Skip to content

աշխարհ

Պատմության մեջ չորս հոգի են՝ ամուսինը կինը և նրանց երկու տղաները:
Մարդու մազերը մարդու բնավորությունը փոխում է, չգիտեի՞ր, ասում է կինը՝ հիշելով բախտ բացող Մարգոյի խոսքերը ու դուռը հարվածելով փակում: Այդ օրը նա նկատել էր ամուսնու ճաղատանալը, որովհետև բաղնիքի հատականցքում լցված մազերը խցանել էին ջրի ելքը:
Բայց ամուսինը դեռ ամսվա սկզբին էր սկսել ճաղատանալ, կինը նոր էր նկատել, որովհետև փոխվել էր: Կինը երեխաներին մակապարտեզից չէր վերցրել, երեխաները սպասել էին, սպասել, դայակները զանգել էին, զանգել, բայց նա որոշել էր՝ բավական է ինչ ինքը դիմացավ, թող մի անգամ էլ ամուսինը մտածի: Դայակները երեխաներին դուրս էին արել մանկապարտեզից: Նրանք դրսում՝ ձմեռվա երեկոյի  ցրտի ու սովի մեջ սպասել էին մորը և սկսել ատել նրան: Նրանցից մեծը այս պատճառով տասնութ տարի հետո չգնաց մոր թաղմանը, իսկ փոքրը ինքնասպան եղավ, երբ ամբողջությամբ գիտակցեց իր համասեռական լինելը:
Ամուսինը կնոջ պատճառով սկսեց կեղծամ կրել, բայց կինը շարունակ ասում էր, որ դրանով ինքն ուղղակի արհեստական է դառնում: Ինչ ուզում ես արա, պնդում էր կինը, քո բնավորությունը էլ նույնը չէ և չի կարող լինել: Կեղծամի պատճառով ամուսնու գործընկերները սկսեցին ծաղրել նրան և շատ շուտով ծաղրի ու արհամարհանքի պատճառով ամուսինը գործից դուրս եկավ:
Կինը սկսեց գիշերները աշխատել ու երեխաների հետ էլ ավելի քիչ շփվել: Նա հիշում էր, որ մի անգամ որոշել էր փոխել ամեն ինչ, բայց չէր կոնկրետանում:
Մեծը սկսեց մանր գողություններ անել, փոքրը՝ խոսել խաղալիքների հետ: Խաղալիքները դասավորում էր ըստ մեծության, փակում աչքերը ու առանց տատանվելու վերցնում իր սիրելի կապույտ սկյուռիկին: Նա դա անում էր ամեն անգամ, երբ ծնողները կռվում էին, երբ եղբոր պատճառով տուն ոստիկաններ էին գալիս, երբ մայրը սկսել էր ողնաշարի ուժեղ ցավերից ցերեկները գոռալ և երբ հայրը լոգարանի հատակին նայելով կորցրած մազերի քանակն էր գնահատում: Տղան փակում էր աչքերը, վերցնում կապույտ սկյուռիկին ու ժպտում:
Աշխարհը, մտածում էր նա, դա կապույտ սկյուռիկն է ու ամեն մի ցավ, ամեն մի իրադարձություն սկյուռիկի շնորհիվ ու պատճառով է: Նա իրեն զգում էր սկյուռիկի միակ սեփականատերը: Աշխարհը, մտածում էր նա, ընդմիշտ իմ ձեռքերում է:
Մի օր մայրը ողնաշարի ուժեղ ցավերից նյարդայնացած՝ տեսնելով հատակին թափված տղայի խաղալիքները հավաքում է ու նետում շենքի դիմացի աղբամանը: Փոքրը մի ամբողջ օր առանց ուշադրության լաց է լինում: Աշխարհը, նրան է հասնում լացից խավարած գլխի մեջ, աշխարհն իմ մայրն աղբամանը նետեց և արդեն աղբամանում է:
Դեպքերն սկսում են ավելի արագ զարգանալ: Սկյուռիկին աղբը նետելուց ուղիղ տաս տարի հետո մայրը մահանում է սարսափելի ցավերի մեջ: Մահվան օրը հայրը անիծում է իր ժառանգաբար փոխանցվող ճաղատացումը ու պատկերացնում այն աշխարհը, որտեղ նա չի ճաղատանում: Մեծ տղային ապտակում է, իմանալով, որ հարևանի հեռախոսը գողացել է՝ ասելով, որ գող կդառնա:
Կարևորը քո պես չդառնամ, քաչալ, գոռում է մեծ տղան ու դուռը հարվածելով փակում, վստահ լինելով որ հորը վիրավորեց առավելագույնս:
Փոքրը այդ պահին մտածում է, որ սկյուռիկին աղբը նետելիս՝ մայրը գուցե որոշել է իր մահվան օրը, իսկ հայրը՝ կորցրել վերջին մազը:
Պատմության մեջ երեք հոգի են մնում: Մեծ տղան ազատազրկվում է տասնութ տարով ու բանտում մեռնում թոքաբորբից, հայրը, ով ապրում է ինսունհինգ տարի՝ հիշելով այն օրը երբ կինն առաջին անգամ նկատում է ճաղատությունը, և փոքրը, ով թույն է ներարկում երակի մեջ՝ գիտակցելով, որ նույնասեռական է:
Դիակը հետազոտելիս՝ դատական բժիշկը ինքնասպան եղածի մեջքի ստորին մասում դաջված կապույտ սկյուռիկ է տեսնում:
Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *