Մինչև պատմությունը սկսելը պետք է ձեզ մի կարևոր բան հայտնեմ, որ միանգամից անորոշությունը ցրեմ ու երևի հետաքրքրություն առաջացնեմ: Ես վերելակ եմ: Երբ փոքր էի ու դեռ ինչ-որ բարձրահարկում ինձ չէին խցկել, բախտ բացող տատս ինձ սովորեցրեց մարդկանց հետ փոխհարաբերվելու միակ կարևոր կանոնը՝ Եթե ուզում ես քեզ չվնասեն, վախեցրու նրանց: Այնպես արա, որ այդ էակները վախենան փակ վայրերից, որ տեսնեն իրենց, իրենց նմաններին ու խուսափեն քո մեջ երկար մնալուց: Տատս մեռավ երբ երկրաշարժ եղավ: Վթարային շենքում էր, օղորմի իրեն: Իսկ ես մեծացա այն համոզմունքով, որ մարդկանց վախեցնելն ամենաճիշտն է, չնայած այդպես էլ կա: Կառավարության որոշմամբ կրկեսի մոտի 13 հարկանի շենքում նոր վերելակ ավելացրեցին: Դա ես էի: Ինձ խցկեցին չորս պատերի մեջ, ճոպանով կապեցին շարժիչին, ծրագիր տվեցին ու գոհ գնացին, ես երկար երաշխիք ունեմ: Ես կարող եմ մոտավոր ասել թե քանի տարի են իմ առողջական խնդիրները արագ լուծվելու և երբ են ծրագրելու ինձ վերափոխել կամ որ ավելի սարսափելի է փոխարինել: 20 տարի: Իմ նման էժանագին վերելակների համար դա բավարար է: Առաջին օրից տատիս խորհրդով սկսեցի մարդկանց վախացնել: Թվում է թե, վերջ, նորմալ, նոր վերելակ է, հանգիստ շարժվում է, սովետական վերելակներից լավ է: Բայց ոչ, ես հայելում պատկերներ էի բերում, երբ մարդիկ մենակ էին, ես ստիպում էի երկու անծանոթներին մեկը մյուսից անհարմար զգալ, պատահական միացնում էի հովհարը, երբ դրա անհրաժեշտությունը ոչ ոք չէր զգում, դուռը դանդաղ էի փակում, երբ շտապում էին ու վախեցած էին, ուրբաթ օրերին հատուկ մարդկանց դիտմամբ տանում հասցնում էի 13-րդ հարկ: Բայց շատ չէի անում, մարդ ես, կարող է նկատեին: Բայց բիզնես կենտրոնում մի լավ բան կա, բոլորը զբաղված են ու մտքերով խառը: Վերելակից վախեցած դուրս գալիս մարդիկ ամեն ինչի մասին մոռանում էին: Չնայած տատս ասում էր, որ հայելում ցույց տված ուրվականները նրանց բազում գիշերներ երազներում տանջելու են: Բայց դա իմ խնդիրը չէ, քնած ժամանակ նրանք ինձնից հեռու են: Այս երկար նախաբանը նրա համար էր, որ պատկերացնեք իմ վիճակը, երբ աշխատանքիս 78-րդ օրը ես առաջին անգամ խափանվեցի ու իմ մեջ մնաց մի աղջիկ, որից ազատվելու համար չկարողացա հասնել 11-րդ հարկ և 9.5-ում կանգ առա: Աղջիկը հասկացավ, որ խափանվել եմ, մի քանի անգամ սեղմեց օգնության կոճակը զանգեց ինչ որ մարդկանց, լսեցի որ կես ժամից կսարքեն, նա նյարդայնացավ մի պահ, համոզվեց, որ ավելի արագ չի լինի հետո հեռախոսն անջատեց, դրեց պայուսակը ու հենվեց պատիս վրա: Ես միանգամից լարվեցի, նա կես ժամում ինձ կարող է ինձ բազմիցս վնասել: Սկզբում ինչ-որ ձայներ հանեցի, որին նա ոչ մի արձագանք չտվեց, հետո անցա հայելու մեջ պատկերներ ցույց տալուն: Աղջիկը հայելում պատկերներ նկատելիս զարմացավ, դեմքը մոտեցրեց հայելուն ու սկսեց ավելի ուշադիր նայել: Չվախեցավ: Բնավ: Ես ավելի սարսափելի պատկերներ էի ցույց տալիս, մի պահ նույնիսկ նախագահի դեմքը ցույց տվեցի, ով այստեղ էր 10 օր առաջ: Բայց աղջիկն ավելի ու ավելի ուշադիր էր նայում: Մի պահ, ես տեսա նրա աչքերի ուրվագծերը ու սև մազերի փայլը ծայրերի կարմրավուն գույնի հետ խառը: Ես փորձեցի ցույց տալ նրան իմ տեսած այլմոլորակային ֆիլմերից դրվագներ, բայց նա սկսեց ծիծաղել: Ճանաչեց ֆիլմերը, հաստատ: Ես սկսեցի ցույց տալ նրան տատիս ու երկրաշարժը, մորս ցույց տվեցի, ով կառավարության վերելակներից մեկում իր տեղը չի գտնում, հորս, ով ինչ որ գիտահետազոտական ինստիտուտում կիսախարխուլ վիճակում է, նա լարվեց նայեց հայելու մեջ, հետո «հո» արեց հայելու վրա ու հայերենով գրեց «Ես քեզնից չեմ վախենում, արի ծանոթանան»: Հենց այդ պահին նրանք ինձ ստիպողաբար գործի դրեցին ու 10-րդ հարկում դռները բացեցին: Աղջիկը դուրս եկավ ու գնաց: Արդեն 10 օր անցել է իմ 78-րդ աշխատանքային օրից, ես անհամբեր սպասում եմ, գուցե այդ աղջիկը նորից մտնի իմ մեջ: Որովհետև, դե, ինչպես ասեմ, որ սխալ չհնչի: Կարոտել եմ: Պատկերացնում եք չէ՞, վերելակ եմ, աղջկա եմ կարոտում: Տատս կենդանի լիներ, գլուխս կջարդեր: