Skip to content

մոտ

Հեռվից դեմքը աղոտ եմ տեսնում, բայց ճանաչում եմ: Արտաշն է, ժպտում եմ՝ պատկերացնելով որ ինքը իմ դեմքը երևի նորմալ տեսնում է ու կարճատեսություն չունի: Մոտենում է, ձեռքս սեղմում.
Բարև Դավ, լավ ես չէ՞, էսօր գալիս ես չէ՞:
Ոնց չեմ գալիս, հենց դրա համար էլ եկել էի:
 
Արտաշը երեկ ֆեյսբուքով գրում է: Դավ գալի՞ս ես վաղը վեց անց կես գնանք Arcturus փաբ, քեզ ցույց տալու բան ունեմ: Ես սկսում եմ իրեն համոզել, որ ասի թե ինչ է ուզում ցույց տալ, բայց չի համոզվում: Արտաշը անկապ բնավորության գիծ ունի, սիրում է անակնկալներ անել: Ես անկապ բնավորության գիծ ունեմ. տանել չեմ կարում գաղտնիքներն ու խորհրդավորությունը:
 
Հիմա ես կանգնած եմ Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկում, Արտաշը կողքս է։ Շուտով կիմանամ, թե ինչ էր ինձ ուզում ցույց տալ: Ես հավատում եմ, որ դա ինչ-որ նշանակալի բան է, Արտաշն ինքն է ասել՝ անկապ բանի համար ինձ չէր կանչի: 
 
Արտաշը ժպտում է, ձեռքը գցում ուսիս ու տանում Arcturus: Arcturusը Աբովյան-Սայաթ-Նովայից մի փոքր վերև է: Նորաբաց փաբ է, որտեղ ես դեռ չեմ եղել: 
 
Կարո՞ղ ա տանում ես ինձ սպանես, կատակում եմ:
Արտաշն ուղղակի ժպտում է: Հիմա կիմանաս:
 
Սպիտակով սևի վրա մեծատառերով ու ֆուտուրայով գրված է ARCTURUS և նկարած մի աստղ, որը ենթադրաբար հենց Արկտուրն է: Արտաշը բացում է սև ներկված դուռը ու ձեռքով ցույց տալիս՝ առաջինը ես մտնեմ: Ներսում ծուխ է ու կիսախավար: Օրդո Ռոզարիուս Էքվիլիբրիոն երգում է ցեղասպանության անցուղիների, սիրո ու վարդի մասին: Քանի տարի չեմ լսել այս երգը մտածում եմ, Արտաշը հետևից ուսիս խփում է՝ թեքվիր աջ ու ցույց տալիս փոքր սեղանն ու շուրջը դրած սև բարձերը:
Նստիր, հիմա կգամ:
Նստում եմ սև բարձերից մեկի վրա: Կողքերը մարդիկ են, մի մասը շարժվում են, մի մասը նստած են իմ պես: Բայց նրանց դեմքերը անճանաչելի են կիսախավարի ու իմ կարճատեսության պատճառով: Բարմենը ինձ հեռվից տեսնում է ու ձեռքով անում: Էլի համոզված չլինելով ժպտում եմ ու ձեռքով անում: Չգիտեմ ով է նա:
 
Արտաշը մոտենում է ինչ-որ աղջկա հետ: Նոռան է, ասում է, ընկերուհիս: Ծանոթացիր:
 
Երկուսով նստում են դիմացս:
Ես նեղվում եմ, Արտաշը ինձ չէր ասել ուրիշ մարդու ներկայության ու հատկապես իր ընկերուհու մասին: 
Գարեջուր կխմե՞ս, հարցնում է Արտաշն ու առանց պատասխանս լսելու մատուցողից չորս գարեջուր ուզում:
Չորրորդն ո՞վ է, ուզում եմ հարցնել, բայց չեմ խոսում:
Արտաշը ձեռքով նուրբ շոյում է Նոռայի սև ներկած երկար մազերը, հետո չսափրված դեմքը մոտեցնում Նոռային ու համբուրում շուրթերը: Նոռան հաճույքով շարունակում է ու աչքերը փակում:
Ես նայում եմ թե նրանք ինչպես են համբուրվում, նրանց ամեն մի շարժումը, Արտաշի ցանկությունը, Նոռայի ցանկությունը: Օրդո Ռոզարիուսի երգը շարունակվում է: Նյարդայինանում եմ: Գարեջուրը բերում են, Արտաշը համբուրելը դադարեցնում է, վերցնում ու բաժանում մեր միջև. չորրորդը դնում է սեղանի դատարկ ծայրում ու ոչինչ չի ասում: Հետո նայում ինձ, էլի ժպտում, ուզում է ինչ-որ բան ասել, բայց Նոռան ձեռքը բռնում է: Թող ես ասեմ, խզված ու տղամարդկայինին մոտ ձայնով ասում է: Ինչ-որ երկար ծխած ու տարիքով կնոջ ձայն էր, որը ինձ ահավոր հաճելի էր թվում:
 
Դավիթ, հստակ ասում է նա, մի խուսափիր քեզնից: Մի տանջիր քեզ: Մի խաբիր քեզ: Մի խաղա քո հետ: 
 
Ես չեմ կարողանում խոսել:
Ես քեզ չեմ սիրում, բայց գիտեմ թե ինչ է քո ներսում, ասում է Նոռան ու ցույց տալիս վզից կախված ապակե սև կուլոնը: Պետք չէ կիսված մնալ: Պետք չի քեզ տանջել: 
Կանգնում է, մոտենում ինձ: Ես հետ եմ գնում ու լարվում:
Մի վախենա: Շարունակում է իր խզված ձայնով: Մոտենում է, բռնում լարված ու համարյա դողացող ձեռքս: Մի վախենա: Մի անգամ էլ է ասում ու նայում աչքերիս մեջ: Բռնիր կուլոնը: Ու ձեռքս տանում է դեպի կուլոնը: Ես բռնում եմ սև սառը կուլոնը: 
Բռնելիս զգում եմ ամբողջ մարմնովս անցնող անտանելի դողը, անկառավարելի դողից սկսում եմ շարժվել ու ատամներս կրճտացնել: Փորձում եմ զսպեմ դողս, չեմ կարողանում: Փորձում եմ բաց թողնել կուլոնը՝ չեմ կարողանում: 
Մի խուսափիր քեզնից: Մի տանջիր քեզ: Մի խաբիր քեզ: Մի խաղա քո հետ: Լսում եմ Նոռայի ձայնը չգիտես որտեղից ու չեմ կարողանում նրան տեսնել: Նոռան չգիտես որտեղից եղունգները համարյա մտցնելով մաշկիս մեջ գլուխս բռնում է ու թեքում աջ: Ես տեսնում եմ ինձ նստած սեղանի այն կողմում, որտեղ չորրորդ գարեջուրն է: Ոչ այնպես ինչպես պատկերացնում եմ ինձ հայելում նայելիս, ոչ այնպես ինչպես տեսնում եմ ֆեյսբուքի նկարներում: Կողքս Արտաշն է նստած: Արտաշը ձեռքը դնում է վզիս, մյուսով բռնում գլուխս, չսափրված դեմքը մոտեցնում ինձ ու համբուրում շրթունքներս: Ես դողալով նայում եմ, թե  չորրորդ գարեջրի մոտ նստածը, ով էլի ես եմ, ինչքան հեշտությամբ է պատասխանում Արտաշի համբույրներին: Նոռան ձեռքս պինդ բռնած ու եղունգները համարյա մաշկիս մեջ համբուրում է շրթունքներս: Մի վախեցիր, ասում է: Բայց ես ոչինչ չեմ զգում:
Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *