նորից
փորձում եմ սկսել նորից
Երդվում եմ արդեն քանի ժամ է տանջվում եմ։ Մի քանի ժամ կայքի վրա էլի տառապեցի, ինչ-որ բաներ փորձեցի, չստացվեց, նորից փորձեցի՝ չստացվեց, քանի օր է փորձում եմ՝ չի ստացվում, չեմ կարողանում ընդունել, որ չի ստացվում, չեմ կարողանում ընդունել, որ նոր մի բան սարքել պետք չէ, հին օրագիրն էլ կարող է աշխատել։
Չեմ ընդունում, չեմ ընդունում, չեմ հաշտվում։ Անցյալին վերադառնալը շատ բարդ է, անցյալի կիսատ բաները ընդունելը բարդ է, անցյալի ամեն ինչը կրկնելը բարդ է։ Հայացքներ չեմ ուզում նետեմ, հայացքս չեմ ուզում որսամ հայելում։
Արդեն քանի տարի է՝ այսպես է։ Ինքնամեկուսացման օրերից մինչ օրս անընդատ փորձում եմ խուսափել։
Հիմա մտքերս շատ ցրված են, որովհետև տպավորություն ունեմ, թե շատ գրելու բան կա, բայց երբ փորձում եմ՝ մտքերն անհետանում են։
Սկսեմ ամենասկզբից։
Այսօր մարիօն իր բլոգում գրառում էր արել ցավի մասին։ Կարդացի ու մտածեցի, թե ինչքան դժվար է ցավը զգալը և ցավի մասին գրելը։ Ինձ թվում է, իմ մոտ չի ցավում, ես ուղղակի տագնապում եմ։
Ամիսների, նույնիսկ տարիների անկապ պայքարից հետո վերջապես պլաններ եմ մշակում տեղափոխվելու համար։ Ինչու եմ գրել «անկապ պայքար», որովհետև ուզում էի գրել «համառ պայքար», բայց հետո հասկացա, որ ես համառորեն չեմ պայքարել։ Հիմա էլ, նույն ձևով, ծովի մակերեսին պառկած ընթանում եմ այն ուղղությամբ, ուր կգնամ։
Մի քանի օր առաջ մտածում էի, որ տարօրինակ բան է կյանքը։ Հենց ուզում եմ հանձնվել՝ մի բան լինում է, որ չհանձնվեմ։ Ինձ թվում է իմ կյանքը ինչ-որ մեկը ուղղորդում է մի ուղղությամբ։ Թե ուր չգիտեմ։ Փորձում եմ ռացիոնալ լինել ու մտածել, թե ուղղակի պատկերացումս է, բայց մի տեսակ չեմ համոզվում։
Գնում եմ Գերմանիա, ամեն ինչ համարյա լինում է․ մայիսի կեսին կգնամ դեսպանատուն ու կխնդրեմ, որ վիզա տան։ Կլինի՝ ուրեմն այդպես է միտված ի սկզբանե, չլինի՝ ուրեմն այդպես պետք է լիներ ի սկզբանե։ Մտածում եմ, թե անկապ եմ խոսում․ բայց չէ։
Մտածում եմ մամայի մասին․ սիրտս ցավում է։ Գիտեմ, մամայի սիրտն էլ է ցավում, բայց չգիտեմ, թե ինչ կարելի է անել։ Գուցե ճիշտը սա է։ Գուցե ճիշտը սա չէ։ Կասկածում եմ, մտածում եմ, թե սխալ ուղղությամբ է ամեն ինչ գնում։ Բայց ամեն ինչ գնում է այնպես, ինչպես որ պետք է գնար ի սկզբանե։ Կներես մամ, որ թողնում եմ քեզ։ Բայց ես փորձում եմ գոնե մի քիչ ապրել։
Այնպես կանեմ, որ գաս ինձ մոտ։ Կամ այդպես չեմ անի։ Ամեն ինչ կլինի այնպես, ինչպես որ կկամենա կյանքը։ Կլինե՞նք միասին, կլինե՞մ ուրախ, կլինե՞մ առանց տագնապների։ Դժվար թե։ Բայց ամեն ինչ, նորից եմ ասում, ամեն ինչ կլինի այնպես, ինչպես որ պետք է լիներ։
Մի քանի քայլ է մնում․ սիրտս սկսում է ավելի արագ խփել։ Քայլերից մեկի ընթացքում կձախողվե՞մ, Հայաստանի սահմանները կփակե՞ն, պատերազմ կլինի՞, վիզան կմերժե՞ն, երկրաշարժ կլինի՞, ճանապարհին կմեռնեմ շնչահեղձությունի՞ց։ Ամեն ինչ կլինի այնպես, ինչպես նախատեսված է։
Որ ավելի խորն եմ մտածում, միակ բանը, ինչի համար տխրում եմ՝ մամային թողնելն է։ Այս նախադասության վերջում կարելի է մի լավ լաց լինել։
Բայց նաև հեռանալու եմ մյուսներից։ Բայց մեծամասամբ բոլորից արդեն հեռացած եմ։ Մի քանի հոգի են մնացել, ումից հաստատ չեմ հեռանա, նույնիսկ եթե մեռնեմ։ Կներես, մամ, մի անգամ էլ եմ ասում, կներես, որ չեմ կարողանում ցավերդ բուժեմ։
Հիմա այսպես է։
ավարտ
վերջին գրառումը
Ամիսներ են անցել, բայց թվում է, թե ամեն ինչ նույնն է։ Թվում է, թե ժամանակը չի անցել, օրերը չեն փոխվել, օրագրում չեմ մոռացել հերթական գրառումը անել, ինքնամեկուսացումն ու կորոնավիրուսի համաճարակի օրերը անընդհատ կրկնվել են ու կրկնվել ու կրկնվել․․․
Այնքան կուզեի, որ ինքնամեկուսացումը այս օրերի միակ ցավոտ թեման լիներ։ Այնքան կուզեի, որ վերադառնայի ինքնամեկուսացման ցավոտ օրերը, քանի որ վերջերս ավելի ցավոտ օրեր էին։
Ահա և իմ վերջին գրառումը։ Ինչպես որ փորձել էի խոստանալ կամ ավելի ճիշտ, ինչպես որ ենթադրում էի, որ լինելու է։
Այսօր տուն վերադառնալիս քայլում էի շատ թեթև անձրևի ու մառախուղի մեջ ու մտածում՝ ինչ կարող եմ գրել վերջին գրառման մեջ։ Ինչ-որ բաներ էի մտածում, որ պետք է գամ ու պատմեմ, թե ինչքան ցավոտ էին օրերը, որովհետև ինքնամեկուսացման հետ նաև պատերազմի օրերը ավելացան, երբ ես ոչինչ չէի կարողանում զգալ։ Արդյո՞ք սա լինելու է գրառում պատերազմի մասին։ Արդյո՞ք սա լինելու է անորոշության ու ցավի մասին գրառումը։ Վստահ չեմ։
Համենայն դեպս, այդպես չեմ ուզում։ Ես կուզեի վերջին գրառումը լիներ սիրո մասին։ Վերջին գրառումը լիներ այն մասին, որ ոչինչ կորած չէ և ամեն ինչ հնարավոր է վերադարձնել։ Որ սենյակիս կախարդական դռան պես, հնարավոր է ճանապարհորդել այն աշխարհներ, որտեղ մենք ավելի երջանիկ ենք։ Եվ չունենք տագնապներ, և չունենք տրավմաներ, և չենք մտածում, որ մեզ կարող են ոչնչացնել բոլոր մակարդակներում։ Բայց այս քանի ամիսների փորձը ցույց է տալիս, որ իրականությունը շատ ավելի մռայլ է ու տխուր։
Այս ամիսների ընթացքում փորձել եմ խուսափել մտածելուց, փորձել եմ փախչել իրականությունից ու կենտրոնանալ առօրյա գործի վրա, փորձել եմ քիչ նյարդային լինել, մամային սիրել, բայց հաճախ չի ստացվել։ Մտածում եմ, երևի զգացմունքները արտահայտելը օգտակար լինել։ Բայց ես զգացմունքներն արտահայտելու ոչ մի հնարավորություն ինձ համար չեմ թողել՝ իմ գիտակցական արգելքներով ու անգիտակացական տրավմաներով։
Նաև հնարավորություն չեմ թողել սիրել։ Նաև երազել։ Բայց նաև իրականությունը չի թողել որ սիրեմ ու երազեմ։ Հաճախ զգում եմ, որ ամաչում եմ ապրել, քանի որ մարդիկ տառապում են։ Հաճախ անզորությունից ու ինքնամեղադրանքից պատեպատ եմ կպնում։ Փորձում եմ մոռանալ, փորձում եմ խուսափել, փորձում եմ չնկատել։
Այնքան չեմ նկատել, որ չգիտեմ էլ արդեն, թե ինչը պետք է չնկատեի։ Բայց գիտեմ, որ ինչ-որ բան կար։ Այնտեղ, հոգուս ամենախորը կետերից մեկում ինչ-որ բաներ կային, որոնցից փախչելու համար ես սկսել եմ այս երկար ու գիտակցական մարտը, այն դեպքում, երբ դրանք արտահայտելը գուցե ավելի հեշտ լիներ և գուցե հեշտացներ իմ կյանքը ու հոգին։
Ուզում եմ մի քիչ ավելի առարկայական լինել այս վերջին գրառման մեջ ու նաև պատմել, թե ինչ փոփոխություններ են եղել այս ընթացքում։ Բայց շատ հակիրճ կներկայացնեմ, չնայած, առանձնապես փոփոխություններ չկան էլ։
Որոշեցի տեղափոխվեմ Վանաձոր, որը էլի խուսափում եմ ամբողջությամբ ընդունել։ Երևանի տունը հունվարի վերջին կհանձնեմ։ Կնշանակի, որ արդեն վանաձորցի եմ։ Իսկ թե դա իր հերթին ինչ է նշանակում, դրան հիմա չեմ ուզում անդրադառնալ։ Վախենում եմ ընդունել, երևի։
Աշխատանքում պայմանագիրս երկարացրեցին։ Ինձ թվում էր, թե գուցե սա կլինի վերջին երկարացումը, բայց նոր ղեկավարս կարծես կարողացավ ինչ-որ եղանակներ գտնել, որը ինձ թույլ կտա այստեղ ավելի երկար մնալ։ Այս ամենը դեռ ընթացքի մեջ է ու չգիտեմ, թե երբ կլինի։
Ավտո քշել եմ սովորում ու առել եմ իմ առաջին ավտոն։ Շատ անվստահ եմ այս առումով նույնպես, չգիտեմ ինչ կլինի, բայց որոշել եմ, երբ արդեն ավելի լավ իմանամ, գնամ Հայաստանի քաղաքներով շրջեմ՝ նրանց հետ, ովքեր մնացել են։
Մեկին եմ սկսել հավանել։ Չգիտեմ էլ ինչի, չգիտեմ էլ կոնկրետ ինքն ով է, ուղղակի հավանում եմ։ Ու սա էնքան չլսված զգացում է դարձել իմ համար արդեն, որ ուզում եմ անընդհատ այս զգացումը մնա ու դրա համար է, երևի, որ ոչ մի բան չեմ շարունակում։
Գրում եմ ու մտածում, որ ես հիմա պատմում եմ վերջին մեկ ամսվա դեպքերը։ Իսկ դրանից առա՞ջ։ Եսիմ։ Դրանից առաջ պատերազմն էր երկու ամիս տևողությամբ, հետո չեմ էլ հիշում։ Ինչ-որ կյանք էր, ինչ-որ օրեր էին, տխուր, մենակ կամ ուրախ ու ինքնագոհ։
Նաև հակադեպրեսանտներ էլ չեմ խմում․ փորձում եմ կայուն լինել։ Սա երևի կլինի ներկան բնութագրող ամենալավ կարգախոսը՝ փորձում եմ կայուն լինել։ Որը շատ բացասական կողմեր ունի, բայց նաև շատ դրական կողմեր ունի։
Ինքս ինձ համար կարգախոս մշակեցի անցյալ ամիսներին՝ Արթնանալ և ապրել։ Ինձ թվում է, ինձ շատ բնութագրող է։
Այս ընթացքում նաև լիքը ընկերներից հեռացա։ Վերջերս մարիամից հեռացա շատ գիտակցական քայլերով, որոնց մի մասի համար զղջում եմ։ Դրանից առաջ հեռացա Միքոյից, Հենոյից, Լուսից էլի գիտակցական քայլերով, բայց այս դեպքում՝ հասկանալով, որ նրանք արդեն ինձնից հեռացել են։ Արեգի հետ այդպես էլ չշփվեցի։ Սոնայի հետ հազիվ ամիսը մեկ։ Հիմա շփվում եմ Լուսի հետ, Մարիօյի ու էլ չգիտեմ ում հետ։ Վախենում եմ, որ մի օր ոչ ոք չի մնա, իսկ մինչ այդ, ես չեմ սովորի ինքս ինձ համար ապրելը։
Վախենում եմ մենակության մեջ մեռնեմ, որը չնայած այդպես էլ լինելու է։ Ուզում եմ ինձ սիրեն, բայց չեմ ուզում, որ ինձ հիշեն։
Ընկած եմ նաև երկրի ապագայի մասին մտորումների մեջ։ Իսկ ի՞նչ է լինելու հետո։ Փորձում եմ նաև մերժել այս մտորումները ու ձևացնել կամ հավատալ, թե ինչ էլ լինի՝ միևնույն է նույն արդյունքն է սպասվում, մասամբ նրա համար, որ մենք որպես ազգ (եթե իհարկե սա շատ պաթետիկ չի հնչում) շատ արատավոր ենք։
Կուզեի շատ կարևոր բառեր ասել, բայց իրավիճակի խորը նկարագրումից ես հետ եմ վարժվել։ Նաև իմ զգացածը ներկայացնելուց։ Հիմա ի՞նչ եմ զգում։ Չգիտեմ։ Կամ եթե ավելի կոնկրետ խոսեմ՝ չեմ կարևորում։ Որովհետև եթե կարևորեմ գուցե չկարողանամ ապրել։ Որովհետև իմ զգացածը խոստումնալից չէ, ինչպես նաև աշխարհում տեղի ունեցողը։
Ահա իմ վերջին գրառումը։ Մեկուսացման սկզբնական օրերից մինչև հիմա, տիեզերքի ստեղծումից մինչև այսօր, ծնունդիցս քսանինը տարի անց՝ 2020 թվականի դեկտեմբերի տասնյոթին գրում եմ իմ գիտակցական կյանքի միակ օրագրի վերջին գրառումը։ Գրում եմ, որովհետև հանձնվել եմ և խուսափել իմ օրերի մասին գրառումներ անելուց, գրում եմ, որ հաստատեմ, որ չեմ հաջողացրել, գրում եմ, որ ապացուցեմ, որ դեռ ուզում եմ հաջողացնեմ։
Գրում եմ հույսով, գրում եմ այն սիրով, որ ես ունեմ մարդկության հանդեպ։ Գրում եմ զղջումով, որ իմ ընկերների հանդեպ շատ հաճախ ահավոր եմ վարվել, գրում եմ ներումով, գրում եմ փրկությամբ, գրում եմ խոստումով, որ մի այլ բան կհորինեմ, որտեղ կգրեմ այս աշխարհի մասին։ Կգրեմ, թե ինչպես անկայուն աշխարհում փորձում եմ կայուն ապրել այս փոքրիկ սովետական քաղաքում՝ մամայի հետ, որտեղ փորձում եմ ստեղծել ներդաշնակություն, փորձում եմ լինել ինքս ինձ պես, փորձում եմ սիրել ինքս ինձ, փորձում եմ ապրել։
Փորձում եմ և ուզում եմ հավատալ, որ իմ գոյությունը ինչ-որ գերագույն նպատակի մի մաս է, չնայած որ, բոլոր գիտակցական ուղիներով մերժում եմ դա։ Գրում եմ, որ օրհնեմ այս օրը, որ ողբամ կորուստների համար և ոսկեզօծեմ երեկոն։
Գրում եմ, որ ավարտեմ օրագիրը։
սրված
կամ ինչպես է ամեն ինչ փոփոխվում
Լավ, այսօր էլ գրեմ։ Մի քանի օր առաջ սահմանին էլի զինված կոնֆլիկտ սկսեց, որ էսօր շատ սրվեց ու զոհեր եղան։ Ու չգիտեմ ինչի շատ անհանգիստ եմ ու կարդում եմ ու չեմ հասկանում, որտեղ է սկսվում մարդասիրությունը ու որտեղ սկսվում ինքնապաշտպանությունը։ Հասկանում եմ, որ երբ սովորական մարդիկ զուտ իշխանության համար են, ապա մենք դատապարտված ենք չիմանալ էդ սահմանի մասին, քանի որ մենք ստիպված ենք լինելու չլինել մարդասեր։ Բայց նրան, ում որ սպանելու ենք, երբեք չենք կարող սպանել, որովհետև պետք է մեռնեն նրանք, ովքեր սրում են ամեն ինչը։ Բայց նրանց հասնել մենք չենք կարող։
Չգրիտեմ, էս պատերազմի ու խաղաղության թեմաներից էսօր հոգնել եմ մի տեսակ։Մի տեսակ ուղեղս թմրել է։ Էսօր Մարատը մի պահ գրեց, ես էլ ուրախացա, որ կգնամ տնից ու կցրվեմ, բայց ոնց որ չստացվեց։
Չգիտեմ ինչի մտածում եմ նաև ընկերության մասին։ Մտածում եմ, իսկ ինչու են մտքերս խառը։ Բայց ընդդիմանում եմ մտածելուն։
Փորձում եմ խաղաղվել։
Փորձում եմ լռել ու դադար տալ։
Փորձում եմ խաղաղվել։
Այսօր մի պահ դուրս եկա քայլելու ու աղբը թափելու ու նկարեցի էս ետնանկարը։
թրջված
անընդհատ անձրևներն ու գրաֆիտին
Այսօր մի տեսակ ոչինչ տեղի չունեցավ։ Ինձ համար աշխատեցի, հետո մի լավ ձանձրացա։ Չեմ հասկանում ինչու։ Ամբողջ օրը անձրև եկավ, իսկ Գյումրիում ոնց որ ջրհեղեղ էլ եղավ։ Շատ տխուր է։ Ինքնամեկուսացման հետ նաև ռազմական բախումներ են լինում Հայաստան-Ադրբեջան սահմանին։ Տխրում եմ, որ ահա էս վիճակին ենք հասել։ Անհանգստանում եմ աշխարհի համար, բայց տագնապ չի դառնում, որովհետև դեղեր եմ խմում։
Երեկ ես ու Դավիթը արեցինք էդ գրաֆիտին, էսօր ետնանկարում դա է։ Երկու տեղ արեցինք, բայց էս մեկը ավելի լավն է։ Այսօր երկար չեմ գրի, որովհետև ոչինչ չկա։ Համ էլ ուզում եմ քնեմ։ Բարի գիշեր։
փլատակ
կամ ինչպես եմ թափառում փլատակներում
Երեկ շատ հավես օր էր, չնայած շատ էի հոգնել ու հավես չարեցի էդքանը պատմել։ Դավիթի հետ գնացել էինք Սանատորիայի նախկին շենքերի փլատակներում ման գալու։ Շատ սյուրռեալիստական ու սիրուն շենքեր էին, որոնցից մեկը լողավազան էր՝ դեռ պահպանված սալիկապատ պատերով։ Շատ սիրուն էր, մի քան նկարներ եմ նկարել։ Դավոն իմ ուզած արտահայտությունը տրաֆարետ ա սարքում, որ պատերից մեկի վրա փչենք։ Կառաջարկեմ տարբեր տեղերում փչենք, ինձ թվում ա շատ լավ կստացվի։
Հիշում եմ, Հեղուշի հետ քննարկում էի, որ ուզում եմ Երևանի պատերին տարբեր տեղերում անել «ոչինչ չի մնա», «ոչինչ չի եղել», «ոչինչ չի մնալու», ինքն էլ ասում էր՝ ինչ լավ միտք ա, արի մի օր անենք։ Հիմա դրանցից միայն «ոչինչ չի մնա»-ն եմ անելու, հետո Դավոյին կհամոզեմ, որ մյուսներն էլ անենք։ Մի տեսակ էնքան սիմվոլիկ ա ու խորհրդավոր, որովհետև Հեղուշն ասեց՝ հա, իրականում տենց ա ու հիմա իրանից ոչինչ չի մնացել, ինձնից էլ ոչինչ չի մնացել իրա մոտ։ Ու սա մենակ ես եմ գիտակցում։ Ու նույնիսկ շատ տխուր ա, բայց հիմա չեմ տխրում, որովհետև Զոլոֆտը չի թողնում տխրեմ։
Ինչ տարօրինակ բաներ են զգացմունքները ու ինչ տարօրինակ բան ա զգալը։ Եթե դեղ խմելով կարող եմ տխրություն չզգալ, գուցե ինչ-որ դեղ էլ լինի, որ խմեմ ու սեր զգամ, ինչ-որ դեղ խմեմ ու զգամ ու ինձ ինքնավստահ ու ուժեղ զգամ։
Քանի որ Դավիթը չկարողացավ լողավազան մտնել, որոշեցի հաջորդ անգամ Գոռի հետ գնամ, համ էլպ ձեռի հետ այլ մարդկանց հետ էլ կշվեմ։ Եսօր ետնանկարը հենց էդ լողավազանից կդնեմ, իսկ վաղը հուսով եմ հենց էդ գրաֆիտիից նկար կդնեմ, որը չգիտեմ որտեղ կանենք։
Փլատակներում քայլելուց հետո Լուսին հանդիպեցի ու լիքը խոսացինք։ Խոսացածների մի մասը չեմ կարող ստեղ գրել, որովհետև Լուսի անձնական տեղեկատվությունն ա։ Ուղղակի խոսալուց հետո մի տեսակ այլ պրիզմայով ես էլ սկսեցի պատկերացնել մարդկանց հարաբերությունները։ Թե ինչքան թաքնված խնդիրներ են լինում, որոնք մենք չենք նկատում, բայց որոնց պատճառով կարող ա հարաբերությունները մարդկանց հետ չստացվեն։ Բայց մեկ ա, մենք էդ խնդիրը չնկատենք ու տարիներ անց, շատ տարիներ, վերանայենք ու հասկանանք։
Լուսի հետ այգում նստեցինք, ծխեցինք, խոսացինք, իմ քթից մի պահ սկսեց արյուն գալ, բայց շուտ անցավ։ Եղանակը ծանր անձրևոտ էր ու ցուրտ։
Դեռ վստահ չեմ, այսօրվա օրվա մնացած կեսը որ օրվա մեջ կպատմեմ, գուցե վաղը գրեմ կամ գուցե հենց այսօր գրեմ։
կախարդ
կախարդական անտառում
Էսքան տագնապելը մի տեսակ տարօրինակ էր, քանի որ չմասնակցեցի ուկրաինացիների հետ զանգին։ Ինչ լավ եղավ։ Բայց անկախ դրանից, էսօր շատ-շատ տագնապում էի, մի պահ ինձ թվաց տագնապային գրոհ ա, որովհետև չէի կարողանում դադար առնել։ Մաման էլ էդ ամենածանր պահին, որ ես մեռնում էի տագնապների մեջ, ասում ա՝ այ որ ամուսնանաս, տենց բաներ հետդ չեն լինի։
Դե ես էլ կատաղեցի ահավոր ու սկսեցի գոռգոռալ, երևի մաման հասկացավ, որ ապուշություն խոսաց։ Հետո խաղաղվեցի, մաման էլ երևի խաղաղվեց, որոշեցի գործերս վերջացնեմ ու գնամ բուսաբանական այգի ման գալու։
Բուսաբանական այգում մի քիչ սիգիարետ ծխեցի, հետո երկու շունիկների հանդիպեցի։ Աստված իմ նենց սիրուն էին ու նենց լավը, սկսեցի հետները խաղալ, իրանք էլ սկսեցին ինձ հետևել, հետո ձեռքերս լպստել։ Ես էլ մի քիչ քայլում էի ծառերի միջով, հետո դադար էի տալիս ու նորից գզում շունիկներին։
Քանի որ ապարատս էլ էի տարել, լիքը նկարեցի իրանց, հետո բոլոր նկարները գցեցի գուգլ ֆոտոների մեջ։ Այսօրվա ենտնանկարը բուսաբանականից ինչ-որ նկար կդնեմ։
Շունիկները, որ կային, ինձ վատ չէի զգում ընդհանրապես, իրանց հետ մեկ-մեկ խոսում էի, հենց ինձնից ձայն էին լսում՝ միանգամից ուշադրությունը ուղղում էին ինձ։ Արդեն վերջերքում ինչ-որ նոր մարդկանց ձայներ լսեցին, ինձ թողեցին, գնացին էդ ձայների ուղղությամբ։ Բայց ես առանձնապես չտխրեցի, մի քիչ էլ քայլեցի ու վերադարձա տուն։ Բայց ճանապարհին ավտոներից շատ վախենում էի, որ մարդիկ քշում էին կողքովս, անընդհատ անհանգստանում էի, թե հեսա վրես կքշեն։ Չգիտեմ, ինչի էի տենց մտածում, երևի մենակ լինելուց էր։
Երբ եկա տուն, շատ էի սովածացել, հաց կերա, հետո էլի The Binding of Isaac խաղացի ու հիմա այստեղ եմ, կոմպի մոտ՝ պատմում եմ իմ օրվա մասին։ Եսիմ ինչ յուրահատուկ օր չէր, բայց շատ կախարդական էր։ Ես էլ ինձ կախարդ էի զգում անտառի մեջ քայլելիս, իսկ շունիկները իմ երկու ուղեկիցներն էին, ոնց որ Օդինի ուղեկիցները երկու ագռավներ էին։ Չնայած Օդինը դե կախարդ չէր, բայց դա էդքան էլ կարևոր չի։
Իսկ հիմա երեկոն կախարդական ա դեռ, ես էլ երեկոյի ու ինքնամեկուսացման միակ մարդ-կախարդը։
դաշտեր
կամ թե ինչքան դժվար է գիտակցել ֆիզիկական զգացումները
Մի տեսակ ինձ թվում է` պետք է, որ շատ անհանգիստ լինեի, բայց չեմ։ Մի տեսակ բթացած եմ, բայց տխուր չեմ։ Չգիտեմ ինչ եմ։ Էսօր մի քիչ ավելի լուրջ մտածեցի սեփական տուն առնելու մասին, մի քիչ լիստ.ամ-ում նայեցի։ Երևի հնարավոր կլինի ինչ-որ միջին գնով մի բան առնել։ Բայց վախենում եմ նաև, որ էդ տունը կդառնա ավելորդ քաշքշոցի առարկա, իսկ ես չեմ ուզում ավելորդ անհանգստություններ։ Իմ մոտ նենց տպավորություն ա, որ ես նույնիսկ պատրաստ եմ ոչինչ չանել, մենակ թե ավելի քիչ անհանգստության հետ առնչվեմ։
Էսօր մի երկու մանր-մունր բաներ եմ արել, բայց հիմնականում ոչնչով չեմ զբաղվել։ Տենաս մյուս մարդիկ էլ ե՞ն տենց։ Կամ ավելի ճիշտ, տենաս մյուս մարդիկ էդքան խորանում են ամեն օրվա ոչինչ չանելու մեջ։
Հիմա զգում եմ, որ մի տեսակ չաղացել եմ։ Պետք ա չաղանալու վրով էլ ինչ-որ բան ձեռնարկել, բայց անկեղծ ասած, դրա հավեսն էլ չունեմ։ Ադիդասի ինչ-որ նոր կոշիկ եմ հավանել, անպայման ուզում եմ առնել, որովհետև շատ սիրուն ա։ Բայց մի տեսակ արդեն շատ կոշիկներ ունեմ։
Էստեղ նաև ծիծաղելու սմայլիկ էի ուզում դնել, բայց օրագրում սմայլիկներ չեմ կիրառում։
Հիմա մի տեսակ ոնց որ շրյոդինգերի կատու լինեմ՝ միաժամանակ համ կարամ անհանգիստ լինեմ, համ կարամ չլինեմ։ Վաղը արդեն երևի կարամ նաև զանգից թռնեմ, բայց չեմ իմանում ոնց։ Երևի Վուբզիին կասեմ, բա գիտես ես պլանավորած բաներ ունեմ, կամ նման մի բան ու կթռնեմ։ Հլը տենանք ոնց կլինի։
Էսօր նաև դեղերս էի մոռացել խմել, նոր մի քիչ առաջ խմեցի։ Ուրեմն խմում եմ սոլիան առավոտյան ու երեկոյան և նաև զոլոֆտ կեսօրին։ Չգիտեմ ինչքան եմ խմելու ու վստահ էլ չեմ ինչ եմ անելու։ Մյուս կողմից նաև, որ մի փոքր հետ եմ նայում, էնքան տարօրինակ ա, որ սովորական ինտրովերտից դառա դեպրեսիայից դեղեր խմող մեկը, որ չի կարողանում իրա կյանքի հետ հաշվի նստի։
Բայց հիմա ոչ թե մռայլ ու տխուր եմ սրա մասին գրում, այլ երևի ավելի շատ սենց բարի հաշտությամբ, բայց ոչ թե հաշտված զգացածի հետ, այլ իրավիճակի։ Էս պահի վրա մի քիչ խորացա, որովհետև անհասկանալի ա ինչի հետ եմ հաշտված, իսկ ինչի հետ՝ չԷ։ Գուցե ամեն ինչի հետ հաշտված եմ, բայց ֆիզիոլոգիապես դադար չեմ ունենում։ Կամ գուցե ոչնչի հետ չեմ կարողանում հաշտվել ու ձև եմ տալիս, թե դե լավ ա էլի։ Երբ լավ չի։
Բայց էս հարցը լրացուցիչ զննության կարիք երևի ունի, որի հավեսը ես չունեմ։ Վափշե օրվա ընթացքում մտածում էի, թե ինչ լավ կլիներ մտքերս ավելի կարգավորված գրեի, որ տրամաբանական կապերը ավելի հստակ լինեին և ապա նաև մի տեսակ օրս պատմվածքի նմանվեր։ Բայց դե նախ տենց գրելը լրացուցիչ ջանք ա պահանջում և նաև որ ոճի դեպքում ավելի անկեղծ կլինե՞մ։
Մի տեսակ զգում եմ նաև, որ շատ եմ մտահոգվում անկապ, ինչպես որ օրինակ վերևում։ Եվ հասկացել եմ, որ ես մի տեսակ ավելի քիչ եմ գրում իմ ֆիզիկական զգացումների մասին բայց շատ եմ գրում ավելի հոգեկան զգացմունքների մասին։ Սա ինձ թվում է, հենց առջին քայլն էր, որ ինձ մի անգամ սկսեց երջանկացնել։ Պետք է հնարավորինս փորձեմ ֆիզիկականի վրա կենտրոնանալ, քանի որ դա է երջանկության ուղին։ Պետք ա փորձեմ համերը ու հոտերը վայելեմ, օրգազմը վայելեմ ու դաշտերի կանաչ խոտին նայելը։ Այլ ոչ թե տագնապեմ, տագնապեմ, տագնապեմ։
Սա առյուծի համաստեղության առաջին գրառումն է։ Այնքան տարօրինակ զգացումներ են։