Skip to content

սպիտակ

Ես ուզում եմ ձեզ պատմել մի կնոջ պատմություն. այդ կինը իմ մայրն է։

«Ես գեղեցիկ ատամներ ունեի», ասաց նա ինձ այսօր, «բայց չէի մտածում, չէի պատկերացնում, որ տարիների ու ամեն մի երեխայի հետ ատամներս փչանալու են ու կորչեն: Ես պետք է ավելի շատ հոգ տանեի իմ ատամների մասին»: Նա փորձում է պահել արցունքները ու աչքերը փախցնում: «Ես շատ սխալներ եմ գործել, շարունակում է, գուցե այն պահին, երբ տեսա հորդ մոտոցիկլետի վրա ու սիրահարվեցի՝ գործեցի իմ ամենամեծ սխալը: Դա միակ պահն էր, երևի, որ ես միայն սեր էի զգում, որովհետև ապագայում՝ ես երբեք նրա հանդեպ սեր չեմ զգացել՝ առանց ատելության»:

«Իմ հայրը շաքարի գործարանում էր աշխատում ու այն ժամանակ, երբ շաքարը թանկ էր ու բացառիկ մի բան, մեր շաքարամաններից երբեք շաքարը չէր պակասում: Մենք երբեք թեյն առանց շաքարի չէինք խմում: Իսկ ես աշխատում էի կիսաթանկարժեք արհեստական քարերի հսկայական մի գործարանում ու արհեստական քարեր էի պատրաստում: Ես գիտեի բոլոր կիսաթանկարժեք քարերի անուններն ու նրանց քիմիական բանաձևերը: Բայց հիմա համարյա ոչինչ չեմ հիշում: Պահարանի վրա դրված արհեստական ռուբինի վարդագույն կտորը միակ բանն է, ինչ մնացել է այդ տարիներից: Քիմիական բանաձևերը, հիշողությունների մեծ մասը հիմա միայն այդ արհեստական ռուբինի ներսում են:

Կոնկրետ չեմ հիշում, թե որ պահից սկսած մեր տան շաքարամանը սկսեց միշտ դատարկ լինել: Հայրս մեղադրում էր կուսակցությանը ու բարձրաձայն գոռում, ես սարսափով մտածում էի այն փոփոխությունների մասին, որ սպասվում էին: Հասկանո՞ւմ ես, չէ՞, մի օր, այն ինչ կար, այն ինչ գիտեինք, այն ինչով ապրում էինք, մի օրում այդ ամեն ինչը փոշիացավ:

Ի՞նչ է լինելու մեր հետ, հայր, հարցրեցի հորս, երբ նա խաղաղվեց այդ օրը:

Ամուր պահիր ներսումդ շաքարի համը, դուստրս, որովհետև երկար ժամանակ դու դա չես զգալու: Սա վերջին խոսքերն են, որ ես պարզորոշ հիշում եմ հորս մահից հետո:

Հիմա, երբ ես այս օրերի մասին եմ մտածում, չեմ կարողանում տարբերել, թե երբ սովետը փլուզվեց ու երբ երկրաշարժը եղավ: Ես տեղ-տեղ խառնում եմ նրանց հաջորդականությունը, տեղ-տեղ ինձ թվում է, թե երկուսը միաժամանակ են եղել: Ու նույն ձևով էլ չեմ կարողանում հիշել՝ հորդ առաջին անգամ տեսա հորս մահից առաջ, թե հետո: Թե հորս մահը ու հորդ տեսնելը միաժամանակ եղան:

Հայրդ շատ գեղեցիկ էր ու մոտոցիկլետ ուներ: Բոլոր աղջիկները նրա համար խելագարվում էին: Բայց նա ինձ էր սիրում ու ես ինձ հատուկ էի զգում: Ամուսնանալուց առաջ նա ինձ տանում էր իր գյուղը ու մենք երկուսով ղանձիլ էին հավաքում: Հետո, երբ մի քանի պարկ ղանձիլ էինք հավաքում, հոգնած ու քրտնած պառկում էինք խոտերի վրա ու նա թեթև հպվում էր կրծքերիս:

Մենք պետք է ամուսնանանք, հաճախ կրկնում էր նա համբուրելիս, ես քեզ շատ եմ սիրում, պատկերացրու, թե մեզնից ինչ գեղեցիկ երեխաներ կծնվեն: Ես չէի հասկանում, թե փլուզված այս աշխարհում, ինչպես կարող եմ ամուսնանալ:

Մի օր նա կանչեց ինձ, որ տեսնեմ, թե ինչպես են վերանորոգում իր սովետից ստացած տունը: Նա իր ընկերոջ հետ գեղեցիկ զարդանախշերով պաստառներ էր կպցնում պատերին ու ոսկեգույն, սպիտակ ու կանաչ գույներով նախշեր նկարում, այն հատվածներում, որտեղ պաստառ չկար: Խոհանոցի այս պաստառները այդ օրերից են, նրանք ժամանակին ավելի գունեղ էին: Իսկ հիմա հնացել են ու խամրել:

Երբ վերանորոգումն ավարտվեց ու հայրդ ամուսնության առաջարկ արեց ու ես համաձայնեցի, այդ պահին մտածեցի, թե վեցերորդ հարկի այս փոքրիկ վերանորոգված բնակարանը, ինձ գուցե փրկի այս ավերված երկրից»:

Մայրս արցունքներ է սրբում ու նայում տան պատերին: Հետո թուքը դժվարությամբ կուլ տալիս ու շարունակում:

«Բայց ավերված երկիրն ամենուր էր ու ավելի էր փլվում: Հայրդ աշխատում էր ու չէր վարձատրվում, դրա համար մենք նիսյայով ուտելիք էինք վերցնում կողքի խանութից: Այդ օրերին ծնվեց քո մեծ եղբայրը: Մեր պարտքն ավելի էր շատանում: Նա սկսեց այլ գործով զբաղվել ու մեր տունը դարձրեց արհեստանոց: Նա վերանորոգում էր ցանկացած էլեկտրոնային սարք ու կարողանում էր նորերը հավաքել: Եղբայրդ մեծանում էր այդ սարքերի մեջ ու փոշու մեջ խաղում տարբեր դետալների հետ: Ես խնդրում էի հորդ գոնե մի սենյակը ազատել այդ սարսափելի սարքերից, բայց նա մեղադրում էր, որ ես շատ պահանջկոտ եմ:

Մի պահ այդ էլեկտրոնային սարքերն այնքան էին շատացել, որ ես ընկալում էի դրանք որպես կահույքի մի մաս: Ես զարմանում էի, որ ուրիշների տանը սեղանների վրա ծաղկամաններ են դրված, այլ ոչ հին հեռուստացույցի արկղեր, որ մյուսների տանը սենյակում ազատ անկյուններ կան, որ նրանք մեկ ռադիո ու մեկ հեռուստացույց ունեն, այլ ոչ թե մի քանիսը:

Տարիների հետ սովետական սարքերը սկսեցին փոխարինվել չինականներով ու հայրդ կորցրեց իր հաճախորդներին: Հիմա, երբ ես փորձում եմ գտնել այն պահը, երբ հայրդ սկսեց ամեն գիշեր խմել, իմ աչքի առաջ է գալիս մի պահ, երբ նա սխալմամբ փչացնում է մի հսկա հեռուստացույցի էկրան ու ստիպված վճարում դրա համար:

Նա խմում էր ամենուր՝ տանը, ընկերների հետ, փողոցում, անհայտ ինչ-որ վայրերում: Սկզբում նա գալիս էր, բարձր միացնում երաժշտությունը, այնքան բարձր, որ ես համարյա խլանում էի ու ստիպում ինձ պարել իր հետ: Այդ օրերին ծնվեց քո փոքր եղբայրը: Նա սարսափում էր բարձր երաժշտությունից ու փակում ականջները, երբ հայրդ տուն էր գալիս: Մի օր փոքր եղբայրդ փակեց նաև աչքերը ու ճչաց, որովհետև հայրդ առաջին անգամ կատաղած տուն եկավ ու հարվածեց ինձ»:

Մայրս սրբում է արցունքները ու շարունակում:

«Նա հարվածեց իմ դեմքին, այն բանից հետո, երբ ես ասացի նրան, որ այլևս չեմ դիմանում, երբ նա խմում է: Քթիցս սկսեց արյուն գալ ու կաթել հատակի վրա: Ես սրբում էի հատակն ու փորձում կանգնեցնել արյունը, որ եղբայրներիցդ ոչ ոք չնկատի: Ես փորձում էի միանգամից սրբել արյան կաթիլները հատակից, որ ես էլ չնկատեմ դրանք: Դրանք իմ ավերված կյանքի խորհրդանիշներն էին: Ես մերժեցի թափված արյան գոյությունը, ես մերժեցի, որ իմ ամուսինը հարբեցող է ու կարող է հարվածել ինձ: Ես մտածեցի թե, սա միայն մի անգամ է լինելու, որ վաղը հայրդ ուրախ է գալու տուն:

Երբ երեկո էր գալիս, ես կարտոֆիլ էի եփում նրա համար, կարմիր պղպեղ էի վրան ցանում ու սոխ կտրատում վրան: Նա կարտոֆիլը կիսաեփ էր սիրում: Իսկ մենք քո եղբայրների հետ միայն սոխ ու հաց էինք ուտում, որովհետև տանը ոչինչ չկար: Ափսեն ծածկում էի մեկ այլ շրջված ափսեով, որ տաք մնա ու հույսով ապրում, որ հայրդ կատաղած տուն չի գա: Ես կոտրտում էի փայտերը, որ տունը տաք մնա, ես սառը ջրով լվանում էի նրա շորերը: Միայն թե նա հարբած չլինի: Միայն թե նա չհարվածի ինձ:

Մի օր, բացի ինձ հարվածելուց, նա հարվածեց նաև մեծ եղբորդ: Նրան շատ վատ բառեր ասեց, հայհոյեց ու դեմքին հարվածեց: Ես եղբայրներիդ տարա սենյակներից մեկը ու դուռը ներսից փակեցի: Հայրդ գոռում էր ու դռանը հարվածում: Ես շշնջում էի աղոթագրքից սովորածս աղոթքներից տողերը ու սպասում, որ հրաշք կլինի:

Օր օրի ավելանում էին տան հոգևոր գրքերը ու ես ավելի շատ էի կարդում առավոտները: Ես ձեզ համար կարդում էի Հիսուսի չարչարանքների մասին: Երանի աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը, ասում էի ես, երբ դուք սովից լաց էիք լինում:

Ինձ մխիթարում էր միայն մայրս: Նա լսում էր ու շատ դանդաղ, իր անիրական ու կնճռոտ դեմքը արցունքոտում:

Մի օր հայրդ եկավ ու ինձ բռնաբարեց:

Այդ գիշեր մայրս մահացավ:

Թաղմանը, բոլորը ուշադիր նայում էին ինձ, դեմքիս կապտուկներին, հնացած սև շորերիս ու խղճում ինձ: Բայց ես լաց էի լինում նաև իմ համար: Ինձ թվում էր իմ մորից առաջ մահացել եմ նաև ես ու հիմա ես երկուսիս եմ թաղում: Ես գիտեի, որ ես թույլ եմ։ Ես գիտեի, որ ես պարտվել եմ։ Ես գոռում էի արցունքների մեջ: Իմ միակ մխիթարողն էր մահացել այս աշխարհում: Ինչպե՞ս կարող է դեռ այս աշխարհը շարունակել գոյություն ունենալ: Երբ ինչ-որ մեկի հրավիրած քահանան ցանկանում էր մորս վրա աղոթք կարդա, ես նշան տվեցի, որ լռի, ես հրեցի նրան ու կանգնեցի նրա փոխարեն:

Մայր իմ, արտասանեցի արցունքների մեջից, մայր իմ, որ երկրի վրա ես, սուրբ թող լինի քո անունը, քո արքայությունը գա ու քո կամքը լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է: Հացն իմ հանապազօր տուր ինձ այսօր: Եվ ներիր իմ պարտքերը, ինչպես որ ես եմ փորձում ներել իմ պարտապաններին: Եվ մի տար ինձ դեպի փորձություն, այլ փրկիր ինձ չարից։ Քոնն է արքայությունը և զորությունը և փառքը հավիտյանս հավիտենից:

Իմ ընտանիքի ոչ մի անդամ չներեց իմ այս քայլը», ասաց մայրս ու դադար տվեց:

«Երբ քեզնով հղի էի, ոտքերիս երակներս սկսեցին լայնանալ, մազերս թափվել ու ատամներս վերջնականապես փշրվեցին: Քո հայրը փակվում էր սենյակում ու ծխում էր ամբողջ օրը: Ես չէի կարողանում տան օդը շնչել: Հորդ մի անգամ ասացի որ քիչ ծխի, որովհետև դա իմ երեխաներին վնաս է: Նա ծխախոտի մնացորդներով լցված մոխրամանը շպրտեց վրաս ու գոռաց՝ ծխում եմ, որ մեռնես, բոզ:

Ես հավատում էի, չէ, ես համոզված էր, որ դու պետք է ապրես։ Ես հավատում էի, որ ես ևս պետք է ապրեմ։ Ես ամբողջ օրն աշխատում էի, որ դու ապրես։

Երբ դու ծնվեցիր ու առաջին անգամ քեզ բերեցի տուն, երբ առաջին անգամ հայրդ պատահական տեսավ, որ դու ծնվել ես, այդ պահից նա սկսեց կուրանալ։ Նրա տեսողությունը օր օրի վատանում էր, նա ծխում էր ամբողջ օրը, ժամերով նստում հեռուստացույցի դիմաց, բայց օր օրի ավելի կուրանում։ Նրա աչքերը սկզբում սպիտակում էին և ապա՝ մգանում ու սևանում։ Հայրդ չէր հասկանում, ինչ է լինում, նա շարունակում էր հաճախ ծեծել ինձ ու հայհոյել․ ցավի ու տառապանքի մեջ, ես մտածում էի, որ դա քո ուժի շնորհիվ է։

Երբ դու համարյա երկու տարեկան էիր, իսկ հորդ աչքերը համարյա ամբողջությամբ սև, հայրդ վերջին անգամ իմ վրա ձեռք բարձրացրեց։ Նա հարվածեց գլխիս, իսկ երբ ընկա ներքև՝ հարվածեց արգանդիս։ Դու այդ պահին տեսար հորդ արարքը ու լացելով գոռացիր։ Դու լացում էիր ու քո շուրջը մոխրագույն շրջան էր առաջանում։ Այդ շրջանը հետո ինչ-որ կենդանու շոշափուկների նմանվեցին, որոնք դու ուղղեցիր հորդ վրա։ Դու մտցրեցիր այդ շոշափուկները հորդ սևացած աչքերի մեջ, որից նրա մարմինը աչքերի պես սևանում էին։ Հայրդ հետզհետե ստվերի էր վերածվում ու անհետանում։ Վերջում հորիցդ միայն հատակի սև շրջանակն էր մնացել։

Մայրս նայում է ինձ։

«Դուստր իմ, իմ լույս, իմ արև, իմ հոգի, հիմա, երբ դու արդեն բավականին մեծ ես, ես չեմ ուզում, որ իմ սերը սահմանափակի քեզ։ Ես չեմ ուզում, որ իմ արարքները, իմ անցյալը, կոտրեն քո անկախությունն ու համարձակությունը։ Ես ուզում եմ, որ դու ըմբոստ լինես։ Որ դու չսիրես նրան, ով քեզ չի թողնում ապրես։ Ես ուզում եմ, որ դու չապրես իմ պես։ Ես չեմ ուզում, որ դու զոհաբերես կյանքդ հանուն ինձ, ինչպես որ ես եմ արել քեզ համար, իսկ իմ համար՝ իմ մայրը։ Ես ուզում եմ, որ դու լինես ավելի երջանիկ, ավելի ուժեղ, ավելի գեղեցիկ, քան պատկերացնում ես»։

Մայրս սրբում է արցունքներն ու գրկում ինձ։
Ես սրբում եմ արցունքներս ու գրկում մորս։

«Մայր իմ», շշնջում եմ, «մայր իմ, որ երկրի վրա ես, սուրբ թող լինի քո անունը, քո արքայությունը գա ու կամքը լինի երկրի վրա, ինչպես որ իմ սրտում է»։