այստեղ
կամ շատ զգացմունքային գիշեր
Այսօրվա համար ոչինչ չեմ նկարել։ Ետնապատկերում դրել եմ մի քանի օր առաջ արածս նկարը՝ պատշգամբի պատին աճած քարաքոսները։ Ինչ սիրուն են։ Ինչ կանաչ են։ Տես, կյանքը մեր բալկոնի պատի վրա էլ է աճում, այն պատի, որին վախենում եմ մոտենալ ու ինձ անընդհատ թվում է, թե փլվում է։ Ինձ թվում է, թե ես ընկնում եմ։ Սարսափելի վախենում եմ։
Երեկ ամբողջ գիշեր կարդում էի իբոգենի բույսի մասին ու մտածում էի, որ մի օր պետք է փորձել։ Բայց հետո տեսա, որ պետք է ինչ-որ մեկին կողքս ունենամ, որը կհսկի ինձ, քանի որ 14 ժամանոց անշարժացում կարող է սկսել։ Ես հասկացա, որ ոչ ոքի չեմ վստահի կամ գուցե կվստահեմ, բայց չեմ ցանկանա ոչ մեկին այդպիսի պատասխանատվության ենթարկել։ Չնայած դժվար էլ ինչ-որ մեկը ուզի։
Մի հատ սերիալի առաջին սերիան նայեցի, որը ահավոր մեյնսթրիմ էր ու էլի էս վերջերս սերիալներում տարածված ժամանակային փոփոխությունների մասին։ Թե ոնց է մի աղջիկ ընկնում ապագա, որտեղ հանդիպում է ինքն իրեն և այլն։ Մի տեսարանում՝ աղջիկը քար էր գցում գետի մեջ ու ես հիշեցի, թե ինչպես էինք մենք գետի ափին տափակ քարեր գցում ջրի մեջ։
Ու նման մի տեսարան էլ ես ունեմ իմ հիշողության մեջ, շատ հստակ, շատ սիրուն, երբ Ստյոպան եկել էր Ռուսաստանից ու մենք գնում էինք գետի ափին քարեր էինք շպրտում գետի մեջ ու ուրախանում, երբ հարմար քարեր էինք գտնում ու երբ քարը ջրի մակերեսին շատ էր դիպչում մինչև խորտակվելը։
Ստյոպան էնքան լավն էր, իրար հետ պառկում էինք շենքի մոտի ինչ-որ շինության կտուրի վրա ու նայում երկնքին։ Ինչ-որ խաղեր էինք պատկերացնում, ինչ-որ երևակայական էակներ։ Բայց հետո նա մեծացավ։ Իսկ ես չմեծացա։ Ու նա սկսեց լուրջ բաներով զբաղվել։ Ես չէի հասկանում ինչ էր կատարվում, որովհետև ես չէի մեծանում։ Ես չէի հասկանում, թե ինչու մեկը, որ խաղում էր հետս ու ինձ իր ընկերն էր համարում՝ հիմա չի հիշում ինձ ու չնկատելու է տալիս։ Ես այս ամենը շատ ուշ հասկացա։ Շատ ուշ հասկացա, որ ես ձախողել եմ մեր ընկերությունը, քանի որ չեմ մեծացել ու այնպիսին չեմ եղել, ինչպիսին պետք է որ լինեի այդ տարիքում։
Իհարկե հիմա շատ մեղադրական եմ գրում։ Բայց Ստյոպին չմեղադրելու ցանկությունն է, թե ինքնամեղադրելու հանդեպ սերը, որ այլ կերպ չեմ կարողանում մտածել։ Իմ երևակայության մեջ Ստյոպը ինձ մի պահի ասել է՝ հեռու գնա, մի մոտիկացի ինձ։ Ու էս պահը էնքան հստակ եմ հիշում. բայց այսպես երբեք չի եղել։ Ինքը ինձ երբեք չի ասել՝ մի մոտիկացի, ինքը երբեք չի ասել՝ մենք էլ ընկերներ չենք։ Ինքը չի նկատել ինձ։
Հիմա ինքը եսիմ ինչ է դառել, ամուսնացել է, երևի ընտանիքի սիրող հայր է։ Իսկ ես նստած հիշում եմ նրա հետ եղած միջադեպերը ու ինձ թվում է՝ իմ շատ խնդիրներ այդտեղից են, այդ օրերից, երբ ես ժամերով սպասում էի բակում, թե ինքը կիջնի ու ես կխաղամ նրա հետ, իսկ նա իջնում էր և չէր նկատում ինձ։ Չէր նկատում ինձ։ Ուզում եմ մի անգամ էլ գրեմ՝ չէր նկատում ինձ։
Տեսնես ի՞նչի ա նման Ստյոպի պես լինելը։
Երևակայական էակներ պատկերացնելիս հիշեցի նաև այսօրվա գրքում նկարագրվող երևակայական էակներին։ Չնայած գիրքը շատ կեղծ գիտական էր և սարսափելի ձգած, բայց երբ պատմում էր քարանձավներում հնադարյան մարդու արած նկարների մասին ու թե ինչ երևակայական նկարներ էր պատկերում՝ հավես էր մի պահ։ Այդ էակների ու ձիերի նկարները նայելիս նաև գտա մարդկային ձեռքերի նկարներ։ Ձեռքերը դրել են քարանձավի պատին ու ինչ-որ ներկով կողքերը ուրվագծել։ Մի տեսակ հուզվեցի, որ սա նշան է, թե՝ տե՛ս, ես կամ։ Մտածեցի, որ կարելի է նաև տան պատին անել այսպես ու նաև հյուրերի ձեռքերը այդպես սարքել։
Տես, ես նայում եմ այդ պատկերին ու իմանում, որ ինչ-որ մեկը եղել է անցյալում։ Ստյոպն է եղել անցյալում, ինչ-որ մարդիկ են եղել, որ հիմա չկան։
Բայց տես, ես դեռ կամ։ Ես դեռ կամ ինքնամեկուսացման օրերի մեջ ապրող, ցրված, տխուր, ծերացող, անորոշ, անցյալի ինչ-որ պահում սառած՝ ընկերությունից ու զգացմունքներից խուսափող։
Մեկ-մեկ մտածում եմ, թե ես գուցե Ստյոպին սիրել եմ։ Բայց սերը այնքան տարօրինակ է ու այնքան մեծերին բնորոշ զգացում է։ Ու մեկ-մեկ այնքան պարտադրված։ Թե՝ եթե այդքան մոտ ես եղել, ուրեմն պետք է նաև սիրեիր։ Բայց ես չգիտեի սերը ինչ էր։ Եվ ցանկություն էլ չունեի սահմանել ու բնորոշել այն։ Ինձ թվում էր, թե Ստյոպի հետ հարաբերությունները անվերջ էին, ես չէի սպասում ավարտ, դրա համար սահմանել էլ իմաստ չուներ։
Հիմա չգիտեմ ինչ գրեմ այլևս։ Ինձ մի պահ թվաց՝ այնքան զգացմունքային դարձա։ Այնքան տարօրինակ է, որ ես հիշում եմ, իսկ ինչ-որ մեկը չի հիշում։ Երևակայում եմ, թե եթե հոգեբանս ասեր՝ բա հիմա Ստյոպին ի՞նչ կասեիր, եթե հնարավորություն ունենայիր։ Ես երևի կվախենայի նույնիսկ ցույց տալ, որ ես ինչ-որ բան հիշում եմ։
Թույլ լինելը դժվար է, նաև զգացմունքները ցույց տալը։ Ես մտածում եմ, եթե ես հիմա ցույց տամ ինչ եմ զգում, հետո տակից դուրս կգա՞մ։ Չգիտեմ, մի տեսակ բացակա եմ ինձ զգում։
Տես, քարաքոսն այստեղ է, ահա պատշգամբի պատը, ահա ներքև ընկնելու իմ վախը, ահա Ստյոպը, ահա սենյակի փայլփլող դուռը, ահա նորից անձրև է Վանաձորում, իսկ ես ո՞ւր եմ։ Որտե՞ղ եմ ես։ Այստե՞ղ։ Թե ինչ-որ տեղ մտքերում մեռած, ինչ-որ պահում կորած։ Անմարմին, անհոգի, անզգամ։ Մարմինս ատող, հոգուն չհավատացող ու զգացմունքներս ճնշող։
Ինքնամեկուսացման օրերին ես որտե՞ղ եմ։
կտրված
ինչպես եմ կորցնում իմ կապերը
Երեկո է ու ոչ մեկ չկա։ Մենակ եմ ինձ զգում։ Կիրակի էր, բայց համարյա ձանձրալի չանցավ։ Երեկոն է ձանձրալի միայն։ Այսօր ավարտեցի գիտակցության մասին գիրքը, բայց վերջում շատ նյուէյջական էր դառնում ու իռացիոնալ։ Սկիզբը լավն էր, ավարտը՝ էդքան էլ չէ։ Սկսել եմ նորից գրքեր փորձել կարդալ, չգիտեմ ինչքան կձգեմ, բայց փորձում եմ։
Ֆեյսբուքիս բոլոր ընկերներից անֆոլո եմ եղել։ Բոլոր-բոլորից, ինչ-որ ավտոմատ հավելման օգնությամբ։ Հիմա պատիս միայն գովազդներ են գալիս ու ապուշ խմբերից գրառումներ։ Այնպիսի տպավորություն է, թե մի օրում ես կորցրեցի իմ կապը բոլոր-բոլորի հետ։ Բայց դե այդ կապը կեղծ էր կամ ավելի շատ ոչ թե կեղծ, այլ պատրանք էր։ Պատրանք մեր գոյության պես։ Կամ ինչպես գրքում էր ասվում, «մենք ինքներս մեր գոյությունը կանխագուշակում ենք»՝ նկատի ունենալով, թե գլխուղեղը ստեղծում է մեր գոյության պատրանքը։
Այսօր մի հատ ուրիշ Թեդ թոք էլ նայեցի, որը շատ ազդեց վրաս։ Ու ոչ թե ազդեց այն, ինչի մասին նա խոսում էր, դա մի տեսակ երկրորդական էր, այլ այն, որ նա ասում էր, որ մենք աշխարհից ու միմյանցից կտրվել ենք ու կարիք ունենք վերագտնել այդ կապը։ Բառացի չեմ մեջբերում, որովհետև ալարում եմ գնամ սկզբնական տեքստը գտնեմ։ Կարճ ասած, ես զգացի, թե ինչքան եմ աշխարհից ու մյուսներից կտրվել ու տխրեցի։
Հիմա Lorde-Ի մի հատ երգ եմ լսում ու այս կապերի կտրման մթնոլորտում հիշեցի Հեղինեին։ Թե ինչի՞ էի ես նրան ինձ մոտ համարում, արդյո՞ք նա մոտ էր ինձ էնքան, ինչքան ես պատկերացնում էի։ Արդյո՞ք պարտադիր էր, որ նա ինձ պատասխաներ այնպես, ինչպես ես էի ցանկանում։ Կամ կարո՞ղ է ես շատ եմ պահանջել, որ ճիշտ չեմ վարվել և այլն։ Էնքան հարցեր կան։ Իր մասին հիշելուց, ինձ եմ պատկերացնում կիսադեպրեսված վիճակներում ու մտածում, թե ես էլ ե՞մ նույն ձևով վարվում ինձ սիրողների հետ։ Հեղուշից սիրտս ցավում է, վերջին անգամ, որ գրեց, ասում էր՝ ինչի՞ ես կորել, ես ասեցի, որ ես կորած չեմ՝ ինքը չի պատասխանում գրածներիս և այլն։ Դե իհարկե, ինքը չպատասխանեց դրան, բայց մի պահ կա, որ ուզում եմ առանձնացնել։ Որը շատ կարևոր է, կարծես։ Նա այդպես էլ չհասկացավ, որ կորողը ոչ թե ես եմ, այլ ինքը։ Ու ես չասեցի դրա մասին կամ ասեցի ու չհասկացված մնացի։
Հիմա, երբ արդեն երեք տարի է անցել, պատկերացնու՞մ ես՝ երեք, սիրտս ավելի քիչ է ցավում ու մտածում եմ, որ ուղղակի ես ամեն ինչ չափազանցրել եմ։ Ուզում էի գրեմ «հուսով եմ՝ երջանիկ է հիմա», բայց այնքան կեղծ թվաց ինձ։ Հեղուշի մասին գրելուց նաև Ինեսին հիշեցի։ Ես կարծում եմ, որ ինքն էլ իրականության մի կողմն էր դիտարկում, որտեղ ես մեղավոր կողմն եմ։
Մի շատ մանր միջադեպ եղավ այսօր։ Մաման իր ամերիկացու ընկերուհու հետ խոսելուց ասեց՝ «իսկ տղաները համբուրվում էին ու այնքան տգեղ էր»։ Սա առաջին անգամն էր իմ կյանքի ընթացքում, որ նա ինչ-որ բան արտահայտեց գեյ հարաբերություններից։ Իմ ամբողջ գիտակից կյանքում առաջին անգամ։ Մտածում եմ, լավ էր գոնե ասեց «տգեղ», այլ ոչ թե «զզվելի» կամ ավելի վատ բառեր։ Նկատում եմ, որ գիտակցաբար խուսափում եմ գրել սրա մասին։ Բայց դե ու՞ր պետք է փախչեմ։
Ես շատ տխրեցի էդ խոսքերից հետո։ Շատ տխրեցի, ոչ թե քանի որ նման բան չէի սպասում, այլ որ մի տեսակ արտահայտված խոսքերը ինձ բռնեցին բերեցին իրականություն։ Իրականությունը հարվածեցին երեսիս։ Ու էդ խոսքերը կրակոցի պես մտան գլխիս մեջ, գիտակցությանս մեջ, կյանքիս մեջ։
Հետո, որ մի քիչ խաղաղվեցի, մտածեցի, թե ոնց կարելի ա տենց մտածել ընդհանրապես։ Կատակեցի ինքս իմ հետ, որ թեթև տանեմ։ Կանխագուշակեցի իմ գոյությունը՝ կառուցելով իմ անիրական գոյությունը։
Նյարդային եմ հիմա դեռ ու երևի երկար չգրեմ։ Էլի մարդիկ էի հիշել, բայց հավես չկա պատմել։ Էսօր մի առիթով Հենոն կայքիս վրով ինչ-որ ակնարկ արեց, հուսով եմ օրագիրս չեն կարդա կամ կկարդան ինքնամեկուսացումից շատ ավելի հետո։ Սա գրում եմ, բայց մյուս կողմից մտածում եմ, որ ես այս առումով ինքս ինձ հետ լիարժեք անկեղծ չեմ եղել։ Որովհետև առցանց օրագիր պահողը, որը պահում է նաև դրա համար հղում՝ չպետք է այդպես ասի։
Վաղը նորից աշխատանքի եմ, այս շաբաթը մի քիչ ծանր կլինի։ Ծանր ու արկածախնդիր։ Ուզում եմ ուժեղ լինեմ ու ձգեմ, հստակ լինեմ ու խոսեմ, չտագնապեմ։
Ինքնամեկուսացման օրերին ինչ-որ բան ցանկանալն արդեն իսկ առաջընթաց է։
ումվելթ
կամ ինչպիսին է դատարկի պես լինելը
Ամբողջ շաբաթը Վանաձորում անձրև ու մառախուղ է լինելու։ Լրիվ իմ սրտի ու ինքնամեկուսացման նման։ Մտածում եմ՝ կդիմանա՞մ, իսկ մամա՞ն, իսկ շե՞նքը, իսկ տանի՞քը։ Իսկ աշխա՞րհը։ Խոնավությունից ծունկս ավելի ուժեղ է ցավում։ Ինչ հետաքրքիր է, ես երբեք չէի պատկերացնի, որ մի օր ես էլ նույնը կասեմ, ինչ մաման քանի տարի։ Մամայի ծունկն էլ է ցավում արդեն երկար ժամանակ։
Սոնայի ծունկն էլ ավելի լուրջ էր վնասվել, վիրահատել էր։ Ու երբ ես նրան ասեցի, որ ծունկս վնասել եմ, մի տեսակ զգացի՝ ավելի ենք կապվել իրար։ Նա այնքան աջակցող էր, ինձ թվում էր, թե նա ավելի աջակցող էր, քան իր դեպքում է եղել։ Սոնայի դեպքը ավելի լուրջ էր ու նա վաղուց էր ինքնամեկուսացված։ Երբ սկսվեց համատարած կարատինը, հիշում եմ՝ Թվիթերում կատաղած գրել էր, որ ինքը վաղուց էր ինքնամեկուսացված ու որ մյուսները լռեն և այլն։ Մի տեսակ սիրտս ցավեց։ Ես իհարկե իրեն փորձել եմ աջակցել, բայց հիմա, երբ զգում եմ, թե նա ինչ է զգացել, սիրտս ավելի է ցավում։ Հուսով եմ մի օր Սոնան հետ կգա ու կգնանք իրար հետ շատրվանների մոտ յագուար խմելու։ Ու էլ ոչինչ պետք չի լինի էդ պահերին երջանիկ զգալու համար։ Որովհետև դրանք այս ամռան ամենալավ հիշողություններն են։ Սոնան։ Յագուարը։ Մեր ժամի սկիզբն ու ավարտը։
Ինչ տարօրինակ է, երբ որ չեմ ունենում տվյալ փորձառությունը, պատկերացնելը դժվար է ավելի։ Ու սա շատ նման է այսօրվա գրքի գլխին, դրա համար եմ գրառման համար այս անունը ընտրել։ Ումվելթը որևէ կենդանի օրգանիզմի վերապրած աշխարհն է։ Մենք ենթադրում ենք, թե օրինակ չղջիկը ինքն էլ է վերապրում այս աշխարհը և այդ վերապրումն ու փորձառությունը՝ ումվելթը, ամբողջությամբ այլ է, քան մարդկայինը։ Նման ձևով՝ մեր յուրաքանչյուրի աշխարհի վերապրումն է տարբեր։ Այսինքն ես հաճախ այդպես եմ զգում, թե իմ զգացած աշխարհը մի տեսակ չի համընկնում մյուսների հետ։ Կամ զգացած ու ընկալած։ Սա չեմ ասում, որ ինձ յուրօրինակ արձանագրեմ, սա ասում եմ, որ ինձ դժբախտ արձանագրեմ։ Իմ ումվելթը արձանագրեմ. չնայած կենսաբանները դժվար այդպես ասեին։
Դժվար է հասկանալը, որ ոչ թե կարդացածներս են օրս կառուցում, այլ ես եմ կառուցում իմ կարդացածները։ Ու հիմա մի քիչ պարադոքսալ կհնչի, բայց գիտակցության մասին այս գիրքը հենց այս պատրանքն էր քննում ու էլի մի շարք հարցեր։ Այդ հարցերից մեկը շատ ռոմանտիկ էր, էստեղ էլ նշեմ։ Ասում էր, թե հնարավոր է, որ գիտակցությունը մատերիային և ոչ թե միայն մարդուն բնորոշ հատկանիշ է։ Շատ բարդ էր բացատրում, բայց տեսությանն անունն էլ է շատ հետաքրքիր։ Պանպսիխիզմ։ Հաջորդ անգամ, որ հայացքներս ներկայացնելիս լինեմ կարող եմ դա էլ գրել։ Դավիթ, 29 տարեկան, պանպսիխիստ։ Գրեցի՝ Դավիթ, հետո հիշեցի, որ ես այստեղ Դատարկն եմ։ Ահ, ինչ տարբերություն։
Այսօր էլի հետաքրքիր բաներ եղան։ Որոշեցի կարդամ ու ամփոփեմ, թե Հայաստանում ճանճասպանի ինչ տեսակներ են հանդիպում ու էլի պարզեցի, որ փոքր ժամանակ տեսածս մի շարք սնկեր պսիխոդելիկներ են եղել։ Իհարկե ոչ պսիլոցիբին պարունակողների պես, որովհետև նրանց փորձառությունը այլ է («ումվելթը»), բայց ամեն դեպքում էլի պսիխոդելիկներ են։ Ու գուցե իմ ապագայի «եսը» սա կարդալուց հիմա նյարդայինանում է, թե՝ հերիք եղավ քո հալյուցինոգեններից ու ումվելթներից խոսես, բայց, չգիտես ինչի՝ շատ են հետաքրքրում։
Ավելի շատ ոչ թե ինչ եմ ես զգում, այլ ավելի շատ թե ինչպես է գիտակցությունը ձևափոխվում։ Սա մի քիչ ապուշ նախադասություն էր, ոնց որ։ Որոշել եմ ավելի շատ կարդալ գլխուղեղի ու գիտակցության փոխհարաբերությունների մասին։ Կամ նաև սովորածս նեյրոֆիզիոլոգիան վերհիշեմ, օրինակ՝ թե ինչ դեր ուներ կապույտ բիծը։ Բայց դե հաստատ չեմ անի. ուղղակի որոշել եմ։
Ինձ մի տեսակ թվում է, թե այսօր ես արդյունավետ եմ եղել ու դրանից ուրախանում եմ։ Փաստորեն ինչ-որ բան հետազոտելն է ինձ ուրախացնում։ Հետազոտելը ու ինչ-որ մեկի հետ կիսվելը։ Այսինքն պարտադիր չի անձնավորված լինի, հնարավոր է ամբողջ հանրության հետ կիսվել։
Այսօր մտածում էի նաև, թե ոնց պետք է անեմ, որ օրագիրս էսսեների ձեռնարկ չդառնա։ Դրա համար փորձում եմ հնարավորինս քիչ վերախմբագրել, լիքը անտրամաբանական մտքեր չեմ ջնջում ու նաև թողնում եմ, որ միտքս հոսի, այլ ոչ թե նախագծում եմ գրելիքս։
Այսօր մամայի հետ կորեական աղցան սարքեցինք։ Մի կես ժամ ոտքի վրա կանգնեցի ու արդեն ոտքերս ցավում էին։ Խեղճ մաման ոնց է ամբողջ օրը էդպես դիմանում՝ չեմ հասկանում։ Ես մամային քննադատում եմ, բայց նաև հաճախ գիտակցում եմ, թե ինչքան վարքային օրինաչափություններ նման են մեզ մոտ։ Ուղղակի ես երևի ավելի չափազանցված տեսակն եմ։
Փաստորեն վնասվածքից հետո ֆլեշբեքեր ունենալը ու խանգարող մտքեր ունենալը նորմալ է։ Նոր դրա մասին էի կարդում։ Եթե ավելի երկար շարունակվի, էդ ժամանակ խնդիր կլինի։ Իսկ քանի դեռ վնասվածքից հետո հիշողությունները թարմ են՝ կարծես նորմալ է։ Ու շատ դժվար է հասկանալը էդ ցավի հիշողության ֆոնին ես ինչ եմ ուրիշ զգում։ Ընդհանրապես շատ դժվար է ասելը, թե ինչ եմ հիմա զգում։ Մառախուղների ու անձրևների մեջ։
Գրքում հղված «What Is It Like to Be a Bat?» էսսեի նմանությամբ, ես էլ երևի ավարտեմ՝ ասելով՝ իսկ տենաս ո՞նց ա Ռուդոյի պես լինելը կամ իսկ տենաս ո՞նց ա մառախուղ լինելը։ Չգիտեմ։
ծաղկած
ծաղկաբույլերն ու սիրտս
Կարողացա այսօր շուտ զարթնել, բայց չկարողացա աշխատել։ Բայց դե աշխատելու շատ բան էլ չկար։ Մարիամի հետ դեռ երեկվանից խոսեցում էինք սոմայի մասին, ու այսօր մի հատ դասախոսություն նայեցի, որտեղ նկարագրում էր սոմայի ծագումը, տարածումը և այլն։ Բացի այն, որ շատ հետաքրքիր էր դիտարկել, թե ինչպես են պսիխոդելիկները ազդել մարդկության զարգացման վրա, սլայդներից մեկում տեսա մի բույս, որը ինձ հիշեցրեց մանկությունս։
Ես ու Արայիկը իրենց տնակի բակում փոքրիկ այգի էինք սարքել ու տարբեր բաներ էինք ցանում։ Հիմնականում արևածաղիկներ էինք ցանկում ու մշակում, որովհետև դա շատ հեշտ էր անելը։ Ջրում էինք, խնամում ու ավելի շատ պաշտպանում թաղի մյուս երեխեքից։ Ու էդ այգին խնամելիս, երբ հեռացնում էինք կողքի մոլախոտերը, բույսեր կային, որ առանձնապես դժվար էր հեռացնելու ու կարող էին քաշելու ժամանակ ձեռքերը կտրեին, քանի որ սուր եզրերով տերևներ ունեին։
Այդ սուր եզրերով տերևներ ունեցող բույսերից մեկը շատ էր նման եղեգնի ու քաղցր ցողուն ուներ։ Քաշում էինք ցողունը ու ծամում, շատ քաղցր էր։ Մտածում էի՝ ինչ սիրուն գլխիկներ ունեն։ Այսօր, այդ սլայդում ես տեսա այդ բույսը։ Ինձ պահանջվեց տասնհինգից ավելի տարի, որ իմանամ, որ այդ բույսի՝ Phalaris aquatica-ի տերևները մեծ քանակով ԴՄՏ են պարունակում ու օգտագործվել են, որպես հալյուցինոգեններ։ Այդ նույն ցեղի մի քանի բույսեր կան, որոնց հետ էլի հիշողություններ կան։
Տասներորդ դասարանում, երբ քրոջս հետ սկսեցի հունարեն սովորելու գնալ։ Հունարենի ուսուցիչը նաև արշավներ էր կազմակերպում ու այդ արշավներից մեկի ժամանակ՝ Վանաձորի կողքի լեռներից մեկի մոտ մի հատ բաց դաշտ դուրս եկանք, որը էնքան սիրուն էր։ Ու ես պառկեցի էդ դաշտի խիտ խոտերի մեջ, որի մեջ նաև լիքը միջատներ կային։ Այդ խոտերից մեկը Phalaris arundinacea-ն էր, իր զանգուլակների նմանվող ծաղկաբույլով։ Այդ բույսի ցողունն էլ էր քաղցր։ Ընդհանրապես էս հացազգի բույսերը լիքը միջամտություններ են ունեցել իմ կյանքում ու լիքը հիշողություններ ունեմ։
Հիմա հանկարծ հիշեցի, որ գնում էինք մեր գետի կանաչ ափը, որը երազներումս ճահիճի է վերածված, իսկ հիմա գորշ ու աղբի մեջ կորած է երևում։ Բայց այն ժամանակ ավելի հաճախ էինք գնում ու ափը ավելի մաքուր ու կանաչ էր թվում։ Ես էլ բոբիկ վազում էի այդ խոտերի վրայով ու խաղում, այնքան ուրախ էի ինձ զգում։ Մեկ-մեկ լինում էր միջատներ էի տրորում, մի անգամ մեղու տրորեցի ու ոտքս խայթեց։ Մեղուն այդ ժամանակ սարսափելի չէր թվում։ Իսկ այգին երեքնուկների այգի էր, գլխիկները պոկում էինք ու թերթիկների նեկտարը բերանով քաշում էինք։ Այնքա՜ն քաղցր էր թվում այդ ժամանակ։ Գետի ափին մի հատ նկար ունեմ, որ ընտանիքով նկարվել ենք, մաման այնքան երիտասարդ է։ Ես էլ իմ արջուկի հետ եմ։ Ասեցի՝ մաման երիտասարդ է ու հիշեցի մամայի հետ ունեցած զրույցս։
Այսօր, երբ էլի անցյալից էինք խոսում՝ մաման մի պահ պատմեց, թե ինչերի միջով է անցել։ Ես զգացի, ինչքան է ցավում ինձ։
Հասկացել եմ, որ մամայի շատ հիշողություններ ինձ ավելի շատ են ցավ պատճառում, քան նրան։ Երևի ես ավելի շատ եմ փորձում քննել ամեն ինչը, իսկ մաման ավելի բնական է ընդունում ամեն ինչը։ Իմ շատ տրավմատիկ հիշողություններ ես մամայից հիշողությունների պրիզմայով եմ հիշում։ Որոշ չափով՝ ես մամայի հիշողությունների մի մասն եմ։
Նկատել եմ նաև, որ ինձ շատ է գրավում գիտակցության բնույթի բացահայտումը։ Էսօր գիտակցության մասին մի հատ գիրք էի կարդում ու չնայած որ եսիմ ինչքան նորություն չկա, շատ հետաքրքիր է պատկերացնել գիտակցության հոսքը ու ինչքան ենք մենք մեզ անջատ պատկերացնում մեր մարմնից, երբ որ փաստացի էդքան էլ անջատ չենք։ Գիտակցության մասին կարդալուց անջատվեցի ու քնեցի, դեղս շուտ էի խմել։
Հիմա դե գիտեմ, ամբողջ գիշեր կտանջվեմ և այլն։ Քանի օրը անընդհատ ուզում էի գրեմ, թե նաև ինչ եմ արել։ Գնացել եմ վիքիի ադմինությունից եմ դուրս եկել։ Եվ սա գուցե եսիմ ինչ չի թվում, բայց կարելի էր ասել վերջին քայլն էր էն ամեն ինչի, ինչ եղել է։ Հա, գրում եմ «եսիմ ինչ չի թվում», երբ կարևորը «ինձ թվալն» է։ Արձագանքներից հասկացա, թե ինչ վատ են ինձ ընկալում կամ ավելի ճիշտ՝ չեն ընկալում։ Ու սա գուցե իմ արդարացիության քննությունն ա, որովհետև ես չեմ ուզում սխալ ընկալվել։ Ես չեմ ուզում այնպես ստացվի, թե իրականում սխալ պատկերացումներ ունեմ կատարվածի մասին ու այն ինչ տեղի է ունեցել ես իմ սուբյեկտիվ մոտեցմամբ եմ ընկալել ու փաստեր բաց թողել՝ որ հօգուտ ինձ ներկայացնեմ։
Ավելի բարդ եմ երևի խոսում, բայց ես չեմ ուզում պարզվի, որ իրականում ես եմ անշնորհակալ, անարդար ու անսկզբունք գտնվել։ Շանսերը քիչ են, բայց դե, ո՞վ գիտի։ Նաև հասկացել եմ, ինչ կարևոր է, որ ինձ գնահատեն։ Ինձ շատ բան պետք էլ չի։ Մենակ մի քիչ գնահատված զգամ։ Սա կարծես էն նախորդ թեզիս շարունակությունն է, որը երեկ եմ գրել ոնց որ՝ թե պետք է ինչ-որ մեկի համար ապրեմ։
Բայց սահմանների պատճառով ինչ-որ մեկին գտնելը բարդ է։ Ու բացի սահմաններից, մարդիկ են այլ. կամ ես եմ այլ։
Ինչ-որ մի բանի մասին էլ էի ուզում այսօր գրում, բայց կարծես մոռացել եմ։
Պետք է գիտակցության մասին այդ գիրքը վերջացնեմ, բայց շատ դանդաղ է գնում, մասամբ նրա համար, որ կոմպից կտրվել չեմ կարողանում։ Արդեն մի ուրիշ գիրք եմ գտել, որը պետք է կարդամ՝ Հանքոքի «Գերբնական»-ը։ Հուսով եմ կկարդամ, որովհետև շատ լավն է երևում։ Մարիամին էլ խորհուրդ կտամ։
Լավ, նաև ասեմ, որ շանսերս կորցրածներին միավորելը կարծես ստացվեց։ Համ տխուր է, համ մտածում եմ՝ թե ինչն է դրա տխուր։ Բայց դա պարզելու համար, էլի խորանալու եմ, իսկ այսօր թույլ տուր ոչինչ չխորանալ։ Հետո, որ ամողջությամբ խորանամ, պետք է անուններ տամ, իսկ ես դեռ կասկածում եմ, թե պատրաստ եմ։
Երեխեքով սկսել ենք զանգեր անել։ Խոսում՝ ցրվում ենք։ Ես էլի ինչ-որ ինտրովերտ թեմաների մեջ եմ հաճախ ընկնում, բայց ընդհանուր առմամբ՝ շատ լավ է։ Մարիօյին եմ տեսնում Շվեյցարիայում, Հենոյին՝ Երևանում, Միքոյին՝ Ստեփանավանում ու Լուսին, էլի Երևանում։ Տես, հիմա անունները գրում եմ, բայց մի քիչ ավելի վերևում՝ ոչ մեկի անունը չեմ տվել։ Կարծես գաղտնիք է էլի, ինքս ինձնից գաղտնիքներ եմ պահում։
Եթե ավելի անկեղծ՝ վախենում եմ, որ մի օր օրագիրս կարդան ու ինձ վտանգված զգամ։ Դրա համար շատ անձնական բաների համար անուններ կաշխատեմ չտամ։
Հա, ինչ էի ասում։ Տենց զանգեր ենք անում, խոսում ենք, լինում է՝ նոր մարդիկ են գալիս, լինում է՝ ահավոր շատ մարդիկ են գալիս։ Երբ որ ավելի շատ են, հարմարվելն ավելի հեշտ է, որովհետև աննկատ-մնալ-խոսել-երբ-ուզում-եմ մեթոդը ամենալավն է աշխատում։ Իսկ երբ որ քիչ ենք՝ պետք է միշտ կապի մեջ լինեմ։ Մտածում եմ, արդյո՞ք կարոտում եմ իրանց։ Երևի հա։ Ինքնամեկուսացման օրերին կարոտն էլ ավելի անհասկանալի է։ Մարիօյին որ նայում եմ՝ հիշում եմ ինձ Բեռլինում։ Տենաս նույն բա՞նն է զգում, ինչ ես։ Իսկ տենաս ես ի՞նչ եմ զգացել։ Շատ բան համարյա մոռացել եմ։
Արդեն ժամը երկուսն է։ Փաստացի արդեն ամսի չորսն է, բայց ես կգրեմ ամսի երեքի համար, քանի որ ամեն դեպքում՝ օրը վերջանում է, երբ քնում եմ։
Նույնիսկ երբ օրը անցնի, ինքնամեկուսացումը դեռ շարունակվում է։
ազատում
օրերի միօրինակությունից ազատումը
Որոշել էի այսօր ավելի արդյունավետ ապրել։ Բայց դե, խույ թե արդյունավետ կապրեմ։ Նույնիսկ չաշխատեցի, ամբողջ օրը տառապեցի, ոչինչ չարեցի։ Երբ որ վատ եմ զգում, գրելը ավելի բարդ ա։ Հիմա կողքից գրում են, խանգարում են, չեն թողում այստեղ գրեմ։ Սիրտս պայթում է, ամեն մի կողքից շեղող բանից։ Ու չեմ ուզում գրեմ այստեղ, հազիվ ստիպում եմ ինձ։
Նախ, սարսափելի անհանգիստ եմ։ Սպասում եմ, որ շուտով լիքը մարդ շուրջս կմահանա, կամ ես կմահանամ։ Հետո մտածում եմ, գուցե չափազանցնում եմ, քանի որ վատ եմ զգում։ Համենայն դեպս, ապրիլը վատը կլինի ու հաստատ լավ չի ավարտվի։
Զգում եմ վերադառնում եմ այնտեղ, որտեղ մի ամիս առաջ էի։ Լավ էի զգում, իսկ հիմա չեմ ուզում լավ զգալ, չեմ ուզում քնել, չեմ ուզում արթնանալ, չեմ ուզում խոսել ու չեմ ուզում ապրել։ Տասը օր էլ դիմանամ ու գնամ Երևան։ Չգիտեմ, ինչ կլինի Երևանում։ Բայց Երևան գնալն էլ կարծես ընտրություն լինի իմ ու ուրիշների միջև։ Մտածում եմ, սխալ կլինի այն առումով, որ Երևան վերադառնալը կնշանակի մամային թողնել անօգնական ու փախնել։
Չնայած որ ես փախնելուց շատ լավ եմ, բայց մտածում եմ, գուցե, էս անգամ փախնելը էդքան էլ արդիական չլինի։
Լավ, հավաքեմ ուժերս, չնայած դժվար հերոս լինեմ կամ հերոսի հնարավորություններ, բայց փորձեմ ուրախ լինել գոնե մի քիչ։
Ինձ թվում է, լավ կլինի շուտ քնեմ ու շուտ զարթնեմ, դրանից երևի ավելի լավ կզգամ ինձ։ Հետո կարող եմ պարտականություններ չբարդել վրաս։
Նկատել եմ նաև, որ կենտրոնանալն է ավելի բարդ դառնում։ Պետք է նորից սկսեմ մեդիտացիա անել։ Ու պետք ա թույլ տամ ուրախ լինել, չգիտեմ ինչի եմ մտածում, որ փակվելը ձեռնտու է։ Չեմ հասկանում, մեկուսանալով ում եմ պատժում։ Երևի ինձ։
Հաջորդ շաբաթից աշխատանքիս բնույթը փոխվելու է, պետք է ուժերս հավաքեմ։ Կփորձեմ հաջողացնել։ Ու կփորձեմ վաղը այլ պատմություններ պատմեմ։ Որովհետև պատմություններ պատմելով է, որ պետք է ապրեմ։
Այսօր կդնեմ կապույտ երկնքի նկարը։ Էսօր ձյուն էր եկել, բայց երկինքը էնքան սիրուն էր։ Չնայած նորից անձրևներ են սպասվում։ Կձգեմ երևի։
Կուզեի գոնե կարողանայի տնից դուրս գալ։ Երևի կքայլեի մի քիչ, Լուսի հետ կգնայինք անտառները, կցրվեի ու երևի ինձ ավելի լավ կզգայի։ Բայց հիմա չեմ կարող քայլել և նույնիսկ խանութ իջնել։
Ինձ համար ինչ-որ մեկը պետք է, ում համար կապրեմ։ Ես չեմ կարողանում ինքս ինձ համար ապրել ու դա ցավացնում է։ Երբ որ ինչ-որ մեկին գտնում եմ, իր համար իմ կյանքը բարելավելը ստացվում է։ Երբ ոչ ոք չի լինում, ինքս ինձ պետք չեմ դառնում։ Երևի նաև պետք է ինչ-որ մեկին գտնել, բայց էդ դեպքում էլ այլ բարդություններ կան։
Վանաձորում արդեն գիշեր է։ Բարի գիշեր։
հավայի
ինքնամեկուսացումն ու օվկիանոսը
Էսօր ամբողջ օրը գործ էի անում, չնկատեցի ոնց անցավ։ Բայց զգում եմ, որ մի բան մեջս բլոկվել ա էլի։ Մի կողմից չեմ ուզում, որ էդ արգելափակումը դուրս գա, մյուս կողմից սենց բարդ ա։
Նաև ամբողջ օրը մտածում էի, թե ինչի մասին կարող եմ գրել այստեղ։ Որոշ բաներ մտածեցի, բայց հիմա ոչինչ չեմ հիշում։ Էլի ինչ-որ աստվածաշնչային բաներ։ Էսօր զգացի նաև, որ չեմ ուզում շատ մարդիկ տեսնեմ։ Կամ թույլ չտվեցի ինձ շատ մարդիկ տեսնել։ Կարելի ա ավելի անկեղծորեն մտածել սրա շուրջ։ Բայց ոչ էսօր։
Մազերս սարսափելի սկսել ա թափվել, դժվար մի քանի ամիս ձգեն։ Հետո մտածում եմ, թե ինչ կարելի ա անել դրա հետ։ Նորից փոփոխություններին հարմարվելը պետք ա ձգել, նաև պետք ա ձգել ծերության ընկալումը ու նաև ծեր ընկալվելու զգացումը։ Ուֆ, հոգնել եմ։
Սուզվեի օվկիանոսի մեջ, աղի ջուրը լցվեր ներսս, բայց առանց ցավ մեռնեի։ Ծնկիս ցավից հետո սկսել եմ ցավերից էլ վախենալ։ Շարժվելուց էլ։ Քայլելուց էլ։ Չգիտեմ, հետո ոնց ա լինելու։ Նորից վերադառնալո՞ւ եմ նրան, ինչ եղել եմ։ Նորից վերադառնալուց էլ սկսել վախենալ։
Բայց սա ընդհանուր գաղափարական հարց ա։ Մենք, բոլորս, ինքնամեկուսացումից հետո նորից վերադառնալո՞ւ ենք նրան, որտեղ եղել ենք առաջ։ Ինչ-որ նոր տեղում ե՞նք հայտվելու, թե կարող ա հավերժ լռվենք ինքնամեկուսացման օրերի մեջ։ Սա շատ կարևոր հարց ա։ Որովհետև գուցե շատերս ինչ-որ մարդիկ կորցնենք. պետք ա պատրաստ լինենք։
Երևի վերջին նախադասությունը հոգնակի գրեցի, քանի որ վախենում եմ իմ վրա ներհայեմ էս ամեն ինչը։ Ներհայելը անգլերեն reflect բայի հայերեն թարգմանությունն ա։ Գիտեմ, որ գուցե շատ արհեստական և անգլականացված ա հնչում։ Բայց սիրում եմ։
Հա, ինչ էի ասում, վախենում եմ գուցե ներհայեմ էս ամեն ինչը և պատկերացնեմ ինձ՝ ինչ-որ մեկին կորցնող։ Ես պատրա՞ստ եմ կրել էդ ամեն ինչը։ Պատրա՞ստ եմ ապրել դրանից հետո։ Էդքան ուժե՞ղ եմ, որ չլռվեմ ինքնամեկուսացման մեջ ու փորձեմ վերադառնալ կյանքին։ Չգիտեմ։
Էսօր մեկը ասեց, որ շատ լավ հարաբերություններ ունի մեկի հետ, ում հետ ես իմ շանսերը կորցրել եմ։ Մի կողմից, սարսափելի ափսոսում եմ, բայց մտածում եմ, որ անցյալի ու մարդկանց վրա ափսոսալը հիմար քայլ ա։ Ու ուզում եմ խորանամ՝ հասկանալու, թե ինչի համար եմ կոնկրետ ափսոսում ու ամեն դեպքում, հանգում եմ էն մտքին, որ ափսոսում եմ, որ ես իրանց պես չեմ։ Որ ես չեմ ձգել, չեմ կարողացել կամ չեմ ցանկացել։ Բայց ես կուզեի, ձգեմ, ես կուզեի, որ կարողանայի ու կուզեի, որ բավարար էներգիա կարողանայի տրամադրել և չվախենայի։ Էդ զգացողությունները շատ նման են մեկուսացմանը ու ինքնամեկուսացմանը․
Գիտես, նաև հաճախ քննում եմ իմ անկեղծությունը այստեղ գրելիս։ Բնականաբար, ես ամեն ինչը այստեղ չէի կարող գրել, բայց այն ինչ գրում եմ, անկե՞ղծ եմ գրում։ Ու հետո, որ կարդամ գրածներս, ինձ չի՞ թվալու, թե հավայի բաներ եմ գրում։
Գրեցի «հավայի» ու հիշեցի, որ մարիամը, Արայիկը ու էլի լիքը մարդիկ ինձ էդ բառի հետ շատ են ասոցացրել։ Որ էս ամեն ինչը անցնի, կայքումս կբացեմ «հավայի» էջ։ Հավես կլինի։
Բայց մինչ այս ամեն ինչը անցնի, ես կլրացնեմ այս օրագիրը։ Թող ինքնամեկուսացումը լինի էն օվկիանոսը, որի մեջ անցավ կխեղդվեմ։
պատճառ
պատճառներ, որոնք իմ ներսում չեն
Սունկ էի խորովում գազի վրա։ Սնկի հոտը ընկել էր խոհանոցում, իսկ սնկերի ջուրը լցվել էր գլխիկների մեջ։ Հետո, կարագ դրեցի մեջը՝ ես ու մաման կերանք։ Հիշում եմ, որ փոքր ժամանակ պապայի կամ մամայի հետ գնում էինք դիմացի անտառները սունկ հավաքելու։ Մեր մոտ հիմնականում փշատարև անտառներն էին, հիշում եմ այդ անտառների խոնավության հոտը, թաց գետինը ու սնկերի գլուխները։ Մի անգամ, անտառներից մեկում նկատեցինք, որ բոլոր սնկերը հանած ու գետնին թափած է։ Այդ սնկերը կապտավուն գույն ունեին. ես չէի հասկանում, ինչու ինչ-որ մեկը կարող է սնկերը հավաքելու փոխարեն արմատախիլ անել և թափել գետնի վրա։ Գրում եմ «արմատախիլ», բայց մտածում եմ՝ արդյո՞ք սնկերի դեպքում ասում են այդպես։
Պապան ասեց՝ երևի թունավոր սնկեր են եղել, ինչ-որ մեկը ուղղակի հանել՝ թողել է գետնին։ Բայց այս տեսարանը այնքան կարևոր էր թվում ինձ կամ այնքան տպավորիչ, որ մինչև օրս հիշում եմ։
Սոճու անտառում գետնին անկանոն ջարդված կապույտ սնկերը։ Կապույտ սնկերը։
Երևի մի քանի ամիս առաջ էր, որ կարդում էի պսիխոդելիկ սնկերի մասին։ Գրված էր, որ պսիխոդելիկներ սնկերի ամենահայտնի տեսակների ազդող նյութը՝ պսիլոցիբինը, թթվածնի հետ շփումից կապտում է։ Դա կարդալուց հետո, միշտ պատկերացրել եմ, թե իմ մանկության այս հիշողության սնկերը, կապույտ սնկերը, եղել են պսիխոդելիկներ. պապան չի հասկացել, ես չեմ իմացել։ Չնայած փաստացի, Հայաստանում պսիլոցիբին պարունակող սնկեր կարծես թե չկան, մի հատ տեսակ կարծես նկարագրված է, բայց շատ տարածված չէ։
Ինձ թվում է, հավանականությունը քիչ է, որ դրանք իրոք պսիխոդելիկներ էին, բայց իմ երազներում դրանք այսուհետ միշտ պսիխոդելիկներ են։
Երբ փոքր էի ու աննորմալ քանակի տեղեկատվության կարիք ունեի, այդ տեղեկատվության միակ աղբյուրը մեր բակի կիսաքանդ գրադարանն էր։ Այնտեղ այնքան քիչ գրքեր կային։ Ու միշտ չէր բաց։ Բայց եղած բոլոր գրքերը քիչ-քիչ կարդում էի։ Ափսոսում ու տխրում էի, որ իմ ուզած թեմաների մասին գրքեր չկային, կամ գրքերը վնասված էին։
Այնքան ափսոսալու է, որ ես այդ ժամանակ եմ ծնվել, ոչ թե հիմա, երբ բոլոր գրքերը, տեքստերը, ամեն ինչի մասին կարող էի կարդալ։ Իսկ հիմա, այդ ամեն ինչի առկայության պայմաններում, ես հոգնել եմ կարդալուց ու հետաքրքրվելուց։
Այսօր մի տեսակ ավելի վատ եմ, քան երեկ։ Քրիսի հետ չկարողացա խոսել, խաբեցի, թե վատ եմ զգում։ Այսինքն չխաբեցի, չասեցի, որ հոգեպես եմ վատ զգում, ֆիզիկապես լավ եմ։ Վատ զգալը ես նկատում են նաև ինքս իմ առաջ դրած սահմանափակումներից, որոնք սկզբում սահմանափակումների են նման, հետո դառնում են ցանկություններ։ Սկզբում արգելում եմ ինքս ինձ շփվել մյուսների հետ, հետո ցանկանում եմ, որ չշփվեմ շատ, հետո ուզում եմ, որ բոլորը հեռանան, որ հարգեն իմ սահմանները ու չմոտենան ինձ։
Բայց այդ ամեն ինչի հետ սիրո պակաս եմ զգում։ Սիրո ու ճանաչման։ Գոյության ճանաչման։ Ու դե էս զգացումները դժվար են միշտ լինում համատեղել մեկուսացման հետ։ Այս հակասությունից դառնում եմ ավելի անորոշ։
Շատ եմ մտածել, թե ինչու է ամեն ինչ այսպես ստացվել։ Վերժինեն հատուկ ընդգծում էր, որ անցյալը հնարավոր չի փոխել, որ ես ավելի լավ հասկանամ ու անկապ չտառապեմ։ Բայց ես չեմ հարմարվում։ Ես չեմ ուզում լինել մեկը, ով անցյալում զրկված է եղել։ Ես չեմ ուզում հիմա լինել, եթե անցյալում ես զրկված եմ լինելու։ Ես հասկանում եմ, որ այս ամեն ինչը անտրամաբանական և անհնարին մտքեր են, բայց ազատվելը բարդ է։
Նոր մի պահ քվորայում ինչ-որ հարցերի պատասխաններ էի կարդում ու կրոնական մի թեմայի տակ օգտատերերից մեկը գրել էր, որ Եդեմում մարդը չուներ կարիքներ և ցանկություններ։ Գրել էր այնպես, կարծես՝ հրաշալի բան է։ Պատկերացրեցի ինձ առանց կարիքների ու ցանկությունների։ Սա նորից տագնապներին նմանվող հարց է։ Վերևում, երբ նկարագրել եմ անցյալից ազատվելու իմ ձգտումները, այդ անցյալը (և ազատվելու ձգտումնե՞րը) վաղուց իմ ինքնության մի մասն է դառած, այդ կարիքները ու ցանկությունները նույնպես։
Հույս ունեմ վաղը լավ կզգամ։ Գիտեմ, որ երեկ էլ էի այսպես գրել։ Այսօր էլ կապույտ երկնքի նկարը չեմ դնի։ Չգիտեմ ինչն է փոխվել, որ տխուր եմ։ Այսօր հայտարարեցին, թե կարանտինը ևս տասը օր շարունակվելու է, ավելի խստացված ու չգիտեմ ինչ։ Հիմա մտածում եմ, արդյո՞ք դա է իմ տխրության պատճառը։ Թե առանց կարանտինի էլ ես կարող էի տխուր լինել։ Իսկ հիմա, տես, գոնե պատճառ կա տխրության համար։ Կարող եմ մեղադրել ինչ-որ բան, որը ես չեմ։ Կարող եմ հազիվ մի օբյեկտիվ պատճառ ունենալ։ Ինքնամեկուսացումը։
հոգնած
հոգիս հիվանդ, ինչպես դինջերի երգում է
Մաման էսօր ասում ա, թե ես լավ տեսք ունեմ։ Բայց ես նույն հոգնած մտքով եմ։ Ոգևորվելը ու տրամադրվելը շատ դժվար է։ Մաման հարցրեց, իսկ ինչն ա պակասում իմ մոտ, ես էլ ասեցի՝ կուզեի քայլեմ։ Հիմա, որ մտածում եմ սրա մասին վստահ չեմ, թե արդյոք քայլելու հնարավորության դեպքում, ես դուրս կգայի ու կքայլեի։ Հազիվ եմ ոտքս քարշ տալիս, իսկ վեց հարկ իջնել-բարձրանալը դժվար է թվում։
Այսօր չեմ ուզում շատ գրել։ Որովհետև հիշողությունների վրա համարյա չեմ կենտրոնացել և չգիտեմ, ինչից կարող եմ գրել։ Այդքան տխուր չեմ եղել օրվա ընթացքում, բայց հիմա հասկանում եմ ինչքան հոգնած եմ։
Առավոտը կապույտ երկինքը երևում էր, հեռախոսով գնացի մի քանի հատ նկարեցի, մտածեցի այսօրվա ետնանկարը դա կդնեմ։ Բայց հետո որոշեցի, որ պատուհանից երևացող այս ամպոտ նկարը ամենալավն է բնութագրում զգացածս։ Այս մեկը երեկվա նկար է, բայց պատկերը այսօր էլ նույնն էր կեսօրից հետո։ Վաղը, երբ մտքերս բացվեն՝ դրա մասին կգրեմ։
Երբ որ ավելի ուժեղ լինեմ, ուզում եմ ծերանալուց գրեմ։ Սա ամենափակ թեմաներից է ինձ համար, որը պետք է անպայման վերլուծեմ ու գրի առնեմ։ Ծերանալու հետ պետք է ապագան քննեմ, իսկ ապագայի հետ նպատակները։
Լավ, այլևս չեմ տանջում ինձ։
Հոգնել եմ։
Հոգնած եմ։
անհույս
անձրևը ու հնարավոր հույսերը
Երեկ ամբողջ գիշեր անձրև էր գալիս։ Եվ անձրևի ձայնը ինձ հանգիստ չէր տալիս։ Խփում էր ապակիներին, խփում էր գետնին, տանիքին։ Խփում էր գլխիս։ Դեռ երբ մեր շենքի տանիքը ծակ էր ու ես ստիպված էի ամեն անձրևի ժամանակ բարձրանալ ու թափել տանիքի անցքերի տակ դրված կաթսաների ջուրը, ես սկսեցի ատել անձրևները։ Ես սկսեցի ատել անձրևներից հետո տանը առաջացող խոնավության հոտը։ Հետո պատերին առաջացող բորբոսը, թափվող գաջը։ Ես սկսեցի ատել հորդառատ անձրևները ու ապրոպը, որոնք այնքան շատ էի սիրում։
Ես սկսեցի տագնապել անձրևների մտքից։ Ու հիմա նույնն էր։ Վանաձորում էի, անձրև էր ու ես տագնապում էի։ Գիշերը այնքան անօգնական էի զգում, ինչքան փոքր ժամանակ էի զգում։ Ինձ թվում էր տանիքը կփլվի վրաս ու ես կմեռնեմ խոնավության, անձրևի ու բորբոսի մեջ։ Անձրևը գալիս էր, գալիս։
Շենքում ապրելը իմ մոտ լիքը վախեր է առաջացրել։ Չեմ էլ հիշում կոնկրետ երբվանից ես զգացի, որ անձրևներից վախենում եմ։ Նաև բարձրությունից եմ վախենում։ Ինձ հաճախ թվում է, թե վեցերորդ հարկը կփլվի ու ես հետը կընկնեմ ցած։ Կամ թվում է, թե շենքը ընկնում է կողքի վրա, հենց այն կողքի, որտեղ իմ սենյակն է։ Ես վախենում եմ պատշգամբից դուրս նայելուց, որովհետև թվում է, թե պատշգամբի պատն է փլվում։ Միայն պատուհանից նայելու միքտը ինձ արդեն անհանգստացնում է։ Հիմա նույնպես։
Այս վախերի պատճառով հաճախ եմ երազներում տեսնում, որտեղ մեր շենքը փլվում է ու ես մեջն եմ։ Այնքան եմ վախենում։ Չեմ ուզում բարձր լինել, չեմ ուզում անձրև գա, չեմ ուզում խոնավության հոտը զգամ։
Այսօր այնքան անհույս է։ Ինքնամեկուսացման մասին մտածելիս, սկսում եմ վերլուծել այն սոցիալական, հոգեբանական ու տնտեսական հետևանքները, որ կկրենք մենք, կկրի հասարակությունը, կկրեն կարիքավոր մարդիկ ու գուցե կրեն մեր ծնողները։ Մտածում եմ ծնողներին կորցնելու մասին։ Այսինքն միայն մամայի մասին եմ մտածում, պապայի մասին չեմ անհանգստանում։ Ի՞նչ կլինի հետո։ Չգիտեմ, երևի վատ։
Նույնը մարիօն էր զգում (նա խնդրեց իրեն որպես մարիօ հիշատակեմ այստեղ)։ Ու նույնը, համոզված եմ շատերն են զգում։ Լիքը բան գուցե վերանայում են։ Լիքը մարդ երևի կյանքի իմաստն է վերանայում. իսկ ես, առաջվանից ավելի շատ, ավելի անհույս եմ ու անկարող։ Օրինակ հիմա, որ վաղը զարթնեմ ու աշխատեմ, հետո ի՞նչ եմ անելու։ Թեկուզ, եթե մարդկանց հետ շփվում եմ, հետո ի՞նչ եմ անելու. չգիտեմ։
Երեկ մարիամն ասեց, որ ես մանուշակագույնին եմ նման։ Մի տեսակ ինձ լավ զգացի, որ ես կարող եմ նույնիսկ գունավոր լինել։ Այս մռայլ, մառախուղում մեռնող քաղաքում, ես կարող եմ մանուշակագույն լինել։ Այստեղ, որտեղ նույնիսկ լինելն է բարդ։ Ես կամ ու նույնիսկ մանուշակագույն եմ։
Հիմա միացրեցի The National-ի «Exile Vilify»-ը։ Հիշում եմ, մի անգամ, երբ որ թղթի կտոր էի կերել, Արևը էս երգը դրեց ու այնքան հուզիչ թվաց այն, որ ուզում էի լաց լինել։ Ու ես մտածեցի, որ այս երգը ինձ կառաջնորդի իմ տխուր, զգացմունքային օրերին։ Հիմա փորձում եմ այնպես անի, որ առաջնորդի։ Բայց գիտես, ես չեմ կարողանում զգալ այն, ինչ զգացել եմ։ Ես չեմ կարողանում շա՛տ զգալ սովորական պայմաններում։ Սա իմ խնդիրներից մեկն է, որի մասին արդեն մի անգամ ասել եմ։ Ես շատ փակ եմ ու ռացիոնալ։
Գիտես, նոր էքզայլ վիլիֆայը լսելիս մտածեցի մառախուղների ու անձրևի մասին։ Միշտ չի, որ ես ատել եմ անձրևները։ Իմ հիշողության մեջ օրեր կան, երբ մառախուղը հիշում եմ անսահման ջերմությամբ։ Երբ Բեռլինում էի ու խիտ մառախուղ էր իջնում փողոցի վրա ու ես իմ մեջ ուժ էի գտնում դուրս գալ քայլելու, ես մտնում էի խիտ մառախուղի մեջ ու կորչում։ Ես սիրում էի մառախուղը, ես սիրում էի Բեռլինը, ես սիրում էի ինքս ինձ։ Շատ կարճ ժամանակով բայց սիրում էի։ Ես հպարտ էի զգում, որ Բեռլինում եմ ապրում։ Ուզում էի գրեմ՝ հիմա չեմ կարծում, որ դրա համար կարելի էր հպարտ լինել։ Բայց չեմ գրի, որովհետև վստահ չեմ։
Իսկ Բեռլինի ու մառախուղի օրերից մեկ այլ զգացմունքային երգ կա ու էլի The National-ից՝ «Vanderlyle Crybaby Geeks», էս երգից հիմա էլ լացս գալիս է։ Էս երգը Բեռլինի երգն է, մառախուղի ու Բեռլինի մետրոյի։
Հիմա փակում եմ աչքերս ու թողնում եմ այս երգը հոսի ներսովս։ Այսպիսի զգացմունքային պահերին անընդհատ վերանայում եմ երկրից գնալու իմ հնարավորությունը։ Ես շատ եմ վախենում։ Իսկ հազվադեպ՝ շատ եմ ուզում։
Արդեն գիշեր է։ Մաման այսօր վատ էր ու շուտ քնեց։ Նա այնքան հոգատար է իմ հանդեպ։ Իսկ ես չգիտեմ ինչպես շատ ուշադիր ու հոգատար լինեմ։ Բայց փորձում եմ, հուսով եմ նա մի քիչ գոհ է։ Այսօր անհուսության օրն էր։ Այն հույսերի, որ ես պետք է ունենայի, բայց Վանաձորի անձրևը սրբել էր։
ընթացք
տեխնոլոգիան և սոցիալական հարաբերությունները
Սկսելը միշտ բարդ է։ Օրը սկսելն էլ։ Այսօր ինչ-որ հայազգի գիտնականների վեբինար էի նայում առողջապահության նախարարի հետ ու նրանցից մեկը ասեց, թե՝ մենք կենսաբանական պատերազմի մեջ ենք վիրուսի հետ, սա մեր սոցիալական բնույթ ունենալու պատերազմն է, որտեղ սոցիալական լինելը մեր խոցելիությունն է, քանի որ վիրուսը տարածվում է սոցիալական հարաբերությունների միջոցով։ Այս միտքը օրվա մի մասը պտտվեց գլխումս։ Մասամբ նաև նրա համար, որ ինձ համար շատ դժվար է լինել սոցիալական։
Ես հաճախ եմ ինքնամեկուսանում, անկախ համաճարակներից։ Եվ այդ պահերին այնքան դժվար են լինում սոցիալական հարաբերությունները և հատկապես նրանք, որոնք ավելի խորը զգացմունքային կապեր են նախատեսում. ավելի խորը սոցիալական պատասխանատվություն։ Հաճախ ինձ բռնում եմ նրա վրա, որ չեմ ձգում, որի պատճառով վանում եմ մարդկանց։
Անցյալ ամիս, դեպրեսիվ մտքերի ազատվելու ճանապարհին ես փորձեցի քայլեր անել ավելի խորը հարաբերություններ կառուցելու ընդառաջ և ձախողվեցի։ Ձախողվեցի մի քանի պատճառով, որոնցից գլխավորը ոտքիս վնասվելն էր։ Բայց եթե ցանկանայի շարունակել, մտածում եմ, որ ոտքիս վնասվելը այդքան էլ մեծ խնդիր չէր լինի։ Ուղղակի ես հասկացել եմ, որ ես մարդկանց հետ խորը հարաբերություններ կառուցելու համար չեմ։ Ես սիրում եմ մարդկանց, բայց միայն հեռավորության վրա։ Ես սովորաբար չեմ ուզում, նրանք ինձ մոտիկ գան։ Եվ միշտ պահպանում եմ հեռանալու հնարավորությունը, որ ցանկացած պահի, երբ նորից ինքնամեկուսանամ, կարողանամ նրանցից հեռանալ՝ առանց մեծ վնասների և կոտրված սպասելիքների։
Հասկանում եմ, թե որտեղից է գալիս այս ամենը։ Հասկանում եմ նաև, որ շատ հաճախ այպիսի մոտեցումը ընկերների ու ծանոթների հանդեպ աններելի ու անարդար է։ Բայց դժվար եմ հարմարվում հակառակին։ Ինձ թվում է, որ հեռավորության վրա հարաբերություններ ունենալը ավելի շահեկան է, քան չունենալը։ Չնայած, տես, ես օգտագործեցի «շահեկան», որը նորից ճիշտ կարող է չլինել մարդկային հարաբերությունների դեպքում։
Վաղուց եմ հասկացել, որ զգացմունքները թաքցնելու ամենալավ եղանակներից մեկը պատեր կառուցելն է և հեռավորություն պահպանելը։ Սոցիալական հեռավորություն։ Բայց ոչ այնպիսին, ինչպիսին պահանջվում է պահպանել համաճարակի դեպքում։
Թվիթերի արջը գրել էր՝ մենք ինքներս ենք մեզ փակուղի հասցրել, որ մեզ համար ամենամեծ պատիժը ինքներս մեզ հետ մնալն է։ Այս մտքին տարբեր ձևերով հանդիպել եմ ինքնամեկուսացման օրերին, բայց արջի գրածը մեջս տպավորվել է։ Հա, պետք է նաև ասեմ, որ արջը թվիթերի անանուն թվիթերցիներից է, որը գիտեմ թե ով է, բայց ցույց չեմ տալիս։ Իր մասին երբ խոսում են, մտածում եմ՝ տեսնես ո՞ր կերպարն է ավելի իրական, իր անանո՞ւն կերպարը, թե՞ իրականը։ Ու հետո ամեն ինչ դիտարկում եմ իմ տեսանկյունից ու մտածում, թե իմ ո՞ր պատկերը կդիտարկվեր իրական։
Այս հարցը շատ տարօրինակ է թվում և վախեցնող, քանի որ ես վախենում եմ կեղծ երևալուց։ Բայց սրա մասին, երևի հետո կպատմեմ։
Մամային սմարթֆոնից օգտվել եմ սովորացնում։ Արդեն քանի ամիս է։ Ու նկատում եմ, թե ինչ դժվար է նրան հասկանալ նորագույն տեխնոլոգիաները ու ինտերֆեյսների աշխատանքի տրամաբանությունը։ Բայց սովորում է, դանդաղ, բայց սովորում է։ Իսկ ես փորձում եմ շատ համբերատար լինել, փորձում եմ հիշել այն ժամանակները, երբ ես շատ պարզ բաներ չեմ կարողացել, իսկ ինքը շատ վարժ է եղել ու սովորացրել է ինձ։ Երևի պետք է օգտագործեի «պատկերացնել», քանի որ ոչինչ չեմ հիշում այդ ժամանակներից։ Ամեն դեպքում, հիմա դերերով փոխվել ենք, ես եմ սովորացնում ու պետք է համբերատար լինեմ ու հասկացող։ Ժամանակն է վերադարձնել ամեն ինչ։
Այս վերադարձնելու թեման նորից սոցիալական հարաբերություններից է։ Ինձ անընդհատ թվում է, թե ինձ համար ինչ-որ բան արած մարդկանց ես պարտք եմ և պետք է վերադարձնեմ։ Որը շատ սխալ է սոցիալական հարաբերությունների տեսանկյունից, քանի որ շատ շահադիտական է։ Բայց որպեսզի շրջաններով չպտտվեմ, շարունակեմ մամայի թեման։
Նա արդեն գիտի շատ տարրական բաներ, շատ քիչ հասկանում է ինտերնետի տրամաբանությունը, կարողանում է ինչ-որ բառեր գրել հեռախոսի վրա և ուրախանում է։ Ոնց որ ես կուրախանայի։ Հիմա գրելիս եմ գիտակցում, թե ինչքան հավես է էդ ամեն ինչը։ Իսկ մաման իմ պես է, այնքան քիչ բաներից է ուրախանում ու այնքան անիմաստ է իր կյանքը համարում։
Հիշում եմ, որ միայն մի անգամ եմ ավելի հասուն ժամանակ նրան ասել, թե ինչ եմ զգում։ Մի օր, երբ էլի պապայի հետ հարաբերություններն էր քննարկվում ու նա ասեց, թե կյանքը իր համար անիմաստ է, ես չդիմացա ու լացեցի, համարյա գոռալով ասեցի՝ իսկ գիտե՞ս, թե ինձ համար կյանքը իմաստ ունի՞։ Այս դրվագը, որը մաման դժվար հիշի, շատ ուժեղ տպավորվել է մեջս։ Ես դե քիչ եմ կիսվում նրա հետ։ Շատ բաներ չենք կարողանում նույն կերպ հասկանալ։ Լրիվ տեխնոլոգիայի պես։
Իմ ինքնամեկուսացումն էլ, չնայած տեխնոլոգիայից ավելի բարդ է ու չստեղծված կոնկրետ նպատակի իրականացման համար, դեռ ընթանում է։ Վանաձորում հիմա երեկո է։ Որոշեցի օրագրիս ամեն օրվա ետնանկարը Վանաձորից ինչ-որ լուսանկար դնել, որ ավելի օրագրի նմանվի։ Որ օրագրիս ընթացքը ավելի վանաձորյան լինի։
իրիկուն
թե ինչպես են հիշողությունները խառնում ամեն ինչ
Ես նոր համարյա վերջացնում էի երկրորդ օրվա գրառումը ու ամեն ինչ պատահաբար ջնջեցի։ Հիմա երկրորդ անգամ եմ փորձում գրել, հուսով եմ ավելի լավ կստացվի։
Ես սկսել էի նրանից, որ ինքնամեկուսացման օրերին շատ դժվար է արթնանալը ու աշխատելը։ Ինձնից շատ ջանք է պահանջվում, որ ինչ-որ նպատակ գտնեմ այս ամեն ինչում։ Ու ես նկատել եմ, որ նույն խնդրին նաև իմ շատ ընկերներն ու ծանոթներն են բախվում, օր-օրի ավելի են մեկուսանում ու տխրում։ Բոլորի համար բարդ է։ Բայց ես այդքան էլ ծանր չեմ տանում։
Պատճառը թույլ հակադեպրեսանտն է, որը արդեն քանի ամիս է խմում եմ։ Էդ հակադեպրեսանտը ոնց որ սրբիչ լինի. մաքրում է տագնապներս ու միքտս բացվում է։ Երբ ոտքս վնասել էի, քույրս եկել էր իմ մոտ ու իրերս էինք հավաքում։ Այդ ժամանակ, ես այնքան շնորհակալ եղա, որ դրանից մի շաբաթ առաջ մի տուփ «Տրիտիկո» եմ առել, որը ինձ դեռ մի ամիս երևի բավարար է։ Մի ամիս դեռ ունեմ առանց տագնապների ու թեթև ապրելու համար։ Հետո կտեսնենք. հուսով եմ ինքնամեկուսացումը կավարտվի։
Քանի որ արդեն օրագիր ունեմ, իսկ իմ առօրյան սովորաբար շատ միօրինակ ու ձանձրալի է, ես հնարավրություն ունեմ հիշել անցյալից դրվագներ, այնպիսի դեպքեր, որոնք միշտ երազել եմ ինչ-որ տեղ գրել։
Այդ դեպքերից ամենավառը, որը այսօր առավոտից ոգևորված ուզում էի գրել, կապված է նախորդ ամռան հետ, երբ ես դեռ դեղեր չէի խմում ու չէի հասկանում, թե ինչ էր կատարվում հոգեկանիս հետ։ Այդ ժամանակ այնպես ստացվեց, որ Նորայրը, Անին ու ես տարբեր ձևերով հանդիպեցինք ու ընկերացանք։ Բոլորիս համար կարծես հարմար ժամանակ էր, բոլորս էլ ինչ-որ բան հասականալու ու փորձելու կարիք ունեինք։ Ես փորձում էի ավելի գիտակցաբար մոտենալ մեր հարաբերություններին և բաց էի թողնում այն, թե ինչ է կատարվում Անիի ու Նորայրի միջև։ Իսկ երբ հասկացա (կամ համարյա հասկացա, որովհետև դեռ շատ բան պարզ չէ), ամեն ինչ կտոր-կտոր եղավ։ Բայց այդ հարաբերությունները մի ուրիշ անգամ կպատմեմ։ Հիմա ես ուզում եմ պատմել այդ ամառային երեկոների մասին, երբ ես Իլիկում էի մնում ու շփվում մարդկանց հետ. Երևանի զզվելի, փոշոտ շոգը այդ ժամանակ ավելի տանելի էր թվում։ Իսկ այդ երեկոները այնքան լուսավոր էին։ Հիմա, երբ փորձում եմ վերհիշել, այդ երեկոները երևի միակ լուսավոր պահերն էին այդ շրջանի իմ կյանքի։ Եվ երբ արդեն գիշեր էր, ես իջեցնում էի Նորայրի մեքենայի ապակիները, Երևանի փոշոտ ու արդեն սառած օդը փչում էր դեմքիս և ես լուսավորվում էի։ Այդ պահերը նույնիսկ երգ ունեն՝ Բեն Բյոմերի «After Earth»-ը, որը մեքենայում էինք լսում։
Հետո մի պահից ամեն ինչ մասնատվեց։ Եվ հենց այդ ժամանակ էր, որ սկսեցի Սոնայի հետ մտերմանալ։ Սոնային, դե վաղուց գիտեի։ Բայց Իլիկի օրերին հասկացա, թե ինչքան նման ենք մեր զգացածով։ Սոնայի մասին էլ մի օր կպատմեմ։ Ու մեր ընդհանուր զգացածի։
Ես դեռ փորձում եմ կարդալ գիտակցության մասին պատմող այն գիտահանրամատչելի գիրքը, որը այդպես էլ չեմ ավարտի, քանի որ շատ առարկայական չէ։ Ես սիրում եմ առարկայական բաները։ Երբ որ փոքր էի ու շատ քրիստոնյա, ինձ թվում էր առարկայական մարդիկ միտված են կործանման և վատն են։ Իսկ հիմա ես այդպիսին եմ։ Ինչ հետաքրքիր է։ Ես մտածում էի, թե երբեք չեմ դառնա հակակրոնական ու հակազգացմունքային։ Բայց դարձա։
Ոտքս արդեն փորձում եմ կամաց-կամաց շարժել ու քայլում եմ։ Ինչ հաճելի են մանր բաները։ Որ կարող եմ զուգարանի վրա նստել, կամ լողանալիս գոնե կանգնել մեկ-մեկ, կամ որ կարող եմ ինքս ինչ-որ բան բերել սենյակ։ Մտածում եմ, պետք է ավելի շատ սկսեմ նկատել ու շնորհակալ լինել մանր բաներից։
Բայց գիտես, այդ շնորհակալ լինելու պահերին, ես չգիտեմ ում շնորհակալ լինել։ Կամ ավելի ճիշտ, ինչին որ շնորհակալ լինեմ՝ անձնավորելու եմ մի քիչ, իսկ անձնավորելը նշանակում է կտրվել իմ առարկայական ու ռացիոնալ բնույթից։ Գուցե հիմա էլ մյուս ծայրահեղության մեջ եմ։
Նկատում եմ, որ գրառումս շատ խառն է ստացվում։ Բայց դե օրն է այդպես։ Լիքը խառը մտքեր են գալիս ու գնում ու լիքը հիշողություններ։ Քանի որ անելու բան չկա։
առաջին
թե ինչպես պատրաստեցի այս օրագիրը ինքնամեկուսացման օրերին
Ահա իմ առաջին գրառումը։ Երեկ չէ առաջին օրը սփյուռքում տեսա, որ Նորայրը իմ մասին ինչ-որ գրառում է արել՝ առանց անունս նշելու։ Տխրեցի ու մտածեցի, թե ինչպես կներկայացնեի այդ ամեն ինչը իմ տեսանկյունից։ Հասկացա, որ իր գրածը չի բռնում իմ հիշողություններին ու իրականությանը։ Բայց ցանկանում էի ինչ-որ մի տեղ գրել սրա մասին, ինչ-որ մեկին, թեկուզ վիրտուալ, բայց ասել, որ իրականությունը այդպես չի եղել ինձ համար։
Իսկ թվիթերում ես արդեն շատ ճնշված եմ, մյուս տեղերում էլ։ Ու այս ինքնամեկուսացման օրերին ամենահարմար տարբերակը օրագիր բացելն էր ու գրելը։ Գրելուն շատ եմ կարոտել և բացի այդ՝ ինքս իմ հանդեպ անկեղծ լինելու կարիք ունեմ, որը մյուս տեղերում հնարավոր չի լինում իրականացնել։ Ես կփորձեմ հնարավորինս անկեղծ լինել։ Եվ կփորձեմ մարդկանց իրական անունները նշել. մի բան, որ նախկինում միշտ վախենալով եմ արել։ Չգիտես ինչի՝ միշտ շատ բարդ է եղել ինձ համար մարդկանց անունները գրել, ասել, որ ես այս մարդկանց հետ եմ ապրել ու այս մարդկանց հանդեպ եմ ինչ-որ բան զգացել։
Բայց նաև կփորձեմ մի փոքր ստեղծագործական մոտենալ ամեն ինչին, մի քիչ ավելի գրագետ գրել, քան մտածում եմ և մի քիչ էլ էսսեի նմանվող գրառումներ անեմ, որ հետագայում ավելի հավեսով կարդամ։ Բացի Նորայրի հետ միջադեպից, նաև մի շատ կարևոր բան կա, որի մասին անընդհատ ուզում էի գրել։
Ինքնամեկուսացումից առաջ փետրվարն էր, որի ժամանակ ես փորձում էի դուրս գալ դեպրեսիվ վիճակներից։ Ու բացի թերապիայից ու թեթև հակադեպրեսանտներից՝ փորձում էի ինչ-որ հոգևոր բաներ որոնել։ Որովհետև ես նկատել եմ, որ արդեն երկար ժամանակ է, ինձ շատ քիչ կամ համարյա ոչ մի բան հաճույք չի պատճառում ու նույնիսկ, երբ չեմ տագնապում ու ընկճված չեմ, այդ անիմաստության զգացումը ինձ հանգիստ չի տալիս։
Եվ այդ որոնումներում, որոնց մասին հետո ավելի մանրամասն կգրեմ, մի օր ես սկսեցի պսիխոդելիկների մասին կարդալ։ Եվ սկսեցի ինչ-որ հոդվածներ, գրքեր կարդալ ու ինչ-որ վիդեոներ նայել, և մի անգամ, երբ մետրոյում կարդում էի հալյուցինոգեն սնկերի մասին մի հոդված, կողքս մի տղա նստեց, որը տեղ-տեղ նայում էր քինդլիս էկրանին։ Ես դե մտածում էի, երևի քինդլ չի տեսել, կամ զարմացել է, որ կարդում եմ, բայց պարզվեց, որ իրեն հոդվածն էր հետաքրքրում, որովհետև ուսիս խփեց, ականջակալներս հանեցի ու արևմտահայկական ակցենտով ասեց՝ կասե՞ս ինչ ես կարդում, մի քիչ կարդացի քեզ հետ՝ շատ հետաքրիր էր։
Ես շատ ուրախացա և իհարկե տվեցի անունը։ Բայց գիտես, այդ գորշ ու սևացած մտքերումս տղայի էդ հետաքրքրությունը էնքան լուսավոր էր։ Ինձ թվաց էդ հետաքրքրությունը ոչ միայն հոդվածին է ուղղված, այլ նաև ինձ ու ինձնից երևացող ամբողջ աշխարհին։ Որովհետև ես ինձ չսիրված հաճախ եմ զգում։ Եվ էդ ամեն ինչից ոգևորված՝ շարունակեցի կարդալը ու գտա մի գիրք, որի անունն է «How to Change Your Mind», որտեղ հեղինակը բացի լիքը հավես ու լուսավորող բաներից սահնակների ու ձյան օրինակով բացատրում է դեպրեսիվ մտքերի ծագումը։ Եվ ինչպես են այդ մտքերը խորանում ու մի օր դառնում մեր ցիկլերով տանջող մտքերի պատճառը։ Հիմա ես չեմ ուզում շատ խորանալ ու բացատրել ամեն ինչը, որովհետև ամեն դեպքում, էդ օրինակը դժվար մոռանամ։
Այս գրքի շնորհիվ ես սկսեցի գիտակցել իմ ցիկլային մտքերը։ Չնայած ես ասում եմ՝ գրքի շնորհիվ է, բայց ինձ թվում է դեղերը հիմնականում օգնեցին, մաքրեցին տագնապներս ու ես սկսեցի ավելի շատ ջանք ներդնել ու օր օրի ազատվել դեպրեսիվ մտքերից։ Մի օր, ես կպատմեմ նաև այս դեպրեսիվ մտքերի ազատումից մինչև ինքնամեկուսացումն ընկած հատվածի մասին, որը փետրվարի վերջից մարտի առաջին օրերն էին, Հարութի մասին (տե՛ս, էլի եմ անուն նշում)., բայց այսօր միայն ինքնամեկուսացման պահը կնկարագրեմ։
Համարյա ամենաուրախ օրը, երբ դանդաղ արտասահմանյանին խմած անկապ պարում էի, ծունկս պատահաբար դուրս ընկավ։ Ու հիմա շատ եմ ամաչում իմ պահվածքից, որը չնայած փորձում եմ արդարացնել խմած լինելով, բայց ոչ միայն անկապ պարել եմ, նաև անկապ բաներ խոսացել համարյա բոլոր մոտիկ մարդկանց հետ։ Նաև ցավի հիշողությունից չեմ կարողանում ազատվել. հիշում եմ էդ պահը։ Ես փորձում էի պարել Գոգիկի հետ, ու ծունկս սարսափելի ցավեց։ Ես ընկա նստարանների վրա, փորձում էի շարժվել, չէր ստացվում։ Գոգիկը ու էլի ինչ-որ մարդիկ նկատեցին։ Բայց կողքս բոլորը պարում էին, մեկ-մեկ տարօրինակ նայում ինձ, իսկ ես, ինձ թվում է, գոռում էի։ Գրում եմ՝ ինձ թվում է, որովհետև հստակ չեմ հիշում, նախ աղմուկ էր, հետո հիմնականում ցավն եմ հիշում։ Ուրախ եմ, որ գոնե խմած էի և ցավը մեղմ էր։ Գիտես, դա էլ մի այլ կարգի անհանգստություն է, երբ պատկերացնում եմ, թե ցավը իրականում ինչպիսին կարող էր լինեն, եթե խմած չլինեի։ Հիմա նույնիսկ գրելուց եմ լարվում։
Փորձեմ մի քիչ ավելի արագ պատմել։ Ոտքս վնասեցի, հիվանդանոցում անշարժացրեցին և ասեցին՝ վեց շաբաթ չպիտի ծալես։ Ես հետո մերոնց խաբեցի ու ասեցի՝ ասել են չորս շաբաթ, բայց հետո հասկացա, որ չորս շաբաթն էլ է շատ երկար։ Քանի որ ոտքս չէի կարողանում շարժել, ստիպված եկա, ավելի ճիշտ՝ բերեցին, Վանաձոր ու հիմա այստեղ եմ։ Ուզում եմ ասել, որ լավ կլիներ այն ժամանակ էլ օրագիր ունենայի՝ կպատմեի հիվանդանոցի մասին ավելի մանրամասն։ Շատ հավես կլիներ։ Բայց արդեն երեք շաբաթ անցել է։
Եվ ահա հասա այն պահը, որը իրոք ինքնմեկուսացման մասին է։ Ես անշարժացա և ինձ թվաց, ամբողջ աշխարհը հիմա շարունակելու է ապրել, իսկ ես պետք է սպասեմ։ Բայց կորոնավիրուսի համաճարակի հետ կապված բոլորն են հիմա մեկուսացած։ Իրենց տներում են, դուրս գալ համարյա չի թույլատրվում, քաղաքից քաղաք գնալն անհնար է։ Ինքնամեկուսացած են բոլորը։ Քանի որ օրագրի անունը ինքնամեկուսացում է, հուսով եմ, դեռ շատ առիթներ կլինի, որ կպատմեմ, թե ինչպես եմ ինձ զգում ինքնամեկուսացման օրերին։
Այսօր, կամ համարյա այսօր, որովհետև հիմա տասներկուսն անց է, հասկացա, որ ուզում եմ այս ամեն ինչը մի տեղ գրել։ Եվ Մարիօն գրեցի, որ ինձ օգնի ընտրել օրագրի ձևը ու ոգևորի, որ սարքեմ այս օրագիրը։ Մարիօն ոգևորեց։ Ես էլ սարքեցի այս օրագիրը։ Առանց տեխնիկական մանրամասնությունների մեջ մտնելու ասեմ, որ համարյա ամբողջ օրը սարքեցի, դեռ որոշ բաներ կան, որ կուզեի փոխել։ Առաջին գրառման վրա գրեցի «առաջին», որը չեմ փոխի, ընտրեցի ինչ-որ ծովի նկար և գրեցի «թե ինչպես պատրաստեցի այս օրագիրը» որպես ենթավերնագիր։ Ամեն դեպքում, մտածում եմ, որ ենթավերնագիրը կփոխեմ։
Ինքնամեկուսացումը չեմ կարա փոխեմ։ Պետք է սպասեմ։ Իսկ սպասելու հետ, ուզում եմ, որ գրեմ։ Գրեմ բոլորի մասին։ Գրեմ նրանց մասին ում սիրում եմ։ Գրեմ ինքնամեկուսացման զգացումների մասին։ Գրեմ էն ամեն ինչի մասին, ինչ զգում եմ, բայց վախենում եմ արտահայտել։ Գրեմ Վանաձորի մասին։ Գրեմ պապայի նախկին սենյակի մասին, որտեղ ես եմ հիմա քնում։ Գրեմ ծերանալու մասին։
Շատ գրելու բան կա։ Սա ինքնամեկուսացման առաջին օրը չէ, բայց առաջին գրառումն է։