ինքնա​մեկուսացում

դատարկի օրագիրը

Երևանի սենյակը

լեռներ

կամ ինչպես վերադարձա Վանաձոր

Եկա Վանաձոր։ Եկա մամային տեսա։ Այսօր ինձ Վանաձոր բերող տաքսիստը նենց սիրուն էր։ Չգտեմ ինչի, էնքան սիրունություն կար մեջը։ Ու ինչ-որ տարօրինակ շարժումներ էր անում քշելիս, ես էլ աչքիս տակով նայում էի, մտածում էի՝ ինչ սիրուն ա սենց։ Չնայած եկեղեցու մոտ խաչակնքվեց, բայց խոսալուց նենց լավն էր։ Սիրուս մի կտորը իրա հետ մնաց։

Հիմա Արայիկի հետ եմ խոսում ու հիշում եմ իրան։ Երբ որ Ավստրիայում նույն տեղն էինք քնում, քանի որ մի մահճակալ էր։ Որ մեկ-մեկ գրկում էի քնելուց։ Էհհ կարոտել եմ շատ։ 

Տես, նորից կանաչ սենյակում եմ ու ամեն ինչ նորից կարոտում եմ։ Կարոտում եմ, որ Ինսբրուքում քնից հելնում էի ու Ալպերն էին երևում։ Հետո քայլում էի մի քիչ, օդը նենց թարմ էր։

Էն օրը հիշեցի Ռոբերտի անունը։ Վայ մի հազար տարի հավանես, հետո անունը մոռանաս։ Ինչ ծիծաղելի ա։

Այսօր ճանապարհին էնքան հետաքրքիր բաներից էի մտածում։ Բայց հիմա չեմ հիշում։ Միայն տաքսիստին եմ հիշում։

Մաման ուրախացավ հեռախոսից։ Ես էլ ապարատով մեկ-մեկ նկարում եմ, բայց եսիմ ինչքան ոգևորված չեմ։

Երևանի ժամացույցը

պատկեր

հիշողության պատկերները լողում են աչքերիս առաջ

Խանութից տուն գալուց մտածում էի, թե այսօրվա օրը ոնց եմ նկարագրելու։ Կամ ավելի ճիշտ՝ թե այսօրվա գրառումը ինչպես եմ սկսելու։ Երկու օր է ոչինչ չեմ գրել ու այսօր ամանները լվալուց մտածում էի, թե ընդհանրապես ցանկանում եմ շարունակել, թե ոչ։ Այդպես էլ չհասկացա, ավելի ճիշտ երևի երկու որոշումն էլ շատ վախեցնող էր թվում։

Արեգին այդպես էլ չգրեցի, հիմա շատ նեղվում եմ, գիտեմ, երևի ինքն էլ է նեղված, բայց չգիտեմ ինչ կարելի է անել։ Մի կողմից ուզում եմ գրեմ, բայց մյուս կողմից չեմ ուզում։ 

Ապարատը առա, հաջորդը Նինտենդո Սվիչ եմ առնելու, առանց անհանգստանալու փողի համար։ Այնքան լավն է ապարատը։ Չնայած մտածում եմ, գուցե, ես այդքան չեմ նկարի ինչքան տեսել եմ իմ երազներում, բայց գոնե մի քիչ կնկարեմ։

Վաղը նորից գնում եմ Վանաձոր։ Նորից մտնելու եմ իմ կանաչ սենյակ ու նորից մամային եմ հանդիպելու։ Չգիտեմ ինչի, բայց շատ եմ կարոտել։ Ապարատն էլ եմ տանելու, որ Վանաձորը նկարեմ։ Լուսին կխնդրեմ գնանք Բուսաբանական այգու մոտ քայլելու։ Կամ ինչ-որ Վանաձորի այգում։ Չգիտեմ ոնց կվերաբերվի։ Լուսին էլ եմ կարոտել։ Լուսինն էլ եմ կարոտել։

Վախենում եմ ուժ չգիտնեմ իմ մեջ այդքան քայլելու։ 

Գործիս տեղը դեռ ձգում եմ. Ես ինձնից գոհ չեմ, բայց Վուբզին ոնց որ գոհ է։ Կամ ձև է տալիս, թե գոհ է։

Հիշում եմ, մի անգամ, որ դեպրեսիվ վիճակներից դուրս եկա, նաև նրա հաշվին էր, որ սկսել էի կենտրոնանալ ֆիզիկական զգացողությունների վրա։ Կենտրոնանում էի ու ուրախանում։ Օրինակ հիմա փակում եմ աչքերս ու զգում եմ սենյակի պատուհանից եկող թարմ օդը։ Սառը, հագեցած, մաքուր։

Հետո շեղվում եմ ու սկսում եմ ինչ-որ բաներ կարդալ։ Երբ պետք է ուշադիր լինեմ։ Ու գրեմ։ Այսօր հիշում եմ ինչ-որ կարևոր բան հիշեցի, որից ուզում էի պատմեմ։

Որ գնամ Վանաձոր մամայի հետ կգնանք գետի ափին կքայլենք։ Հետո մամային կնկարեմ շատ։

Սենյակիցս նաև նոր արած լվացքի հոտ է գալիս, քանի որ լվացքս տանն եմ փռել։ Շատ եմ ուզում հույսով լինել, որ չեմ փոշմանի, որ Վանաձոր եմ գնացել։ Բայց դե տեսնենք ինչպես կլինի։

Մազերս կտրեցի՝ սիրունացել եմ։ Չնայած մի մասը թափվել է, բայց մեկ ա սենց ավելի սիրուն եմ երևում։

Մարիամն ասաց վաղը սահմանները բացում են, ինքնամեկուսացումը կամաց անհետանում է, որը մեծացնում է հիվանդանալու վտանգը։ Մի տեսակ վախենում եմ նաև մամային վարակել, բայց չգիտեմ։

Երևանի լամպը

հայելի

իմ արտացոլանքը երեկ և այսօր

Այսօր հավես օր էր, չնայած քիչ էի քնել ու հոգնած էի։ Գնացի մամայի հեռախոսը առա, ուզում եմ նաև ապարատս առնեմ, բայց փողին մի քիչ ափսոսում եմ։ Բայց նոր մի ժամ վիդեոներ էի նայում ու ինձ թվում ա, ուզում եմ առնեմ։ Հլը վաղն էլ մի քիչ կմտածեմ։

Բայց երևի գնամ ու առնեմ ու ուրախանամ։ Անկախ նրանից, թե ինչքան կտևի էդ ուրախությունը։ Ինչ-որ բանի համար ապրում եմ չէ՞։

Նոր Լուսի հետ էի խոսում, ասեց նաև գնամ ֆիզիոթերապիայի։ Տեսնենք ոնց կստացվի։

Ամեն ինչ կիսատ ա մնացել. գրքերը, հետազոտությունները և այլն։ Բավականին չաղացել եմ, բայց դե մտածում եմ՝ ինչ տարբերություն։ Բայց էսօր մի հատ նիհար տղու տեսա՝ մտածեցի ինչ լավ կլիներ ես էլ նիհար լինեմ։ Ու նորից ընկա թերարժեքության շղթայի մեջ։ Ինձ թվում ա դեմքս արևից շատ ա կարմրում, ինձ թվում ա գեշացել եմ և այլն։

Բայց հիշում եմ նաև, որ երեկ երբ հայելու մեջ էի նայում, մեկ-մեկ սիրուն էի թվում ինքս ինձ։ Կլինի՞ միշտ այդպես լինի։

Արեգին էդպես էլ ուժ չգտա գրեմ։

Մամայի հեռախոսի գույնը էնքան սիրուն ա։ Անունը՝ sunset red ա, կարմիրից դեղնակարմրավուն գրադիենտ ա։ Շատ սիրուն։ Հուսով եմ՝ մաման կուրախանա։ Գոնե մի քիչ, գոնե մի օր։

Այսօր էլ մի քիչ քիչ գրեմ, բայց տես՝ գրում եմ։ Ու բավականին ուրախ եմ, չեմ տագնապում նաև, որ հեսա Գանայի հետ ենք խոսալու։

Արենը, որ ծխում ա, բալկոնից ծուխը քամու հետ մի քիչ մտնում ա իմ սենյակ։ Էնքան հաճելի ա։

Հայաստանում ինքնամեկուսացումը հանվեց այսօր՝ մայիսի 4-ին, բոլորը փողոցներում են, իսկ ես փորձում եմ չվախենալ։

Երևանի երեկոն

գույներ

գույները լցվում են սիրտս

Ես եկա այստեղ, որ գրեմ, թե ինչ եմ զգում, որը շատ բարդ է։

Ինչ-որ կարիքներ եմ ունենում, բայց չեմ հասկանում, թե ինչ են։ Չեմ հասկանում կոնկրետ ինչ ա ցանկացածս։ Ուզում եմ շատ շփվեմ մարդկանց հետ, որովհետև ես համարյա իմ երազած մարդն եմ դառնում։

Ես ուղղակի ուզում եմ ասել, որ բառերով նկարագրելը շատ դժվար է։ Ինձ թվում է բառեր չեմ գտնում, որ նկարագրեմ, թե ինչ եմ տեսնում ու զգում։

Ու երևի դա ա հենց իրական ազդեցությունը։

Մոռացել եմ արդեն, թե ինչի համար էի տագնապում ամբողջ օրը։ Հիշում եմ՝ ինչ-որ ապագայի բաների վրով էր, բայց չեմ հիշում կոնկրետ ինչի։ Նոր հայելու մոտ ինձ էի նայում, ասում էի՝ Դավիթ, ի՞նչ ես ուզում ու հասկացա, որ ուզում եմ ապարատ առնեմ, գնամ վանաձորի անտառներում նկարեմ։ Ու ուզում եմ նորից նորմալ կարողանամ քայլել, որ էդ ամեն ինչը անեմ։ Պետք ա իմ մեջ ուժ գտնեմ, վաղը գնամ ֆիզիոթերապևտի մոտ, հարցնեմ, թե ինչ կարելի ա անել որ ավելի հեշտ բուժվի: Հիմա գրեցի վաղը ու մտածում եմ բա որ չկարանամ վաղը։

Նաև ստեղ եկա, որ գրեմ թե ինչ եմ զգացել, բայց զգացածս էնքան անորոշ ա։ Ոչ թե անորոշ, որ տհաճ ա, այլ թե՝ ինչ կարևոր ա մնացած ամեն ինչը։ Ինչ կարևոր ա աշխարհը։ Եթե ես հիմա այստեղ ինչ-որ տեղ եմ։

Մտածում էի, որ էն ինչ ես ուզում եմ, ուղղակի ինչ-որ տեղում լինելն ա, առանց խոսալու, առանց բացատրելու պարտականությունների, առանց ինքս ինձ գնահատելու պարտադրանքի։ Ինչ-որ մեկն ուզում ե՞մ կողքս լինի։ Եսիմ, եթե հնարավոր ա իրա հետ առանց բացատրելու լինել, հա։ Ուզում եմ իրան հանդիպեմ ու ինձ չզգամ պարտավորված բացատրելու, թե ինչ եմ զգում։ Ուզում եմ ինքը հասկանա առանց ասելու։ Ու ուզում եմ սեքս անենք իրար հետ, ուզում եմ ուզեմ իրան ֆիզիկապես։ Բայց չեմ ուզում բացատրեմ, չեմ ուզում խոսամ, ուզում եմ ամեն ինչ հասկանալի լինի առանց բացատրելու։ Ուզում եմ, երբ իրան տենամ, զգամ, որ ինքը հասկանում ա ինձ։

Այ էդ ժամանակ հանգիստ կլինեմ։ Որ ինքը դեմս խոտերի վրա քնած կլինի։ Բայց չպիտի պարտադրված լինեմ իրան գտնեմ, չպետք ա իրան փնտրեմ, ինքը պետք ա հայտնվի։ Ես ուզում եմ ինքս ինձ մենակության մեջ գտնեմ։ Հետո երբ ինքը գա, ապրեմ իրա հետ։ Ես չեմ ուզում իրան տեսնեմ ինչ-որ մեկի մեջ։ Ուզում եմ ինքը գա մաքրության զգացումի պես։

***

Վանաձոր գնալը ինձ ուրախացնում ա։ Հեռվում ինչ-որ հրավառության ձայներ են։ Ու անձրև ա սկսել։ Գնամ մի քիչ նայեմ։

***

Մի տեսակ դժվար ա հասկանալ թե ինչ եմ ուզում։ բայց էդ չհասկանալու հետ էնքան ներդաշնակ եմ։ Ինձ թվում ա տենց էլ պեռք ա լիներ։

Ինձ թվում ա նենց ուժեղ անձրև ա սկսել։ Ու մի ժամ ա նայում էի դուրս ու անձրևը շատ ուժեղ էր։ Մի պահ ուզեցա գնամ անձրևի տակ ընկնեմ ու թրջվեմ։

Չեմ ուզում հետ գամ իրականություն։ Անընդհատ վախենում եմ, որ վաղը գալու ա։ Բայց պետք ա իմ մեջ ուժ գտնեմ։ Պետք ա չգիտեմ ինչ անեմ։

Հիմա գույները կորել են արդեն, բայց պատկերների ոլորումը դեռ կա։ Ու ուզում եմ ծխեմ։ Չգիտես ինչի սարսափելի շատ։ Երևի նիկոտինի կախվածությունն ա էդքան ուժեղ։ Ուզում եմ սրանից հետո ա-երով գրեմ։ Ուղղակի մի տեսակ անհասկանալի ա, թե ես ոնց եմ մտածում, որովհետև ոնց որ ես ոչ թե մտածեմ, այլ պատկերներով տեսածս փոխակերպեմ բառերի։ Դրա համար ի՞նչ տարբերություն ինչ լեզվով եմ ուզում ասեմ, բոլոր լեզուներով էլ բարդ ա։ Ես ուզում եմ ինչ-որ մեկը տեսնի էն, ինչ ես եմ տեսնում՝ առանց բառերի անհրաժեշտության։ Անընդհատ ինձ թվում ա թե վաղը վատ օր ա սկսելու։ Ինձ թվում ա իմ խնդիրը ապագայի տագնապային իրադարձությունները պատկերացնելուց ա։ Որոնք եթե չլինեին, ես ինձ շատ լավ կզգայի։

***

Գնացի ինչ-որ սիգարետի բիչոկ գտա ու ծխեցի։ Մտածում եմ, որ պետք ա նենց վիճակի հասնեմ, որ իմ առօրյա կյանքից չամաչեմ։

***

Հա, ես ուզում եմ ապրեմ ու սա հստակ եմ գրում, որ հետո կարդամ՝ իմանամ։

Ուզում եմ ապրեմ, ուզում եմ հաճույք զգամ ու ուզում եմ միտքս մաքուր լինի ամեն տեսակի տագնապներից։ Որ անցյալ շաբաթ սարսափելի էին ու չէի կարողանում ապրել։ Բայց դրանք հիմա էնքան հեռու են թվում։ Ու նաև ապագան ա շատ հեռու թվում։ Ինձ թվում ա լռված եմ էդ երկուսի արանքում, որ սենց քարացած ժամանակի գոտիներ են լինում, այ տենց մի վիճակում։

Անձրևը ավարտվեց, հետո նորից վարարեց, հիմա նորից ավարտվեց։ Ձենը նենց հաճելի ա։ Ուզում եմ Վանաձորի տունը չքայքայվի, որովհետև էդ տունը իմ սիրտն ա։ Ուզում եմ գնամ, նայեմ կանաչ պատերին ու ուրախ լինեմ էլի։ Չգիտեմ ինչի, ինձ թվում ա, թե Վանաձորում ես ուրախ կլինեմ։

Քայլելուն դե կհարմարվեմ։ Ի տարբերություն ծխածի, հիմա ներքին ձայնս էնքան հեռու ա ու էնքան դժվար հասանելի։ Ու եթե էն ժամանակ սկսում եմ ինքս ինձ հետ խոսել, ինձ թվում ա՝ ինչ-որ մեկը ինձ թելադրում ա, հիմա էնքան միանշանակ զգում եմ, թե ով եմ ես ու որ էս բառերը գրում ա՝ հենց ես եմ, այլ ոչ թե օտար մեկը։

Ուզում եմ չսուզվեմ, այլ մակերեսին մնամ։ Ուզում եմ ջրի պես հոսեմ։ Կաթիլ-կաթիլ հավաքվեմ ու հոսեմ։ Հետո ուզում եմ մակերեսս դողա, ոնց որ ջրի մակերեսն ա դողում ինչ-որ բանից։

Իսկ հիմա ուզում եմ քնեմ։

Բարի գիշեր, հուսով եմ վաղը հրաշալի օր կունենաս։

Երևանի շերտավարագույրը

անշարժ

ինքնամեկուսացումը անշարժացնում է

Էսօր առավոտը շատ վատ էի։ Արեգը գրեց, մի քիչ խոսացի ու զգացի, որ ավելի եմ վատանում։ Ու մարիամը գրեց, նորից զգացի, որ շատ վատ եմ։ Ինձ թվում է շփումը էնքան ուժ է պահանջվում։ Վախենում եմ, որ կսկսեն իրենց մոտիկներից խոսալ, հետո սիրածներից, հետո սիրելուց, հետո անձնական կյանքից։ Ու ես էդ ամեն ինչը կպրոյեկտեմ իմ վրա, կհասկանամ, թե ինչքան մենակ եմ։ Չեմ ուզում զգամ, որ մենակ եմ։ Չեմ ուզում զգամ, որ ուրիշները զգում են, իսկ ես չեմ զգում։ Ոչինչ։

Արեգը լիքը հարցեր տվեց։ Հարցերի մի մասի պատասխանները վաղուց անգիր եմ արել։ Ասում եմ, ասում եմ։ Բայց հետո մտածում եմ՝ դատարկ, սա իրոք դու ե՞ս։ Թե սա էն մեկն ա գրում, որը քո ներսում ա ու մեկ-մեկ հետդ խոսում ա։ Չգիտեմ։ Պետք է ուժ գտնեմ Արեգին գրեմ վաղը։ Ինչ-որ թեթև բանից կխոսամ, հուսով, որ նոր սիրածից չի պատմի։

Հետո ուժերս հավաքեցի ու Հենոյին գրեցի։ Հենոն վատ էր, սկզբում շատ չոր էր խոսում, հետո փափկեց։ Ասեցի՝ կուզես գամ մոտդ, ասեց՝ արի։ Մենակ էր զգում ու տխուր էր։ Տենց խոսեցինք, շատ բաներ, որ նախկինում չէի պատկերացնում՝ հասկացա։ Փաստորեն լիքը բաների մեջ չեմ խորացել, լիքը բան չեմ նկատել։ Իսկ նա ուզում էր իմանայի այդ ամեն ինչը։ Հետո ուրախացավ, ծիծաղեցինք ու եկա տուն։ Մի պահ, երբ լաց եղավ, հիշեցի ինձ՝ լացելուց, նստած, մենա լինելու ու ընտանիքի մասին խոսելուց, մերժված լինելուց, կոտրված մանկությունից։ Վերժինեի սենյակում էինք։ Ինքը մի քիչ լարվեց, հետո ինչ-որ բան ասեց։ Ուզում էի հիշեմ՝ բա Վերժինեն, ոնց վերաբերվեց։ Չէի հիշում, բայց հիշեցի, որ փորձում էր ցույց չտա, որ իմ լացելը իր համար զարմանալի էր։ Նույնը փորձեցի ես անեմ։ Նա հանգստացավ։ Շատ լավ է։

Հետո եկա տուն՝ դանդաղ, կաղալով, անվստահ։ Մեքենաներից վախենում էի, մտածում էի՝ մարդիկ իմ վրա են ծիծաղում։ Տագնապներս ուժգնացել են։

Երեկ մայիսի մեկն եմ բաց թողել։ Իմ կոմունիստական սրտի տոնը։ Իմ աշխատող սրտի տոնը։ Ու ես այնքան անտարբեր էի։ Ոչինչ չարեցի, չտոնեցի, նույնիսկ չարձանագրեցի։ Իսկ մայիսի մեկին ես պետք է գոնե մի քիչ ուրախանայի։

Երեկվա գրառումն էլ բաց թողեցի։ Հայերեն գրելն այնքան հեշտ է, իսկ անգլերեն՝ գրելը բարդ։ Հիմա լեզուն մտքիս մեջ պտտվում է քամու պես։ Բառերը պտտվում են ու մտնում գիտակցությանս մեջ։ Ու ես գրում եմ։ Իսկ անգլերենի դեպքում I really don’t know. This is kinda weird when I have English in my mind. I’d even say this feels like an impossible feeling. I see English and then gaps. English and gaps. It’s not a flow, like in the case of Armenian, it’s more intangible, vague, and transparent. And it has a green layer on it.

I now recall random memories. Those are words that I had forgotten. And sometimes phrases that make no sense. When I close my eyes, I see a triangle calling me in, taking me in.

Լավ, շատ անկապ գրեցի։ Ինքնամեկուսացման մեկ օրն էլ ավարտվեց։ Հենց այնպես։

Երևանի կապույտը

նպատակ

կամ թե ինչու եմ այդքան տառապում

Նկատել եմ, մի տեսակ արդեն խուսափում եմ այստեղ գրելուց։ Բայց նաև նույն ձևի կյանքումս ա գիտե՞ս, խուսափում եմ մի տեսակ նկատել, որ ապրում եմ։ Կարծում եմ, էս ամեն ինչը նորից սթրեսների հետևանք է։ Հիմա պետք է նորից քնեմ, նորից զարթնեմ, նորից աշխատեմ, նորից խոսեմ, նորից քոլերի մասնակցեմ։ Այսպես շարունակ, անընդհատ, անդադար։

Էսօր մեկը նաև իմ պատճառով իրան վատ էր զգում։ Բայց ուրիշ մարդիկ էնքան հեռու ու ոչ շոշափելի են թվում ու կարեկցելը էնքան բարդ։ Չգիտեմ, էս վիճակը ինչի կբերի կամ ինչ կլինի հետո։ Երբ Վանաձոր գնամ, ամեն ինչ լավ կլինի ավելի։

Ամեն ինչ լավ կլինի։

Ամեն ինչ լավ կլինի։


Ուզում եմ ուժ գտնեմ, ուզում եմ ինձնից չզզվեմ, ուզում եմ ձայնս լսելուց չզզվեմ, ուզում եմ չանհանգստանամ, ուզում եմ իմաստ տեսնեմ իմ ապրելու մեջ։

Երևանի բազմոցը

առավոտ

խախտում եմ պայմանավորվածությունս

Չնայած խոստացել էի, որ ընդմիջմանը կպատմեմ այսօրվա օրվա մասին, բայց խոստումս չկատարեցի։ Ամեն դեպքում, գոնե հիմա եմ գրում ու ոչ մի օր բաց չեմ թողնում։ Առավոտը շատ անհանգիստ էի, դա մասամբ նաև պայմանավորված է վաղվա զանգով, բայց մի տեսակ աննորմալ շատ էի անհանգիստ։ Ու դե չգիտեի ինչ անել։ Վերջում, ինձ թվում է, գինին օգնեց ու մի քիչ ուրախացա։

Ամբողջ օրը պատեպատ էի կպչում ու ոչինչ չարեցի։ Ընդհանրապես քանի օր է ինձնից դժգոհ եմ։ Ոչինչ նորմալ չեմ անում ու անընդհատ անհանգիստ եմ։ Մտածում եմ, ինչն է պատճառը։ Բայց դե անհանգստությունը երևի։

Անհանգիստ եմ։

Անհանգիստ եմ։

Անհանգիստ եմ։

Անհանգիստ եմ։

Չգիտեմ։

Երևանի խալին

նեղված

սիրտս նեղված

Նորից երկրորդն օրն է, ինչ չեմ գրել։ Չեմ ուզում ավանդույթ ձևավորվի։ Բայց քանի օրը լավ չեմ զգում։ Կամ էլ «վատ զգալու» տակ ուզում եմ թաքցնել ալարելս։ Անիմաստ ստացվեց։

Էս մեր ընդհանուր չաթում մարդիկ միանգամից չարձագանքող են դառել, որից ես նեղվում եմ։ Բայց հետո մտածում եմ, յանի որ դու չէիր արձագանքում, նույն բանը չէի՞ր անում։ Հետո ինչ-որ տեքստեր եմ մտածում, թե ինչ կարելի էր անել կամ ասել։ Եսիմ, հետո ինձ եմ նայում՝ մտածում եմ ինչ ապուշ եմ։ Էսօր քոլին պետք է ասեինք՝ ոնց ենք ու ինչ ենք արել։ Ես էնքան լարվեցի, որ ինչ-որ կիսատ բաներ խոսացի։ Ահավոր էր։

Էնքան բան կա պատմելու կարդացածներից։ Բայց քանի օր է, էնքան անըմբռնելի մենակ է, որ չեմ ուզում գրեմ։ Վաղը, խոստանում եմ, առավոտյան գործը անելուց հետո, համարյա դադարին, մանրամասն կպատմեմ։

Մաման դեռ ակնկալում է, որ գնալու եմ իր մոտ։ Ու երևի կգնամ հեսա։ Երևի ուրբաթ օրը։ Երկար մտածեցի ու հասկացա, որ մեկ է մեկուսացված եմ, ավելի լավ չի՞ Վանաձորում։ Լեռների հետ։ Մեկ է ոչինչ չի ուրախացնում, գոնե մաման ուրախ կլինեմ։ Ու մեկ է ոչ մեկին պետք չեմ, կամ համարյա ոչ մեկին, իսկ մամային պետք եմ։ Հրաշալի կարողություն ունեմ բոլորին վանեմ ու բողոքեմ մենակությունից։ Լրիվ ոնց որ Մարիօն էր էսօր ասում։ Էն օրը Մարիօյի բլոգի հինգ հարյուր ամյակն էր։ Ինչ հետաքրքիր է հինգ հարյուր օր գրելը։ Ես երևի հարյուրն էլ չեմ ձգի։

Բայց մտքումս նաև հաշվել եմ, որ պետք է ձգեմ մինչև 144-ը ու հանրային դարձնեմ։ 144, որովհետև դրանից հետո այլևս զոդիակի նշան չի լինի։ Չնայած մարդու մտքին լինի, կարող եմ հիմա էլ երկնային մարմինների նշանները դնել։

Էսօր նաև լիքը պարսկերեն երգեր եմ լսել, նաև Մարիամը ուղարկեց ու մտածեցի ինչքան կուզեմ պարսկերեն սովորել։

Հիմա շեղվեցի, գնացի մամային հեռախոս էի նայում։ Մտածեցի, որ գնամ Վանաձոր, անպայման մամային նաև հեռախոս եմ տանելու։ Իմ ուզած հեռախոսը Վիվասելում գտա, վաղը զանգեմ տեսեմ ունե՞ն։ Այսօրվա նկարը կդնեմ էն օրվա խալու նախշը։

Շատ եմ նեղվում։ Ինքնամեկուսացումից էլ։ Հաղորդակցումից էլ։ Մարդկանցից էլ։ Օրվա ավարտից էլ։

Երևանն անձրևից հետո

անհաշտ

թե ինչքան անհասկանալի են մարդկային հարաբերությունները

Երեկ չգրեցի, որովհետև խմած էի տուն եկել ու երևի օրվա վերլուծությունը վրես լավ չէր նստի։ Դե երկու ամիս ընդմիջումից հետո առաջին անգամ գնացի տեսա ընկերներիս։ Չնայած որ ուրախ էի, դե խմել էի, բայց նաև հասկանում էի, թե ինչքան դժվար է շփվելը, հաղորդակցվելը, ինչքան ավելի դժվար է դառել ուրիշի պատկերացումներին համապատասխանելը։ Այսօր, որ վերհիշում եմ, մի տեսակ չէի ուզենա այլևս որևէ մեկին տեսնել։

Գրեցի սա ու դադար տվեցի։ Ու հիմա մտածում եմ՝ արդյո՞ք իրոք տենց եմ մտածում։ Երևի հա։ Այսօր նաև առիթ եղավ մտածեմ, թե ինչքան օտար են ինձ արևմտյան դեյթվել/մաթչվել/քրաշվել հարաբերությունների ընթացքը։ Կարող է ուղղակի հարաբերություններն են ինձ օտար ու պետք չի փորձել տանջել ինձ։ Երբ որ սկսում եմ նման բաներ մտածել, նաև սկսում եմ մտածել՝ բա լավ, դատարկ ջան, ի՞նչ ձևի մարդ էդ դեպքում կուզես, որ լինի հետդ։ Ու տենց, սկսում եմ մտքերի երկար շղթա կառուցել, անիմաստ, երկար, երևի ինքս ինձ արդարացնելու համար, վախերս թաքցնելու համար։

Ինչքան եմ հոգնել։ Ինչի՞ մենք չէինք կարող, ավելի ճիշտ, ինչի՞ ես չէի կարող այլ ձևի լինել։ Չեմ հասկանում։ Եվ դե չեմ էլ հասկանա, սա մի բան չի որ պատճառ ունի, սա մի բան ա, որ ուղղակի կա։

Ինքնամեկուսացման էս օրերը երևի լավագույնն են կյանքի իմ հնարավորությունը գնահատելու համար։ Նկատի ունեմ, ընդհանրապես իմաստ ունի՞ իմ գոյությունը։ Կամ արդյո՞ք ես ուզում եմ՝ գոյություն ունենամ։ Ավելի շատ վախենում եմ գոյություն չունենալուց, թե իրոք ցանկանում եմ գոյություն ունենալ։ Որովհետև գոյությունը կորցնելու վախը չի նշանակում, որ պետք է գոյություն ունենալ։ Ուֆ, շատ եմ խորացել։

Վերևի գրածից էլ պարզ է, որ ես իմ գոյությունը կապում եմ ուրիշի գոյության հետ, ինչքան էլ որ չեմ ցանկանում կոնտակտներ ունենալ։ Ինձ թվում է էս հակասությունն է, որ շատ տառապանք է պարգևում։ Որ բոլորի հետ, բայց նաև մենակ եմ ուզում լինել։

Էս հակասությունը ցավեցնող է, չգիտեմ ինչ կարելի է անել։

Ու հիմա էս մտքերից ու անհանգստությունից էլ չեմ ուզում գրեմ։

Ես չգիտեմ երեկվանից ինչն է ինձ ամենաշատը անհանգստացնում։ Երևի իմ հանդեպ կատարված գնահատականնե՞րը, որ ավելի են ավելացնում ինքնամեղադրանքս։ Եսիմ։  Բայց երևի մյուսներն էլ նույնը զգում, բայց ավելի շա՞տ։ Մտածում եմ նաև, որ գուցե ես ինքս ինձ հետ ամենահա՞շտն եմ, իսկ մյուսները անհաշտությունը ուղղակի չեմ տեսնում։ Բայց դա ինչ-որ բան փոխու՞մ է։ Ինձ թվում է, ոչ։

Բայց իրոք, ինչքան մտածում եմ, ինձ երևի ինչ-որ մեկը պետք է, ում համար կուզենայի ապրել։ Ում մասին հոգ կտանեի, կիմանայի, որ իր համար արժե ապրել։ Սա, չնայած, ինքս իմ հանդեպ ունեցած պարտավորությունները ուրիշի վզին փաթաթելն է։ Մեկ-մեկ նենց եմ ուզում ասեմ՝ իսկ կլինի՞ իրար ուղղակի ընդունենք նենց, ոնց կանք, առանց դատողական մտքերի, առանց փոխելու ցանկությունների, առանց նմանացման, առանց ակնկալիքների։ Բայց ես կարա՞մ նույնը անեմ. եսիմ, փորձում եմ։

Էնքան դժվար է հիմա մտքերով առաջ գնալը, մտքերը գրելը։

Էսօրվա համար իրոք վերջ։ Ես կասեի էսօր ինքնամեկուսացման ամենադժվար օրերից մեկն է։ Զգացմունքորեն դժվար։ Դժվար ու ծանր։

Երևանի երկինքը

անցյալ

անցյալում ինքնամեկուսացված

Էսօր Գիլգամեշը վերջացրեցի ու թվիթերում գրեցի գեյ պատմության պահերը, որ երեկ չէ առաջին օրը մտածում էի գրեմ։ Հետո գնացի զիգուրատներից կարդացի, կարդացի ասորիներից, աքքադերենից, Միջագետքի հին դյուցազնաերգերից, մի քիչ աքքադերենի քերականություն կարդացի, ջրհեղեղի պատմության նմանություններից կարդացի, հետո պարականոն ավետարանների մասին վիդեոներ նայեցի, հետո մտածեցի՝ ինչ լավ կլինի բոլորը կարդայի, հետո գնոստիցիզմից կարդացի ու իրանց պաշտամունքներից, Միհրի կամ Միթրայի կուլտից, կարճ ասած լիքը խառը բաներ։ Ու ինձ բավարարված զգացի։ Չնայած որ գուցե ոչինչ չհիշեմ, բայց ինձ լավ եմ զգում։ Գուցե լուծումը այս է։

Բայց նաև սիրտս անհանգիստ է, որ շուտով հեսա նորից երկուշաբթի է, ես մասնակցելու եմ բոլոր քոլերին, նորից զանգեր, նորից խոսալու դժվարություններ։ Ինչ դժվար է խոսելը. Երանի չխոսեինք կամ այլ կերպ հաղորդակցվեինք։

Այսօր ամանները լվացի ու նաև կանգնած լողացա։ Ամանները լվալուց հիշեցի, որ երբ փոքր էի ու մամայի ոտքը վնասվել էր, ես էի ստիպված ամանները լվանում ու հպարտանում էի դրանով։ Ու մաման էր լավ բաներ ասում, ասում էր՝ տղաս ինձ օգնում է և այլն ու էդ ցավերին դիմանում էր։ Ես չէի հասկանում ոչ մի բան, դե փոքր էի։ Իսկ մենք փող չունեինք, որ մաման գնա բժշկի։ Ես դա էլ չէի հասկանում։ Ես հպարտանում էի, որ ամանները լվալով կարող եմ մամային օգնել։

Չգիտես ինչի անցյալի աղքատության համար ես ինձ եմ մեղադրում, երբ որ ես ոչ մի մեղք չունեի էլի։ Ինձ թվում է, թե ես գուցե ինչ-որ բան կարող էի փոխել։

Սենյակում, որտեղ ես սովորաբար խաղում էի, մի հատ խալի կար փռած, որի վրա շրջանների նմանվող նախշեր կային։ Մի օր, երբ պապան մամայի հետ էլի կռվում էր ու ես չգիտեի ոնց փակեմ ականջներս կամ ոնց հեռանամ ամեն ինչից՝ հանեցի իմ շրջանաձև խաղալիքները, որոնք սովետական մետաղադրամներ էին, շրջանաձև շարեցի խալու շրջանների վրա ու սկսեցի պտտվել շուրջը։ Հիմա, ինչքան որ կարողանում եմ վերհիշել, ինձ թվում էր, թե այդ ծեսով ես կկարողանամ փոխել իրականությունը, որ պապան կանհետանա, կամ գոնե չի խմի, որ փող կլինի ու ես սոված չեմ լինի։

Հիմա մտածում եմ, թե էդ շրջանի բոլորի կյանքում էլ աղքատություն է եղել։ Բայց ես չեմ հասկանում, ինչի եմ ես ամեն ինչը դժվար մարսում։ Ու ինչի եմ էդ ամեն ինչում ինձ մեղավոր տեսնում։ Կամ ավելի ճիշտ մեղավոր չէ, այլ պատասխանատու։ Չգիտեմ։

Տես, տենց պտտվում էի շրջաններով, պտտվում էի, հետո տարիները անցան էդ պտույտների պես, երևի մի քսան տարի պտտվեց խալու նաշխերի վրայով ու հիմա եկավ այս պահը, որտեղ ես մի սենյակում եմ, որի հատակի խալու վրա շրջանաձև նախշեր կան ու ես էլ աղքատ չեմ։ Ու պապան էլ չկա ու մամայի սիրտը հանգիստ է։ Չնայած քայքայված սիրտը, որից մի քսան տոկոսն է երևի աշխատում։ Բայց կա։ Ու ուզում եմ, որ մաման զգա, որ էդ ամեն ինչը՝ էդ ահավոր անցյալը էլ չկա։ Ու ուզում եմ, որ ես էլ զգամ, որ էդ ամեն ինչը՝ էդ ահավոր անցյալը էլ չկա։ Բայց ես չեմ կարողանում հաղթահարել էդ անցյալը։ Ես չեմ կարողանում ինձ պատասխանատու չզգամ անցյալի համար։

Մի քիչ լացեցի, հանգստացա։

Մեր տանը լիքը էլեկտրոնիկայի սալիկներ կային՝ պղնձապատ։ Ու լիքը էլեկտրոնիկայի ամսագրեր։ Ու լիքը դետալներ՝ տրանզիստորներ, դիոդներ, պրոցեսորներ, կոճեր, շարժիչներ ու տարբեր-տարբեր բաներ։ Ես մեծացել եմ դրանց մեջ։ Պապան զոդիչը տաքացնում էր, խեժը ու անագը՝ պատրաստում։ Ես կողքից նայում էի. գիտեի՝ հեսա վառված խեժի հոտը սենյակով մեկ կտարածվի։ Զոդիչի ծայրը խեժում էինք, որ անագը կպչի։ Իսկ անագը տարօրինակ մետաղ էր, ոնց որ այլումին լիներ, բայց շատ արագ հալվում էր։ Իսկ երբ հալվում էր, դառնում էր պսպղուն հեղուկ։ Երբ պապան մի կողմ էր գնում, ես թաքուն անագի լարի ծայրը մոտեցնում էի զոդիչին։ Անագը հալվում էր ու կաթիլ դառնում։ Պսպղուն, սիրուն, արծաթագույն կաթիլ։ Որը ջրի կաթիլի պես ընկնում էր սեղանին, ցալքուն լինում ու սառում։ Հետո էլեկտրական սալիկի վրա պապան սխեման էր գծում մատատիտով։ Պետք է լուծեր պղինձը, բայց քանի որ լուծիչ չկար ձեռքով քերում էր։ Հետո ծակում դետալների տեղերը, մեր հին գազարագույն դռելով։ Հետո դետալները հատ-հատ շարում ու զոդում։

Ես ամսագրերի մեջի գծագրերը նայում էի ու մտածում՝ տես, հրաշալի լեզու է։ Գաղտնագրեր էին։ Ու լաբիրինթոս էի խաղում դրանցով։ Իմ մանկության լաբիրինթոսներն էին։ Տես՝ անջատից, ահա դիմադրությունները, իսկ ահա շրջանաձև բաները, որ ճանապարհները բաժանում են՝ տրանզիստորներն են։ Որ մի քիչ մեծացա, սկսեցի հասկանալ, թե ինչի համար են։

Բայց որ մի քիչ էլ մեծացա՝ սկսեցի պապային չսիրել, սկսեցի ատել տան ամեն անկյունում լցված սալիկները։ Որովհետև էդ սալիկների պատճառով մեր տունը նման չէր լինում մյուս տներին։ Ես չէի կարողանում ընկերներիս տուն կանչել։

Երևի, եթե պապան մամայի հետ չկռվեր, ես շարունակեի սիրել էդ սխեմաները, որոնք հիմա էլ եմ շատ սիրում, բայց չեմ կպնում, քանի որ պապայի հետ են ասոցացվում։ Ու գուցե հետո ես եղբորս պես կարողանայի դետալներից կենդանիներ սարքել։ Պապայի հին սարքով 120-ից 6 Վոլտ փոխարկեի, քանի որ էն ժամանակ դեռ էլեմենտներ չկային, ցվետադիոդներից հաջորդականություն սարքեի (որոնց ապագայում LED կասեն), հետո պլաստիլինից հրեշներ սարքեի ու էդ լույսերը տեղադրեի հրեշի մեջ։ Հիմա աչքիս առաջ էդ ցուլն է, որը հսկա էր թվում։ Ինչ-որ Մինոտավրոսի պես ցուլ։ Կամ էսօրվա Գիլգամեշի մեջի ցուլից։ Հետո ախպերս մեծացավ, ցուլը ջարդեց պլաստիլինը գնդեց շպրտեց մի կողմ։ Ինչի՞ է ջարդում հրեշները, մտածում էի։ Բայց չէի հասկանում։

Էլեկտրոնիկայի սովետական ամսագրերում սիրուն սարքեր կային։ Ես նայում էի ու երազում՝ ինչ կլինի ես էլ ունենամ, ինչ կլինի խաղային համակարգիչներ ունենամ կիսաաշխատող Նինտենդոյից բացի։ Ինչ կլինի հարուստ լինենք ու ես ունեմ այդ սարքերից։ Բայց հետո կարդում էի «Էլեկտրոնիկայի դասագիրքը», մոտոցիկլետի տեխնիկական կառուցվածքի մասին մի հատ գրքի նկարներն էի նայում ու մոռանում, որ ես սովետական արտադրության էդ սարքերն էի ուզում։

Ու նման ձև ես սաղ մանկությունս երազեցի. հետո չինական սարքերը եկան։ Հետո մի օր ախպերս 20 հազար դրամով առավ պենտյում մեկը ու էդ օրվանից ես սկսեցի օտարանալ աշխարհից։ Ինձ թվում է այստեղ պետք է ասեմ, որ չնայած որ համակարգիչները էլի տեխնիկա էր, բայց պապան երբեք համակարգիչների հետ չէր աշխատել, դրա պատճառով ես սկսեցի ինքնուրույն սովորել, սկզբում ջնջել-վերականգնել, հետո քանդել-հավաքել համակարգիչները։ Հետո այլ համակարգիչներ առանք, ախպերս էլ էր իմ պես ոգևորված, հետո ինձ համար առան, պատկերացնում ե՞ս՝ ախպերս մեր տան նոթբուքը ինձ նվիրեց։

Իսկ հիմա, այսքան տարիներից ու պատմություններից հետո՝ շրջանաձև ավերակներից (խալու նախշերից), բաժանվող արահետներից (տրանզիստորի գծագրից), Աստերիուսի տնից (ախպորս սարքած ցլից ու հրեշներից) հետո, ես կարողանում եմ փող աշխատել ու առնել իմ սիրած բոլոր սարքերը։ Չնայած ոչ անցյալի ոգևորությամբ և գուցե անցյալի ցանկությունները բավարարելու հույսով՝ բայց կարողանում եմ։ Գրում եմ, որ հպարտանամ, բայց չեմ հպարտանում։

Բայց մաման հպարտանում է. ուղղակի նա էլ չի կարողանում անցյալը փոխել։ Երկուսս էլ ընկած ենք անցյալը հաղթահարելու անիմաստ պայքարի մեջ։

Հուսով եմ Գիլգամեշը մեռավ մի օր ու գնաց իր սիրածի մոտ։ Կառլ Յունգի գիրքը, որ սկսել եմ՝ շատ լավն է։ «Կարմիր գրքի» համեմատ հաստատ ավելի պարզ է։ Կարմիր գիրքը, չնայած անչափ սիրուն նկարների՝ շատ բարդ է կարդալը։ Իսկ այս մեկը շատ լավն է։

Ես ուզում եմ հաղթահարեմ իմ ռացիոնալ մտածողությունը ու հավատալ, որ երբ մեռնեմ՝ հնարավորություն կունենամ էս կյանքը նորից սկսելու։ Ուզում եմ հավատամ, որ երբ էս ատելի մարմինը հաղթահարեմ՝ կկարողանամ այլ, ավելի հարմար ու երջանիկ կյանք սկսելու։ Որ անցյալի հետ անկապ չեմ պայքարի։ Ուզում եմ հաղթահարեմ իմ ռացիոնալ մտածողությունն ու սիրել։ Անկապ սիրել՝ առանց խորանալու ու սեռական ցանկություն զգալ՝ առանց խորանալու, ապրել՝ առանց խորանալու։

Մոռանալ անցյալը՝ առանց որևէ ջանքի։ Ուզում եմ հավատալ, ուզում եմ անցյալում ինձ ջնջել ու ապագայում ինձ տեսնել։

Երևանում արտացոլվում եմ ես

գրառում

շատ անհավես

Ինչ-որ խաղ գտա էսօր, անունը Broforce, ամբողջ գիշերը տրամադրեցի էդ խաղին, հիմա էլի եմ ուզում խաղամ, դե մեկ ա արձակուրդ եմ, ուզում եմ վայելեմ։ Մտածում եմ, գուցե ճիշտը սա է, գուցե մենք հավայի բաներով զբաղվելով ենք երջանիկ լինում։ Կամ ավելի ճիշտ ես։ Քանի որ պայմանագրիս ժամկետը մոտենում է ու նաև աշխատանքիս բնույթն են փոխելու, նորից սկսել եմ վախենալ առանց աշխատանքի մնալուց։ Հուսով եմ՝ չի լինի այդպես։

Մտածում եմ նաև, դե կարող եմ հավաքածս փողը մամային տալ ու ես ինչ-որ ծրագիր գտնեմ, գնամ աշխարհով թափառելու։ Բայց հետո նայում եմ ինձ, ասում եմ՝ իսկ դատարկ, դու այդքան կամք ու համարձակություն կունենա՞ս։ Չգիտեմ։

Նոր մտածում էի, որ երեսուն տարեկանս գա, ինչ-որ տեղում հանրային ու նաև ինքս ինձ կասեմ, որ «ես դադարեցնում եմ պայքարել գեղեցիկ, երիտասարդ, խելացի ու երջանիկ լինելու համար»։ Վերջիվերջո, էդ զգացումները բոլորի համար չեն ու պետք է լինեն մարդիկ էս աշխարհում, որ դրանց չեն հասնելու։ Թող այդ մեկը լինեմ ես։ Թող ես պարտվեմ երջանկության ու գեղեցիկ լինելու պայքարում։ Բայց միայն իմանամ դրա մասին։ Իսկ այդ ժամանակ կյանքս անիմաստ կդառնա՞։ Եսիմ։ Իսկ հիմա անիմաստ չի՞։

Չգիտեմ ինչի այսքան բացասական մտքերով սկսեցի։ Բայց օրը շատ լավն էր, ամբողջ օրը չնայած անձրև էր։ Այն դեղը ոտքիս շատ է օգնում։ Կարելի է նաև մի օր կայքումս մի բաժին սարքեմ, որտեղ կգրեմ կյանքիս ընդունած հիմնական դեղերը և դրանց շուրջ պատմությունները։ Ինչ հետաքրքիր կլինի։ Իսկ անունը ի՞նչ դնեմ։ Ինչ-որ անուն, որ դեղերի ու հին բաների հետ կապ ունի։ Արդեն փաստորեն երեք միտք դառավ, որոնցից ոչ մեկը չեմ իրականացրել։ Վերհիշելու համար՝ (ա) հավայի, (բ) հերբարիում, (գ) դեղաոտուն։

Առավոտից նաև Գիլգամեշը կարդացի ու անակնկալի եկա, որ Գիլգամեշն ու Էնկիդուն ոնց որ սիրածներ լինեն։ Էնկիդուն կատաղած գալիս է, որ Գիլգամեշին սպանի, բայց իրար տեսնում են, տենց ռոմանտիկ հարաբերությունների մեջ ընկնում։ Շատ ծիծաղելի էր ու տարօրինակ բացահայտելը։ Տենց մտածում էի թվիթեմ՝ աշխարհի ամենահին գրական ստեղծագործության տեղը, ոնց որ աշխարհի ամենահին գեյ պատմությունը կարդամ, բայց երևի չանեմ։ Հլը վաղը կմտածեմ։

Ուզում եմ մի քիչ էլ էդ խաղից խաղամ։ Երևի որ ավարտեմ այս գրառումը՝ շարունակեմ խաղալ։ Սիրտս այդպես է ուզում, թող լինի այդպես։

Էլ ինչ պատմեմ։ Ուտելիք համարյա չունեմ, վաղը կպատվիրեմ։ Տները կեղտոտ են, բայց համ ալարում եմ, համ էլ դժվար ձգեմ մաքրելուն։ Ուրիշ չգիտեմ ինչ կա։ Նաև պետք է Յունգի գիրքը կարդամ, բայց ալարում եմ։ Գիշերը կարդացի, բայց պետք է էդ գիրքը թարմ ուղեղով կարդամ։ 

Հա, նաև մի բան հիշեցի. դե ամեն անգամ ինչ-որ վերնագիր եմ ընտրում գրառումներին, որոնք կամ նախօրոք, կամ կեսերում, կամ վերջում եմ ընտրում։ Հաճախ նաև շատ պատահական։ Բայց նկատել եմ, որ հայերենում դժվար է վեց տառանոց բառեր ընտրելը։ Իսկ թե ինչի հենց վեց տառանոց եմ որոշել, որովհետև առաջին երկու գրառումը վեց տառանոց եղան, ես էլ որոշեցի՝ բոլորը այսուհետ կլինեն վեց տառով։ Նկատել եմ նաև, որ ավելի շատ բայեր ու դերբայներ են լինում վեց տառանոց։

Երևանի գրառումներս ավելի կարճ են լինում, բայց դե՝ չեմ անհանգստանում։ Տես, գրեցի ու մտածեցի, այսօրվա վերնագիրը կլինի՝ «գրառում»։

Իսկ ինքնամեկուսացումը զգացնել չի տալիս, կարծես այսպես էլ պետք է լիներ։ Ինքնամեկուսացման օրերին ես ազատ եմ չլինել երջանիկ, գեղեցիկ և նման այլ բաները։ Շատ պարզ պատճառով, քանի որ այլ մարդիկ չկան։ Էս երջանիկ լինելու թեմայի մասին ամեն անգամ ասում եմ կգրեմ, բայց չեմ գրում։ Որովհետև բարդ է։

Երևանի սենյակի արտացոլանքը

քայլել

ինքնամեկուսացումն ու քայլելու կարողությունը

Երեկ այդպես էլ չգրեցի։ Պարտաստվում էի գրել ու անընդհատ մտքիս էր, դե նոր ցիկլի սկիզբ էր և այլն, բայց խոսացի, հետո քնեցի։ Երբ արդեն կիսաքնած էի, հիշեցի, որ պետք է գրառում անեի, բայց չեմ արել։ Բայց դե հո չէ՞ի արթնանալու ու գրեմ, հատկապես, երբ երկար ժամանակ է տևում։ Այսօր երևի մի քիչ ծանր օր է, արդեն համարյա մայիս է ու ես անհանգստանում եմ իմ պայմանագրի համար։ Հուսով եմ կլինի։

Երեկ առանձնապես ոչինչ չեմ արել։ Գնացի բժշկի, ինչ-որ դեղ նշանակեց, ասեց նաև, որ վիրահատության կարիք չի լինի, պետք է լավանա։ Հիմա զգում եմ, որ այդ դեղը շատ է օգնում ու քայլելը շատ հեշտացել է։ Նույնիսկ դուրս կգայի ման գալու, եթե ընկնելու վախը չլիներ։

Ինձ թվում է դեռ շատ տարիներ կանցնեն, մինչև ես կմարսեմ էս ամեն ինչը։ Ինչպես դեռ թոքաբորբս չեմ մարսել ու դեռ ցավում է։ Թոքաբորբի պատմությունը շատ ծանր է ու հիմա մի տեսակ տրամադրված չեմ պատմել։ Հիմա Պարով Ստելարի Don’t you forget-ն եմ լսում, շատ եմ հավանում։

Երեկ Գիլգամեշի հայերեն թարգմանության առաջին գլուխը կարդացի։ Մտածում եմ ինչ լավ կլիներ, որ ես հին լեզուների մասնագետ լինեի՝ լատիներենի, հին հունարենի կամ ինչ-որ սեմական լեզվի։ Մի կողմից, չնայած, Հայաստանում անտեր կլինեի, բայց դե նաև, գուցե, ուրախ լինեի։

Երեկ ԴՄՏ-ի գիրքը որոշեցի այլևս չշարունակեմ, մոտ 30 տոկոսի վրա։ Իմ մոտ տպավորություն ստեղվծեց, թե լիքը ոչ գիտական բաներ է խոսում, այսինքն գիտական ներկայացնելով, բայց լիքը անկապ ենթադրությունների հիման վրա։ Իսկ գրքի վերջերում էլ ահավոր շատ էր ձգում ամեն ինչը։ Անընդհատ ասում էր սա ոնց ա արել, նա ոնց ա արել, որը հոգնացնում է։

Բայց գիշերը պատահաբար, այսինքն պատահաբար չէ, բայց ուղղակի մտածեցի՝ իսկ գուցե Յունգի էն գիրքը կարդամ, «Man and His Symbols» ու ի հակառակ պատկերացումներիս՝ լեզուն շատ պարզ էր և հավես։ Չգիտեմ ինչքան կձգեմ, բայց կփորձեմ շարունակել։ Ձեռքի հետ էլ Գիլգամեշի ու Էնկիդուի մասին կկարդամ։

Հիշում եմ անցյալ անգամ էն տղու անունը չէի հիշում։ Հիմա էլ չեմ հիշում։ Պետք է Ֆեյսբուքում նայեի, բայց դե Ֆեյսբուքս ջնջել եմ։ Հա դրա մասին էլ կարծես չեմ գրել։ Նկատեցի, որ մենակ եմ ու էլ ոչ մեկի հետ չեմ խոսում ու ջնջեցի։ Բայց պետք է գոնե մի օր վերադառնամ ու քաշեմ նկարներս, որովհետև բոլորը էնտեղ են։ Կամ չեմ էլ ջնջի ֆեյսբուքս, տեսնենք։ Նկատի ունեմ, ապաակտիվացրած կպահեմ, բայց չեմ ջնջի։

Էսօրվա օրը դեռ առջևում է, բայց դժվար ինչ-որ կարևոր բան լինի։ Մաման ասեց՝ կգա՞ս Վանաձոր, ասեցի դեռ չէ։ Բայց երևի պետք է գնամ, չնայած դրա վրով էլ վստահ չեմ։ Կտեսնենք։

Համենայն դեպս ինքնամեկուսացմանը դեռ շատ օրեր կան։ Նույնիսկ արդեն չեմ էլ հաշվում քանի օր մնաց ու քանի օր է անցել։ Որովհետև էդ ինքնամեկուսացումը նաև մեծամասամբ կախված է իմ քայլելու ունակությունից, բայց նաև չեմ ուզում պատկերացնել քանի օր մնաց, որ կարողանամ քայլել։ Քայլել նկատի ունեմ՝ կարողանամ նորմալ տեղափոխվել։ Դեռ չգիտեմ։