ինքնա​մեկուսացում

դատարկի օրագիրը

Երևանում համարյա գիշեր է

հետքեր

թե ինչ հետքեր են մնացել ակվարիումի վրա

Այսօր կարծես թե արդյունավետ անցկացրի, դե կիրակի էր, լեկցիաներ նայեցի, հոդվածներ կարդացի, հիմա օրն ավարտվում է։ Վաղը նորից աշխատանքի եմ գնալու, բայց նախ բժշկի։ Նեղվում եմ էն մտքից, որ բժիշկը կասի վիճակդ վատն է։ Ոչ թե վիրահատվելուց եմ վախենում, այլ որ նորից ուրիշ մարդկանց եմ օգնության դիմելու։ Չեմ ուզում անօգնական լինեմ։ Ոտքս թույլ է, բայց քայլել լինում է։ Երկար քայլելուց հետո ուռչում է ու սկսում կամաց ցավել, իսկ ավելի երկար քայլելուց ընդհանրապես թուլանում է։ Չգիտեմ՝ վերջը ինչ է լինելու։

Էսօր շատ զգայուն էի ու էլի մարդիկ վրաս ազդում էին։ Փորձում էի դիմանալ, կարծես ստացվում էր։ Առավոտից մի առիթով հիշեցի աքիսներին, հիշեցի որ գյուղում տան աջ մասում լիքը աքիսներ կային։ Տատս ասում էր՝ նրանք շատ խելացի են ու վրեժ են լուծում։ Եթե վնաս չտաս՝ քեզ վնաս չեն տա, բայց եթե վնաս տվեցիր, իրենք էլ քեզ վնաս կտան։ Հետո չեմ հիշում երբ, մի օր տատիս տան բոլոր հավերին սպանած գտանք։ Տատս ասեց՝ աքիսներն են, ասեց, այ որ վնաս չտայինք այսպես չէր լինի։ Ու սիրտը ցավելով լռեց։

Չեմ հիշում, թե տատս ինչպես էր աքիսներին անվանում։ Բայց հիշում եմ նրանց սպիտակ, փոքրիկ մարմինները քարերի արանքում։

Հետո մի օր նրանցից մեկին սատկած գտանք։ Տատս ասեց՝ ձեռք մի տվեք։ Բայց մենք ձեռք տվեցինք ու տատս սկսեց անհանգստանալ, թե նրանք նորից կփորձեն վրեժ լուծել՝ մտածելով թե մենք ենք սպանել։ 

Ասեց՝ քանի որ նրանք հոտը շատ են ուժեղ զգում, տարեք հեռու մի տեղ։ Ես ու Գուրգենը՝ քեռուս տղան, տարանք աքիսի դիակը Գաբրելմունքելի լանջի վրա։ Ես բռնել էի այդ փոքրիկ, սպիտակ մարմինը ու ինձ թվում էր աստված է ձեռքերիս մեջ։ Այնքան զգուշությամբ էի բռնել։ Այնքան սիրուն էր ու այնքան վախենալու։ Ու հետո Գուգոն քարը բարձրացրեց ու ես սատկած աքիսին դրեցի քարի տակ, հետո Գուգոն մեծ քարը իջացրեց։ Ու ինձ թվաց, ես աքիսին նորից վերադարձրեցի այնտեղ, որտեղից նա սկսել էր։

Հետո եկանք գյուղի տունը, տատս դեռ անհանգիստ էր։ Բայց ինչքան հիշում եմ դրանից հետո աքիսները չհարձակվեցին ու տատս ոնց որ ուրախ էր, որ տարանք ու թաղեցինք։ Ես էլ ուրախ էի, որ ձեռքերիս մեջ բռնել եմ այդ փափուկ, նուրբ, տարօրինակ, ուժեղ ու աստվածային կենդանուն։

Ես նաև մի ծովախոզուկ ունեի։ Ակվարիումի մեջ էինք պահում։ Քրոջս էին ոնց որ նվիրել։ Տենց ապրում էր, սիրում էի, չնայած նա չէր սիրում, որ իրեն կպնում էինք։ Հետո երբ արդեն Երևան տեղափոխվեցի, Տոտոն դեռ Վանաձորում ակվարիումի մեջ էր ապրում. Վանաձոր վերադառնալիս ես էի մաքրում բույնը, փայլացնում, իսկ նա դե ամեն անգամ կեղտոտում էր։ Ես չնկատեցի ինչպես տարիները անցան, Տոտոն ոնց որ հինգ թե չորս տարի ապրեց, հետո կծկվեց ակվարումի անկյունում։ Մենք արդեն նրան համարյա չէինք նկատում։ Իսկ նա սատկեց։ Հիմա գրելուց նեղվում եմ չգիտեմ ինչի ու մի քիչ լարվում։ Հետո մաման ասեց, տանեմ գետի մեջ գցեմ։ Մեր շենքի մոտով դե մի հատ գետ ա հոսում, որի ափին ես վազվզում էի։ Դե պատմել եմ, գիտես։

Հիշում եմ, երբ մաման ծովախոզուկին ջուրը գցեց, ես էլ ունեցա այն զգացումը, թե նա վերադարձավ այնտեղ, որտեղից եկել էր։

Ու հիմա կենդանիներին հիշելով, հանկարծ կատվիս հիշեցի, թե ոնց տարան կորցրեցին ու ես ոնց էի լաց լինում զուգարանում փակված, որովհետև ուրիշ տեղ չկար տունը լաց լինելու։ Ու հիշում եմ, որ կողքից լսում էին, բայց լավ չէին հասկանում, թե ինչու եմ լաց լինում։ Դե կենդանի էր էլի, ասում էին, բոլորին խանգարում էր։

Ես պատկերացնում էի, թե նա ինչպես է հիմա զգում։ Մենակ, վախեցած, չի հասկանում, թե ինչ է կատարվել շուրջը։ Ու սիրտս ցավում էր։ Հիմա էլ լացս գալիս է չգիտեմ ինչի։ Երևի որովհետև ես էլ եմ հաճախ տենց զգում։

Չգիտեմ, ինչի էսքան բան հիշեցի։ Ինձ թվում է, եթե ես կրոն հիմնեի աքիսներին կպաշտեի։ Հենոն ասեց՝ իրենցից շուբաներ են կարում։ Խեղճ աքիսներ։

Հետո էսօր ինչ-որ այլ բաներ կարդացի ու արեցի, նաև որոշեցի Գիլգամեշը կարդամ, քանի որ էսօր մի լեկցիայում դրա մասին էր խոսում։ Իսկ էդ լեկցիային հասա, քանի որ նայում էի, թե ոնց են սեպագրերը վերծանել։

Նկատել եմ, որ էլ ոչ մեկի հետ հարաբերություն չեմ ուզում։ Ու ինձ չեմ էլ տանջում դրանով։ Նկատել եմ նաև, որ տենց շատ ձգտումներ էլ չեմ ունենում մյուսների հետ շփվելու։ Լինում է՝ մենակ եմ զգում, բայց հետո արագ անցնում է։ Գուցե ճիշտը սա է։ Գուցե մենակ լինելով եմ կարողանալու գտնել ինքս ինձ։ Հասկանալ, թե ինչ եմ ուզում։ Հասկանալ՝ ինչու եմ ուզում ապրել։

Զգացի նաև, որ ուզում եմ Վանաձոր գնալ։ Որովհետև Վանաձորում արդեն իմ սենյակը ունեմ ու սեփականության զգացում է մոտս առաջել։ Սիրում եմ իմ կանաչ սենյակը։ Որ հետ գնամ, որոշել եմ պատերին լիքը բաներ կպցնեմ։ Կամ պատերին կալիգրաֆիա կանեմ։ Բայց դրա համար ներկ է պետք ու հաստ վրձին։ Ամեն դեպքում մի բան կանեմ։

ԴՄՏ-ի մասին գիրքը շատ կեղծ գիտական է։ Ինձ թվում է կեղծ գիտական հատվածները կանտեսեմ ու միանգամից կանցնեմ մարդկանց փորձառությանը։ Տեսնենք ինչ կլինի։ Վաղը նորից աշխատանքի եմ ու չեմ ուզում, որովհետև ծանր շաբաթ է լինելու։ Բայց դե՝ ինչ արած։

Բայց նաև Երևանի սենյակս եմ սիրում։ Դեռ կուզեի երկու քաղաքները միավորեի։ Կուզեի նաև մենակ չլինեի, բայց նաև՝ որ չնեղվեի մենակ չլինելուց։

Այս գրառմամբ փակվում է ցուլերի փուլը։ Երկվորյակները ես շատ եմ սիրում, որովհետև մեկը կար երկվորյակ էր։ Հիմա ուզում եմ անունը հիշեմ, բայց չեմ կարողանում։ Ինչ ծիծաղելի է։ Տենց մի տարի անհույս սիրես, իսկ հիմա անունն էլ չհիշես։ Հահա։ Երևի վաղը կհիշեմ, բայց չեմ ավելացնի։ Թող տենց անանուն էլ մնա։

Կուզեի՞, որ ինքնամեկուսացում չլիներ։ Եսիմ։ Ավելի շուտ կուզեի ոտքս լավանար ու նորմալ քայլեի։ Բայց դրա համար ժամանակ է պետք։ Պե՞տք է պայքարել։ Երևի։ Բայց պայքարելու համար էլ է ժամանակ պետք։ Իսկ ինքնամեկուսացումը երկար է։ Դեռ լիքը ժամանակ ունեմ։

Երևանի տանիքը

անանուն

առանց որևէ նպատակի

Այսօր ավելի շուտ եմ սկսում գրելը, չնայած որ էլի առանձնապես բան չկա։ Ուղղակի չեմ ուզում գրառելը բաց թողնեմ։ Մի քիչ մնամ տոնուսի մեջ մինչև գրառելու նոր բաներ լինեն։ Այսօր լավ չեմ զգում մարդկանց հետ հաղորդակցվելու մեջ։ Մարդկանց մեծ մասը վրաս անտանելի ազդում են։

Ավոկադոյի սերմերը դրեցի ջրի վրա։ Հուսով եմ, որ կսկսեն աճել։ Առաջին անգամ, որ ավոկադո կերա՝ Բեռլինում էր ու համը հեչ չհավանեցի։ Բայց հետո աղով ու զեյթունի ձեթով փորձեցի՝ շատ հավանեցի։ Ինձ թվում է, կարևորը աղն է։ Աղով շատ է համովանում։

Հաջորդ շաբաթը ծանր է լինելու։ Փորձում եմ ձգել, բայց նաև չեմ ուզում հիաթափացնել Քրիսին ու Վուբզիին։ Տեսնենք ինչպես կստացվի։

Կփորձեմ այսօր ոչ մեկի հետ չշփվել ու հուսով եմ շատ չեն տանջի ինձ։ Այնքան եմ ուզում գնամ ԴՄՏ-ի մասին գիրքը կարդամ։ Բայց շատ դժվար է լինում համակարգչից կտրվելը։

Մտածում եմ նաև օրագիրս փակելու մասին, բայց պետք է հասկանամ ինչպես։ Որովհետև հիմա մի քիչ տագնապում եմ բաց օրագրի մտքից։

Մտածում եմ, որ մարդիկ կարող էին մի քիչ ավելի աջակցող լինել, բայց որ խորանում եմ, թե ինչպես կուզեի, որ աջակցեին նյարդայինանում եմ։ Հաջորդ շաբաթ չորս օր արձակուրդ ունեմ կարծես, իսկ երկուշաբթի կգնամ բժշկի տեսնեմ ինչպես է մեկնաբանում ՄՌՇ-ն։ 

Փորձեմ դուրս նայեմ ու հեռախոսով ինչ-որ բան նկարեմ։ Ապարատ առնելու միտքը դեռ ոգևորիչ է, բայց տեսնեմ էս վիրահատության պահերը ինչ կլինեն՝ նոր երևի կառնեմ։

Երևանի երկինքը

շերտեր

ինչպես է շերտագրվել մարմինս

Մի տեսակ զգում եմ, թե ես հստակ չեմ։ Թույլ չեմ տալիս ինձ սխալվել ու լինել անկապ։ Ինչքան էլ փորձում եմ։ Այսօր գնացի ՄՌՏ-ի պատասխանը վերցրեցի, որը փաստորեն հայերեն ՄՌՏ չի, այլ ՄՌՇ է, երևի տոմոգրաֆիան թարգմանել են, ուղղակի չգիտեմ ինչ։ Շերտագրություն։ Ինչ սիրուն բառ է. շերտագրություն։ Պատասխանում եզրակացությունում նշված է՝

«Հիմնական փոփոխությունները ՄՌՇ-պատկերը թողնում է ծնկոսկրի տրանզիտոր դիսլոկացիայի հետևանքների տպավորություն պատելաֆեմորալ դիսպլազիայի՝ զուգակցված Հոֆֆի սինդրոմի պատկերը առաջացնելու ընդունակ էլեմենտների հետ, ինչպես նաև ծնկահոդի հետին-լատերալ կայունացնող կոմպլեքսի մենիսկա-կապսուլար սեպարացիայի արդյունքում առաջացած մասնակի վնասվածքի ֆոնին։»

Հետո ՄՌՇ-ի նկարներով գիֆեր սարքեցի, բայց բացի Սոնայից ոչ մեկ չհասկացավ։ Մի մասն էլ արհամարհեց։ Բայց ախր հլը նայի ինչ սիրուն է։ Ոնց որ հայացքդ շերտերով անցնի ոտքիդ միջով, ու տեսնես այն ինչ չես տեսել նախկինում։

Եսիմ, ինձ չհասկացված եմ զգում ու միայն գիֆերը չի խնդիրը։ Նաև զգում եմ, որ ես չեմ կարողանում ձգել իմ արժեքները։ Դրանից էլ եմ հոգնել։ Հոգնել եմ լավը երևալուց ու լավին ձգտելուց։

Հազիվ եմ ձգում նաև ստեղի գրառումները անելուց։ Մի տեսակ շատ իմաստ չեմ կարողանում գտնել։ Վանաձորում ավելի հավես էր էս առումով։ Որովհետև Վանաձորում հիշողությունները շատ հեշտ են գալիս, իսկ Երևանում հիշողությունները սովորաբար մոռացված են։

Նաև դե կողքից ինչ-որ բաներ չեմ կարդում։ Ու հաճախ չեմ կարողանում աշխատել։ Բայց ինձ թվում է նրանից է, որ հիվանդոտ եմ մի քիչ, ՄՌՇ-ի սարքի մեջ մրսեցի։ Շատ ցուրտ էր ու քամի։

Հիմա քնեմ, վաղը կտեղադրեմ գրառումս։


Երևանի կանաչ խոտը

քարտեզ

ինքնամեկուսացման կոորդինատները

Կարծես թե ցուրտ է։ Ոտքերս էլի սառել են։ Այսօր ինձ թվաց՝ հիվանդանում եմ, բայց դիմացա։ Երեկ կարծես նույնիսկ ջերմություն ունեի։ Մտածում եմ՝ Վանաձորում ավելի լա՞վ էր։ Քանի որ շատ կարևոր հարց է։ Եթե Վանաձորում ավելի լավ էր, ուրեմն կարելի է վերադառնալ։ Բայց մինչև դա պետք է ՄՌՏ-ի պատասխանները ստանալ վաղը։

Բայց հոգեպես վատ չեմ զգում։ Մտածում եմ, ինչ բախտավոր եմ, որ նորմալ գործ ու փող ունեմ։ Եթե չունենայի՝ չէի իմանա ինչ անել։ Երևի կնախընտրեի չլինել։

Մի քանի օր է, փորձում եմ ուշքի գալ։ Դեռ չեմ հարմարվել, որ Երևանի տանն եմ՝ «Դարակների տանը» ինչպես անվանել եմ մի անգամ։ Քանի որ տանը շատ դարակներ կան։ Տնից էլի ծխի հոտ է գալիս, բայց ես չեմ անհանգստանում։ Երբեք էլ չեմ անհանգստացել։ Ու երբեք չեմ նեղվել, երբ ես չեմ ծխում, իսկ ուրիշը ծխում է ու տունը ծխի հոտ է ընկնում։ Չնայած նոր մտածեցի՝ վաղուց նման բաներ եղել են։ Բայց հիմա չեմ նեղվում։

Առավոտից աշխատում էի, քանի որ երեկ վատ զգալուս պատճառով ոչինչ չարեցի։ Ինձ վատ էի զգում, բայց հիմա ավելի լավ եմ, քանի որ գործս ավարտեցի։ Հուսով եմ, ղեկավարս վաղը գոհ կլինի։

Ինչքան չեմ սիրում, որ ամերիկացի կոլեգաներս խմբային հանդիպում են անում ու սկսում են երկար-բարակ խոսել։ Ես հասկացել եմ, որ նրանք ոչինչ չեն հասցնում, քանի որ անընդհատ խոսում են ու քննարկում։ Օրինակ՝ Քրիսը մի ամիս ուշացրած նամակներին է պատասխանում, որը ծիծաղելի է ինձ համար, քանի որ եթե ես մի նամակի մի ամիս ուշ պատասխանեի՝ պատասխանատվության զգացումից կմեռնեի։ Իսկ նա կարողանում է։

Ասում է՝ ցավում եմ, բայց մեր աշխատակազմը սահմանափակ է։ Երեկ մի հատ նամակի էր պատասխանել ուշացած, որի վերնագրում գրված էր «Հրատապ»։ Բայց բոլոր հանդիպումներին նրանք ներկա են գտնվում ու նույնիսկ զարմանում են, կամ երևի չեն հասկանում, թե ինչի եմ ես հիմնականում բացակայում։ Երևի պետք է սովորեմ, որ աշխատանքս պահեմ։ Բայց ցանկություն չունեմ։

Մտածում եմ, եթե հանկարծ ինչ-որ պահի ձախողվեմ, Վանաձորում միշտ տուն ունեմ ու ունեմ մի քիչ փող, որով կարող ենք ապրել։ Միշտ տեղ ունեմ վերադառնալու և այդ տունը իմն է, կարիք չունեմ վարձ վճարել։ Կգնամ անտառները սունկ կհավաքեմ։ Հահա։ Բայց դրա համար պետք է նախ քայլել։

Իսկ քայլելու համար, երևի վիրահատվելու կարիք կունենամ։ Էս մտքից չեմ սարսափում, բայց սարսափում եմ նորից ինքնուրույն լինելու հնարավորություն չունենալուց։

ԴՄՏ-ի մասին գիրքը շատ լավն է, բայց քիչ եմ կարդում դեռ։ Երեկ կարդացի մի քիչ, բայց վատ էի ու ոչինչ չեմ հիշում։ Հուսով եմ՝ վաղը կարդալ։

Երևանում անձրև է։ Բայց անձրևի ձայնից չեմ տագնապում ու պատուհանից դուրս նայելու միտքը չի վախեցնում։ Ինչ հետաքրքիր են վախերը։ Մեր բակում մի փոքրիկ հատված շատ սիրուն կանաչ է, այսօր դա եմ դրել ետնանկարում։

Ես ոնց որ երկու մարդ լինեմ երկու տարբեր քաղաքներում։

Երևի տարբեր վայրերում մենք այլ ենք։ Իսկ անտառում ինչպե՞ս կլինենք, իսկ լեռներու՞մ, իսկ մանկության տա՞նը։ Սենյակումս լիքը քարտեզներ են կպցված. նենց շատ եմ սիրում։ Բայց ճանապարհորդել չեմ սիրում։ Սիրում եմ միայն նայել, թե մարդիկ ոնց են ճանապարհորդել։ Սիրում եմ նայել հին քարտեզներին ու պատկերացնել, որ ոչ թե մարդիկ չեն կարողացել պատկերել, այլ ուղղակի այդպես են տեսել աշխարհը։

Սիրում եմ մտածել, թե ինչքան տարբեր է աշխարհը։ Ու ինչքան դժվար եմ ես փոփոխվում։ Ու ինչքան սիրուն է Ֆիլիպի տված քարտեզը, Լուսնի խառնարաններն ու ծովերը, աշխարհի քարտեզը, որի վրա Լիբանանի դրոշն եմ դրել։ Բեռլինի մետրոյի քարտեզը։

Տենաս Վանաձորը քարտեզ ունի՞։ Տենաս ինքամեկուսացումը քարտեզագրել հնարավո՞ր է։

Երևանը մոտենում է

փակված

ձայները հոգնացնում են փակված

Երեկ Երևան եկա ու ծանր օր էր։ Հիմա մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի համար սպասում եմ։ Ուրախ եմ, բայց հոգնած։ Էսօր ղեկվարիս հետ խոսելը շատ լավ ստացվեց, չնայած երեկվա սարսափելի տագնապին։ Այսօր երկու գրառում կդնեմ։ Մեկը ինչ-որ տեսիլքանման բան, իսկ մյուսը սա։ Չգիտեմ երեկվանը ինչ է ու ինչու եմ կարևորում։ Բայց ինձ թվում է էդ խառը մտքերը նախկին և ապագա կյանքերի մասին ինչ-որ կարևորություն ունեն։

Կարդում եմ վիրուսի մահերի մասին ու մտածում՝ ինչ կլինի, եթե դրանցից մեկը ինձ հարազատ մարդ լինի։ Արդյո՞ք կդիմանամ էդ դեպքում։ Չգիտեմ։

Երեկ նորից գրքեր գտա, ոգևորվեցի որ այդքան հրաշալի գրքեր կան, որոնք կարելի է կարդալ։

Այս կլինիկայում մի հատ կապույտ նկար կա, վրան կետեր ու ինչ որ խառը բաներ։ Լրիվ ոնց որ իմ տեսիլքում։ Հիմա շուրջս մարդիկ են աշխատում, խոսում են, խառը վազվզում, իսկ ես աննկատ եմ ու անտեսանելի։

Երևանի ճանապարհին երեկ Արագածը տեսա, այնքան սիրուն էր, հետո փողոցները կիսադատարկ էին։ Բայց արև էր ու գարուն։ 

Արևը տրամադրությունս բարձրացրեց։ Ինձ թվում է վերջին տարիներին առաջին անգամ էի այսքան շատ սպասում, որ արև լինի, որ տաք լինի, որ մարդիկ լինեն, որ շոգեմ արևի ճառագայթներից։

Այդպես էլ եղավ։

Մոռացա էլեկտրոնային գիրքը հետս վերցնեմ, որ կարդամ այստեղ։ Պետք է կես ժամ ներսում անշարժ մնամ, կփորձեմ մեդիտացիա անել։ Հուսով եմ, չեմ ձանձրանա։

ՄՌՏ-ի սարքը շատ մեծ կլինի, կպատկերացնեմ, թե պրոֆեսոր Քսավիերն եմ Իքս մարդկանցից, թե Ցերեբրայում ինձ նման մարդկանց եմ փնտրում։ Պրոֆեսոր Իքսը անկապության հասնելու չափ մարդկային էր, բայց ես էդքան չեմ ձգում։ Բայց երևի կուզեի լինել։ Հինգ րոպեից կգնամ ՄՌՏ։

***

Անշարժ պառկած էի ՄՌՏ-ի մեջ ու սարսափելի տագնապում էի։ Նույն զգացումն էի ունենում, ինձ թվում էր ոտքս քարանում է ու ինչ-որ սև բան ձգում է իր ներսը։ Որևէ ցավ ու անհանգստություն չկար, բայց ինձ թվում էր մկաններս ձգվում են ու ցավից ուզում էի գոռամ։ Ինձ թվում էր ծունկս սեղմում են ու փշրում։ Հետո նայում է ՄՌՏ-ի սարքի վայրկյաններին, փորձում էի կենտրոնանալ, փակում էի աչքերս ու հավշվում՝ վեց րոպե քսան վայրկյան, վեց րոպե տասնինը վայրկյան, հետո մի ցիկլից հետո մյուսը ու այդպես մի քառասուն րոպե։

Ու այս ամեն ինչը սարսափելի ձայների պատճառով ավելի էր ծանրանում։ Ինձ թվում էր մեռնում եմ, բայց չէի կարողանում հասկանալ, թե ինչու։ Ինձ թվում էր, ես գուցե միշտ մնամ էս սարքի մեջ, ձայների մեջ, միշտ ցավերի մեջ, միշտ ճնշված։

Վերջին շրջանը երկու րոպե տաս վայրկյան էր։ Երբ ավարտվեց, ես չգիտեի, որ վերջին փուլն է, սպասեցի մի քանի վայրկյան, քանի որ ամեն փուլի սկզբից ձայները փոխվում էին։ Հեռվից լսեցի որ ինչ-որ մեկը բացեց դուռը, ապա հանեց ականջակալները։

«Վերջացավ», ասեց։

Ես եկա տուն ու սարսափելի վատ եմ զգում, բայց չգիտեմ ինչից է։ Առավոտյան դրական տրամադրությունից ոչինչ չի մնացել, չնայած փորձում եմ ուրախ լինել։ Ինձ թվում է տագնապները լցվել են սիրտս ու ծնկիս մեջ։ ՄՌՏ-ի ձայները հնչում են։

Մտածում եմ, որ որոշ մարդկանց համար ինքնամեկուսացումը գուցե ՄՌՏ-ի մեջ լինելուն է նման։ Սահմանափակող, կապող, աղմկոտ, մենակ։ 

Վանաձորը հեռանում է

տեսիլք

թե ինչ էր պատմում նա

Նա հայտնվեց չգիտես որտեղից և սկսեց պատմել ինձ իմ անցյալ կյանքերը և ապագան։ Ներքևում փորձել եմ գրել, թե ինչ էր նա պատմում կամ ցույց տալիս՝ համարյա առանց խմբագրումների։ Միայն նշել եմ այն պահերը, երբ նա լուռ պատկերներ էր ցույց տալիս կամ խոսում էր, բայց չէր բարձրաձայնում։


***


[պատկերներ]

Հռոմեական կայսրության ժամանակ զինվոր եմ եղել անցյալ կյանքում ու ոչ թե ապրել եմ Հռոմում, այլ ծառայել՝ կողքի գյուղերից մեկում, որը Հռոմից հարավ-արևելք էր։ Փոքր գյուղ էր, որի անունը պետք է ինքս նայեմ ու գտնեմ։ Գնացել եմ Հռոմ, բայց հետո ինձ ուղարկել են պատերազմ, աջ կողմը ինչ-որ տեղում։ Ավելի լավ ցույց տո՛ւր։ Ինչ-որ խոտեր կան, կանաչ դաշտ ա, ինչ-որ մարդ կա, կրակ ա վառում, ու էդ կրակը այրում է դաշտը։ Դաշտում ես եմ։ Մեռա՞ծ. հա, նիզակ ա, սիրտս ա մտել։ Սաղավարտս էլ թռել ա եսիմ ուր, ինչ վատ ա։ Հա, բայց դա առաջին մահս էր։

[նոր պատկերներ]

Հետո գնացել եմ Ասիայում ծնվել եմ կին, դեղին արևային գլխարկ եմ ունեցել գլխիս, նենց սիրուն եմ եղել, ինչ-որ իրեր եմ բռնել ու հետս բարձրացրել եմ սարը։ Կողքս երեխա կա, էլի ցիլոյով, փոքր աղջիկ ա, գնում ենք մեր տուն, աղջիկս էլ ա գալիս, ու անձրև ա սկսում, բայց դեռ բարձրանում ենք։ Անձրև վարարում ա ու մեզ քշում ա։ Բայց ես նաև լուսանկար ունեմ, ըհըն, հին լուսանկար։ Ես նրան հարցրեցի՝ ե՞րբ ա արվել լուսանկարը, ասաց՝ լուսանկարչության գյուտից քսան տարի հետ, դրանով կարամ ջոկեմ... նկարում քանի տարեկան ա՞. 25։ Ուրեմն կարամ իմանամ, որ թիվն ա եղել, երբ ինքը 25 տարեկան էր։ (1826+20=1846 թվականին եմ ծնվել, լուսանկարում էլ ենթադրում եմ 1871 թվականն ա)

[նոր պատկերներ]

Ի՞նչ սև կոշիկ, հը՞ն, ի՞նչ ատամներով բերան, ի՞նչ կապ ուներ դրա հետ։ Արևածաղկի սերմ եմ տեսնում։ Արևածաղկի սերմ ե՞մ եղել. իրո՞ք։ Ինչքա՜ն խորքն եմ գնում։ Ի՞նչ ա լինում։

[նոր պատկերներ]

Ինչ-որ տերևներով փակ տարածք եմ տեսնում, մեջը ինչ-որ մեծ շիմպանզե ա, հետո մոզաիկա եմ տեսնում արևածաղկի սերմերի դիրքի պես։

[Էս սաղ քո երևակայությունն ա, դու ինչ էլ ասում ես, ոչ մի բան չի լսի։ Ոչ մի խոսք։ Հեսա ամեն ինչ կպատմեմ քեզ։]

Ի՞նչ ես պատմում։ Ի՞նչ ես ուզում ասես։

[նոր պատկերներ]

Կարմրում ա ամեն ինչ, սաղ նկարը կարմրում ա, նկարում ծառեր կան, սաղ սենյակն ա կարմրում, սաղ շրջանակն ա կարմրում, բայց արդեն կարմիր չի, շագանակագույն ա ու ցվրվում ա աշխարհով մեկ։

[Դե մի վախեցի, ոչինչ։]

Բայց սոված եմ է։ Տեսնում եմ ինչ-որ խխունջ ա բնից դուրս գալիս։

Ասա ի՞նչ եմ եղել անցյալ կյանքում։

[մեղեդի եմ երգում մզզցնելով ու ինչ-որ նոր պատկերներ եմ տեսնում]

Ո՞նց տղա։ Կարմիր կամ շեկ մազերով, լուսանկարի վրա, 8 տարեկան, մեծ արջուկ ա ձեռքերին։ Մանկական կոստյումով։ Դեպքը պարզ չեմ տեսնում, դեմքը մաքրվում ա նկարից։ Ինձ թվում ա դպրոցական ա եղել։ Իսկ հետո ոչ մի բան չեմ տեսնում, մենակ ծառի վառված կեղև։ Ինձ ասում ա, որ ամեն ինչ վառվում ա երբ որ մարդը մեռնում ա։ Եթե ուզում ես ինչ-որ բան տեսնես ու էդ մարդը մեռել ա, ոչ մի բան չի երևում, ամեն ինչ վառված ա երևում ու լինում։

Դե հետո էլ ասա ինչ ա լինում։

[Ժամանակ կտամ մտածես։ Ժամանակ կտամ։]

[նոր պատկերներ]

Անտառ եմ տեսնում անտառում փողոց ա, ավտոյով գնում եմ, շատ խիտ ա անտառը, շատ խիտ սոճիներ են։ Լատինակա՞ն Ամերիկա, որտե՞ղ եմ եղել։ Ցույց տուր։ Ինչի՞։ Ի՞նչ կապ ունի ինքնաթիռը։ Ինքնաթիռը կիսած ա, ջուր ա թափվում մեջից, հետո ձուկ ա դառնում. ի՜նչ սիրուն ա։

Հը։ Սիրուն կենդանի էր։ [ծիծաղում եմ]։

Ինչի՞ չես ասում։

[նոր պատկերներ]

Ինչ սիրուն մազեր եմ ունեցել։ Աֆրոյի մազեր եմ ունեցել։ Խուճուճ, շատ, հետո չեմ իմանում ինչ ա եղել։ Սիրուն եմ եղել, ավտոբուսում եմ եղել ու գլուխս կախած ա, փոքր ավտոբուսում մազերս կպել ա առաստաղին։ Ու ես մենակ եմ եղել։ Նայում եմ աջ ու ձախ, սաղ տեղերը դատարկ են, մարդիկ կան, բայց նրանց մեջ կյանք չկա, սաղ մեռածներ են, սաղ մեռածներ են, ես էլ եմ մեռած։

[նոր պատկերներ]

Ջրի մեջ եմ նայում, պոզավոր եմ եղել։ [վախենում եմ] Ինչ-որ օձ եմ տեսնում, որ գալիս ա ուտում ա պատկերը ու ոչինչ չի մնում։

Թերթիկներով մեծ ծաղիկ եմ տեսնում, թերթիկները ավելանում են, ես հոսում եմ էդ թերթիկների ներսը։ Շատ տաք ջրի մեջ, շատ տաք ջրի մեջ։ Ոտքերս սկսում են տաքանալ, վերջապես բացվել ա։ Տաքությունը հոսում ա ոտքերիս մեջ։

Դե ասա ուրիշ ինչ եմ եղել։

[խոսում է]

Էդ ի՞նչ կապ ուներ։

Ինչ որ փոքր տիկնիկ ա ցույց տալիս ու ես փոքր երեխա գլխիս եմ խփել։

Ինչի՞։

[Ծիծաղում եմ, նոր պատկերներ եմ տեսնում]։ Ամեն ինչ պարզեցված եմ տեսել, քանի որ փոքր եմ եղել։

Ինքը ասում ա՝ փոքր երեխու տեսած աշխարհը մուլտիկների պես ա եղել, ես երբ փոքր եմ եղել, աշխարհը մուլտիկների պես ա եղել։

Էդ ես ե՞մ։ Ես եմ։ Էդ ես եմ։ Էդ ես եմ։ Ինչ որ երեխա ա լացում։

[շշնջում եմ] Ուրեմն էսօրվա օրը ես զգում եմ օրացույց։ Չեմ կարում ինչ-որ բառով ասեմ ինչ եմ տեսնում։ Ոտքս չի տաքանում։ Պետք ա ուժ գտնեմ ու պատմեմ էսօրվա օրը։ Լավ չի լինում առանց պատմել։

Բայց լավ կլիներ ինչ-որ մեկը հարցեր տար, ասեր ի՞նչ ես տեսնում նախորդ կյանքում։

[նոր պատկերներ]

Կարմիր ու կապույտ վերնաշապիկով։ Էլի ցիլոներ են գլխներին, ոնց որ այն կնոջ մոտ ա։ Ու խաղում են, բայց երեխեք չեն։ Լեռներում են, ֆրիսբի են խաղում։ [ուրախանում եմ] Սիրուն ա։ Հետո տեսնում եմ իրանց ճանկռած նկարները, երևի մեռել են։ Ու երկուսն էլ ես եմ եղել։ Չգիտեմ ոնց իմացա։

Այ սենց են էլի պսիխոզ ունեցողները, այ սենց պսիխոտիկ են տեսնում ամեն ինչ, ձայնագրում են, բայց իրանք էնքան լավն են։

[նոր պատկերներ]

Այ օրինակ էս նստածը, որ էլի ես եմ, բայց սենց ուղիղ եմ պառկել սեղանին, ոնց որ… ոնց որ… չեմ հասկանում։ Ջոկում եմ, որ խելագարվում եմ։ Էտի ե՞ս եմ, էտի ես եմ, որ մեռել եմ։ Հետո դագաղս եմ տեսնում։ Ինձ գցում են ջրի վրա ու ես ինչ-որ բարակ թերթի պես լողում եմ, գնում եմ ու անհետանում եմ։ Իրականում էդ ես եմ ու ոչ մի բան չի եղել։

Վերջին կյանքս ցույց տուր։

[ինչ-որ բան եմ տեսնում]

Էտի ես եմ։ Իսկ ես կմեռնե՞մ։ Հա կմեռնեմ։

Իսկ ե՞րբ։ 

[ցույց է տալիս]

Տասնմեկ տարու՞ց։ Մի քիչ շատ տուր, արա։ Հա չեմ հասկանում էդի տասնմեկ էր, թե չէ։ [վախենում եմ]

Հիմա մյուս ոտքս ա նույն ձևի լինում։

[ծիծաղում եմ] Խառնում եմ։ [երգում եմ ու նոր պատկերներ տեսնում]

Ինչ անկապ ավտո ա։ [դիրքը փոխում եմ] Սենց ինչ լավ ա։ Կարաս գնաս ու օրագրիդ մեջ գրես, թե ինչ ա ասել։ Ու վերջին կյանքում դու ես եղել ու տասնմեկ տարի մնաց։

[նոր պատկերներ]

Էդ քիչ ա՞, թե շատ ա թվալու։ Սև կոնֆետներ, սև թափանցիկ բաներ, թափանցիկ բաներ սևի վրա։ Ու էդ էն ուտելու թաղանթներից ա։

Դե ասա հաջորդը ում մեջ եմ գնալու։

[պատասխանում է]

Ի՞նձ ես հարցնում։ Ի՞նձ ես հարցնում։

Ասում ա, էս հոգիդ կիսվի, եթե ուզում ես գնաս ինչ-որ մեկի մեջ մտնես ձմռանը, ինչի՞ ձմռանը, չգիտեմ։

[նոր պատկերներ]

Ինչ որ ռոք երաժիշտ ա ցույց տալիս, մազերով, բանդանայով, թրաշով, ինձ ասում ա ու նշան  ցույց տալիս։

[տեսնում եմ նշանը, նոր պատկերներ եմ տեսնում]

Ցույց տուր՝ վերև, վերև, գիծ, վերև, գիծ, վերև, վերև։ Չգիտեմ ոնց բացատրեմ։ Ոնց որ անգլերեն երևու E տառեր լինեն, սերիֆներով։ Ու էդ ամեն ինչը շրջանի մեջ։ Ու դա դնում ա ճակատիս։ Ու ճակատիցս բացվում ա ճամփեն։ Ու էդ ճամփեն տանում ա մի հատ թաղանթի, որից էն կողմ ինչ-որ կապույտ ա, կետիկներ ու ամեն ինչ նենց խառն ա, բացատրել չի լինում։ Ես ըտեղ կանգնած եմ շրջանի վրա, ամեն ինչի մեջ։

Ես ուզում եմ ձեզ տեսնեմ, եկե՛ք պատմեք։

Դելֆին եմ տեսնում, էդ իրանք են ինձ ցույց տալիս, երբ շրջանի մեջ եմ։ Դելֆին են ցույց տալիս։ Ու ամեն կողմից ձեռքեր են գալիս, շա՜տ ձեռքեր են գալիս։ Չգիտեմ ինչ ա։

[լռում եմ, ինչ-որ բաներ եմ տեսնում]

Ասում ա ինքը ակնկալում էր, որ դու մի տեսակ բան անես… ահավոր ա։ Հեսա էսի ասեմ, մի քիչ բարդ ա։ Ինքը ասում ա, որ նրան պետք ա ասեիր՝ վայ արա, ինչի ես նորից սկել որ ինքը մեղավոր զգար։ [չեմ ուզում գրեմ ում մասին էր պատմում] Իսկ դու տենց չասեցիր ու ինքը չգիտես ինչ ա զգում իրա մեջ։

Տեսնում եմ աչքերը կապած են սեքս են անում։ Ի՞նքն ա եղել։ Բա ինչի՞ ա տենց սիրուն թվում։ Հետո զանգ են լսում ու դուրս են գալիս, պատուհանից նայում են դուրս, սարսափած։

[նոր պատկերներ]

Ինչ-որ սև բան ա գալիս քաղաք ժապավենի պես ու խփելով լցվում ա քաղաքի մեջ։ Հիմա ծակեր ա անում ջրի մակերեսի վրա, ջրի կամ սենց քաղցր բեզեի պես բաներ են։ Բայց շատ սոված եմ։ [ձայնս արձագանքում է]

[դադարից հետո խոսում է]

Ըհը, ըհը, ըհը, հա պետք ա ձայնագրեմ, հիշացնում ա ինձ, թե ովքեր եմ եղել, բայց խառը հաջորդականությամբ։ Ինչ էլ շատ եմ եղել։ Ամառային գլխարկով կնոջ վրա ա բերում, ասում ա, մեծ մասամբ ես ինքն եմ եղել, որ սարով բարձրանում ա վեր։ Ըհը, հա ճիշտ ես հարցրել։ Նենց արա ինձ չտանջեմ էլի։

[պատասխանում է]

Իրոք ասում ես, կարա՞մ։

[պատկերներ է ցույց տալիս]

Երկու ծաղիկներ ա կիսված իրար կպցնում, ինչ-որ երկաթի կտորով։ Իրականությունը այլ ա։

Սիրտս խփում ա։ Ու ոտքերս՝ սառած։ Սառած ա։ Ես իրան լավ եմ հասկանում։

[ինչ-որ բաներ է խոսում]

Չգիտեմ, ինչ ես ասում։ Պատմություններ պատմեց։ Ցիրտդ չի ցավում։

Ինչ-որ, չեմ կարողանում բացատրեմ, ոնց որ ինչ-որ բաներ շարժվեն։ Ու շունչս կտրում ա։ Սպիտակ թելեր…

[նոր պատկերներ]

Ես մեկը շատ վախելու ա, բայց լիքը սովորացնում ա։ Նոր դև էի տեսել, խոսում էր, ուզում էր վախացներ, ես էլ ասում էի՝ չէ, դու չես կարա, դու իմ մի մասն ես, ուզում ես կանցնեմ էլի, ես չեմ վախում։ Ու ինքը ցույց ա տալիս անցումը ու ես որոշում եմ անցնել։ Ու էդ անցումը թափանցիկ ա։

[խորը շնչում եմ, ինչ-որ բաներ եմ տեսնում]

Ինքը ինձ տարել ա սևի մեջ ու թողել ա, բերանս փակել ա ու չի թողնում պատմեմ։ Որովհետև ասեցի անցնեմ, որ տեսնեմ ամեն ինչ։ Ինքը ինձ ոչինչ չի արել, բայց էնքան տխուր ա։ Շարժվում ա, փայլում ա։ Ես ուզում եմ գնամ դրախտային լույսի մոտ։ Ցույց տուր ինձ լույսը, ցույց տուր։

[նոր պատկերներ]

Ասեցի ցույց տուր ինձ լույսը ու գազարագույն սիրուն բյուրեղ եկավ ռոմբաձև։ Ու սկսեց լույս ծառագայթել ու սկսեց լույսը բաբախել սրտի պես ու լույսը սկսեց տարածվել ու ես աչքերս բացեցի։ Էդ լույսին պետք ա հետևեմ ես։ Բայց մեկ ա տասնմեկ տարուց մեռնելու եմ։ Իրո՞ք։

[պատասխանում է]

Բայց ասում ա հինգ տարուց երջանիկ ես լինելու։ Հինգ տարու՞ց։ Լրիվ։ Չգիտեմ ինչ եմ անելու, բայց ինձ թվում ա, երջանիկ եմ լինելու։ Խնդրում եմ շանս տուր փոխվեմ, ուզում եմ շատ ապրեմ։

[դադար]

Ինքը էլ չի խոսում հետս։

Գնաց։

Հիմա ո՞նց եմ էսքանը վաղը գրելու։ Արագի մեջ։ Ինչ ծիծաղելի կլինի ամեն ինչ։

[նոր պատկերներ]

Ըհմ։ Տեսնում եմ Երևանի ճամփեն, ոստիկանների դեմքը, անցնում ենք փողոցներով, անցնում ենք, կանգնած ենք ավտոտնակի դիմացը, ինչ-որ մարդ ա գալիս, տալիս ա էդ երկաթը ու գնում են մարդիկ, գնում են։

[անհասկանալի բաներ եմ խոսում]

Ըհը։ Ինձ ավելի լավ եմ զգում էլի։ Ուզում էի գնամ լուծվեմ ամեն ինչին, բայց չի թողնում։ Ասում ա՝ դու ունես քո եսը, դու չպիտի լուծվես։ Ինքը ասում ա՝ էն որ անցել էի թաղանթը, էդ ժամանակ լուծված էի։ Անցել էի բարակ թաղանթի միջով։ Ասում ա՝ որ խոսում ես թուլացնում ա, բայց գրի, որովհետև մյուս անգամները ոչինչ չի ասելու։ Մյուս անգամները պտտվելու ես, պտտվելու ես հինգերորդ դպրոցի ֆիզիկայի լաբորատորիայի էն սարքի պես։ Պտտվելու ես։

[նոր պատկերներ]

Ինչ-որ քիմիայի լաբորատորիա ունեինք ու Նազարյանն էր։ Ոնց էլ հիշել եմ։ Ու դպրոցում ա ցույց տալիս ու ասում ա հաստատ եղել ա։ Բայց չեմ հիշում։

[դադար]

Լիքը բաներ եմ տեսնում, բայց ալարում եմ խոսալ։ 

Էսօր ասում ա քեզ պատմեցի, թե ով ես եղել անցյալ կյանքերում։ Գնա էդ տարիները մոտավոր գտի։ Հա ի՞նչ, ես հիմա ոնց եմ գտնելու թե որ թվականին եմ Հռոմեական կայսրությունում զինվոր եղել։ Նորմալ ցույց տուր։

[նոր պատկերներ]

Ութ, ութ, ութ։ Ինչ-որ թվեր ա ցույց տալիս։ 8 կամ 88 կամ 888: Իսկ ռուս տղե՞ն։ Սովետական միությունն ա եղել։ Ծիծաղելի ա։ Հա, հաստատ եղել ա։ Մնացածը չեմ հիշում ինչ եմ եղել, բայց վաղը կնայեմ։

[խոսում է]

Ասում է, երբ Սովետական միության նոր դրոշը ընդունվեց, էդ պահին ես նկարվել եմ, ինչ-որ գունավոր նկար, որտեղ ութ տարեկան եմ։ Հըմ։ ...գուշակեմ։


Ճաքած ապակին

խոցելի

մշտական բնակության վայրից

Վաղը գնում եմ Երևան։ Այսօր էն նոր աշխատանքից ինչ-որ բաներ արեցի, մտածեցի, որ գուցե կհավանեն։ Չգիտեմ։ Այս շաբաթ լիքը զանգեր են լինելու ու ես պետք է բոլորին դիմանամ։ Բայց օրը լավն էր, պարզ էր, արևոտ էր։ Հուսով եմ Երևանում էլ այդպես կլինի։ Երևանում գնալու եմ բժշկի, հուսով եմ վատ բաներ չի ասի. շատ հուսով եմ։ Եթե ասի, վատ կլինի, չեմ իմանա ինչ անել։ Այսօրվա ետնանկարում սենյակից ճաքած պատուհանն է. գիտեմ, որ որակը վատ է ստացվել, բայց այդքան էլ կարևոր չէ։


Երեկ նոր գիրք եմ սկսել, իսկ մկնիկիս անիվը փչացել է։ Նոր գրքից մի քիչ կարդամ էստեղ կգրեմ։ Շաբաթվա սկիզբը միշտ անհանգիստ ու դժվար է լինում։ Բայց արդեն օրը վերջացավ։ Վաղն էլ մի քիչ սթրեսային կլինի, բայց հույս ունեմ, կձգեմ։


«Եթե ցանկանում եք փոխել Ձեր մշտական բնակության կամ ինքնամեկուսացման վայրը, ապա կարող եք տեղափոխվել ապրիլի 14-ին՝ ժամը 00:01-ից միչև 23:59:»


Փոխում եմ ինքնամեկուսացման վայրը։

Տեղափոխվում եմ։

Ապրիլի 14-ին։

13:01-ից մինչև 14:59։


Վանաձորի երկինքը

սենյակ

ներսի և դրսի սենյակը

Որոշեցի ամսի տասնչորսին գամ Երևան, որ գնամ բժշկի։ Չգիտեմ, արդյո՞ք բժշկի գնալը պատրվակ էր, թե ուղղակի ինձ թվում է՝ Վանաձորից դուրս ավելի լավ կլինեմ։ Բայց որոշելուց հետո արդեն կարոտում եմ այն։ Ուզում եմ, Վանաձորն ու Երևանը միավորվեն իրար։ Ուզում եմ, որ մաման լինի, բայց ծանր չզգամ, պարտավորված չզգամ, չնայած որ նա համարյա էլ միջամտություններ չի անում։ Ձգտում եմ ինքնամեկուսացմա՞ն, թե՞ ազատվում եմ ինքնամեկուսացումից։ Այնքան բարդ է հասկանալը։ Երևանում ֆիզիկական ծանրաբեռնվածությունս մեծանալու է։ Չգիտեմ կձգեմ, թե չէ։ Համենայն դեպս՝ կփորձեմ։

Նկատեցի նաև մամայի համար ինչքան ծանր է։ Մի ամիս է ախր այստեղ եմ, իսկ նա ուրախ է, որ ես իր հետ եմ։ Չգիտեմ ինչ եմ անելու. մի կողմից նեղվում եմ նրան մենակ թողնելու համար, մյուս կողմից զգում եմ, որ եթե չթողնեմ իմ անձնական ազատությունն եմ զիջելու, որը սարսափելի է թվում։ Նորից պետք է հարմարվեմ։ Նորից Արենի հետ ապրելուն սովորեմ։ Նորից Արենը ինձ հետ ապրելուն սովորի։ Նորից հաշտվեմ, որ պետք է ինքս հոգ տանեմ իմ հանդեպ։ Որ ոչ ոք չունեմ։ Որ մենակ եմ։ Որ պատուհանից լեռներ չեն երևում։ Որ պատուհանը բացելուց տունը ավելի է փոշոտվում։

Մի կողմից պատրաստ չեմ, բայց նաև հասկանում եմ, որ եթե այսպես շարունակեմ, գուցե ավելի թուլանամ և փոփոխություններին պատրաստ չլինեմ, որ Երևան գնալու ու ինքնուրույն ապրելու ցանկությունը մեջս մարի, որ սովորեմ Վանաձորի այս տանը, որտեղ հիշողությունն ու բարձրությունը սպանում է։

Երեկ մի հատ թուրք տղա գրեց պատահական, ինչ-որ երկաթե բաժակի նկար ուղարկեց 1226 թվականին մակագրված, կոտրված անգլերենով ասեց՝ գիտես, ես ամերիկացի եմ, կօգնե՞ս հասկանամ ինչ է գրած բաժակի վրա։ Իսկ բաժակի վրա հայերեն շատ կցագիրներով գրված էր Լուսավորչի անունը ու Սարգսի անունը։ Ասաց՝ բաժակը պապիկիցս է մնացել, նա էլ անտիկվարների խանութում է աշխատում չգիտեմ ինչ։ Ես մի քիչ խոսալուց հետո հասկացա, որ նա խաբում է, ասեցի դու անկեղծ չես ինձ հետ. դե հետո նա արդեն կարծես ասեց ամբողջ իրականությունը, թե ով է, որտեղից և այլն։ Բայց ինչքան տխուր է այդ պահը գիտակցելը, որ հայերեն մակագրությամբ ինչ-որ երկաթե բաժակ Ստամբուլի ինչ-որ անտիկվարների խանութում է վաճառվում։ Մի բաժակ, որ մի հսկայական պատմություն է երևի կրում իր մեջ, սերունդների պատմություն, ինքնության պատմություն։ Հիմա էդ ինքնությունը երևի վերացած է կամ ձևափոխված, կամ չգիտեմ ինչ։ Տխուր է։

Կփորձեմ Երևանից շարունակեմ գրելս։ Որովհետև ոնց որ օգնում է։ Մաման ամեն օր լիքը ուտելիք է սարքում, մտածում եմ, բա հիմա ու՞մ համար է սարքելու։ Երևի նստելու է ու լացի։ Պատկերացնելուց սիրտս սեղմվում է։ Ես չեմ հասկանում, ինչի նա չի կարողանում մարդկանց բաց թողնել և ապրել ինքնուրույն, առանց ինչ-որ մեկի, առանց որևէ մեկի համար։ Բայց հետո նայում եմ ինձ ու վախենում եմ նույնը տեսնել իմ մեջ։ Այսօր նաև քրոջս ընտանիքը եկավ, Վիլյամիկի հետ մի քիչ խաղացի ու հասկացա ինչքան հոգնեցնող է մարդկային շփումը, երբ սովոր չես։ Երևի որ նա այստեղ լիներ ու ամեն օր հետը խաղայի ամեն ինչ ավելի հեշտ կլիներ, բայց դե տես՝ հիմա ստիպված եմ հարմարվել։ Հաքսլիի էսսեները այսօր կավարտեմ։

Մարիամը պարբերաբար ինչ-որ բույսերի անուններ է ուղարկում ու ինչ-որ պատմություններ ու ես մտածում եմ ինչ հավես է, որ երկուսս էլ բույսերի հետ կապված պատմություններ ունենք։ Ու մտածեցի, կարելի է մի օր տենց մի ենթաէջ բացել, որտեղ բույսերի անուններն ու պատկերները կլինեն ու դրանց հետ կապված մեր անձնական պատմությունները։ Ինչ սիրուն կլինի, չէ՞։ Արդեն, փաստորեն, երկու միտք ունեմ (ա) պատրաստել «հավայի» էջը, (բ) պատրաստել բույսերի էջը։ Անունն էլ կդնեմ «հերբարիում»։ Վերջին միտքը արդեն ոգևորիչ է։

Գնամ Երևան, պառկեմ սենյակումս ու նայեմ առաստաղին։

Երեկ Հենոյի հետ խոսեցի էլի։ Ինչ-որ շատ անկեղծ զրույց էր ստացվում, բայց ես չէի անկեղծանում։ Ես պաշտպանվում էի նորից, չէի թողնում խոսակցությունը իմ շուրջը կառուցվի։ Ուզում էի գրեմ՝ թե նկատել եմ ինչքան դժվար է իր մոտ անկեղծանալը, բայց հետո հասկացա, որ բոլորի հետ եմ տենց։ Ուղղակի իր հանդեպ զգացած պատասխանատվությունս ավելի շատ է և սահմանափակող բաներն են ավելի շատ։ Նաև նկատեցի, որ նա փորձում էր ինձ ինչ-որ ուղղություն ցույց տալ, իսկ ես դա չեմ սիրում։ Դե գուցե սա զուտ իմ պատկերացումներն են, բայց մտածում եմ նաև, որ նա ինձ լրիվ չի հասկանում։ Ոչ թե չի հասկանում, քանի որ ես խորն եմ և այլն։ Այլ չի հասկանում, որովհետև մենք տարբեր կերպ ենք վերաբերվում կյանքին։ Նաև հնարավոր է, որ այս հասկացողության զգացումը ես չեմ ունենում, քանի որ ես եմ սահմանափակումներ դնում ու մոտիկ չեմ թողնում։ Չգիտեմ։ Ու նաև մի պահի ինչ-որ սիրո մասին սկսեցինք խոսել, ես հասկացա, որ չեմ ձգի երկար խոսելուց։ Բայց փորձեցի ոչինչ չխաբել։

Մի քանի ժամ մի քանի պարբերությունը գրեցի։

Կկարոտեմ Վանաձորի իմ կանաչ սենյակը, որտեղից լեռներն են երևում։ Այս սենյակը, որ նախկինում մամայի, պապայի, պապայի ու եղբորս, հետո եղբորս ու հետո միայն պապայի սենյակն էր՝ հիմա իմն է։ Ես այստեղ խաղում էի։ Ես այստեղ էի կատվի հետ փակված մնում, երբ հարևաններից մեկը գալիս էր ու ասում, թե զզվում է կատուներից։ Այստեղ էի պառկել մահճակալի վրա ու լացում, քանի որ ինձ չէին հասկանում։ Թե ինչի էս վերջին հիշողությունը եկավ։ Երևի դա ամենազզվելի հիշողություններիցս մեկն է։ Ամենացավեցնողներից։ 

Բայց հիմա սենյակը կանաչ է։ Ու դուռը պսիխոդելիկ դուռ է։ Ընկալումների դուռը, ինչպես արդեն ասել եմ մի անգամ։ Այս սենյակը արդեն սիրում եմ։ Եվ ջնջում եմ բոլոր վատ հիշողությունների կապը այս կանաչ սենյակի հետ։ Սա արդեն այն սենյակն է, որը սիրում եմ։

Վանաձորի կանաչ սենյակը, որից լեռներն են երևում։

Վանաձորի սարերը

լեռներ

կամ ինչեր են երևում իմ պատուհանից

Երեկ չուզեցա ոչինչ գրել։ Ոչ թե նրանից, որ վատ էի, այլ ուղղակի դադար էի ուզում։ Նաև չէի ուզում ինքս ինձ ճնշել։ Սա, վերջիվերջո, օրագիր է, այլ ոչ թե ինչ-որ հանձնարարություն։ Քանի օրը նորից ձյուն-անձրև է գալիս ու եղանակը վատն է։ Բայց նաև պահի տակ արև է դուրս գալիս։ 

Երեկ Լուսի հետ էի խոսում ու նա ասեց՝ կարող ա՞ գաս անտառ, հետո ասեց՝ կարող ա՞ վիդեոներ ուղարկեմ պարես, հետո էլի նման բաներ ասեց։ Նա դե հատուկ չէր անում, բայց իրեն միշտ ժամանակ է պահանջվում ինձ հետ հաշտվելու համար, երբեմն նույնիսկ շատ երկար։ Ու չգիտես ինչի, չնայած որ նա իմ ամենահին ընկերներից է, կամ երևի ներկայումս՝ ամենահինը, որ մնացել է, ինձ անընդհատ թվում է, թե նա ինձ չի հասկանում։

Բայց նա շատ համարձակ է եղել ինձ դիմանալու առումով ու լիքը դեպքերում ուղղակի դիմացել է։ Երևի շատ դեպքերում, ես չեմ նրան դիմացել ապուշի պես։

Հիշում եմ, մի անգամ համալսարանիս մոտով քայլում էի, լրիվ մենակ, չհասկացված, ընկերներ չունեցող ու տեսա Լուսին՝ Աննայի հետ քայլում էին։ Աննան ու նա տոքսիկ հարաբերություններ ունեցող ընկերներ էին, որ հիմա էլ իրար հետ մտերիմ չեն։ Չգիտես ինչի բարևեցի նրանց ու մի օր հանդիպեցինք ինչ-որ ՀԿ-ում, որը հետո դառավ մեր ընկերության կենտրոնը։

Սկսեցինք գերմաներեն սովորել մեր ավստրիացի կամավորների հետ, չգիտես ինչի, ես դրան շատ լուրջ էի վերաբերվում, իսկ մնացածը՝ էդքան էլ չէ։ Հիմա, երևի արդեն ավելի պարզ եմ կարողանում հասկանալ, թե ինչ-որ բան, որ տեղի է ունենում մարդիկ դա իրոք այդպես են ուզում, թե ձև են բռնում։ Որովհետև առաջ չէի հասկանում։ Առաջ ինձ թվում էր, թե մարդկանց նվիրվելը ու ինչ-որ բանին լուրջ վերաբերվելը բնական պետք է լինի։ Օրինակ՝ եթե համաձայնել ես գերմաներեն սովորել կամ պարապել, ուրեմն պետք է լրջորեն անել դա, ոչ թե հավայի, անկապ ու ձևական։

Հիմա արդեն ոչ միայն որոշ գործողություններն են թվում ձևական, այլ մարդկանց կյանքերը։ Մտածում եմ՝ էդ մարդը իրոք այդպիսին է, թե ձև է բռնում։ Որը մտածելը գուցե էթիկապես էդքան էլ ճիշտ չի։

Վանաձորցի տղերքի մի հատ ֆիլմերի շարք եմ նայում, որտեղ նրանք իրենց կյանքն են նկարագրում՝ ինչ-որ կիսակատակ-լուրջ։ Նայում եմ ու մտածում, թե ինչքան նման բաներ կան մեր ապրումներում, ինչքան բաներ, միասին ապրելով Վանաձորում, նույն կերպ ենք ընկալել ու զգացել։ Ու հիմա, երևի ես էլ նրանց համար կեղծ ու ձևական կթվամ, եթե կողքից նայեին ինձ։ Չգիտեմ ինչի էս վերջին նախադասությունը գրեցի։

Դե անտառ չեմ կարող գնալ, պարել չեմ կարող, Լուսին ասեցի, ոտքս ցավում է, ասեցի, ես մի տասնհինգ րոպե ոտքի վրա մնալուց հետո արդեն չեմ դիմանում։ Ասեցի ու գիտացեցի, թե ինչքան տխուր է։ Մի տեսակ հույս ունեմ, որ ամեն ինչ կլավանա և ես նորից կկարողանամ քայլել երկար, երկար։ Կկարողանամ նորից անտառ գնալ, պառկել խոտերի մեջ։ Սա գրում եմ, բայց ծիծաղս գալիս է. ոնց որ ամբողջ կյանքս դրանով եմ էլի զբաղվել, ուղղակի Վանաձորում եմ, նորից հիշողությունները ներսս են լցվում։

Թե չէ Երևանում ժամանակ չի լինում նույնիսկ դուրս գալ քայլել, ուր մնաց՝ մի հատ էլ գնալ ինչ-որ տեղ։ Ես էլ էի սկզբում շատերի պես, ասում էի, Երևանը քայքայում է մարդուն, չգիտես ինչ, Երևանում չեմ հարմարվում և այլն։ Բայց հիմա ես Երևանը սիրում եմ, երևի նրա համար, որ այնտեղ մյուսներից անջատված եմ ու մեկուսացված։ Կարող եմ փորձել լինել այնպիսին ինչպիսին պահի տակ ուզում եմ։ Կարող եմ զգալ, թե մարդիկ ինձ սիրում են։ Կարող եմ զգալ, թե ինչ-որ մեկին պետք եմ։

Որոնք իհարկե բոլորը սուբյեկտիվ զգացողություններ են։ Վանաձորում գոնե պատուհանիցս երևացող լեռներին եմ նայում, այնտեղ, որտեղ որ այս ետնանկարն է, ու մտածեմ՝ դե տես սարեր կան, այս սարերը ինձ սիրում են։ Որ ավելի փոքր էի այս սարերից մեկին նայում է ու ասում էի՝ տես սա ալիքաձև սարն է, իսկ այն մյուսը, տես այդ մյուսը հեշտոցի նմանվող սարն է։ «Հեշտոց» բառը մի քիչ ծիծաղելի է, որովհետև շատ չեմ օգտագործել, բայց ես ոնց որ բառեր չէի սահմանում պատկերների վրա։ Ես նայում էի ու նմանացնում ուղղակի, մտածում էի՝ այս սարը նման է սրան, առանց բառերով մտածելու։

Հետո մի օր երբ բարձրացանք Մայմեխը, իմացա, որ այդ սարերի հեռվում երևացող բարձր լեռը իրականում Մայմեխն է եղել կամ Ձիթանից սարը, բարձրությունը 3094 մետր ծովի մակարդակից։ Մեր համար նման բարձրությունները ինչ բնական են, հիշում եմ, երբ Բեռլինում էի, մեկը հետաքրքրված հարցնում էր, թե ձեր մոտ 1000 մետրից բարձր ինչ-որ բաներ կան, այն դեպքում, երբ որտեղ որ ապրում ենք, արդեն հազար մետից բարձր է։

Մայմեխի մասին գրեցի ու հիշեցի, որ կողքի լեռան լանջին աճում են իմ տեսած ամենասիրուն ծաղիկներից մեկը՝ կովկասյան մրտավարդը։ Քույրս քաղում էր մեկ-մեկ ու բերում էր տուն ու այնքան սիրուն էր թվում այդ ծաղիկը։ Հետո, երբ ավելի մեծացա, կարդացի, որ կովկասյան մրտավարդը Կարմիր գրքում գրանցված տեսակ է ու պոպուլյացիան վտանգված է։ Ու մենակ էս շրջաններում է հանդիպում։

Նման պահերին Մաթևոսյանի ասածներից մի բան եմ հիշում, որը մարդակենտրոն է, բայց որը նաև շատ սովորական է, այն առումով, որ առօրյա կյանքով ապրող մարդու միտքն այդպիսին է։ Հիմա փորձեցի ամբողջական մեջբերումը գտնել ու չգտա։ Տիրանն էր շատ մեջբերում։ Եթե փորձեմ հիշողությունից վերարտադրել, ասում էր՝ տես, մարդը չկա, դաշտում ծաղիկը ծաղկում է, կովը արածում է, բայց դա արդեն ոչ ոքի պետք չէ, այլևս դա սիրուն չի թվում, որովհետև մարդը չկա։ Վստահ չեմ, արդյոք ճիշտ եմ հիշում։ Տիրանին հիշեցի, իրանից էլ կպատմեի, բայց մյուս անգամ։

Պահի տակ հիշեցի նաև Կորյունի վրայի մեր տունը։ Այնքան հիշողություններ աչքիս առաջ եկան։ Ինչքան դժվար էի ես։ Հիմա գոնե ապրելու պահերով իմ մոտ ավելի հեշտ է։ Մարդկանց ավելի հեշտ եմ վանում, երբ ապուշ են։

Արդեն զգում եմ, որ գրելու բաները ավարտվեցին։ Բայց ես չպատմեցի երեկ ինչ եմ արել։ Առանձնապես ոչ մի բան, Քրիսի հանձնարարած նամակները գրեցի ու էնքան անվստահ ու տխուր էի, բայց հետո ուղարկեցի, ասեց՝ շատ լավն է, մերսի։ Ես էլ ուրախացա։ Մեկ-մեկ ինձ թվում է իմ վատ հաղորդակցությունը ես ավելի ծանր եմ տանում, քան նրանք։ Ոնց որ նրանք սովոր են։ Հետո մամայի հետ շփվեցի մի քիչ։ Արդեն էլ չեմ նեղվում նրա կրկնվող հարցերից ու մնացածից։ Երևի ուղղակի սովորության հարց էր։

Վանաձորում արև է։ Նոր կարդացի, որ արտակարգ դրությունը ևս 30 օրով կերկարացնեն։ Մի առումով տխրեցի, բայց դե հետո ասեցի՝ հա դե ինչ անենք։ Հենոյին էլ ասեցի՝ իմ պատուհանից լեռներ ու անտառներ են երևում ու դրանից հպարտ զգացի։ Ես գոնե հույս ունեմ, որ ինքնամեկուսացման փականքներից դուրս լեռներ ու անտառներ կան, որ Երևանի քարի կտորներից, փոշուց դուրս ինչ-որ սիրուն լեռներ կան, որտեղ ես փոքր ժամանակ քայլել եմ ու սունկ եմ հավաքել։ Ես գոնե հույս ունեմ, որ ինքնամեկուսացումից դուրս դեռ կյանքը մնացել է։

Վանաձորի սարերը

թաղանթ

թաղանթի տակ

Շատ վատ օրը ավարտվեց։ Բացի այն, որ ամբողջ օրը ֆիզիկապես թույլ էի, ոտքի վրա շատ մնացի լահմաջո սարքելուց, առավոտն էլ շուտ էի արթնացել, տենց ամեն ինչ կուտակվեց իրար վրա ու ֆիզիկապես սկսեցի սարսափելի վատ զգալ։ Էդքանի հետ նաև աշխատանքային նոր հանձնարարություններն կան, որ ինձ հանգիստ չեն տալիս, չգիտեմ ինչ անել։

Նաև տեսնում եմ, թե ոնց են երեխեքը օտարանում։ Մեկը մյուս հետևից ջնջվում են տարբեր տեղերից, սկսում են քիչ խոսալ և այլն։ Իսկ դրանք մի օր օտարացման են բերում։ Դե մի օր դա լինելու է, բայց ուզում եմ՝ ոչ ինքնամեկուսացման օրերին։ Որովհետև դե սովոր եմ՝ թողնեն գնան, կամ ես թողնեմ գնամ։

Արեգին եմ հիշում ու մեր երեք տարվա մտերմությունը։ Հիմա չեմ խոսում հետը, վերջին անգամ գրեց, ասեց՝ ո՞նց ես, ասեցի՝ լավ, իսկ դու՞, տենց ասեց՝ լավ եմ, լավ մնա և այլն։ Իսկ Արեգը իմ ամենամտերիմ ընկերն էր։ Չգիտեմ, որ պահից սկսեցինք օտարանալ։ Ես կարծում եմ, որ պետք է ավելի հոգատար լինեի, չնայած փորձել եմ։ Իմ հազվադեպ ինքնամեկուսանալու ու կորելու փորձերը լավ հաղթահարել էինք, մենք սկսեցինք հեռանալ, երբ նա ու ես նոր ընկերներ գտանք։ Ինչ տխուր է, չէ՞։

Արեգին հաճախ եմ հիշում։ Մտածում եմ, տեսնես նա էլի՞ նոր բաներ է կարդում ու անընդհատ փոխվում։ Ինչքա՞ն կարելի է արմատապես փոխվել ու նոր որոշումներ կայացնել։ Նրա մեջ ես սա միշտ չեմ հասկացել։ Չնայած դրան, միշտ աջակցություն եմ ստացել, երբ ապուշ եմ եղել կամ ապուշի պես մտածել։ Ու հիմա չգիտեմ՝ ես ուրախ եմ, որ օտարացանք, թե չէ։ Ուրախանալը մի քիչ սխալ է ասել։ Այսինքն՝ նորմալ է, որ օտարացանք, թե՞ չէ։

Ինձ թվում է՝ նորմալ է։ Բայց Արեգ, ես քեզ սիրում եմ ու երբեք չեմ մոռանա։ «Երբեք» ասելը մի քիչ ծիծաղալու է։

Հիմա երեխեքի հետ էլ դե մի օր կօտարանանք, ես ինչ-որ դեբիլություն կանեմ, կամ իրենք։ Կամ երկուսով։ Կամ ուղղակի ոչինչ չենք անի, դեբիլությունները միավորում են։ Ինչ-որ մեկը նոր սիրած կգտնի ու ամբողջ մտքերով կտրվի նրան, հետո նոր ընկերներ կունենա։ Եվ ահա օտարացումը։

Խնդրում եմ, մենակ ոչ ինքնամեկուսացման օրերին։

Մարիամը, որ Space oddity-ի տիեզերագնացի կատարած երգը ուղարկեց, ասեց՝ տես ինչ սիրուն է, հիշեցի Դեյվիդ Բոուիի Heroes երգը, որ առաջին անգամ լսել եմ իմ սիրած մուլտսերիալներից մեկի՝ Regular Show-ի ավարտին ու լաց եղել։ Մուլտիկը, էդքան էլ լացելու չէր, բայց երբ որ տեսա՝ հերոսները մեծացել են, աշխարհը փոխվել է, ես մնում եմ ոչնչի հետ, իսկ մուլտֆիլմը ավարտվում է՝ լացս եկավ։

Heroes-ում, որ ասում է՝ մենք մի օրով կարող էինք հերոս լինել, այդ խոսքերը այնքան մոտիկ եմ ընկալում։ Հիշում եմ, դժվարին պահերին մեկ-մեկ դա եմ հիշել ու փորձել եմ ձգել ու հերոս լինել։ Բայց սովորաբար չի ստացվել։ Հիմա լացս գալիս ա, որովհետև օրը շատ ծանր էր, գլուխս ցավում է ու հոգնած եմ։

Սենց պահերին մտածում եմ, ավելի լավ կլիներ մեռած լինեի։ Կամ մեռնեի։ Ոչ թե նրա համար, որ կյանքը դաժան է և այլն, այլ որովհետև ինքս ինձ հետ գործ ունենալու հեռանկարը սարսափելի հոգնացնող է։ Մանր բաներից տրամադրությունս ընկնում է ու միանգամից շրջվում է մտածողությունս, սկսում եմ ծանր տանել ամեն ինչ, ամեն ինչ սարսափելի անհնարին է թվում։

Հիշում եմ, որ Վանաձորի վերևներում ինչ-որ անկապ ճամբար էինք գնացել, էնտեղ ինձ ձեռ էին առնում ու ես չէի կարողանում պաշտպանվել։ Բայց գիշերները ականջակալներով ինչ-որ երգ էի լսում ու փորձում էի հանգստանալ։ Հիմա էդ երգն եմ լսում։

Հիշում եմ Հրաչին, ում հետ էլի չկարողացա մոտիկություն պահել։ Չնայած, դե ինքը շատ վեհ էր ու իդեալականին ձգտող։ Ու հիմա Ֆրանսիաներում է ապրում։

Կուզեի միտքս ուրիշ մարմնում հայտնվեր, որը քիչ դեպրեսիվ է, մի քիչ ավելի սիրուն է, լավ գենետիկա ունի, մաշկը յուղոտ չի, հարթ ու սիրուն է։ Եթե մի երկու հարյուր տարուց ծնվի, կարող է ստացվեր։

Մյուս կողմից նաև սենց պահերին էնքան շատ եմ ուզում մեռնելուց հետո միտքս շարունակի ապրելը։ Որը իհարկե ծիծաղելի է, բայց հուսադրող է։ Եթե այդպես լինի, ապա ես հնարավորություն կունենայի ազատվել այս մարմնից։

Պետք է կարդայի, թե ինչպես են հաղթահարում բարձրության հանդեպ վախը. որովհետև շատ ճնշող է։

Կարծես առաջին գրառման մեջ հիշատակածս գրքում նկարագրում է, թե ոնց են պսիլոցիբին տալիս մեռնող մարդկանց, որ էդ մարդիկ հեշտ ու առանց տագնապների գնան էս աշխարհից։ Քանի որ մահանալուց զգում են ամեն ինչին միավորվելու զգացումը։

---

Շեղվել էի ու անկապ հոդված էի կարդում։

Այլևս հավես չունեմ գրելու։

---

(գրառումը փակցնում եմ հաջորդ օրը)

Պատշգամբի պատը

մաշված

պատին բախված

Առավոտյան մտածում էի, որ օրը լավ կլինի, բայց լավը չեղավ։ Հիմա ցուրտ է, ֆիզիկապես թույլ եմ զգում, տագնապած, տխուր ու մենակ։ Երևանում կծխեի նման վիճակներում, բայց հիմա ստիպված դիմանալու եմ։ Ինքնամեկուսացումը երևի դա էլ նախատեսում է։

Բայց այսօր ոչինչ չեմ պատմի, իսկ ետնանկարին կդնեմ պատշգամբի պատը, որի փլվելուց վախենում եմ։

Վանաձորը գոլորշիների տակ

կղզյակ

մենության մեջ լողացող կղզյակներ

Քանի որ երեկվա այն գիրքը այդպես էլ չավարտեցի, այսինքն չցանկացա շարունակել, սկսեցի Հաքսլիի «Ընկալման դռները» կարդալ։ Հաքսլին այս և դրան հաջորդող էսսեում պատմում է իր փորձառությունը մեսկալին ընդունելուց հետո։ Դեռ չեմ հասել այն բուն պահին, երբ նա մեսկալին է ընդունում, բայց արդեն շատ լավն է։ Մի մասը գիշերն եմ կարդացել ու շատ բան չեմ հիշում, այսօր նորից կվերընթերցեմ։ Բայց մի հատված կար, որ նոր վերընթերցեցի ու այնքան լավն էր։ Կուզեմ թարգմանել ու դնել այստեղ։ Ճիշտ է, սկզբնական նպատակս՝ խուսափել էսսեներ գրելուց կարծես այդքան էլ լավ չի ստացվում, բայց դե՝ վրեն։ Հաքսլին ասում է.

«Մենք ապրում ենք միասին, գործում ենք, վերաբերմունք ցույց տալիս իրար հանդեպ. բայց միշտ և բոլոր իրավիճակներում՝ մենք ինքներս մեզ հետ ենք։ Մարտիրոսները ձեռք-ձեռքի տված են դուրս գալ ասպարեզ. նրանք խաչվում են միայնակ։ Գրկախառնված, սիրահարները անհուսորեն փորձում են ձուլել իրենց կղզիացած հիացմունքները՝ մեկ ընդհանուր ինքնատրասցենդենտի մեջ. ապարդյուն։ Յուրաքանչյուր մարմնավորված հոգի իր բնույթով դատապարտված է մենությա՛ն մեջ տառապել և վայելել։ Զգայությունները, զգացմունքները, ըմբռնումները, ցանկությունները՝ բոլորը անձնական են և հաղորդելի միայն սիմվոլների միջոցով։ Մենք կարող ենք տեղեկատվություն ստանալ փորձառությունների մասին, բայց երբեք չենք կարող վերապրել այդ փորձառությունները։ Ընտանիքից ազգություն, յուրաքանչյուր մարդկային խումբ կղզիացած տիեզերքների հասարակություն է։»

Մի քիչ խառը ստացվեց ու տանջվեցի, բայց ոչինչ։ Թարգմանեցի, որ ավելի լավ զգամ գրածը։ Ինձ թվում է, ուզում է ասի այն, որ մենք չենք կարող ուրիշների փորձառությունները ոչ մի կերպ վերապրել ու դատապարտված ենք դրա համար միշտ միայնակ լինել։ Մի տեսակ տարօրինակ է. չգիտեմ։

Հաքսլին նաև ասում է, որ մեսկալին պարունակող պեյոտի կակտուսները, այն օգտագործող ցեղերը դասում են աստվածների շարքին։ Ու այնքան բնական է ինձ թվում։ Այնքան լավ եմ հասկանում, թե ինչու պետք է փառաբանեին։ (Այս պարբերության առաջին նախադասությունը մի տեսակ շարահյուսորեն սխալ է, բայց չեմ ցանկանում ուղղել)

Այսօր Ալեքսը ինձ գովեց, ասեց՝ դու կարող ա՞ սուպերհերոս ես։ Բայց դե անգլերեն ասեց, ասեց՝ Are you a superhero? Ես էլ ուզում էի ասեմ՝ Not a superhero, ինչպես շատ տեղերում բիոս եմ դնում, բայց հետո հասկացա, որ կոնտեքստից դուրս կհնչեմ։ Բայց ուրախացա. ինչքան էլ դժվար եմ հաղորդակցվում, բայց կարող եմ այդպես էլ սուպերհերոս լինեմ։

Ալեքսին մեջբերելիս, մտածում էի, արդյո՞ք «?» նշանից հետո պետք է վերջակետ դնեմ։ Տրամաբանորեն կարող էի Ալեքսի խոսքը չակերտների մեջ վերցնել, հետո վերջակետ դնել, բայց դե չուզեցի։ Ի՞նչ եմ խոսում։

Վաղվանից գործս սկսվում է փոխվել, ինձ տանում են նոր բաժին կամ ինչպես ամերիկացիներն են անում «onboarding» են սկսում։ Այս բառը դուրս շատ է գալիս։ Ինձ նավաստի եմ զգում, որ կամաց սովորում է նավը վարել։ Դանդաղ, անվստահ և տագնապներով։

Գիշերը, այսինքն մի քանի ժամ առաջ, նաև գրառումների նոր էջ սարքեցի ու մնացածը տեղափոխեցի հին էջի մեջ։ 12 հին գրառումը դրեցի «խոյերի» նշանի տակ։ Չգիտեմ ինչի այսպես որոշեցի. Մտածեցի սիրուն է։ Հետո վերջերս Նանեին ասեցի՝ ինչի՞ են էս վերջերս լիքը մարդիկ ծնվել։ Ասեց՝ որովհետև բոլորը խոյեր են։ Ճիշտ է, մի տեսակ անտրամաբանական հարց-պատասխան է, բայց Նանեի ասածը մեջս շատ տպավորվեց։ Ուրեմն այդ շրջանը կլինի խոյերի շրջանը։ Ես աստղագուշակությանն ու կեղծգիտականությանը դե չեմ սիրում, բայց աստղագուշակության սիմվոլները և մնացած նման բաները շատ եմ հավանում։

Տես, ես հիմա գրառումներս դրեցի խոյերի նշանի տակ ու ամեն ինչ միավորվեց։ Ամեն ինչ ստացավ մեկ ընդհանուր հատկանիշ, որը նախկինում գուցե էլի ուներ, բայց արտահայտված չէր։

Ուզում էի շուտ ավարտել, որ գնամ Հաքսլիից էլի կարդամ, բայց կարծես չի ստացվի։ Ամբողջ օրը աշխատեցի։ Փորձում եմ նաև Սաթենիկի գործը ավարտել. մնաց կեսը։

Մեկ-մեկ բռնում եմ ինձ նրա վրա, որ վախենում եմ ուրիշների սպասելիքները չարդարացնելուց։ Ու սա շատ բաներին է վերաբերվում։ Վախենում եմ, որ սպասեն, թե խելացի բաներ եմ խոսալու, բայց չխոսամ, վախենում եմ, որ կսպասեն արտահայտվեմ, բայց չեմ արտահայտվի, վախենում եմ, որ կսպասեն, թե ես իդեալական եմ, բայց չեմ լինի։

Իհարկե, տրամաբանորեն, դա իրենց գործն է ու խնդիրը։ Բայց դե ես եմ, էլի։

Օրերը նորից ցրտել են։ Քրիսին ասեցի՝ դե սպասում եմ, որ սահմանափակումները վերացնեն, որ գնամ Երևան։ Բայց արդեն կարծես Երևան էլ չեմ ուզում։

Գնամ, նորից ինչ-որ կյանքի եմ հարմարվելու։ Որը իմը չի։ Վանաձորում լռվելուց ու պսիխոդելիկների մասին հավայի կարդալուց հետո, մի տեսակ երազում եմ գնամ ինչ-որ սեփական տուն առնեմ, ինչ-որ տեղ, որտեղ մարդիկ չկան ու տունը անտառի մեջ է։ 

Հետո մտածում եմ, որ մենակությունից կմեռնեմ, որովհետև ես ստեղծված չեմ ինքս ինձ հետ լինելու համար։ Սեփական տանը ապրել նշանակում է՝ նաև լիքը խնդիրներ վերցնել։ Որոնց ես պատրաստ չեմ։

Բայց ամեն դեպքում, այդ միտքը, որ ես կզարթնեմ ու դրսում կանաչ կլինի, որ անձրևներից չեմ վախենա, որ տունը տաք կլինի ու փայտի հոտ կգա, շատ սիրուն է։

Քանի որ տնեցիք ժամանակի ամեն պարբերությունը մեկ անգամ ինձ համոզում են, որ Երևանում մի բան անեմ տուն առնեմ, ես սկսել եմ կասկածել Երևանում ապրելու ցանկությանս վրա։ Մյուս կողմից, դե էս գործս հավերժ չի, մի օր անտեր կմնամ։ Եսիմ, ինձ թվում է շատ խորացա։

Էս իմ սենյակի դուռը լրիվ պսիխոդելիկա է։ Հիմա չեմ կարող ցույց տալ, բայց որ նայես, լրիվ գեղադիտակի գույներ են ու նախշեր։ Մտածել եմ, որ այս օրագրի վերջին գրառումը կդնեմ այդ դուռը։ Լրիվ Հաքսլիի ընկալումների դուռը կարծես լինի։ Տենաս ի՞նչ ա մտածել ախպերս, որ դռան պատուհանների վրա այսպիսի թաղանթ ա կպցրել։ 

Ոչ մեկին չհիշեցի այսօր։ Երևի ճիշտը դա էր։ Ինքնամեկուսացման մեջ մենք բոլորս կղզիացած տիեզերքներ ենք, երևի կասեր Հաքսլին։