Skip to content

փայլ

Մարիամին այլևս չեմ հանդիպի՝ նրա ոսկեգույն մազերն ու ծովի պես կապույտ աչքերը։
֊֊֊
Ամեն ինչ սկսվեց, երբ մի օր աշխատանքից դուրս գալուց գրասենյակի դիմաց տեսա նրան ծխելիս։ Մարիամն ուշադիր նայեց ինձ, սիգարետ մեկնեց ու հարցրեց. «Կծխե՞ս հետս»: Ես նստեցի կողքը, սկսեցի ծխել: Նա սկսեց ծիծաղել շրթներկիցս կարմրացող ծխախոտի ֆիլտրի վրա, հետո ձեռքով շոշափեց մազերս:

Երեկ նա ինձ նամակ գրեց ու ասաց, որ ապրեմ առանց նրա: Ես չեմ ուզում Մարիամին վատ հիշել. այն պահերը, երբ մենք միասին էինք ամենաերջանիկն էին: Բայց այն պահին, երբ կարդացի Մարիամի գրածը, ինձ թվաց, թե ինձ անիծել են:

Ես սկսեցի մի քանի օր մտածել անեծքի մասին, շուրջը կատարվող ամեն ինչ անեծքի արգասիքներն էին: Հինգերորդ օրը ընկերներիցս մեկը իրեն գցեց Հրազդանի կամուրջից: «Անեծքը հաստատվում է», ինչ-որ մեկը ասաց ներսիցս: Երբ Արմենը ինքնասպան եղավ, գիշերվա երեքին գնացի այն սրճարանը, որտեղ սովորաբար նստում էր ու գիրք կարդում. դրա մասին բոլորը գիտեին ու բոլորը եկել էին: Սոնայի հետ ծխելիս` պատմեցի անեծքի մասին: Սոնան նայեց արցունքոտված աչքերիս, տեսավ աչքերիս ստվերները. «Պետք է ինչ-որ բան անել, որ անեծքը կորչի. մաման ասում էր, որ եթե ուզում ես անեծքը կորչի, պետք է բոլորն իմանան դրա մասին: Պետք է այնպես անես, որ քաղաքն իմանա քո ցավի մասին»: Այդ գիշեր ես չքնեցի, Սոնայի ասածներն ու անեծքը շրջանի պես պտտվում էին գլխումս: «Պետք է ինչ-որ լուծում լինի», մտածում էի:

Մյուս օրը Շաղիկի հետ գրության կաղապարը սարքեցինք: Հաստ ստվարաթղթի վրա դրեցի տպած տառերը, թղթի դանակով զգուշորեն տառերի անցքերն արեցի: Վեցերորդ օրվա գիշերը, երբ բոլորը քնած էին Շաղիկն ու ես դեմքներս սև շորերով ծածկված դուրս եկանք փողոց ու քաղաքի տարբեր հատվածների պատերին սև ներկով դաջեցինք այն, ինչ սրտումս էր: Շաղիկը պահում էր կաղապարը, իսկ ես փչում էի սև ներկը: Ինձ թվում էր, թե ներկը իմ արյունն է: Վերջին գրությունը թողեցինք այն սրճարանի պատին, որտեղ Արմենը գիրք էր կարդում: Յոթերորդ օրը հազարավոր մարդիկ Երևանի պատերին կարդացին այն, ինչ սրտումս էր. «Մենք անօգնական մեռնում ենք հատակի խճաքարերին», գրված էր Երևանի պատերին:

Բայց անեծքը չանհետացավ. ութերորդ օրվա առավոտյան եղբորս կինը զանգեց ու լացելով ասաց, որ եղբայրս երկրորդ ընտանիք ունի: «Նրա երկրորդ կինը ոսկեգույն մազեր ունի», ասաց Գայանեն, «…չգիտեմ ինչ անեմ» ու ալևս չկարողացավ խոսել: Ես շարունակեցի անեծքը սպանելու միջոցներ փնտրել: Հարցնում էի ընկերներիս, տունը տակնուվրա էի անում, գիշերները չէի կարողանում քնել: Տասնմեկերորդ օրվա կեսօրին գրասենյակ եկավ Արտյոմն ու ասաց, որ լսել է անեծքի մասին:

«Թուղթ ու գիր են արել», պնդում էր Արտյոմը, «ես կարող եմ ձևափոխել այն, որ վնաս չպատճառի, շատ եմ արել»: Տեսա, թե ինչպես են Արտյոմի ակնոցների ապակիները քրտնում ու հավատացի: Արտյոմը սենյակի լույսերն անջատեց, սև մոմեր վառեց: Նստեցինք դեմ դիմաց, նա բուրավետ յուղ կաթացրեց ափերիս մեջ, բռնեց ձեռքերս, հայացքն ուղղեց ծնկներին դրված մկրատին ու շշնջալով արտասանեց.

Այն, ինչ անիծված է, մեր հոգում է,
Այն անեծքը, որ քաղաքի պատերին է,
Մեր հոգին է,
Թույլ տուր փոխեմ այն,
Տանեմ դեպի երկրի արգանդը,
Թույլ տուր, որ ստվերների սերը,
Երբեք չտեսնի հատակը,
Որ ցավ չպատճառի այլևս,
Թույլ տուր համբուրեմ անեծքը,
Եվ կտրեմ այն, ինչպես մկրատն է կտրելու,
Նրա մազերը սև:

Ապա վերցրեց մկրատը ու մի փունջ մազ կտրեց առջևի մազերիցս: Հետո փունջը մոտեցրեց սև մոմերից մեկին ու այրեց: Սենյակում տարածվեց խանձված մազերը անդուր հոտը: Ինձ թվաց, խանձված մազերի հոտը իմ հոգին է:

Արտյոմն անմիջապես հրաժեշտ տվեց, համբուրեց աջ այտս ու ասաց, որ անեծքը ձևափոխվել է, այն այլևս իմ ներսում չէ:

Տասնչորսերորդ օրը, երբ տանը անկողնում մենակ պառկած էի, քույրս եկավ տուն ու պատմեց մորս հիվանդության մասին: «Մաման արդեն հինգ ամիս է արյունահոսում է», ասաց, «նրա արգանդը դանդաղ իջնում է, իսկ նա ոչինչ չի խոսում. երեկ ստիպելով հիվանդանոց տարա՝ բժիշկը զննեց: Պատկերացնո՞ւմ ես, հինգ ամիս ցավերի մեջ տանջվել է ու ոչինչ չի խոսել, ոչինչ»: Ես հազիվ էի զսպում արցունքներս: Չէի կարողանում պատկերացնել: Չէի ուզում հավատալ, որ այն օրերին, երբ ես հեռախոսով նրա վրա գոռում էի ու ասում, որ ինձ հանգիստ թողնի, մաման ցավերի մեջ տառապում էր ու ինձ ոչինչ չէր ասում: Չէի ուզում հավատալ: «Մամայի արգանդը պետք է շտապ վիրահատել», ասաց քույրս ու ինձից ավելի շուտ սկսեց լաց լինել: Այդ պահին, ինձ թվաց, թե իմ մազերը արնագույն են դարձել:

Տասնվեցերորդ օրվա գիշերը, երբ արդեն քաղաքի բոլոր տեղերից, բացի սրճարանի պատից ջնջել էին իմ ու Շաղիկի դաջած գրությունը, Արսենը մեռավ քնած ժամանակ: Ֆեյսբուքում Արսենի հետ մեր խոսակցությունը բացեցի. վերջին նամակին չէի պատասխանել: Նա ուղարկել էր ինչ-որ երգի բառեր.

Դու ուղղակի մի շող ես,
Այնքան անօգնական, այս արևի տակ
Ոչ ոք չի ճանաչի քո փայլը,
Փորձիր, փորձիր, ավելի շատ,
Նրանք ասում են,
Փորձիր:

Եվ ես մտածեցի, որ պետք է ամեն գնով շարունակեմ փորձել: Տասնիններորդ օրվա առավոտյան ավտոբուսում հանդիպեցի Ռուբենին: Ես նրան երբեք չէի տեսել. ոսկեգույն մազերով այդ տղան ուշադիր նայում էր ինձ, նայում էր արցունքներից կարմրած աչքերիս, դողացող ձեռքերիս, մեծ պայուսակիս ու ժպտում էր: Մենք նույն կանգառում իջանք, նա ետևից հասավ ինձ, ձեռքը դրեց ուսիս ու ասաց. «Ես Ռուբենն եմ, մենք պետք է խոսենք»: Ես ծանոթանալու ոչ մի ցանկություն չունեի, պատասխանեցի, որ հեռու մնա: «Դու չես հասկանում», շարունակեց նա, «քո ներսում ցավ է, ես կարող եմ օգնել»: Ես քայլերս դանդաղեցրեցի: «Ես կարող եմ այդ ցավը հանել հոգուցդ»: Ես կանգնեցի ու նայեցի նրա կապույտ աչքերին: «Ընդամենը երեք տառոյի քարտ, խնդրում եմ»: Ու ես հանձնվեցի: Մենք նստեցինք սիրահարների այգում, Ռուբենը պայուսակից հանեց տառոյի քարտերը, խառնեց, հետո մեկնեց ինձ. «Աչքերդ փակի, խառնի այնքան մինչև զգաս, որ հերիք է, հետո հանի երեք քարտ»: Ես խառնեցի: Ու հանեցի երեք քարտ:

«Սա սրերի թագուհին է, որը դու ես: Աստղը, որը երկրորդ քարտն է՝ քո անսահման հույսն է, որը չի մարում: Իսկ երրորդը՝ կախված մարդն է, որն էլի դու ես: Կախված մարդը քեզ ասում է, որ ոչ մի անեծք էլ չկա. այն սպանելու քո ջանքերը զուր են: Դու փորձում ես սպանել գոյություն չունեցող մի բան: Դու անիծված չես, քո բոլոր տառապանքները նրա համար են, որ դու լուսավորվես: Դրանք քեզ ցավ են պատճառում, բայց տառապանքներն են, որ քեզ լուսավորում են»:

Նա համբուրեց կախված մարդուն ու տվեց ինձ. «Սա քո քարտն է, այն պետք է միշտ քո հետ մնա»: Ես կախված մարդուն դրեցի պայուսակիս մեջ ու անորոշ քայլերով գնացի գրասենյակ:

Օրվա ընթացքում ես այլևս ոչինչ չզգացի: Ինձ թվում էր, թե իմ շուրջը գտնվող գործընկերներս գոյություն չունեին: Երեկոյան տուն վերադառնալու համար գնացի Բաղրամյանի վրայի կանգառը ու սկսեցի սպասել ավտոբուսին: Ավտոբուսները միշտ լիքն էին, մարդիկ կանգառում խմբերով կանգնած՝ հարձակվում էին դեռ չկանգնած ավտոբուսի վրա ու իրար հրելով խցկվում լիքը ավտոբուսների մեջ: Մարդիկ շարժվում էին ու խցկվում ավտոբուսների մեջ: Հրում էին իրար, աղմկում, նորից գալիս, նորից հրմշտելով խցկվում ավտոբուսների մեջ: Մարդիկ շատ էին ու անհավատալի ճնշող: Մարդիկ ճնշում էին ինձ, ես չէի հասնում նույնիսկ կանգնեմ ու մոտենամ ավտոբուսին: Ես զգում էի, որ ահավոր լարվում եմ այդ ամեն ինչից: Ինձ թվում էր, թե հազարավոր մարդիկ իմ ներսում են: Ինձ թվում էր, թե հազարով մարդիկ իմ ցավն են: Ինձ թվում էր, թե աշխարհի ցավը իմ ներսում է:

Հենց այդ պահին էր, որ հանկարծ ոտքի կանգնեցի. կանգնեցի այնքան հպարտ, որ երբեք դեռ չէի եղել: Ես հպարտորեն կանգնեցի, ամուր սեղմեցի բռունցքներս, մաքրեցի կոկորդս ու որքան ուժ ունեի գոռացի.

«Անասուններ», գոռացի, «քունեմ ձեր լավի բերանը», գոռացի, «ձեր պատճառով Մարիամն այլևս իմ կողքին չէ ու ես չէի կարողանում նրա մոտ գնալ, ձեր պատճառով իմ ընկերները մեռնում են ու ոչինչ նրանց չի փրկում: Որ իմ ընկերները հեռանում են ու ոչինչ նրանց չի փրկում: Ոչինչ չի փրկում մեզ, որովհետև դուք օրուարև չեք տալիս մեզ, չեք թողնում շնչենք»:

Ես առանց դադարի գոռում էի ու չէի նկատել, որ մազերս կամաց լուսավորվում են ու ոսկեգույն դառնում: Որ ձայնս անհավատալի բարձր էր դարձել, այնքան, որ փողոցի բոլոր մարդիկ ցավից ականջները փակել էին: Ես նկատեցի, թե ինչպես են նրանք ականջները փակած կծկվել փողոցի վրա: Ես տեսա, թե ինչպես են իմ ձայնից փշրվել Բաղրամյանի շենքերի ապակիները ու ինձ թվաց, որ այդ պահին դողացել են նաև Մարիամի տան պատուհանի ապակիները: