Գործից տուն գալուց նկատում եմ, որ գրպանս ծակվել է, բանալին ընկել ու չգիտես որտեղ կորել է:
Ախք, մտածում եմ, հիմա ես ինչ եմ անելու: Ո՞նց եմ տուն մտնելու:
Գնում եմ փաբում աշխատող ընկերոջս օգնության կանչեմ: Վահանը ամեն տեղ ծանոթ ունի: Սիրուն դեմքին ու հումորով բնավորությանը սիրահարվող աղջիկներն ու տղաները միշտ ինչ-որ բանով պարտք են իրեն: Իջնում եմ Թումանյանի վրա գտնվող իրենց փաբը: Տղաներն ու աղջիկները տարբեր դիրքերով շարված են, ծխում են, խմում են, խոսում են, խոսում են, խոսում են: Վահանը տեսնում է ինձ, ձեռքով անում:
Երազումս քեզ եմ տեսել, ասում է, ի՞նչ կա օգնելու:
Ասում եմ:
Արի այս գիշեր մեր տանը մնա, վաղն առավոտը ազատ օրս է, Արմենին կկանչեմ, դա դե տենց բաներից գլուխ ա հանում, կտանենք, նորմալ կբացի:
Ուրախանում եմ։ Վահանը միշտ օգնում է: Նա ինձ գարեջուր է առաջարկում: Երկու հազար դրամ ունեմ մյուս գրպանումս, այսօրվա համար հերիք է:
Վահանին թողնում եմ, գալիս եմ միանում տղաներին ու աղջիկներին:
Ու գալիս է Արևը: Գալիս է նստում դիմացս նայում ինձ, ժպտում: Ես նրա անունը դեռ չգիտեի: Հազար տարվա ծանոթի պես սկսում է խոսել:
Ես էլ եմ քաքի մեջ, կիսախմած ասում է, Հայկը փաստորեն ուրիշի հետ ա, իսկ ես էսքան ժամանակ իրան հավատում էի:
Ոչինչ, ասում եմ, ես էլ տան բանալիներն եմ կորցրել:
Մնալու տեղ ունե՞ս, հարցնում է:
Հա, ընկերոջս տանն եմ մնալու ու գլխով Վահանի կողմն եմ ցույց տալիս:
Վահանը ծիտ ա, բա չէ, Հայկի պես, ու ծխախոտը վառում է: Անունս Արև ա, ձեռքը մեկնում է։
Ես Հայկն եմ, քաշվելով ասում եմ, սեղմում ձեռքը:
Ծիծաղում է:
Էլի՞ Հայկ, էս ինչ լավ օր ա․․․ բայց դե բան չկա, դու լավն ես ոնց որ, իրա պես չես:
Ես ժպտում եմ: Էլի խոսալու թեմա չկա: Ու միշտ նույն պատմությունն է: Ես մարդկանց հետ քիչ խոսալու թեմաներ եմ ունենում: Հատկապես աղջիկների հետ: Վահանը ամեն անգամ ասում է, որ շատ հարցեր տամ, խոսացնեմ։ Ինքը նույն ձևով է աղջիկներ կպցնում։ Բայց ես Վահանի պես չեմ կարող լինել։
Բա հիմա ինչի՞ց խոսանք, նայում է ինձ, դու հաստատ աղջիկների հետ խնդիրներ կունենաս։
Հա դե, քաշվելով ասում եմ, ես խոսալուց էդքան էլ լավ չեմ։
Էլի ծիծաղում է։
Իսկ տղաների հետ ո՞նց ես, կարո՞ղ ա տղաներն են դուր գալիս։
Չէ, էլի նույնն է, պատասխանում եմ։
Մի պահ դադարում է ժպտալ։
Էդպես սխալ ա, չես կարո՞ւմ մեկին կպցնես, հետը քնես։ Նախկինիս պես։ Ու հեսա իմ պես, ես էլ ուրիշին եմ կպցնելու, որովհետև Հայկին մի քանի օրից կմոռանամ։
Վահանին ձեռքով է անում, որ գարեջուր ուղարկի։ Վահանը գլխով է անում, հասկանում է։
Իսկ մոռանալուն, ինձ պիվեն կօգնի։ Լավ, շատ մի նեղվի, ինձ հիշելով շարունակում է, եթե էդքան շատ ես ուզում, ինձ կպցրու։
Ես կարմրում եմ, Արևը ծիծաղում է։
Լավ, ասում է, արի խաղ խաղանք, եթե հաղթեցիր, գալիս եմ հետդ քնեմ, դու էլ ես ծտոտ։
Ի՞նչ խաղ, անհանգստացած ասում եմ, սիրտս արագ է խփում։
Պարզ խաղ ա, դու տալիս ես քո կիսատ պիվու բաժակը, ես երեք կում եմ անում, ամեն կումի հետ ասում եմ քո գաղտնիքներից մեկը, դու հաստատում ես, ճիշտ եմ ասում, թե չէ, եթե չգտա մեկ միավոր քեզ, եթե գտա՝ ինձ։ Համո՞զ։
Չուզելով գլխով եմ անում։ Բաժակը դժվարությամբ տալիս եմ Արևին։
Դե տուր։ Բայց պիտի անկեղծ լինես: Պետք չի խաբել:
Վերցնում է բաժակը առաջին կումն անում, աչքերը փակում։
Մի երազ կա, դու անընդհատ տեսնում ես, ինչ որ մեծ սև շրջանի մեջ ես, կողքդ տկլոր մարդիկ, բայց առանց մազերի, բոլորի մազերը թափված ա սև շրջանի մեջ։ Ու դու տեսնում ես, թե ոնց են էդ տկլոր մարդիկ իրար վրա պառկում ու լիզում իրար․․․
Չեմ ուզում խաղամ, միջամտում եմ, չի դզում ինձ։ Հա ճիշտ ես, բայց ես էլ չեմ խաղում։
Էդքան շու՞տ, ես գիտեի գոնե մինչև երկրորդը կձգես։ Ծիծաղում է: Չես ուզում հետս քնե՞ս։
Չէ, նեղված շարունակում եմ, չեմ ուզում։
Լավ, ասում է, բայց գարեջրի բաժակիցս երկրորդ կումն է անում, աչքերը փակում։ Արյունը գլխիս է տալիս:
Կում անելուց հետո խլում եմ բաժակը ձեռքից, մի մասը թափվում է սեղանին ու իմ շորերին։
Դու իրականում Վահանին սիրում ես, նայում է ինձ, մեծ սև շրջանի մեջ, երբ որ բոլորը իրար վրա են պառկում, քեզնից մի քիչ հեռու Վահանին ես տեսնում բարի մոտ կանգնած բոլորի պես առանց մազ, տկլոր ու էդ պահին ուզում ես քնես հետը, բայց Վահանը նայում ա իրար վրա պառկած աղջկեքին։
Նայում է ինձ, ես չգիտեմ ինչ ասեմ։
Ճի՞շտ ա։
Ես բան չեմ խոսում։
Հեհ, երկուսից երկուսը ճիշտ։ Ու նայում է ինձ, բաժակը դնում մի կողմ վեր կենում, գալիս նստում կողքս ու սկսում համբուրել ինձ։ Ես իներցիայով շարունակում եմ։ Ձեռքը գցում է վզից, մյուս ձեռքը տանում դեպի մեջքս։ Հետո դադարեցնում է համբուրելը, բերանը մոտեցնում է ականջիս ու ասում՝ գնացինք, երկու ճիշտ պատասխանը հերիք ա ինձ, արի գնանք քնենք։