեմ քեզ կարոտելու,― մեղադրական տոնով շարունակում եմ ակումբում սկսած խոսակցությունը,― ես իրավունք ունեմ քեզ կարոտել, ջոկում ե՞ս, Ստեփան։

Ստեփանը մտածում է․

― Գիտե՞ս, երբ հեռու էի, աշխատում էի մի բարում, որտեղ խմիչքներ էի վաճառում ու մարդկանց նայում։ Նրանք տարբեր էին։ Բայց ամեն օր նույն մարդիկ էին մոտենում բարին, նույն բաներն էին պատվիրում։ Ես հարցնում էի՝ «ի՞նչ կա» ու նրանք բոլորն ասում էին, որ «ոչինչ չկա»։ Պատկերացրու՝ նույն մարդիկ ու նույն խմիչքները ու նույն հարցը՝ նույն պատասխանի հետ։ Ու ես՝ բարի մյուս կողմում կանգնած։ Ես։ Դու իրավու՞նք ունես։ Դու իրավունք ունե՞ս կարոտել այս գորշ քաղաքում։ Այնտեղ, որտեղ ոչինչ չկա ու հոգնածությունը մեր մարմնում է։ Դու միայն ցանկություն ունես ինձ կարոտելու, որովհետև անցյալը կարևոր չէ։

― Էդ դեպքում, ինչի՞ ես պատմում ինձ էս ամեն ինչը,― կատաղած ասում եմ ու հրում Ստեփանին։ Բայց ճոճվում եմ, Ստեփանը նորից բռնում է ինձ։ ― Ինչի՞ ես պատմում քո անցյալը, եթե ոչինչ չկա։ Եթե կարևորը ներկան է։

Ստեփանը ոչինչ չի խոսում, շարունակում է քայլել։ Քայլ առ քայլ։ Քայլ՝ քայլից առաջ։ Քայլ՝ քայլից հետո։ Ես հետևում եմ, համաչափացնում եմ քայլերս նրա քայլերի հետ։ Սկսում եմ մեղադրել ինձ։ Սկսում եմ մեղադրել Ստեփանին այն ամենի համար, ինչ նա արել է։ Կատաղությունը տալիս է գլխիս, արյունը սկսում է եռալ ներսումս։ Աչքերս արցունքոտվում են։ Ես սկսում եմ գոռալ, որքան որ ուժ ունեմ։

― Կարոտել եմ, արա,―գոռում եմ մինչև ձայնիս հնարավոր սահմանը,― ջոկու՞մ ես։

Հետո այլ մեղադրական հայհոյախառը բաներ եմ գոռգոռում ու նորից հրում Ստեփանին։ Նա վայր է ընկնում։ Աղմուկի վրա երկու ոստիկան են մոտենում ու նայում ինձ։

― Լեյտենանտ Մարկոսյան,― ներկայանում է առաջինը,― ինչու՞ եք կռիվ անում, քաղաքացի, խմա՞ծ եք։

Ուշադիր նայում եմ ոստիկանի դեմքին ու հասկանում, որ նա անիրական է։ Որ ոստիկանները, թեև կանգնած են դիմացս, բայց դա միայն սիմյուլացիա է։ Նրանք իրական չեն։ Վախից հարձակվում եմ ինձ հետ խոսացող ոստիկանի վրա, վայր գցում նրան ու հետո քացով ուժեղ խփում։ Մյուս ոստիկանը ցանկանում է միջամտել, բայց ես արագ փախչում եմ։ Ես սկսում եմ վազել փողոցի կենտրոնով ու նկատում, որ փողոցի մայթերով միայն կմախքներ են քայլում, որ մարդիկ մեռած են։ Միայն կմախքներ կան։

― Ամեն ինչ անիրական է,― բղավում եմ շնչակտուր։ ―Ամեն ինչ անիրական է, ոչինչ չկա։

Կմախքները մի պահ գանգերը շրջում են դեպի ինձ, հետո նորից ուղղվում ու շարունակում քայլել։ Սարսափն ու ամեն ինչ անելու հնարավորությունը ինձ ավելի է խենթացնում։ Վազում եմ ավելի ուժեղ։ Քայլ՝ քայլի հետևից։ Քայլ՝ քայլից առաջ։ Երբ փողոցն ավարտվում է, մոտենում եմ այգու մուտքին։ Ներսում ամեն ինչ մութ է։ Ոչինչ չի երևում։ Զգում եմ, որ մեկը մյուս կողմի խավարից մոտենում է այգու մուտքի մոտ։ Սկզբում երևում է ձեռքը, որը պարզած է դեպի ինձ։ Հետո երևում է գլուխն ու մարմնի մյուս մասերը։ Ստեփանն է։ Ձեռքը պարզել է ինձ ու կանչում է իր մոտ։

― Արի ստեղ,― ասում է,― ստեղ իրար հետ կլինենք ու դու չես վախենա։

Չնայած որ Ստեփանը կմախք դարձած չէ, ամեն դեպքում զգում եմ, որ նրա հետ ինչ֊որ բան այն չէ։ Որ նա կեղծ է, որ իրականում նա էլ է կմախք դարձած մյուսների պես, ուղղակի թաքնվել է, որ ինձ տանի իր մոտ, դարձնի իր պես։

― Չեմ գալիս,― ասում եմ ու շրջվում, որ փախչեմ։

Բայց Ստեփանը ձեռքով բռնում է շորերիցս ու ձգում։

― Չեմ գալու,― գոռում եմ հուսահատ,― չեմ գալու։ Շրջվում եմ ու շատ ուժեղ կծում Ստեփանի կուրծքը։ Զգում եմ, թե ինչպես է միսը սեղմվում ու կտրվում ատամներիս տակ։

Ստեփանը ցավից ճչում է, ես թողնում եմ նրան ու վազում հակառակ ուղղությամբ, այնտեղ, որտեղ ոստիկաններն ու ակումբն էին։ Վազելու ընթացքում զգում եմ, որ երաժշտության ձայնը ավելի ու ավելի է բարձրանում։ Զգում եմ, որ երաժշտությունը խլացնում է ամեն ինչ, զարկերը անշարժացնում են մարմինս։ Ես վայր եմ ընկնում մեջքի վրա։ Աչքերս փակում եմ ու զգում, որ ես դեռ ակումբում եմ, պառկած եմ պարահրապարակի կենտրոնում՝ դեմքով դեպի առաստաղը։ Երաժշտությունը նորից սկսվում է, մարդիկ սկսում են պարել շուրջբոլորս, ես նստում եմ հատակին։ «Ստեփանը չկա», հասկանում եմ ես։ Հետո կանգնում եմ ու փոշուց մաքրում շորերս։ Երաժշտությունը հարվածում է, երաժշտությունը ջնջում է ժամանակը։ Բոլորը պարում են, բոլորը ջնջում են ժամանակը։ Զարկերը սկսում են կառավարել մարմինս։ Միանում եմ մյուսներին։ Քայլ առ քայլ։ Քայլ՝ քայլից հետո։ Քայլ՝ քայլից առաջ։