—
Մենք երկուսով էինք: Ես տեսնում էի ուրվականներին, շփվում նրանց հետ, իսկ Արշակը կարողանում էր զգալ մարդկանց սեռական ցանկությունները, զգալ շատ մանրամասն, ընդհուպ մինչև առավոտյան ինքնաբավարարվելուց առաջ պատկերացրածը տեսնելը: Մենք իրարից շատ տարբեր էինք, բայց ընկերներ էինք: Առաջին քայլն արել էր Արշակը: Ավտոբուսում հանդիպելուց ու նույն կանգառում իջնելուց հետո ասել էր ինձ, որ գիտի թե ես ինչ եմ պատկերացրել իրեն շատ մոտ կանգնած:
Մի մտածի, թե անիծված ես, մխիթարել էր ինձ, պատկերացրու ուղղակի, թե յուրահատուկ ես: Չես հավատա, բայց մարդիկ ավելի ահավոր բաներ են մտածում:
Ու պատմել էր իր ընդունակության մասին, շատ մանրամասն, համարյա ինչքան որ ինքը տեսնում է: Ասել էր ինձ, որ ցավոք ինքը ինձ չի հավանում ու չի ցանկանում, այն պարզ պատճառով, որ ինքը ընդհանրապես սեռական ցանկություն չունի:
Ախր, ոնց կարելի ա էդքան բան տեսնել ու ոչ մի ցանկություն չզգալ: Զարմացել եմ ես:
Ես ուղղակի մտածում եմ, թե յուրահատուկ եմ, նույն ձևով, ոնց որ դու լավ կանեիր անես: Ուշադիր ինձ նայելով պատասխանել էր Արշակը: Մի փորձի իմ հանդեպ ոչինչ չզգալ, որովհետև ուրիշներին ցանկանալը էդքան էլ վատ բան չի: Պատկերացրու ինչ-որ ցանկանում ես, ես դրանից չեմ նեղվում:
Արշակն ինձ ասել էր, որ մարդիկ տարօրինակ են: Որ նրանք ու նաև ես պատկերացնում ենք այնպիսի բաներ, ինչն ամեն օր քննադատում ենք: Որ մենք հնարավոր բոլոր ձևերով սեքս ենք անում անծանոթների, ընկերների, ընտանիքի անդամների և այլոց հետ, բայց չենք ուզում խոստովանել. փոխարենը վախենում ենք:
Իմ համար զգալն ու սեռական ցանկությունը նույն մակարդակի վրա են: Ասել էր նա ինձ: Ի տարբերություն քեզ: Ու ժպտացել էր, առաջարկել մոտ ընկերներ լինել:
Ես Արշակին սկզբում չէի ասել, որ ավելի յուրահատուկ եմ քան ինքը թափանցել էր իմ մեջ: Ես տեսնում եմ էակներ, ում սեռական ցանկությունները ինքը ոչ մի դեպքում չի կարող տեսնել: Արշակը դա հասկացավ, երբ իրեն պատմեցի մոր սպանության պատմությունը, որը մոր սպանողի կնոջ ուրվականն էր ինձ կցկտուր պատմել:
Դզեց: Զարմացել էր, Արշակը: Ես միայն այդ դեպքից երևի կարողանայի ասեի, որ դու մարդասպանի կնոջը գեղեցիկ ես համարել:
—
Հիմա մենք գիտենք իրար ավելի լավ քան առաջ: Արշակը ճանաչում է ինձ իմ սեռական ցանկություններով, ես ճանաչում եմ իրեն ուրվականների բերած շշուկներով: Իմ իմացածն ավելի բազմազան է, Արշակի իմացածն ավելի խորը: Բացի իրար ճանաչելը մենք ճանաչում ենք նաև մյուսներին: Խաղում ենք մեր ազգականների, ընկերների ու անծանոթների հետ, հասարակական տրանսպորտում, ֆեյսբուքում, Հյուսիսային պողոտայով քայլելիս: Արշակը ինձ պատմում է նրանց սեռական ցանկությունների մասին, մանրամասն նկարագրում ամեն մի շարժումն ու բբի լայնացումը, ես պատմում եմ ուրվականների պատմածները: Ու մենք փորձում ենք հասկանալ նրանց՝ բարձրակրունկների վրա քայլող ծտին, մորուքավոր ու մազոտ հեծանիվ քշող տղային, ակորդեոն նվագող պապիին, ում հետ սեքս արած միակ աղջկա ուրվականը կողքից չի կարողանում հեռու գնալ:
—
Արշակին այսօր հանդիպելու եմ քաղաքապետարանի դիմացը: Նա գալու է ու առաջարկի իրականացնել երազում տեսածը:
Կարո՞ղ ես ուրվականներից մեկին խնդրել կամ ստիպել որ տեսանելի դառնա ինձ, որ նայեմ իրեն ու տեսնեմ ամենն ինչ-որ պատկերացնում ա: Արս, ինչ կլինի, չմերժես, ես քեզ պարտք կմնամ, ախպոր պես, արա:
Ու ես երկու օր տանջվելու եմ, խնդրելու եմ, շշնջալու եմ, պահանջելու եմ որ ուրվականներից մեկը տեսանելի դառնա Արշակին: Սկզբում ոչինչ չի ստացվելու, նրանք դա չեն կարողանում, ասելու են բոլորը: Բայց ուրվականներից մեկի հետ զրույցից հինգ օր հետո պարզելու եմ, որ, այնուամենայնիվ, մեկը կա, ով այդ հատկությամբ օժտված է: Մեկ օր հետո գտնելու եմ նրան, Աբովյան 40ա-ի ութերորդ հարկից կախված: Կանչելու եմ, իմանալու եմ անունը ու Կառային խնդրելու եմ երևալ Արշակին. Կառան առանց երկար բարակ համոզելու համաձայնելու է: Պայմանավորվելու ենք ու Աբովյան փողոցի վրա Կառան 4 վայրկյանով տեսանելի է դառնալու Արշակին և մյուսներին: Արշակը նայելու է Կառայի աչքերի մեջ:
Կառայի անհետանալուց հետո Արշակը ինձ պատմելու է ամեն ինչ:
Գիտե՞ս էդ ինչ զգացում էր, Արս, երբ որ մեկը կա, ում չգիտես, ում ցանկությունները չես կարողանում տեսնել: Չգիտես, նա ում հետ է ուզում քնի, համբուրվի, չգիտես ինչ ա թաքցնում, թե ամսականները երբ են վերջին անգամ եղել, երբ ա ինքնաբավարարվել ցնցուղի տակ: Հասկաում ես չէ՞, Արս:
—
Գիշերը ուրվականներից մեկը շշնջալու է ինձ, որ զուգարանում լսել է Արշակի խորը ու հաճախացած շնչառությունը:
Comments are closed, but trackbacks and pingbacks are open.