ինքնա​մեկուսացում

դատարկի օրագիրը

Վանաձորի պաստառը

պաստառ

պատերը մաշված պաստառներով

Մամային էն անգամ ասեցի՝ մամ կարող ա՞ ուզես տան դուռը փոխենք, ինքն էլ ասեց՝ հա, շատ։ Դե մենք էլ վարպետներ պատվիրեցինք, էսօր եկան հիմնական մուտքի դուռը փոխեցին։ Եվս մի բան անցյալից ջնջվեց։ Որովհետև էս դուռը շատ տանջանքներ տեսած դուռ էր ու լիքը բաներ էր տեսել, երբ նույնիսկ ես չէի կարողանում տեսնել։

Հիմա ինչ-որ շագանակագույն-բոսորագույն դուռ ա, սիրուն ա, ծանր, ինձ թվում ա շատ լավ ա ստացվել։

Այսօրվա օրը ինձ թվում է դրանից սկսեց, երբ վարպետները եկան ու սկսեցին դռան վրա աշխատել։ Իսկ ես շատ լավ աշխատեցի, մի տեսակ գոհ եմ ինձնից, չնայած որ դեռ սրտումս ուկրաինացու հետ զանգի տագնապն է, որը ենթադրաբար կլինի ուրբաթ օրվա երեկոյան։ Այսինքն դեռ երկու օր ունեմ տառապելու համար։ Իսկ դրանից հետո ինձ թվում է շատ ավելի լավ կզգամ։

Մի տեսակ ուզում եմ անջատեմ էդ հատկությունս։ Անջատեմ ու թքած ունենամ, թե ինչ կմտածեն իմ մասին, ինչ կասեն, ոնց կզգամ ինձ հետո, փորձեմ ինձ անդրդվելի ու անխոցելի պատկերացնել։ Հիմա ավելի հաճախ է ստացվում այդպես ու դրանից գոհ եմ։

Մեսրոպն ու երեխեքը ինչ-որ վրանային ճամբար են կազմակերպում, ես էլ մտածեցի, դե ինչ լավ ա, էս շաբաթ-կիրակի դրանով կզբաղվեմ։ Բայց Լուսը էսօր ասեց, որ էդ ճամբարը ոչ թե էս շաբաթ ա, այլ հաջորդում։ Այսինքն այս շաբաթ-կիրակին արդյունավետ սպառելու ինչ-որ եղանակ պետք է գտնեմ։

Մի տեսակ նաև մեծահարուստի կայֆերի մեջ էի ընկել մի պահ, ինչ ուզում առնում էի ու ինչ ուզում անում էի։ Էս առումով դադարել եմ ինքս ինձ տանջելը. մտածում եմ՝ դե ինչի համար եմ փող աշխատում։ Իսկ ապագայում ինչ ուզում ա լինի, ես պատրաստ եմ նաև քիչ փողով ծերը ծերին հասցնելով ապրեմ։ Մի տեսակ հասկացել եմ, որ գուցե էդ ժամանակ ավելի երջանիկ լինեմ։

Անցյալ անգամ մի բան էի ուզում գրել, որի մասին նոր հիշեցի, որ մոռացա նշել։ Ու դա ուզում էի նշել է ժամանակ, որ ասում էի, թե Լուսը մոտիվացնում ա ինձ։ Մի անգամ, որ իրար հետ պիկնիկ էինք անում, դե մոտավոր իմ կյանքի պլաններից խոսեցի, որը շատ խառն է, որից ես էի հազիվ բան հասկանում։ Ու ինքը բռնեց էդ պլաններից մեկը, որը Վանաձորում սեփական տուն ունենալն էր ու ասեց՝ Դավ, գիտես ինչ հրաշալի կլինի։ Ու սկսեց խոսել, թե ինչեր կարող ենք անել, ես էլ մտքով սկսեցի պատկերացնել ու մի տեսակ շատ հավանեցի իմ էդ միտքը։ Ու հիմա գլխումս դա է հաճախ պտտվում, էն օրը նույնիսկ մամային ասեցի, մաման ասեց՝ հա, ինչ ուզում ես արա, ես էլ ուրախացա։

Մի տեսակ նկատել եմ նաև, որ մաման շատ աջակցող ա դառել։ Չգիտեմ ինչու ու ոնց, բայց կուզեի սենց ինձ վերաբերվեր նաև, երբ ես փոքր էի։ Որ լիքը բաներ թեթև տաներ ու մանր սխալների համար ինձ չմեղադրեր։ Բայց նաև հասկանում եմ, որ միջավայրը լրիվ այլ էր էն ժամանակ, մաման ինքը չէր, ես էլ նույն դատարկը չէի։

Որովհետև մի ժամանակ ես ինձ թվում ա տեղ-տեղ շատ անտանելի երեխա եմ եղել։ Կամ էլ չգիտեմ։

Ուզում եմ գրեմ անընդհատ, ուզում եմ հայերեն գրեմ ու մտածեմ էս աշխարհի մասին։ Ուզում եմ գիշերները քնելու հաճույքով լցվի կյանքս։ Մարդկանց հեշտ լինի ավելի մոտիկ լինելը, ոնց որ հեշտ ա մարդկանց հետ ծանոթանալը։ Ուզում եմ կյանքս տարբեր մարդկանցով լինի։ Ուզում եմ սիրեմ ու հոգ տանեմ։ Ուզում եմ գրկեմ մեկին, բայց չխոսամ, բայց նաև չամաչեմ ինքս ինձնից։

Տես, ինչքան բաներ եմ ուզում, իսկ օրեր են լինում, ասում եմ՝ ոչ մի բան չեմ ուզում։ Հիմա երևի Վերժինեն կասեր՝ իսկ ինչ քայլեր ես ցանկանում նախաձեռնել էս ամեն ինչին հասնելու համար։ Իսկ ես կասեմ, ես մի տեսակ հոգնել եմ քայլեր ձեռնարկելուց։ Հա, ուզւոմ եմ նաև սիրուն մարմին ունենամ, դրա մասին ոնց որ մոռացա ասեմ։

Հիշում եմ, որ նախորդ գրառումներից մեկում գրել էի, որ ուզում եմ գնամ Վանաձորի անտառներում ու նկարեմ։ Այ էս մեկը արել եմ արդեն շատ անգամներ։ Ինչ լավ ա, որ հազարավոր ցանկություններից մեկը լինում է։

Նաև նոր մտածեցի, որ էս վերևի գրածներս երևի էնքան խառն ու պատահական են։ Բայց երևի հետո (ուզում էի գրեմ՝ ավելի հետո), որ նորից կյանքումս ինչ-որ բաներ հայտնվեն կսկսեմ ավելի տրամաբանորեն կապված պատմություններ գրել, իսկ մինչ այդ գրում եմ մտքիս ինչ գալիս է։

Չեմ հիշում էլ՝ Արայիկի մասին գրել եմ, թե չէ։ Ուզում եմ նորից Արայիկի մոտ գնամ ու հեսա երբ սահմանները նորից բացվեն՝ անպայման անելու եմ։

Էլ ինչ եմ ուզում։ Ուզում ուրբաթ օրվա զանգը վարի չտամ, հպարտ լինեմ ու վստահ։ Բայց դե տեսնենք ոնց կլինի։

Էս ինքնամեկուսացման օրերին մի տեսակ դժվար ա լինելը։

Վանաձորի խոտը

հետևանք

կամ ինչպես եմ նորից սկսում օրագրումս գրել

Ուզում եմ հիմա մի պահ դադարեմ մի կայքից մյուսը ցատկելուն, կենտրոնանամ ու գրեմ այս նոր գրառումը։ Այսօր հուլիսի յոթն է, օրը՝ երեքշաբթի։ Վերջին անգամ գրելուց անցել է ավելի քան մեկ ամիս։ Ինձ թվում էր, գոնե վերջին գրառումը հունիսին էի արել, բայց պարզվեց, որ չէ՝ մայիսին էր։

Այնքան բան կա գրելու ու պատմելու, որ մի պահ նույնիսկ խառնվել եմ իրար։ Բայց երևի թե սկսեմ այն վիճակից, որի հետևանքով սկսեցի չգրել և ապա պատմեմ այն օրերի մասին, երբ այստեղ չէի գրում, բայց ուրախ էի ու մտքում կրկնում էի, որ լավ կլիներ տուն գայի ու սկսեի գրել, որովհետև չէի ուզում օրերը ու դրանց հետ կապված հիշողությունները կորչեին, ուզում էի, որ մի տեղ մնային։ Որ հետո, ամիսներ ու տարիներ անց, երբ երևի ցանկանամ կարդալ, բացեմ ու հիշեմ այս օրերը։

Մի տեսակ օրագրից շատ օտարացել եմ։ Չգիտեմ ինչի, երբ մտքիս այս օրագիրն է գալիս սկսում եմ տագնապել ու սկսում եմ խուսափել գրելուց, սկսում եմ տարբեր բաների մասին մտածել, քունս սկսում է տանել և այլն։ Ինձ թվում է պատճառը օրագրի վերջին գրառումների օրերի ընթացքում ունեցածս վատ հոգեվիճակն է ու տագնապի մեծ քանակը, որ կար այդ օրերին։ Ես սկսել էի շատ դեստրուկտիվ վերաբերվել ամեն ինչին, այդ թվում նաև օրագրին։

Հիմա, որ փորձեմ ավելի մանրամասն նկարագրել, թե պատճառը որն էր, երևի շատ խորանամ ու խառնվեմ իրար. հույս ունեմ նախկին գրառումներում գոնե մի քիչ պատմել եմ, թե ինչքան վատ էի զգում։

Երևանում շոգն սկսել էր, մենք դիմակներով էինք քայլում։ Մեկ-մեկ թվում էր, թե ոտքս այդպես էլ չի լավանա։ Սկսել էի ատել իրականությունն ու ինքս ինձ։ Գնում էի ֆիզիոթերապիայի ու չէի հասկանում ինչու գոյություն ունի իրականությունը։ Բայց մի օր, երբ արդեն զգացի, որ դիմանալն անհնար է, գրեցի հոգեբույժին, խնդրեցի, ասեցի կլինի՞ գամ Ձեզ մոտ այցի, քանի որ վատ եմ ինձ զգում։ Գնացի, խոսեցի, հակադեպրեսանտներ նշանակեց։ Եվ այդ օրվանից մինչ օրս խմում եմ։ Զուտ արձանագրության համար ասեմ, որ այդ օրերը երևի հունիսի կեսերն էին։ Բայց հստակ չեմ հիշում։

Հիշում եմ միայն, որ սկզբում շատ էի ուզում վերադառնալ Վանաձոր, բայց վնասվածքաբանն ասեց, որ պետք է ֆիզիոթերապիայի կուրս անցնեմ, որը տևելու էր երեք շաբաթ։ Եվ ստիպված երեք շաբաթ մնացի Երևանում, հետո կամաց-կամաց նորից հարմարվեցի, բայց շոգը սկսել էր խանգարել։ Այդ շաբաթներում հավես օրեր եղան։ Նույնիսկ մի շաբաթ սկսեցի վեցին ու յոթին զարթնել, հանդիպում էի Լուսի, Հենոյի ու Նանեի հետ, մի անգամ Մառային հանդիպեցի, Արթուրին տեսա, հետո էլի մարդկանց հանդիպեցի, որոնց հիմա չեմ հիշում։

Եվ հետո երեք շաբաթն անցավ ու ես ուրախությամբ եկա Վանաձոր։ Այդ ժամանակ արդեն Սվիչն էլ էի գնել ու տենց բոլոր գաջեթները հավաքելով եկա տուն։

Ու մինչ այդ Վանաձորում եմ մնում։ Փորձում եմ ամեն շաբաթ ինչ-որ հետաքրքրիր մի բան անել։ Լուսի (Վանաձորի Լուսի) հետ նորից շատ մտերմացել եմ, սկսել եմ գնահատել մարդկանց, որ ունեմ։ Մյուս կողմից, նկատում եմ, որ Երևանի շատ մարդկանց հետ կապս քանի գնում թուլանում է։ Մարիամի հետ մի պահ սկսել էի չխոսել ու նա ջնջվեց Տելեգրամից ու սկսեցի ես վատ զգալ, որ բավականին աջակցող չեմ եղել, երբ պետք էր։ Դա էլ էր շատ բարդ զգացում։

Հետո երբ մարիամի ջնջվելն եմ հիշում, Արեգին եմ հիշում, նրա փորձերը իմ հետ նորից կապ հաստատելու, որոնք ես անընդհատ մերժում էի։ Ու մի պահի նա լրիվ կորավ։ Այստեղ էլ եմ ինձ մեղավոր զգում։

Բայց մի փոքր երևի ցրվեմ շատ բացասական լինելուց ու ասեմ, որ այս օրերը ինձ շատ հաճելի են եղել։ Իհարկե բացի այն տագնապը, որ մի օր ուկրաինացու եսիմ ում հետ մի զանգ եմ ունենալու, մնացած ամեն ինչ շատ հարթ է ընթացել։ Օրեր են եղել ժամերով The Binding of Isaac կամ Dead Cells եմ խաղացել, բայց օրեր են եղել նաև, որ ժամերով բնության մեջ եմ եղել ու երեխեքի հետ եմ եղել։ Այս վերջին պահերին ինձ շատ ուրախ ու երջանիկ եմ զգացել։ Իսկ երբ մենակ եմ մնացել, անընդհատ սկսել եմ մարդկանց հետ շփվելու հնարավորություններ փնտրել. մեկ-մեկ ստացվել է, իսկ մեկ-մեկ ձախողվել եմ։ Ու այսօր էլ, երբ մենակ էի անընդհատ ցանկանում էի ինչ-որ բանով զբաղվել, որովհետև ամբողջ օրը խաղ խաղալով ինձ բավարարված չեմ զգում։ Ուզում եմ ուժ հավաքեմ ու գնամ մեքենա քշել սովորել։ Բայց հետո պատկերացնում եմ մեքենայի հետ կապված քաշքշոցները ու փոշմանում եմ։

Լուսը նաև այս ընթացքում ինձ շատ մոտիվացրել ու ուժ է տվել։ Ես էլ փորձել եմ շատ փոխադարձ լինել. չգիտեմ ինչքան է ստացվել։ Նաև այս ընթացքում շատ նկարել եմ, սովորաբար արդեն երբ ինչ-որ տեղ եմ գնում, ապարատս հետս վերցնում եմ ու հետո նկարները գուգլ նկարներում պահում եմ տարբեր ալբոմներում։ Էլի էն հույսով, որ մի օր կնայեմ դրանք։ Բայց չգիտեմ, արդյոք կնայեմ, թե չէ։

Հիմա մի պահ շեղվեցի ու տեսա, որ շեֆս արդեն որոշել է այդ զանգի ժամը ուկրաինացու հետ։ Տագնապում եմ այդ մտքից, որ խոսալու եմ, բայց հույս ունեմ, որ Վուբզին կօգնի։

Ինձ համոզում եմ, որ տագնապելը լավ որոշում չի, մի օր առաջ կտագնապեմ, կամ հենց ուրբաթ օրը։ Մինչ այդ լավ ա կենտրոնանամ կյանքի վրա։

Հայաստանում արտակարգ դրությունը անընդհատ երկարացնում են, կորոնավիրուսի դեպքերը շատանում են ու վերջը դեռ չի երևում։ Չնայած օրեր են լինում, որ դեպքերի թիվը մի փոքր ավելի քիչ է, բայց միտումը նույնությամբ շարունակվում է։ Իսկ օրերը թռչում են շատ արագ։ Երեկ ուրբաթ էր, երեկ հունիսն էր, երեկ Երևանում էի, դեռ երեկ վնասեցի ոտքս, դեռ երեկ մարտին ուրախանում էինք ու չէին պատկերացնում, թե ինչ կլինի հետո։

Բայց ամեն դեպքում, ինձ թվում է, գրելն օգնում է մի փոքր ավելի առարկայական ու ներկայում ապրել, օգնում է մտքերը ավելի պարզ գրել։

Մի պահ նորից դադար տվեցի ու սկսեցի անհանգստանալ։ Նաև Ալեքսեյին եմ հարցնում, թե ինչու հոսթինգը չի աշխատում, որովհետև օրագրիս նոր գրառումները չեն երևում։ Նախկին գործիս տեղի, որի անունը տալ չեմ ուզում, հետ կապված լիքը նոր պատմություններ են նաև այս արանք եղել, որոնցից էլ եմ հոգնել։

Նաև էս ընթացքում մի քանի օր Քարաձորում եմ եղել ու էլի տարբեր տեղերում ման եմ եկել։ Մի օր էլ Մարատի հետ հելել ենք սարը։

Բայց այս ամենը արդեն այնքան հեռու է թվում։ Մի քիչ ավելի վերև ասում էի մոտիկ է թվում, շատ հակասական է։

Հոսթինգի խնդիրները լուծվեցին, հիմա կարող եմ շարունակել։

Ահա այդպես, օրերը անցան ու երեկ գնացել էինք ստադիոնի վերև ու ես Ֆուջիի նոր գունային կարգավիճակով էի նկարում ու նկարները այնքան սիրուն ստացվեցին։ Ու դե երբ լավ բան էր լինում, մտքումս ասում էի՝ երանի գամ տանը գրեմ դրա մասին, որովհետև երեկ ինչ-որ ոտանավորներ էինք հորինում ու անկապ ծիծաղում, նաև անկապ նկարներ էինք նկարում, ես էլ լուսանկարում էի։

Ու այսօր որոշեցի վերջապես ուժերս հավաքել ու կոտրել օրագրի հետ կապված տագնապները։ Գցեցի օրագրումս չգրելուն նախորդող չորս օրերի գրառումները, որոնք վերնագրեցի անանուն ու ինչ-որ թիվ ու ինձ ստիպելով սկսեցի գրել սա։

Դեռ մտքումս հիշում եմ, թե ինչեր էի խոստացել ավելացնել կայքում, որ չեմ արել։ Նաև ուզում եմ թղթից օրագիր ունենալ, որտեղ ինչ-որ նկարներ կնկարեմ կամ նման բաներ։ Դրա համար մի օր գնացի հատուկ գրիչներ առա, բայց մինչև օրս բլոկնոտ չեմ առել ու հարմարը չճարեցի։

Մնացած բաները սովորականի պես են։ Մամայի հետ հարաբերությունները նորմալ ջերմ են։ Մեկ-մեկ ներվերս ուտում են, բայց դե մեկ-մեկ ես եմ նաև իմ ներվերը ուտում։

Այստեղ արդեն դադար տամ։

Ուզում եմ շատ բաներ կարդալ ու խելացի բաներով զբաղվեմ։ Ուզում եմ ինձ բավարարված զգամ ու կարողանամ ինքս ինձ հետ առանձին մնալ՝ ինձ սիրելով։

Ինքնամեկուսացումը ձգվում է ամիսների հետ։

Some image

անանուն 4

Չգիտեմ ինչի եմ երեկ ընդամենը մի նախադասություն գրել։ Կենտրոնանալը և գրել ցանկանալը ավելի ու ավելի է դժվարանում։

Հիմա Երևանում եմ։ Չգիտեմ արդեն գրել եմ, թե չէ, բայց շաբաթ օրը եկա Երևան։ Հիմա էլ չէի ուզում հետ գայի։ Հա լավ հիշեցի, ոնց որ արդեն էս նույնը մի անգամ էլ եմ գրել։

Մի հատ աղջիկ կա, ում հետ գործի բերումով համարյա արդեն մի վեց ամիս շփվում եմ ու չգիտեմ ով ա։ Ինքը գիտի, դե ես ով եմ ու սկզբում ահավոր չէր վստահում, իսկ հիմա շատ ա վստահում ու ինձ թվում ա, որ մի օր ասեմ՝ բա դու ո՞վ ես՝ կասի։ Բայց չեմ հարցնի, որովհետև չեմ ուզում իմանամ։

Հիշում եմ, մի անգամ Դավոն նույնը ասեց, երբ որ անոնիմ էր, ասեց՝ որ իմանաս ով եմ՝ էլ չես ուզենա հետս շփվես։ Բայց ես ապուշի պես էնքան համոզեցի՝ ասեց։ Ու հետո չուզեցա հետը շփվեմ։ Իսկ հիմա ես հնարավորություն ունեմ չիմանալ ովքեր են մարդիկ ու ուղղակի շփվել։ 

Ու էս մարդկանց ճանաչելու միտումը էնքան շատ ա ու էնքան են մեղադրում ինձ։ Էն օրը Նանեն մեղադրեց, հետո Լուսը, հետո եսիմ ով։ Եսիմ, ինձ թվում է, եթե էդ մարդու մեջ մի քանի բաներ կան, որոնց համար արժե սիրել, ուրեմն մնացածը երևի կարևոր չի։

Կարևոր չի, թե ինքը ինչեր է անում կյանքում, որովհետև բոլորս էլ վատ բաներ անում ենք։ Այլանդակ բաներ։ Հաճախ անկապ բաներ ենք մտածում ու ատում բոլորին։ Մաստուրբացիա անելիս բոլորս էլ մյուսների համար զզվելի բաներ պատկերացնում ենք, հաստատ։

Եսիմ, հաջորդ անգամ, որ մեղադրեն, թե չես ցանկանում ճանաչել իրանց, երևի կառաջարկեմ պատմեն, թե մաստուրբացիա անելիս ինչեր են մտածում։ Որովհետև, երևի, եթե բարձրացնեմ անկեղծ լինելու հարցը, դա ավելի անկեղծ չի՞։ Էդ մտածածը։

Հիմա հասել եմ մի պահի, որ թե ինչ ես զգում ամբողջ կյանքում էլ էդքան էլ կարևոր չի։ Կարևորը էս պահին մենք իրար հետ ենք ու շփվում ենք, տես լավ բաներ ենք խոսում, ծիծաղում, վափշե պարտադիր չի կարևոր բաներից խոսալ, քննարկել տիեզերքն ու տարածությունը, եսիմ ինչ։ Կարաս ուղղակի քո կյանքից մի փոքր ու հետաքրքիր բան պատմել։ Հետո, եթե ես կարանամ վստահեմ, մի թեթև բան էլ ես կասեմ։ Ու տենց կջերմանանք իրար հանդեպ։

Կարողա հաջորդ օրը ջերմ չլինենք ու երևի պարտադիր էլ չի։ Ու նաև կարևոր չի, որ իրար համար կարևոր մարդիկ լինենք։ Որովհետև ինչ-որ մեկին կյանքում ունենալը մեծ բեռ ա. գրեցի մեծ բեռ ա ու հասկացա նաև որ գուցե ես եմ վախենում։

Որովհետև էն օրը, երբ Լուսի հետ էի խոսում, ես իրան ասեցի, որ հաճախ սահմանել չցանկանալը վախերից ա գալիս, իսկ Լուսը ասեց՝ վախերից չի, եսիմ ինչից ա։ Բայց ախր, ես հո տեսնում եմ, որ նա վախենում ա։ Բայց դե չեմ ստիպում՝ ինքը իրա կյանքը։

Ինձ թվում ա ընկերությունը անկեղծության մասին չի։ Բայց ես չեմ կարա վստահ ասեմ, որովհետև ես լավ ընկերություն անել չգիտեմ։

Ու նաև ես էդ մեղադրանքը կա, որ որոշ մարդիկ իմ համար առաջնային չեն. Էլի Լուսը ասում ա՝ տես ես ունեմ կարևոր մարդիկ և որոշում եմ կարևոր մարդկանց հետ ժամանակ անցկացնել։ Իսկ ես դա չեմ հասկանում, որովհետև ես ուզում եմ բոլոր մարդկանց հետ ժամանակ անցկացնել և չեմ ուզում շատ կարևորել: Բայց էդ հիմա եմ տենց ասում էլի։

Երևի կայունությունն էլ ա վախացնող։ Բայց մյուս կողմից կայունության եմ ձգտում։

Վոփշեմ, խառնվեցի իրար։

Նինտենդո Սվիչ եմ պատվիրել՝ էս շաբաթ կգա։ Յեյ։

Some image

անանուն 3

Գիտակցության զարգացումը մարդկության զարգացումն է։

Some image

անանուն 2

Էսօր լիքը տառապեցի, բայց օրը անցավ։ Ու հիմա նենց թեթև եմ զգում. գործը արել եմ, ինչ-որ նոր գործեր եմ վրես վերցրել, որը մենակ ուրախացնում ա, քանի որ մարդկանց հետ շփումը բացառում ա, նաև չգիտեմ ինչ եղավ։

Քանի օրը Լուսին ու Սաշկային եմ տեսնում, երեկ երկուսն էլ շատ լավ էին, տենց լռվել էի հետները ու վայելում էի։ Մարատին տեսա, ինչքան լավն ա ինքը։ Մայիսն էլ ա ավարտվում, գիտե՞ս. մի շաբաթից։ Ու օրերը թռնում են, հոսում են, լողում են ու ոչինչ չի մնում։

Էս շաբաթ տագնապներս սաղ սևացրեցին։ Հազարավոր քոլեր ունենալու միտքը սևացրեց ու մաքրեց իմ շաբաթը։ Մտքերս խառն էին ու անորոշ։

Մտածում եմ, որ երբ ներկա պայմանագիրս ավարտվի, գուցե, ես ամբողջ փողս դնեմ ավանդ ու ավանդիս հաշվին ապրեմ մնացած կյանքը։ Եսիմ ինչքան փող չի լինի բայց ինձ թույլ կտա ազատ լինել և չտառապել այլևս։ Չպայքարել ոչինչի համար։

Մյուս տարբերակը Երևանում տուն առնելն ա, որը հիմա չեմ ուզում։

Հիմա դեռ չգիտեմ, որ տարբերակը ավելի հարմար կլինի։

Տենաս ի՞նչ ձև ա Մարատի պես լինելը։

Մտքիս նաև Վանաձորի մասին ինչ-որ բան սարքելն ա, որը սկզբում կասի՝ «Եթերում է Վանաձորը»։ Բայց դեռ մենակ սկզբի բառերը գիտեմ։ Երանի ես քիչ տագնապեի։ Երանի ամեն ինչ անհնար չթվար։ Երանի հարմարված լինեի։

Չգիտեմ, ինչպես հաղթահարեմ ամեն ինչ։

Սպասեմ։ Չսպասեմ։

Որոշել եմ շաբաթ օրը գնամ Երևան, բայց վախենում եմ։ Նորից այլ իրականություն եմ գնալու, որը վախացնող ա։ Զարմանալի ա, թե ինչքան եմ ես տարօրինակ։ Հետո գնամ, չեմ ուզի հետ գամ։ Հետո հետ գամ՝ չեմ ուզի գնամ։

Երանի աշխարհը չփոխվեր։ Ու ես անփոփոխ լինեի։

Some image

անանուն 1

Հիմա նստած եմ ու չեմ իմանում ոնց պետք ա աշխատեմ։ Անընդհատ անհանգիստ եմ ու տագնապային, չեմ ուզում անեմ էն մի գործը, որը որ պետք է անեմ հիմա։ Որը նաև շատ բարդ չէ, եթե հաշվի առնենք թե ինչեր եմ արել։ Էսօր նաև լիքը զանգեր կան, լիքը անկապ պահեր, որոնց չեմ ուզում մասնակցել։ Չգիտեմ, մի ձև կձգեմ երևի։

Նույնիսկ գրելն ա դժվար։ Երեկ գնացի Սաշկայի տուն, անկապ լռվեցի։ Էսօր որոշել եմ Նինտոնդո Սվիչը պատվիրեմ գիշերը, հուսով եմ ամեն ինչ կստացվի։ Իսկ գործս ինքս ինձ խոսք տվեցի, որ կանեմ երեկոյան, չնայած որ կասկածում եմ, թե կհաջողվի։ 

Բայց ամեն դեպքում կփորձեմ։ Այս շաբաթ նորից Երևան եմ վերադառնալու, նորից չգիտեմ ինչ է լինելու։ Մեկ-մեկ ինձ թվում է, թե ես ոչ թե լավին եմ ձգտում, այլ կայունին։ Կարևորը փոփոխություն չլինի, եթե նույնսիկ իրավիճակը վատ ա, կարևորը կայուն ա, ոչ մի բան փոխել պետք չի։

Էս հիմար կարողությունից ազատվելը շատ դժվար ա։ Դա նաև տագնապային ա դարձնում ամեն փոփոխությունը, բայց երբ շատ ջանք եմ գործադրում, ամեն ինչ ուղղվում ա։ Հիմա Վուբզին ասեց, թե ես եմ մի քանի քոլին լիդ անելու, իսկ ես պատրաստ չեմ ու չեմ ուզում ու դժվար ա ինձ համար խոսելը։ Եթե չստացվեց Վուբզիին համոզել՝ ստիպված պետք է անեմ։

Իսկ հիմա ոչինչ չեմ ուզում։ Ուզում եմ կորել, ուզում եմ նենց բան անել, որի մեջ հարյուր տոկոս վստահ եմ։

Բայց դե չգիտեմ։

Վանաձորի սավանը

պատճառ

թե ինչի եմ ուրախ կամ ինչի եմ անհանգիստ

Երեկ ինչպես արդեն ասել էի, գնացինք Վանաձորի ամենաբարձր շենքի տանիքի վրա ու լռվեցինք մի քիչ։ Շատ հավես անցալ, Սաշկան մի պահի իմ մասին ինչ-որ երգ հորինեց, որը պատմում էր, թե ինչպես եմ Վանաձորի ու Երևանի արանքում լռված ու ինչպես եմ ինքս ինձ գտնում ու ինչ ուրախ ա, որ էդտեղ եմ։ 

Լուսի հետ էլ խոսեցինք։ Հետո Սաշկայի շունը՝ Կոսմոն, որ էլ վրես չէր հաչում, իրա հետ էի խաղում։

Ու անընդհատ մտածում էի՝ ես որտեղ եմ ուզում լինել։ Եթե ուզում եմ Վանաձորում մնալ, ուրեմն լիքը փոփոխությունների ու անհարմարությունների պետք ա պատրաստ լինեմ, բայց չգիտեմ պատրաստ եմ, թե չէ։ Կամ կարող եմ 50/50 անել, երկու տեղում էլ մի քիչ լռվել, բայց դրանից էլ հնարավոր ա ամբողջականության զգացում չունենամ։

Էսօր փաստորեն Լուսի ծնունդն էր, իսկ ես դրա մասին իմացա ամենավերջին պահին։ Հետո ճանապարհին վատ էի զգում ու մտածում՝ բա հիմա ի՞նչ անեմ, բայց տենց էլ ոչինչ չարեցի։ Հետո Լուսի հետ կիսվեցի իմ կասկածներով, ինքը կատակով ասեց՝ կարողա՞ սիրահարվել ես։ Ես դե արդարացա և այլն, բայց երբ ճանապարհին մտածում էի, հասկանում էի, որ էնքան հնարավոր ա իրա ասածը։ Ու երբ ավելի խորն եմ մտածում, ես էնքան անհույս եմ դառել, որ կարամ նաև սիրահարվեմ առաջին պատահած հարմար տարբերակին։

Ու մի պահի, որը ոչ հիմա էր, հանկարծ զգացի ինչ-որ զգացում, որը չէի զգացել արդեն երկար ժամանակ, էն որ զգում ես հասկանալ, որ կապվել ես։ Բայց հիմա տենց չեմ զգում, փորձում եմ չնկատել։ Որովհետև ոչինչ չի ստացվի էլի։

Էսօր Լուսն ասում էր՝ իսկ ու՞մ կուզես, ես էլ ասեցի խելացի ու ազատ լինի։ Ու նա ասաց՝ դե բարդ ա։ Ու ես հասկացա, հասկացա ինչքան բարդ ա։

Էսօր երկար քայլեցի, երկա՜ր, երկա՜ր Վանաձորով քայլեցինք, ոտքս մի տեսակ հոգնել է, բայց դե ձգեց կարևորը։

Չգիտեմ Լուսին ինչ նվիրեմ, ճամփին ինչ որ բան էի մտածում, բայց Դավիթը նույնից նվիրեց արդեն։

Մի տեսակ օրագրում գրելն էլ ա դժվար դարձել արդեն: Բայց դեռ կշարունակեմ։ Ինձ թվում է, ինձ հիմա ամեն ինչից հետ պահողը ոչ թե ներկան ա, այլ գործիս հետ կապված անհանգստությունը, որը երևի մի երկու ամսից կանցնի։ Երբ որ դա անցնի, անհնանգստությունն էլ կանցնի ու այլ բաներ անելը կստացվի։

Հիմա մի քիչ անորոշ է ու երևի դրանից է։

Լուսը էսօր ասեց՝ իսկ ինչ կասես էսօրվա մասին, որ լավն էր ու չեմ մոռանա։ Ես դե հիմարի պես չասեցի։ Ես պետք ա ասեի, որ շատ ուրախ եմ, որ ինքը կա, որ Վանաձորում ինձ հարազատ մարդ ա մնացել, որի պատճառով Վանաձորի հանդեպ իմ սերը մեծանում ա։ Ուզում եմ ասեմ, որ չնայած չեմ հասկանում շատ դեպքերում, շատ ուրախ եմ, որ ինքը աշխարհը այլ ու ավելի խորն է զգում, որ շատ հոգատար ա ու հասկացող։

Վանաձորի ափսեն

սահման

սահմանի գինին ու Վանաձորի վերագտնելը

Ինձ թվում ա, էսօր լավ որոշում կայացրեցի, որ Լուսին էնքան չամռվեցի, ասեց՝ Խաչիկանց մոտ ենք կարաս գաս։ Ես էլ գնացի, Խաչիկին տեսա, Սաշկային, Դավիթին ու Լուսին տեսա։ Հետո հավայի լռվեցինք, Խաչիկը իրա քաշած գինուց բերեց՝ խմեցինք, հետո իրա շնին սիրեցի, ճագարներին ցույց տվեց։ Նենց հավես էր։

Հետո Սաշկայի հետ գնացինք իրանց շենքի տանիքը։ Էդ շենքը Վանաձորի ամենաբարձր շենքն ա, 12 հարկ ա, անունը Էրեբունու շենք ա։ Մտածեցի՝ ինչ լավ ա, որ Վանաձորում եմ։ Հետո Սաշկայի շունը՝ Կոսմոն, սկզբում վրես գրգմռում էր ու ես վախենում էի, բայց մի քիչ սիրեցի, սկսեց ինձ էլ սիրել։ Սաշկային կատակով ասեցի՝ սիրածներն էլ են սենց, սկզբում վախից գրմռում են, իսկ հետո պահանջում են՝ իրանց սիրես։ Որովհետև իրոք շունը անընդհատ ձեռքը դնում էր ձեռքիս որ սիրեմ իրան։ Հետո ծիծաղեցինք, բայց ես մտածեցի՝ արդյոք տենց ա, որովհետև երկար ժամանակ ա սիրած չեմ ունեցել, ի՞նչ իմանամ։

Վաղը նորից գնալու ենք էդ տանիքի վրա, ապարատս կվեկալեմ, որ նորից նկարեմ։

Վաղը նաև մաման ասեց՝ գնանք տատին տենանք, ուրիշ ժամանակ կասեի՝ չէէ, եսիմ ինչ, բայց հիմա ասեցի՝ իհարկե մամ, արի գնանք։

Որովհետև հետո փոշմանելու եմ, որովհետև հետո ափսոսալու եմ, որ մամայի խնդրածներին հավայի ասել եմ՝ չէ, առանց մտածելու, առանց հասկանալու, որ սրանք էն պահերն են, որ պետք ա իրա հետ անցկացնեմ։

Մամային ասեցի՝ մամ ի՞նչ կուզես, կուզե՞ս դուռը սարքենք, ասեց՝ հա, կուզի դուռը սարքենք։ Ասեցի՝ լավ, հաջորդը տան դուռը կփոխենք ամռանը։

Նոր Մարիօյին մի պահ ասեցի, որ կուզենայի սիրած ունենամ Վանաձորում, ստեղ էլ մնամ ու ապրեմ։ Բայց դե դժվար ստացվի։ Եթե մարդիկ լինեն, ես չեմ ուզում էլ Երևան գնամ։ Ու եթե գործս մնա։

Հաստա՞տ ուզում եմ։ Սա մի բան ա, որի մասին կարող եմ երկար մտածել։

Վանաձորի փայլուն դուռը

տագնապ

ամենավատ գրառումներից մեկը

Չգիտեմ ոնց ստացվեց, որ մի պահի համարյա մենակ մնացի, իսկ ով էլ կա կողքս բավականին հոգատարության զգացում չի կարողանում ստեղծի։ Չգիտեմ ոնց ստացվեց, որ ես արդեն չեմ ուզում շատ կիսվեմ մոտիկ մարդկանց հետ, որովհետև տպավորություն եմ ստանում, թե վափշե իրանց պետք էլ չեմ, երբ որ իրանք ուրախ են։ Ինձ մեկ-մեկ թվում ա, թե ես ուղղակի ստեղված եմ իրանց սփոփելու, երբ որ վատ են ու իրանց պատմությունները լսելու, երբ որ ուրախ են ու ոգևորված։ Սա իհարկե տանելի ա, երբ որ ես էլ եմ ուրախ լինում, բայց երբ որ տրամադրությունս ճնշված ա լինում, մի անտանելի բան ա դառնում։ Որովհետև, մի տեսակ՝ էդ հարաբերությունը առողջ չի թվում։ Ու գուցե նաև առողջ չի իմ էս ասածը, բայց դե հիմա տենց եմ զգում։ Ու ստացվում ա նենց, որ մենակ ինձ լավ զգալու ժամանակ ինչ-որ մարկանց հետ պետք ա խոսամ, որովհետև երբ վատ եմ էդ մարդկանց չեմ դիմանում։ Ես շփումը մի տեսակ հակասական բան ա ստեղծում, որ մի կողմից դու չես կարա ասես, թե ոնց ես զգում, չես կարա ասես, որ զգում ես, թե ինչքան են ծանրաբեռնում քեզ, մյուս կողմից, եթե ասես՝ կարող ա ամեն ինչ շատ ավելի վատ լինի։

Չգիտեմ ինչի սենց ստացվեց, որովհետև երեկ չէ առաջին օրը ավելի լավ էի։ Երևի պետք չի շատ խորանալ, որ հետո ավելի լավ զգամ։ Բայց սա էստեղ գրեմ, որ հետո նայեմ ու մտածեմ սրա շուրջ։

Ուզում եմ դուրս գալ, դրսում ման գալ, բայց մենակ եմ ու ոչ մեկ էլ չկա։ Լուսն էլ երևի կսկսի իրա սիրածներից էլի խոսալ, որին ես դժվար ձգեմ էս տրամադրությամբ։ Գնամ, երևի, մենակով լռվեմ կանաչների մեջ, բայց կանաչները հեռու են ստեղից։

Ոչինչ էլ չարեցի, ամբողջ օրը մնացի ու տխրեցի։ Էնքան մենակ էի զգում, ֆեյսբուքում ակտիվացա ու տարբեր մարդկանց գրեցի Վանաձորի, որ բա երբ հանդիպեք, խնդրում եմ ինձ էլ ասեք։ Շատ մենակի պես ա հնչում, բայց դե ես մեկ ա մենակ եմ:

Չգիտեմ, ինչ եմ ուզում, որ չեմ կարողանում բավարարել։ Կամ չգիտեմ ինչ եմ ուզում, որից նեղվում եմ։ Բայց երևի մենակությունն ա։

Հիմա, երբ արդեն օրը համարյա ավարտվել ա, ես գուցե համարձակությունս հավաքեմ ու ավարտեմ էս գրառումը։ Բայց դե դժվար։ Երևի որոշում կայացնեմ ու չշարունակեմ օրագիրը։ Բայց դրա փոխարեն պետք է երևի ինչ-որ հետաքրքիր բան գտնեմ։

Որը չկա։

Ինքնամեկուսացման օրերին ոչինչ չի մնացել։

Վանաձորի լամպը

մենակս

կամ ինչ անարդար ա, որ «մենակ» ու «միայնակ» բառերը վեց տառանոց չեն

Հիմա հասկանում եմ, թե ինչքան մենակ եմ ինձ զգում։ Ինչքան մարդկանց կարիք ունեմ, մարդկանց, որ քեզ պատասխանատվության չեն դրդում, այլ ուղղակի լռվում են հետդ ու զրուցում եք։ Մարդկանց, որ աջակցում են ու իրական են, էսօրվա կարուսելի վրա նստած երկու աղջկա պես։ Մարդիկ, որ ջոկում են, ինչքան մենակ ես ու փորձում են չտանջել։

Էսօր գնացի կենտրոն, որ բանկոմատից փող հանեմ ու նաև Սոլիան առնեմ։ Տենց առնելուց հետո Յուլիային տեսա, խնդրեցի, ասեցի՝ կլինի՞ ձեզ հետ քայլեմ։ Նրա հետ նաև Գոռն էր, Էմիլյան ու Լիլիթը։ Երեքի հետ էլ ծանոթացա, շատ լավն էին։ Տենց քայլեցինք, հետո գնացինք հրապարակի հետևում թաքուն ծխեցինք, թաքուն, որովհետև իրանց ծնողները չգիտեն, որ ծխում են։

Հետո անկապ խոսացինք, տենց նայեցի իրանց, աստված ջան, ինչքան եմ կարոտել իրական մարդ տեսնելուց։ Էս օնլայն շփումը ձանձրալի ա, սպառում ա, բոլոր մարդիկ հսկա պարիսպներ են շարում են պաշտպանության ու իդեալականության։ Երևի ես էլ, բայց ես ուզում եմ իրական լինեմ, անպաշտպան լինեմ ու հավայի լինեմ։ Ու ինձ տենց սիրեն։ Ինձ թվում ա, գուցե շատ եմ գույները մգացնում։

Դե կաղալով եմ քայլում, մարդիկ ուշադիր նայում էին ոնց որ, բայց ես հպարտ էի ու չէի նկատում անցնելիս։ Մենակ մեր շենքի մուտքի մոտ մի հատ տղա կար՝ Արմոն, որ երևի ինձ չի էլ հիշում, տենց ինչ-որ կատակ արեց, որը երևի նույնիսկ իմ վրով էլ չէր, բայց նեղվեցի ահավոր, որովհետև հիշեցի փոքր ժամանակ բակում, որ վրես ծիծաղում էին, իսկ ինքը բակի սիրուն ու ինքնահաստատված տղեն էր։

Իսկ հիմա ոչինչ չի մնացել։ Տարիներ են անցել ու ինքը ծերացել ա ու երևի էդքան էլ չի փորձում ինքնահաստատվել։ Ու ես տենց փորձում եմ հպարտ լինել, բայց ներսից էնքան խոցելի եմ։ Երևի մյուս հպարտներն էլ են այդպես, ուղղակի չեն խոստովանում։

Հետո Վանաձորում ման եկա, ափսոսացի, որ ապարատս չէի վերցրել, արդեն ամենուր պետք ա վերցնեմ հետս։

Մի քիչ մրսեցի, բայց ոչինչ։ Սոլիանը խմեցի, որ երկու օրից նորից ուրախ լինեմ։ Ինչ ահավոր ա։ Ինչ ահավոր ա։ Հասա նրան, որ դեղ եմ խմում, որ ուրախ լինեմ։ Բայց դե ինչ անեմ։

Վանաձորի սարը

օրագիր

հին ու նոր օրագիրները

Էսօր առավոտը չէի հասկանում, թե ինչից կարելի է գրել, մինչև իրիկունը՝ Հայարփիի սետրիֆիկատը ման գալուց պատահաբար մանկությանս օրագրերը գտա։ Ու էնքան տարօրինակ էր կարդալ, թե 13 տարեկանում ես ինչեր եմ գրել ու ոնց եմ մտածել։ Թե ինչքան հավատացյալ եմ եղել, ինչքան զգացմունքային ու պաթետիկ։

Բայց օրեր կային, որ կարդում էի ու ծիծաղս գալիս էր, թե ինչքան է նման հիմիկվա օրագրին։ Էլի միօրինակությունից, ձանձրույթից ու անիմաստությունից եմ բողոքում։ Տասնվեց տարի ա անցել, բայց ես էլի նույն բաներից եմ խոսում։ Թեմաները չեն հնանում, ոնց որ ասում են։ Ու ինչ-որ շատ ծածկամիտ եմ եղել, ամեն ինչ սարսափելի փակ ու գաղտնագրված եմ գրել։ Նույնիսկ էն ժամանակ եմ զգացմունքներս արտահայտելիս խնդիրներ ունեցել։

Հայարփին՝ նախկին կուրսեցիս, նաև ինձ ավելացրեց մի չաթում, որտեղ նախկին կուրսեցիներս են։ Էնքան անհասկանալի զգացումներ են, էնքան խոցելի եմ զգում ինձ։

Նաև մտածում եմ, որ տարիներ անցնեն ու կարդամ էս օրագիրս՝ նույնչափ օտարացա՞ծ եմ զգալու ինձ անցյալից։ Էլի ինձ թվալո՞ւ ա, թե էդ մարդը որ եղել ա ոնց որ ես չլինեմ։ 

Հետո նաև կարդում եմ իմ անկապ ոտանավորները, որ էն ժամանակ շատ էի գրում, ու մտածում եմ՝ ինչ ահավորն եմ եղել։ Ինչքան չջոկողն եմ եղել։

Ինչ-որ ռուս աղջկա էի սիրահարված էն ժամանակ՝ մինչև որ սկսեցի տղերքի սիրահարվել։ Ու ինչ որ շատ անհասկանալի հարաբերությունների մեջ էի։

Հետո ինչ-որ բաներ էի վնուշկվում ու տառապում։ Լրիվ ոնց որ հիմա։ Ու ընկնում էի ցիկլերի մեջ ու ցիկլերով պտտվում, անընդհատ, անդադար։ Լրիվ հիմիկվա պես։

Մտածում եմ, եթե շուտ ջոկեի կամ ինչ-որ մեկը ջոկեր, երևի հեշտ լիներ ինձ էդ ամեն ինչից ազատելը։ Բայց դե ում պետքն էի:

Ու էս նույն «ում պետք լինելը» նաև էդ օրագրերում էի գրում։ Մեկ-մեկ ինձ թվում ա, թե ես ինձ ավելի խեղճ եմ միշտ պատկերացնում, քան իրականում եղել ու կամ։

Նաև էդ օրագրերից մեկում երազանքների ցանկ էի գրել ու բացի Եգիպտական բուրգերը տեսնելուց՝ մնացած բոլորը իրականացել են։

Էսօր Վիլյամիկն եկավ, իրար հետ խաղացինք։ Ապարատովս թայմեր էինք դնում, սեղմում էր, վազում մոտս, նկարվում էինք։ Թայմերը շատ անհասկանալի բան էր Վիլյամի համար ու ընդհանրապես կամերան։ Ասում էր իսկ սա ինչի՞ համար ա, եթե կան հեռախոսներ։ Ինչ հետաքրքիր ա տեխնոլոգիայի հանդեպ պատկերացումները։

Հիմա լսում եմ «Closer»-ը WhoMadeWho-ի, ինչ-որ անհասկանալի զգացմունքների հոսք ա գալիս։ Բայց չեմ հասկանում կոնկրետ որտեղից։

Հիմա պահի տակ էնքան մենակ զգացի ինձ։ Ու նույնը մանկությանս օրագրերում էր։

Վանաձորի սարը

սպիտակ

նոր խցիկով նկարում եմ լեռները

Վանաձորում առաջին օրս։ Ու առաջին օրվանից անձրև է սկսել։ Վաղն էլ է ամբողջ օրը անձրև գալու, իսկ ես հույս ունեի դուրս գայի շրջեի։ Բայց բարձրացա տանիքից նկարներ արեցի։ Ճիշտ ա, մի քիչ վախենալու էր բարձրություն պատկերացնելը, բայց շատ մոտ չէի գնում ճաղավանդակներին: Նկարեցի, հետո մի քիչ մշակեցի, գցեցի Ֆլիքր: Նաև մամային եմ նկարել։

Բակում լիքը ջրափոսեր կան, շատ մռայլ եղանակ էր։ Բայց հիմա արդեն մութ ա ու ոչինչ չի երևում։

Բարձրացա տանիքում մի քանի տեղափոխություններ արեցի։ Պարզվում ա հենց մենակ իմ սենյակը գլխին ա ջուր թափվում. դրանից ա երևի, որ սենյակս խոնավ ա։ Բայց չեմ նեղվում ու ուզում եմ ուրախ լինեմ։ Պետք ա Սոլիան խմեի, որ նորից ուրախանայի, բայց կարծես չեմ բերել հետս։ Լավ կլիներ դեղատնից առնեի, բայց պետք ա գնամ քաղաքի կենտրոն։

Էսօր թվիթերի քոլի ժամանակ մեկին տեսա, տենց հիշեցի, ինչքան էի իրան սիրում։ Բայց հիմա ամեն ինչ անցել էր։ Բայց էնքան ուրախ էի, որ ինքը կա, որ հենց իրան եմ հավանել։

Սա խեցգետնի առաջին գրառումն է։ Մի հատ գիրք կար «Խեցգետնի արևադարձը», շատ խուժան ու անհասկանալի գիրք էր, որ տենց էլ չկարացա սիրեմ։ Գուցե, որ հիմա կարդայի՝ սիրեի։

Խեցգետին ախպերս էր, հիմա ով խեցգետին ա լինում միանգամից ախպորս եմ նմանացնում։ Բայց իրանից չեմ ուզում պատմեմ։ Որովհետև անցյալը հիշելու հավես չունեմ հիմա։

Խեցգետին ոնց որ նաև Ռոբն էր կամ էլ երկվորյակ, չեմ հիշում լավ։ Ու չգիտեմ, թե ինչ կապ ուներ Ռոբը ստեղ։

Նաև չեմ հասկանում, թե արդյոք կարոտել եմ խելացի բաներ գրելուն։ Կամ ընդհանրապես ինչ-որ մեկին։ Էհ, լավ, ինչ եմ խորանում։

Հուսով եմ, վաղը արև կլինի։ Ինքնամեկուսացման օրերը ընթանում են սովորականի նման, ոչ թե ինչպես սովորաբար, այլ հենց սովորական լինելու նման։

Բարի գիշեր։