Skip to content

ճգնաժամ

Շաղիկի ծննդյան փարթիին իրենց տուն եմ հրավիրված: Մեր ընդհանուր ծանոթներից էլի մարդիկ են գնալու: Փորձում եմ սիրուն շորեր հագնել, խանութներում երկար փնտրելուց հետո ինչ-որ թռչուններով նկարազարդման գիրք եմ նվեր առնում ու գնում Օպերայի Բաղրամյանի վրայի կանգառը, որտեղից բոլորով պետք է գնանք Շաղիկենց տուն՝ Կոմիտասի վրա:
***
Դռնից վերջինն եմ մտնում ու կիսախավար տանն առաջինը զգում դարչինի հոտը: Բոլորը հերթականությամբ մոտենում են Շաղիկին, նվերները տալիս, գրկում, Շաղիկը նվերները մանրամասն նայում է ու ուրախանում: Հերթը իմն է, մոտենում եմ նկարազարդման գիրքը տալիս եմ, գրկում եմ:
Քեզ կարոտել էի, ասում է, իսկ նկարազարդման գրքեր ես շատ եմ սիրում, հիշում եմ, որ հինգ տարի առաջ մաման մի հատ առել էր, բայց ես բոլոր նկարները միագույն էի ներկել:
Հետո արդեն սկսում ենք առանց որևէ օրինաչափության տեղավորվել ամենամեծ սենյակում, որտեղ սեղանին խմիչք ու չիփսանման ուտելիք էր շարած, Շաղիկը գալիս է կենտրոնում կանգնում ու հայտարարում:
Դուք արդեն ազատ եք: Խմեք, շփվեք իրար հետ, համբուրվեք, եթե ուզում եք, ուրախացեք: Ծնողներս այսօր տուն չեն գալու, եթե շատ խմեք, կարող եք տանը գիշերել: Թող սկսվի տոնախմբությունը:
Ասելուց հետո, շրջվում է ու ոչ վստահ գնում կարմիր մազերով տղայի մոտ: Նայում եմ Լուսին, հայացքով հասկացնում եմ, որ Շաղիկի հավանած տղան է: Լուսը հասկանում է:
Հետո սկսում ենք խմել ու ուրախանալ: Ես ինչպես միշտ շատ եմ խմում, պարում եմ այնքան, որ դարչինի հոտի փոխարեն քրտնքի ու ալկոհոլի հոտն եմ զգում միայն:

Զուգարանից ետ գալուց աչքս ընկնում է դիմացի ննջասենյակում կախված քարտեզների վրա: Մտնում եմ սենյակ նայում քարտեզներին, հետո շրջվում ու տեսնում աջ պատին կախված մեծ հայելին, հետո ինձ՝ հայելու մեջ: Ուշադիր նայում եմ աչքերիս մեջ, հետո մազերիս ու իմ կարծիքով սիրուն շորերիս, ժպտում եմ, հետո կնճռոտվում, ուզում եմ հասկանամ, թե արդյոք գրավիչ եմ: Երբ նորից աչքերս ուղղում եմ իմ աչքերին, հասկանում եմ, որ հայելու մեջ ուրիշ մեկն է:
Նա սկսում է ժպտալ առանց իմ ժպտալու, թեթև խոնարհում է գլուխը, հետո հայացքը հառում վզիցս կախած կուլոնին, որը հինգ տարի է չեմ հանում: Ես վախենում եմ, բայց շարունակում եմ նայել նրան, ով հայելու մեջ է, իսկ նա հայացքը չի թեքում:
Մի քանի րոպե իրեն զննելուց հետո նկատում եմ, որ մեր միջև միակ տարբերությունը աջ ձեռքին գցած օձին նմանվող արծաթագույն ապարանջանն է:
Ես սկսում եմ ձեռքով անել, գլուխս աջ ու ձախ թեքել, բայց քանի որ նա իմ ոչ մի շարժմանը չի արձագանքում ու ինձ մի պահ թվում է, թե այս ամենը շատ խմածության արդյունքն է, սկսում եմ դանդաղ շրջվել ու սենյակից պատրաստվում դուրս գալ:
Հեյ, գոռում է նա, մի գնա:
Ես նորից նայում եմ նրան:
Դու երբեք չես տեսնի քո արտացոլանքը, ասում է, դու երբեք չես փոխվի:
Ես ուզում եմ ինչ-որ բան պատասխանել, բայց այդ պահին սենյակ է մտնում Լուսը, ձեռքիցս բռնում ու տանում դեպի հյուրասենյակ:
Ես էլ քեզ էի ման գալիս, ասում է, արի պարենք, որովհետև շուտով գնալու եմ:
Մինչև գնալը ուզում եմ վերջին անգամ մտնել սենյակ ու նայել հայելու մեջ, բայց զուգարանի դիմաց կուտակված հերթն ու ննջասենյակում քնած մարդիկ խանգարում են:
Հաջորդ անգամ, մտածում եմ:
Լուսը բացում է մուտքի դուռը:
Պոկա, Շաղ, ասում եմ:
***
Հաջորդ օրերին տեղս չեմ գտնում: Սկսում եմ խոսել Շաղիկի հետ ու ինչ-որ եղանակներ գտնել նորից նրանց տուն գնալու համար: Չի ստացվում, Շաղիկի ծնողները միշտ տանն են, Շաղիկը այդքան էլ հյուրընկալ չէ: Չեմ կարողանում նրան ասել իրականությունը, որովհետև ինքս էլ չեմ հավատում, որ այդպիսի բան է եղել:
Տասնհինգ օր անհաջող փորձերից հետո վերջապես համարձակություն եմ ունենում Շաղիկին ասեմ ճշմարտությունը, իմ տեսածը, հայելին նորից տեսնելու հսկայական ցանկությունը:
Ո՞ր հայելին, հարցնում է, ննջասենյակում կախվա՞ծը:
Հաստատելուց հետո, մի պահ դադար է տալիս, հետո ասում:
Դրա անունը ճգնաժամների հայելի է ու նորմալ է, որ ինչ-որ բաներ ես տեսել, լիքը մարդ ինչ-որ տարօրինակ բաներ է տեսել, բայց ես ոչ մի բան չեմ տեսնում բացի ինձնից: Կարաս վաղը կեսօրին գաս, մերոնք գնալու են մորքուրենց տուն, մի քանի ժամ տանը մենակ եմ:
***
Շաղիկենց տնից էլի դարչինի հոտ է գալիս, բայց այս անգամ տունը շատ լուսավոր է: Մտնում եմ, բարևում Շաղիկին, սկսում եմ խոսել հետը, բայց Շաղիկը ամեն ինչ հասկանում է:
Հետո կխոսանք, ասում է, արի դու հայելուն նայիր, որ հանգստանաս:
Ննջասենյակ մտնելիս մի պահ տատանվում եմ ու դանդաղեցնում քայլերս, Շաղիկը ինձ մենակ է թողնում: Նայում եմ հայելու մեջ՝ աչքերիս, զգում, որ դրանք իմը չեն, հետո նայում աջ ձեռքիս ու տեսնում օձից ապարանջանը:
Հայելու մեջից նա էլի գլխով է անում ու չսպասելով ինձ խոսում.
Դավիթ, դու երբեք չես տեսնի քո արտացոլանքը, դու երբեք չես լինի նա, ով ուզում ես: Դու չես փոխվում, չնայած որ կարապների շարժումը վաղուց արդեն նույնը չէ: Դու չունես քո արտացոլանքը, այն, ինչ որ պետք է քեզ երջանկացներ՝ դժբախտացնում է: Թույլ տուր օգնեմ քեզ, լինեմ նա, ում միշտ երազել ես տեսնել քո փոխարեն:
Հետո հայելու վրա է դնում աջ ձեռքը:
Դիր ձեռքդ իմ պարզած ափի վրա:
Ես առանց կասկածելու ձեռքս հպում եմ նրա ափին:
Թող կենդանանա օձը, արտասանում է նա, ով հայելու մեջ է:
Տեսնում եմ, թե ինչպես է օձով ապարանջանը կենդանանում ու սողալով նրա ձեռքի վրայով հայելին հատելով փաթաթվում իմ ձեռքին:
Ճգնաժամների հայելու մեջ տեսնում եմ թե ինչպես նա, ով ես չեմ, դուրս է գալիս սենյակից, կանչում Շաղիկին ու նրա հետ խոսալով միջանցքով հեռանում տեսադաշտից:
Ես հիմա իմ արտացոլանքն եմ, ասում եմ մտքումս, ես նա եմ, ում միշտ երազել եմ տեսնել իմ փոխարեն: