Դավ, ես պետք է գնամ, աղմկոտ երաժշտության մեջ գոռում եմ ականջի մոտ, ոչինչ չհասկացող դեմքով նայում է ինձ, հետո հարցնում՝ բայց ինչի՞, իսկ ես առանց պատասխանելու թողնում եմ փաբն ու դուրս գալիս: Չեմ մոռանում վերցնել պայուսակս, որը դրել էի սեղանին: Փող չեմ թողնում, որովհետև ոչինչ չէի պատվիրել:
Փաբի տոթից հետո սառը օդը այնքա՜ն հաճելի էր: Սառը օդն ու աստղերով գիշերը:
Արագ-արագ սկսում եմ քայլել. ականջակալները ականջիս, ինձ անընդհատ թվում է թե Դավիթը հետևիցս գալիս է: Բայց դա այդպես չէ:
Տիգրան Մեծով պետք է քայլեմ մինչև Տերյան, հետո աջ մայթի շենքերից մեկը բարձրանամ աստիճաններով, քանի որ վերելակ չկա ու էլի կանգնեմ արդեն մաշված, հին փայտե դռան մոտ:
Բակում լիքը շներ կան, հաչում են վրաս, վախենում եմ, բայց գնում եմ առաջ, մեր բակի շները երբեք չեն հարձակվում ու ինձնից ավելի վախկոտ են: Դուռը բացում եմ, միջանցքի լույսը վառում, շպրտում պայուսակս ու կոշիկներս մի կողմ ու վազում զուգարան: Հետո հայելու մոտ կանգնում եմ նայում հայելու մեջ:
Վաղը հաստատ գնում եմ Մարթայի մոտ, հաստատ գնում եմ:
Մարթան էլ ընկերուհիս չէ: Մարթան վաղուց ոչ մեկի ընկերուհին չէ: Մարթան քնում է տղաների, ավելի հաճախ աղջիկների հետ. երբ նայում եմ նրան, ինձ թվում է, թե իմ հետ էլ է քնել, որը այդպես չէ, իհարկե: Նա բոլորից տարածություն է պահում: Նրա շուրջը ինչ-որ անտեսանելի ու անթափանց վարագույր կա: Մարթան ապրում է քաղաքի ծայրամասում: Նրան հասնելու համար նստում եմ 62-րդ միկրոավտոբուսը ու սպասում քառասուներկու րոպե: Շատ երկար քայլել պետք չէ, շատ հարկեր բարձրանալ՝ նույնպես: Թակում եմ դուռը, լսում եմ ինչպես է մոտենում, դուռը բացում:
Ինչի՞ ես եկել, հարցնում է, առանց բարևելու:
Մարթա, բարև, խնդրում եմ, օգնիր ինձ:
Ի՞նչ է եղել, որ, անտարբեր դեմքով, համարյա ձանձրույթի հասնող ձայնով հարցնում է:
Եկել եմ վերջին կոճակն ուզեմ:
Մարի, դու գիտես, որ չես հաջողացնելու, որ էլի վերջին պահին ետ ես գնալու, նույն հանգիստ ձայնով շարունակում է: Դու գիտես, որ սա վերջին խոստացած կոճակն է: Սա քո վերջին հնարավորությունն է, քանի որ ես էլ քեզ չեմ օգնելու:
Գիտեմ, ասում եմ ու լռում. չեմ կարողանում ուրիշ ինչ որ բան ասել:
Լավ, Մարթան գլխով է անում, լավ, ոնց ուզես: Վերջին հաշվով ինձ համար մեկ է, հիմա, մեկ ամիս հետո, թե մեկ տարուց: Սա իմ վերջին խոստացած բանն է:
Ու շրջվում է, գնում դեպի իր սենյակը: Եթե դուռը չի փակում դեմքիդ, ուրեմն քեզ ներս է հրավիրում: Ես հետևում եմ նրան, նստում մահճակալի կողքի բազկաթոռին:
Մարթան դարակից ինչ որ թելեր է հանում:
Վերջին անգամը սև և երկնագույն թելերով պետք է լինի, ասում է: Սև ու երկնագույն թելերը իրար վրա է փաթաթում, հետո թելերը առանց ինչ որ օրինաչափության անցկացնում կոճակի մեջ: Թելերի ծայրերը միացնում է իրար, ինչ որ վզնոցի պես մի բան է ստանում, որի կենտրոնում կոճակն է:
Նա ամեն անգամ կոճակ փոխանցելը հատուկ ձևով է անում: Ջրի, կիտրոնի հյութի, կարմիր պղպեղի լուծույթով օծելով, այն սևացնելով ինչ որ տարօրինակ մոմերի բոցի վրա, ցեխի մեջ մտցնելով ու հետո դնելով մազերիս վրա… ամեն անգամ ինձ թվում է, թե սա կատակի նմանվող դերասանություն է: Բայց Մարթան չի կատակում, կոճակն ամեն անգամ գործում է ինչպես որ խոստացված է:
Նստիր մահճակալի վրա իմ դիմաց, ասում է, բարձրանում մահճակալի վրա ու ծալապատիկ նստում: Կոշիկներս հանում եմ ու նույն դիրքով նստում դիմացը:
Հիմա փակիր աչքերդ, ասում է: Գլուխդ կպցրու իմ գլխիս:
Սև ու երկնագույն թելով օղակը գցում է երկուսիս վզին, զգում եմ որ կոճակը կրծքիս մոտ տատանվում է:
Մարթան իր նույն անտարբեր ձայնով սկսում է խոսել: Գիտեմ, միջամտել, ծիծաղել, ոչինչ անել չի կարելի:
Որորը ծովում բանալին ստվերում,
զանգում են քեզ մթում. ձայնը լուսավորում է,
անիծում են քեզ պահերը, բայց ջուրը բուժում է,
Պլուտոնը, վերջին խոստումի մռայլությունը,
որորը կանչում է, բանալին սկսում է լուծվել,
թող վերջին խոստումը, հինգերորդը,
պահիր ջրահարսի վերջին մազերը,
որոնք երկնագույն են,
պահիր ջրահարսի վերջին մազերը,
որոնք մեր պարանոցին են.
որորը ծովում, կոճակը որորի կտուցում է:
Ավարտելուց հետո մի պահ լռում է, հետո ձեռքերով բռնում ու ուղղում դեմքս, չբացես աչքերդ, մի անգամ էլ է ասում ու համբուրում շրթունքներս: Համբուրում է այնքան կրքոտ, որ ինձ թվում է, թե Մարթան իրոք իմ հետ քնել է: Հետո վզնոցը հանում է ու դնում ձեռքիս մեջ:
Աչքերդ կարող ես բացել, ասում է: Սա վերջին խոստումս էր:
Երբ Մարթան սկսում է ոչինչ չխոսել, պետք է գնալ, նա չի շտապեցնում, բայց կարող է ներկայությունդ անտանելի դարձնել իր լռությամբ ու անտարբերությամբ:
Մերսի, Մարթ, ասում եմ դուրս գալիս:
Մարթան ոչինչ չի խոսում: 62 համարը նորմայից կարծես ավելի դանդաղ է գնում: Դա բնական է, քանի որ շտապում եմ:
Արկղը պահարանի ներքևի մասում է: Այն ինչպես միշտ դատարկ է:
Բերում եմ, դնում ննջասենյակի ծայրում՝ պատի տակ, սենյակի կենտրոնում դնում եմ աթոռը, որի վրա պետք է նստեմ: Արդեն հինգերորդ անգամն եմ անում, ամեն ինչ ավելի հեշտ է թվում: Հետո կոճակը գցում եմ դատարկ արկղի մեջ ու նստում աթոռի վրա: Շուտով արկղը կսկսի մեծանալ: Սիրտս սկսում է արագ բաբախել: Զգում եմ, որ արկղն սկսվում է թեթևակի շարժվել: Սկզբում այն ավելի շատ երկարում է՝ հասնելով առաստաղին. այսպես միշտ է եղել: Մարթան ասում էր, որ աչքերը փակել չի կարելի: Եթե փակես աչքերդ ու չնայես թե ինչպես է արկղը մեծանում, այն պարզապես կսկի նորից փոքրանալ: Իսկ սա վերջին հնարավորությունն է: Արկղը կպչում է առաստաղին: Հիմա այն սկսում է լայնանալ ու մոտենալ ինձ՝ ճանապարհի առարկաները հետզհետե կլանելով: Առաջին անգամ սարսափելի էր տեսնել, թե ինչպես ստվարաթղթե սովորական արկղը կարող է առանց պատռվելու ստվերի պես իրերը կլանել իր մեջ: Բայց սարսափելի բաներին հարմարվելն այդքան էլ դժվար չէ: Արկղը համարյա ոտքերիս մոտ է, սկսում է ամենադժվար պահը: Երբ արկղն սկսի քեզ կլանել, աշխատի չշարժվել, ոչ մի կտրուկ խուսափողական շարժում: Եթե շարժվես արկղը կսկսի արագ փոքրանալ: Ես ատամներս սեղմած սպասում եմ, որովհետև չորս անգամ չեմ դիմացել ու շարժվել եմ, փախել, իսկ սա հինգերորդն է ու վերջինը: Արկղը համարյա դեմքիս մոտ է, ուշադիր նայում եմ. ձեռքերս սկսում են թեթևակի դողալ:
Պետք է դիմանամ, ասում եմ մտքումս: Արկղը կլանում է ինձ:
Արկղի ներսում սև է: Հատակին ինչ որ մանր առարկաներ են: Ձեռքս տանում եմ, շոշափում. կոճակներ են: Կանգնում եմ կոճակների մեջ և դժվարությամբ մի քանի քայլ անում, սպասում եմ մինչև աչքերս մթությանը կհարմարվեն, բայց չեն հարմարվում, ամեն տեղ մութ է: Սկսում եմ առաջ գնալ, դիմացը պետք է որ ննջասենյակի պատը լինի: Տաս քայլից հետո պատը դեռ չկա ու երևի չի էլ լինի: Մի տեսակ հանգիստ եմ: Մարթան, իհարկե, չի պատմել, թե ինչ է լինում, երբ արկղը կլանում է, որովհետև երևի ինքն էլ չգիտեր, բայց ես հիմա համոզված եմ, որ արկղի ներսում ոչ մի վատ բան լինել չի կարող: Պառկում եմ կոճակների վրա, աչքերս փակում:
Թեթև քամի եմ զգում ու լուսավորություն: Աչքերս բացում եմ, աստղերով երկինք է ու լուսին, ինչ-որ դաշտում եմ: Զգում եմ մեկը կողքս է, գլուխս թեքում եմ՝ Դավիթն է, երկուսով ենք փաստորեն, նա նայում է ինձ ու ժպտում: Դավիթը ձեռքս բռնում է:
Դավ, հիշո՞ւմ ես Մարթային: Երկար լռելուց հետո խզված ձայնով հարցնում եմ ու կոկորդս մաքրում:
Մանկությանդ ընկերուհու՞ն, էն տարօրինակ աղջիկա՞ն: Կիսակատակ պատասխանում է Դավը:
Հա, ասում եմ, տասնհինգ տարեկանում իրա հետ արկղում մողեսներ էինք պահում:
Դավիթը ծիծաղում է:
Մար, ասում է, գալի՞ս ես վաղը գնանք փափուկ բամբակ ուտենք, հետո շրջվում է դեմքով դեպի ինձ ու մյուս ձեռքով շոյում այտս:
*—*