3-րդ օր
Վանդակում գայլը սատկում է: Կծկվել է, արյունոտ մորթու վրա երևում են գյուղացիների կողմից հասցրած բազմաթիվ հարվածների հետքերը: Հայրս գայլին գտել էր այգում կիսամեռ ընկած, չէր սպանել, կապել-բերել էր հին հավաբնի մեջ գցել: Նա իմացել էր, որ գայլը մի քանի գառ է խեղդել, որ գյուղացիները ցանկացել են սատկացնել, բայց նա հազիվ փրկվելով փախել եկել է մեր այգի: Քանի որ գյուղացիները խուսափում էին մեր ընտանիքի հետ շփվելուց, միայն հորս տեղեկացրել են, թե՝ այգումդ գայլ կա: Ես հիմա կանգնած եմ վանդակի առաջ, նայում եմ գայլի կրծքավանդակի համարյա անտեսանելի շարժումներին և արդեն երրորդ օրն է ամեն վայրկյան սպասում նրա մահվանը: Ես հորիցս ժառանգել եմ հաստ այտոսկրերն ու բնության հանդեպ անսահման սերը: Երբ գյուղում բալենիները ծաղկում են, ես օրերով պառկում եմ ծառերի տակ ու թերթիկների միջից երկնքին նայում: Իսկ հիմա, գայլի արյունոտ հետքերով մոխրագույն մարմինը ինձ անսահման ցավ է պատճառում: Արդեն երրորդ օրն է հետևում եմ նրան, այն հույսով, թե գայլը կարող է ոտքի կանգնել: Բայց հայրս, ով կենդանիներից ավելի լավ է հասկանում, կոտրում է իմ բոլոր հույսերը, ասելով, թե՝ գայլը սատկում է:
5-րդ օր
Բայց գայլը շարունակում է շնչել ու հինգերորդ օրը նա դեռ կենդանի է: Ոչինչ չի ուտում ու խմում. վանդակի արանքներից գցած ոսկորներն ու անձրևաջուրը չեն հետաքրքրում: Իմ երկարատև բացակայությունից հետաքրքրված մեր դարպասներից ներս է մտնում Արշակը: Նա գյուղում մեր ընտանիքի միակ ոչ ազգակցական ընկերն է, ով կարող է առանց ինչ-որ հատուկ թույլտվության բացել մեր դարպասներն ու այցելել մեզ:
Արփ, ո՞ւր ես կորել, ժպտալով հարցնում է, երբ հեռվից տեսնում է ինձ վանդակի մոտ:
Ես լռում եմ, Արշակը նայում է աչքերիս, նայում վանդակի մեջ, տեսնում՝ գայլի անսահման ցավը:
Քանի՞ օր է, հարցնում է:
Հինգ, պատասխանում եմ, չեմ կարողանում արցունքներս զսպել:
Արշակը մոտենում է, բռնում ձեռքս, հետո ինքն էլ մոտենում վանդակին ու երկար նայում գայլին:
Նա ինչ-որ բան է ուզում, ասում է դադարից հետո, ինչ-որ բան, որը ես չեմ հասկանում: Ես հարցնում եմ նրան, բայց նա մերժում է: Չի ուզում խոսել հետս ու պատմել իր ցանկությունը, գայլերն այդպես են:
Ասելուց հետո լարված նստում է վանդակի եզրին աճած խոտերի վրա, ձեռքերով բռնում ծնկները ու լռում: Ես լաց եմ լինում, նստում եմ Արշակի կողքը ու նայում խոտերի արանքներից երևացող սև հողին:
Գուցե՞ ես օգնեմ, համարձակվում եմ խոսել վերջապես, գուցե գայլը ի՞նձ պատմի իր ցանկությունը:
Արշակը նայում է ինձ, հետո գլուխը թեքում դեպի գայլը:
Եսիմ, եթե կուզես կարող ենք փորձել:
Ես համաձայնվում եմ:
6-րդ օր
Համաձայնվելուց հետո Արշակը խոստանում է վաղը բերել անհրաժեշտ իրերը: Արշակն ինձ պետք է շատ կարճ ժամանակով մտցնի գայլի մեջ, այն հույսով, որ այնտեղ նա գուցե ինձ պատմի իր ցանկությունը:
Ես սպասում եմ:
Արշակը վեց ժապավեն է բերել: Դրանցից մեկով պետք է կապի մեր իրար բռնած ձեռքը, մյուս հինգը՝ կապի մեր ոտքերին ու իմ մյուս ազատ ձեռքին:
Իմ մյուս ձեռքը պետք է ազատ լինի, որ քեզ կարողանամ մտցնել գայլի մեջ:
Կապում ենք ժապավենները, ամուր սեղմում եմ Արշակի ձեռքը, նա փակում է աչքերը, ես հետևում եմ:
Դու գիտես, հանկարծ ինչ-որ կախարդանքի խոսքեր է ասում Արշակը, որ եթե դու ուրիշի ներսում ես և այդ ուրիշը մեռնում է,
եթե նա մեռնում է,
և դու նրա ներսում ես,
դու նույնպես կմեռնես նրա հետ,
դու նույնպես կմեռնես նրա հետ:
դու գիտես, որ եթե գայլը մեռնում է,
և նա քո ներսում է,
դու նույնպես կմեռնես նրա հետ,
դու նույնպես կմեռնես նրա հետ:
2901-րդ օր
Ես վազում եմ փշատերևների անտառով ու զգում խեժի ու խոնավության հոտը: Տեղ-տեղ ծառերի արանքից երևում է արևը ու այդ կարճ պահերին զգում եմ, թե ինչպես է քիթս տաքանում արևից: Թեթև քամին հուշում է, որ առջևում բացատ է ու կարճ ժամանակ անց հայտնվում եմ հասած վայրի ելակներով մի բացատում: Արևը ջերմացնում է մորթիս: Կանգնում եմ, նայում եմ կողքիս թռչուններին ու բնազդաբար ձգտում եմ նրանց որսալ: Բայց ես սոված չեմ: Հետո պառկում եմ մրջնաբույնից մի քիչ հեռու, նայում մրջյուններին ու արևի ջերմությունից աչքերս փակում:
Արշակը կտրում է մեր ձեռքերը կապող ժապավենը:
Ոչինչ չասեց, չէ՞, հարցնում է: Գայլերը այդպես են, ոչինչ չեն պատմում, չնայած որ ոհմակով են ապրում:
Ես դանդաղ սկսում եմ պատմել իմ տեսածը: Արշակը ուշադիր լսում է, զարմացած, որ գայլը ինչ-որ բան է ինձ ցույց տվել, զարմացած իմ տեսածի գույներից:
Գայլն ազատություն է ուզում, ասում է վերջում, նա ուզում է վանդակից դուրս մեռնել: Գիտեմ, որ հակառակ իմ զգուշացումների, դու ամեն դեպքում բացելու ես վանդակի դուռը; Դարպասների դուռն էլ բաց կթողնես, տան դռները չմոռանաս փակել:
Գիշերը, երբ բոլորը քնած էին, ես թաքուն բացում եմ վանդակն ու դարպասները, հետո կողպում տան դուռն ու պառկում:
7-րդ օր
Լուսնով լուսավորված սենյակումս տեսնում եմ, թե ինչպես է գայլը դռներից ներս մտնում: Չեմ հասկանում, ինչպես է դա հնարավոր. ես փակել էի մուտքի բոլոր դռները: Սիրտս սկսում է արագ խփել, վախենում եմ: Գայլը դանդաղ ու կաղելով մոտենում է անկողնուս: Ես նրա քայլերի հետ դանդաղ ետ-ետ եմ գնում դեպի պատի կողմը: Գայլը հասնում է անկողնուս ու մագլցում վերմակի վրա: Ուզում եմ գոռալ, բայց զսպում եմ: Նայում է աչքերիս, հետո վերմակի վրայից հոտոտում ոտքերս: Ես հանդարտվում եմ: Բարձրանում է ոտքերիս, դանդաղ գալիս որովայնիս վրա ու պառկում, ձեռքս բնազդաբար տանում եմ ու թեթև շոյում կոշտացած մորթին: Գայլը կծկվում է, հանդարտ է: Նկատում եմ, որ մորթին սկսում է թույլ սպիտակ լույս արձակել, որը հետզհետե ուժեղանում է ու տարածվում մորթու ամբողջ մակերեսով: Ես շարունակում եմ շոյել: Լույսը սկսում է ծակել աչքերս, տարածվում ամբողջ անկողնով, ձեռքերիս վրա, մազերիս. ուժգնությունից փակում եմ աչքերս:
7-րդ օր
Հայրս թակում է սենյակիս դուռը ու մյուս կողմից կատաղած հարցնում:
Դու՞ ես բացել հավաբնի դուռը:
Ես արագ հագնվում եմ, առանց պատասխանի վազում հորս կողքով դեպի տան բակ: Վանդակի դուռը բաց է: Ներսում մոխրագույն գայլն է: Արյունոտ: Կծկված: Մեռած:
դու գիտես, որ եթե նա մեռնում է,
և նա քո ներսում է,
դու երբեք չես մեռնի նրա հետ,
դու երբեք չես մեռնի նրա հետ: