Ես նստած եմ Կիևյան կամուրջի բարձր բազրիքներին ու նայում եմ ներքև: Ինձ թվում է, ես ամեն ինչ գտել եմ:
Քչերը գիտեն, որ Կիևյան կամուրջի իսկական անունը Հրազդանի Մեծ կամուրջ է: Ես գիտեմ և հպարտ եմ դրանով: Ժամանակին, երբ փորձում էի կառավարել իմ երազները, ես կամուրջը հեշտությամբ նախագծում էի ու վերակառուցում: Այն ինձ դուր չէր գալիս այժմյան տեսքով: Ես կարող էի փոխել մանր դետալներ, կարող էի փոխել կամուրջի հիմքը, կամարներն ավելացնել ու ճոպաններ կապել: Ես դա անում էի առանց ռազմագերիների ու տառապանքի՝ ընդամենը մտքի մեկ հարվածով: Ես զգում եմ այն հսկայական զանգվածը, որի վրա հիմա նստած եմ: Մի պահ մտովի դառնում եմ Լորենցի արտացոլանքը: Ես ռազմագերի եմ, բայց մեծագույն էթիոլոգներից մեկը: Ես ստիպողաբար աշխատում եմ կամուրջի վրա, բայց նաև նայում եմ ժայռերը մագլցող այծերին ու ուսումնասիրում նրանց վարքը: Քչերը գիտեն նաև, թե ով է Կոնրադ Լորենցը:
***
Մի օր իմ սենյակից լսեցի, թե ինչպես կողքի սենյակում հայրս ու մայրս զրուցում են իմ կյանքի մասին։ Նրանք վստահ էին, որ ես ձախողվել եմ, որ ես ոչնչի չեմ հասել, որ ես սպառել եմ իմ բոլոր հնարավորությունները: Նրանք խոսում էին տաս րոպե և ես լսում էի: Ես ոչնչի չեմ հասել կրկնում էի ինքս ինձ, ես ոչնչի չեմ հասնելու: Ես շարժվում էի սենյակում, որ ծնողներս հասկանան, որ արթնացել եմ ու լռեն, բայց նրանք շարունակում էին: Ես ոչնչի չեմ հասնելու, կրկնում էին նրանք: Ես ոչնչի չեմ հասնելու, կրկնում էի ես: Ես չգնացի նրանց սենյակ, չմոտեցա նրանց ու չժխտեցի նրանց ասածը: Նրանք շարունակում էին խոսել:
Արթնանալուց հետո ես փոխեցի սենյակի վառված լամպը: Կտրված վոլֆրամի լարը ինձ զարմացնում էր: Այն շատ բարակ էր, բայց լուսավորում էր այդքան ուժգին:
Տնից դուրս գալուց հետո զանգեցի Արշակին: Նա էլի զբաղված էր: Ես հիշում եմ այն օրերը, երբ նա չէր աշխատում ու մենք միասին էինք: Նրա երկար ու գզգզված մազերը: Երբ ընդունվում էր աշխատանքի ես փորձում էի պատկերացնել հանդիպելու անհնարինության ժամերը: Բայց չէի կարողանում: Իսկ հիմա այդ օրերն էին: Նա աշխատում էր «Արկտուրուս» փաբում ամեն օր, այնքան որքան սահմանված չէ օրենքով: Համարյա ամեն օր և համարյա ամբողջ օրը: Մեկ-մեկ ահավոր մեծ ցանկություն էի ունենում այրել այդ զզվելի փաբը: Ես այնտեղ երբեք չէի եղել, այն ինձ վանում էր: Իմ բոլոր ցավերն այնտեղ էին: Ամեն մի նստարանի, ամեն մի սեղանի վրա, բաժակների մեջ ու այցելուների աչքերում: Իմ ցավը ներծծված էր Արկտուրուսի պատերի մեջ։ Արշակին զանգելիս զգացի նրա ձայնի լարվածությունը: Ամեն ինչ այնպես չէ, ինչպես նախկինում էր: Ամեն ինչ այլ էր: Ես պատկերացրեցի Կիևյան կամուրջի կամարներն ու մտովի քանդեցի դրանք, պայթեցրեցի նրանց Արկտուրուսի հետ: Արշակին ազատում էր պետք: Բայց ես նրան չէի կարողանում օգնել: Այլևս:
Արշակի հետ ծանոթացել էինք ֆիլմի քննարկումներից մեկի ժամանակ: Նա երկար պատմում էր, թե ինչու է Քսավիե Դոլանն իր ֆիլմն անվանել «Երևակայական սերեր», պատմում նոր սերնդի արժեքների, երևակայական սիրո մասին: Քսավիե Դոլանը շարժվում էր Դալիդայի երգի տակ, իսկ ես ժամերով հմայված նայում էի Արշակի աչքերի շարժումներին: Արշակին հպվելն արդեն բավական կլիներ: Ու ես քայլեր արեցի: Ու ամեն ինչ ստացվեց։
***
Երբ Մարիայի հետ որոշեցինք հաճախել Արշակի կազմակերպած ֆիլմի քննարկումներին գարուն էր: Մարիան իմ մտերիմ ընկերուհին էր, Հարի Փոթերի սիրահար: Միասին Հարի Փոթերի մասին բացիկներ էինք սարքում ու բաժանում մարդկանց: Մարիան կարողանում էր գեղեցիկ զարդանախշերով գեղագրություն անել, նրա զարդատառերն ինձ զարմացնում էին: Ես կարող էի ժամերով խոսել նրա հետ ու երբ խոսում էի՝ ուշադիր նայում էի նրա ձեռքերի շարժումներին: Մարիան ասում էր, որ աշխարհը անիծված է վաղուց, որ այս անիծված աշխարհի վրա ոչ մի անկյուն չկա մեր համար, որ մենք մթության մեջ փնտրում ենք ինչ-որ բան առանց որևէ արդյունքի, առանց իմանալու ինչ ենք փնտրում և ինչ ենք գտնելու: Նա սիրում էր Շոպենհաուերին ու կրկնում, որ անիծված աշխարհը երազի պես է։ Երբ Մարիան իմացավ իմ ու Արշակի մտերմության մասին, նախ փորձեց ինձ համոզել, որ ոչինչ չի ստացվելու, ապա սկսեց չշփվել ինձ հետ։
Նոր տարուն Մարիային փոստով բացիկ ուղարկեցի: Որպես մաղթանք գրեցի.
ամեն դեպքում կայֆ ա ապրելը․
նույնիսկ, երբ տխուր ենք,
նույնիսկ, երբ իրոք մութ ա,
նույնիսկ, երբ լիովին մենակ ենք,
միշտ կա հակառակ կողմը՝
ուրախությունը, լույսը ու սերը։
Նամակը ետ եկավ: Մարիան չէր բացել ծրարը:
***
Արշակի ձայնը ժամանակի հետ ավելի ու ավելի լարված դարձավ: Երբ լարվածությունը անտանելի էր, նա ասաց, որ չի սիրում ինձ։ Չի սիրում։ Այլևս։
***
Երեկ առավոտյան, երբ ես չէի իմանում ինչպես ապրել այն աշխարհում, որտեղ ես մենակ եմ, Մարիան զանգեց ու խնդրեց հանդիպել։ Ի՞նչ որ բան է եղել, հարցրեցի ես, զարմանալով, որ Մարիան երկար դադարից հետո կարող է ցանկանալ ինձ հանդիպել։ Հանդիպենք՝ կասեմ, ասաց նա, հենց այսօր, ժամը մեկին Օպերայի մոտ արի։ Մի փոքր մտածեցի ու որոշեցի, որ պետք է հանդիպեմ նրան։
Մարիան ինչպես միշտ սառն է։ Բարև, ասաց նա, ո՞նց ես։ Նորմալ, պատասխանեցի ու նայեցի ցրտից սառած դեմքին, իսկ դու ո՞նց ես։ Գիտես, ասաց նա ուշադրություն չդարձնելով իմ հարցին, չգիտեմ, թե ինչպես պետք է անեմ այն, ինչ մտածել եմ, բայց դու այսօր իմ հետ գալու ես Արկտուրուս։ Արշակն այսօր չի աշխատում։
Ես սարսափելի վախեցա ու զայրացա։ Ես սկսեցի համոզել նրան ու զայրացած խոսել։ Անդադար։ Երկար։
Հանուն ինձ, ասաց նա, երբ ես լռեցի, և ես հանձնվեցի։
Մուտքի դռան մոտ դանդաղեցրեցի քայլերս, որ Մարիան առաջինը ներս մտնի։ Չդիպա բռնակին, որովհետև ինձ թվում էր թե ինչի հպվեմ, ավելի շատ եմ հիշելու Արշակին ու ավելի շատ ցավ զգամ։ Ներսում ծուխ էր ու մարդիկ կային։ Պատերին փակցված պաստառները, սեղանների դիրքը, բաժակները, բարի շշերի խմիչքների գույնզգույն շշերը ու մնացած ամեն ինչ, ամեն-ամեն ինչ ինձ հիշեցնում էր նրան։ Ես կանգնել էի ու չէի կողմնորոշվում ինչ պետք է անել, կողքից ինձ ուշադիր նայում էին մյուսները։ Արի էստեղ, անկյունից կանչեց Մարիան։ Ես գնացի ու նստեցի սեղանի մոտ։
Լսի, ասաց նա, ես գիտեմ, որ այստեղ լինելը քեզ ցավացնում է։ Ես գիտեմ, որ այստեղ ամեն մի բան Արշակին է հիշեցնում։ Բայց ես մի վերջին խնդրանք ունեմ։ Ես քեզ այլևս ոչինչ չեմ խնդրելու։ Ես ուշադիր նայում էի նրա աչքերին վախենալով, թե ինչ կարող է ասել։ Բայց Մարիան ուղղակի հայացքով ցույց տվեց փաբի ամենահեռու անկյունը։ Այնտեղ դաշնամուր էր։
Դու պետք է նվագես Արկտուրուսում, շշնջաց Մարիան։
Ես գիտեի, որ ոչ մի հնարավորություն չունեմ մերժելու ու չնվագելու։
Rönisch դաշնամուրը, սև էր, երևի խորհրդային շրջանից մնացած։ Ես բացեցի ստեղները փակող կափարիչը, զգույշ տեղավորվեցի աթոռի վրա։ Մի փոքր դողացող ձեռքերս մոտեցրեցի ստեղներին։ Երբ թեթևակի հպվեցի, զգացի ստեղների աննկարագրելի հարթությունը։ Այդ հարթությունն էր, որ ինձ օգնեց հաղթահարել առաջին վախը։ Ես փակեցի աչքերս։ Ես հիշեցի Արշակին։ Նրա գզգզված մազերը, խոսալու ձևը, շարժումները, անրակները։ Ու սկսեցի նվագել։ Այդ երաժշտությունը իմ ներսից էր դուրս գալիս։ Երբ զգացի, որ վախս անցնում է, բացեցի աչքերս։ Դաշնամուրի դիմացի գորգի եզրերը լուսավոր էին ու ինչ-որ տարօրինակ բան էր կատարվում։ Գորգը կարծես փոշիանար ու հետզհետե վերածվեր մանր լուսավոր մասնիկների։ Այն կրակի պես վերափոխում էր գորգին։ Եզրերից դեպի կենտրոնը։ Գորգից հետո սկսեցին փոշիանալ պատերի պաստառները։ Երաժշտության հետ փոշիանում էին նաև կողքս դրված իրերը։ Իսկ փոշին անընդհատ քամու պես պտտվում էր սենյակով մեկ։ Ես շարունակում էի նվագել։ Սեղանին դրված իրերը, բաժակները, մոխրամանները, սիգարետների մնացորդները, ամեն ինչ փոշիանում էր։ Ապա սեղանները, շշերը բարը․․․ Մի պահ ես զգացի, որ սենյակում միայն մարդիկ են մնացել։ Բայց նրանք էլ սկսեցին փոշիանալ։ Ես շարունակում էի նվագել։ Նրանց մազերի ծայրերը սկսեցին լուսավորվել և այդ փոշին սկսեց ձգվել վեր, այդ փոշին վեր էր բարձրանում։ Երբ մարդիկ էլ փոշիացան, ես դադարեցրեցի նվագել և նայեցի վեր։ Առաստաղը կարծես անհետացել էր ու վերևում միայն մառախուղի նմանվող փոշին էր, որը պտտահողմի պես բարձրանում էր վեր։ Սենյակում միայն ես էի ու դաշնամուրը։ Պատերը, հատակը աննկարագրելի սպիտակ էին։ Ես չէի վախենում։ Երբ սենյակի ամբողջ փոշին վեր բարձրացավ շարժումը դադարեց։ Ես մտածում էի, որ սպանել ու ոչնչացրել եմ ամեն ինչ, բայց փոշին շատ դանդաղ փաթիլների պես սկսեց թափվել։ Ես կարծես մագնիսի պես ձգում էի փաթիլները։ Նրանք թափվում էին միայն իմ վրա ու ներծծվում իմ մեջ։ Ես չէի ընդդիմանում, որովհետև հաճելի ջերմություն էի զգում։ Երբ ամբողջ տիեզերական փոշին ներծծվեց իմ ներսում, փաբը մի ակնթարթում նորից վերագտավ իր նախկին ձևը։ Մարդիկ շարունակում էին խմել և ծխել։ Մարիան անկյունից նայում էր ինձ։ Իրերը, որ իմ շուրջն էին, այլևս նախկինը չէին իմ համար։ Նրանք այլևս չէին ցավացնում ինձ։
***
Հրաժեշտ տալուց Մարիան գրկեց ու ասաց։ Ամեն դեպքում կայֆ ա ապրելը չէ՞, նույնիսկ երբ տխուր ես, միշտ կա հակառակ կողմը, մի բան՝ որ կլուսավորի ամեն ինչ։
Որոշեցի քայլելով գնամ տուն։ Բաղրամյանով Բարեկամություն քայլելիս նայում էի մարդկանց: Նրանք բոլորն այնքան տարբեր էին: Նրանք կարծես նեյրոններ լինեին, որ թափանցիկ լարերով կապված են մեկը մյուսի ու շրջապատող առարկաների հետ: Յուրաքանչյուրն իր պատմությունն ուներ, յուրաքանչյուրը խորդանիշ էր:
Կիևյանի փողոցի ավարտին տեսա Կիևյանի կամուրջը։ Այն անփոփոխ էր։ Կամրջին նայելիս ես հասկացա, որ նվագելով ես կարողացել եմ Արկտուրուսը և Արշակի հետ կապված ամեն ինչ խորհրդանիշների վերածել։ Նրանք այլևս չեն ցավացնում ինձ, նրանք միայն ջերմացնում են։ Նստեցի Կիևյանի բազրիքներին ու սկսեցի նայել Հրազդանի ձորին։
Ես դեռ նստած եմ կամուրջի վրա։ Սկսում է ձյուն գալ, փաթիլները հարվածում են դեմքիս ու հալվում։ Կամուրջն ինձ իդեալական է թվում։ Ամեն մի կամարը, սյունը, ամեն մի քարը որից կառուցված է։ Կիևյան կամուրջն անկրկնելի գեղեցիկ է։ Ես այն չեմ ուզում փոխել։ Ես հասկանում եմ, որ գտել եմ։ Այս մութ ու անիծված աշխարհում, ես գտել եմ այն, ինչ ինձ լուսավորում է։ Գուցե դա այն չէ, ինչ իմ ծնողներն են սպասում, գուցե դա ոչինչ է նրանց համար։ Բայց ես գտել եմ։
[Ու ես ցատկում եմ ներքև։ Ես զգում եմ որ ես վայր չեմ ընկնում այլ թռչում եմ։ Ես չեմ հարվածելու գետնին, ինչպես իմ շատ ընկերներ։ Որովհետև ես կարողանում եմ թռչել ու թռչում եմ։ Որովհետև ես գտել եմ ամեն ինչ։]